Քաղաքային թատրոն (Սան Պաուլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Քաղաքային թատրոն
Teatro Municipal de São Paulo 8.jpg
Տեսակթատրոն և օպերայի թատրոն
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա[1]
Գտնվելու վայրըՍան Պաուլո
Հիմնադրման ամսաթիվ1911
ՃարտարապետՌամոս դե Ազևեդո
Կոորդինատներ: 23°32′43.000008099997″ հվ. լ. 46°38′18.999996099998″ ամ. ե. / 23.54527778002777794° հս․. լ. 46.63861111002777449° ավ. ե. / 23.54527778002777794; 46.63861111002777449
Կայքprefeitura.sp.gov.br/cidade/secretarias/cultura/teatromunicipal
Theatro Municipal de São Paulo Վիքիպահեստում

Սան Պաուլոյի քաղաքային թատրոն[2] (պորտ.՝ Theatro Municipal de São Paulo), թատրոն Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Համարվում է քաղաքի կարևոր հուշարձաններից մեկը ինչպես ճարտարապետական արժեքի, այնպես էլ պատմական նշանակության համար՝ լինելով 1922 թվականի Ժամանակակից արվեստի շաբաթ միջոցառման վայրը, որը Բրազիլիայում հեղափոխություն մտցրեց արվեստի բնագավառում: Շենքում են տեղավորված Սան Պաուլոյի քաղաքային սիմֆոնիկ նվագախումբը, Coral Lrico (Լիրիկական երգչախումբը) և Սան Պաուլոյի քաղաքային բալետը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

"Noble Room"
Մեծ սրահ

Սան Պաուլո քաղաքի համար ներկայացուցչական թատրոնի ստեղծման գաղափարն առաջ է եկել միջազգային բեմերում աճող նշանակալիության պատճառով: 20-րդ դարի սկզբում Սան Պաուլոն բնակեցված էր բրազիլական բուրժուազիայով, որը մեծամասամբ ներգրավված էր սուրճի մշակման գործում: Քաղաքն ուներ նաև բավականին մեծ թվով իտալական բնակչություն: Քաղաքը կարող էր ապավինել միայն Սան Խոսե թատրոնի վրա, թեև կային մի քանի մեծ և համեստ թատրոններ, ինչպիսիք են Պոլիթենումը (Polythéama) կամ Միներվան և Ապոլոնը, բայց Սան Խոսեն ամենամեծ թատրոնն էր, որը հրդեհից հետո այլևս պիտանի չէր խոշոր արտասահմանյան գործունեության համար: Ուստի Սան Պաուլոյի արիստոկրատիան պահանջեց ստեղծել նոր թատրոն աշխարհի լավագույն թատրոնների նմանությամբ և հարմար մեծ օպերային ներկայացումների համար:

Թատրոնի կառուցման համար ընտրվեց Morro do Cha կամ Թեյի բլուր վայրը, որը եղել էր Սան Խոսեի նոր թատրոնի վայրը: Շինարարության ինժեներ նշանակվեց Ռամոս դե Ազևեդոն, որին օգնում էին երկու իտալացի ճարտարապետներ՝ Կլաուդիո և Դոմիզիանո Ռոսսիները: Շինարարությունը սկսվեց 1903 թվականին, և Սան Պաուլոն դարձավ աշխարհի լավագույն վայրերից մեկը` թատրոնի ներկայացումների, ինչպես նաև օպերաների ներկայացման համար: Այդ օրերին սովորական էր, որ շինարարական նյութերի մեծ մասը ներմուծվում էր Եվրոպայից, ճարտարապետական ​​մեկնաբանությունը նման էր Փարիզի Գրանդ օպերային[3]: Շինարարությունը տևեց մոտ 8 տարի: Առաջին բեմադրությունը Ամբրուազ Թոմայի բեմադրած Համլետի օպերան էր: Նախնական գաղափարն էր ներկայացնել «Il Guarany» օպերան, սակայն այն ժամանակաշրջանի նշանավոր բարիտոն Տիտտա Ռուֆֆոյի կողմից ղեկավարվող ընկերությունը չէր ցանկանում ռեպերտուարներում ընդգրկել բրազիլացի կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նախքան բացումը այլ խնդիրներ էլ առաջ եկան. բեմական զարդարանքները ժամանակին չհասան Բրազիլիա, ինչը հանգեցրեց բացման հետաձգմանը: Բացումը տեղի ունեցավ 1911 թվականի սեպտեմբերի 12-ին:

1912-1926 թվականներին թատրոնում ներկայացվել են 41 կոմպոզիտորների (իտալացի, ֆրանսիացի, բրազիլացի և գերմանացի) 88 ստեղծագործություններ, 270 ներկայացում: Թատերական պատմության մեջ թատրոնի համար ամենակարևոր իրադարձությունը 1922 թվականին տեղի ունեցած Ժամանակակից արվեստի շաբաթն էր:

Տարիների ընթացքում օպերային ներկայացումների համար ստեղծված թատրոնում տեղի են ունեցել նաև այլ գեղարվեստական իրադարձություններ, օրինակ՝ Աննա Պավլովայի և Այսեդորա Դունկանի ելույթը: 1960-ական թվականներին քաղաքապետ Ժոզե Վիսենտե Ֆարիա Լիմայի ղեկավարությամբ շենքն առաջին անգամ վերանորոգվեց:

1980-ական թվականներին թատրոնն անցավ հաջորդ վերակառուցման փուլը, որը նախաձեռնել էր քաղաքապետ Ժանյո Քվադրոսը: Նրա հիմնական նպատակն էր վերականգնել Ռամոս դե Ազևեդոյի բնօրինակ ստեղծագործությունները: Արտաքին ճակատը վերականգնվել է ավազաքարով, որը ստեղծվել է այն նույն հանքավայրում, որը նյութը մատակարարել է դարասկզբի շինարարական կոնցեպցիայի համար: Վերականգնումը ավարտվել է 1991 թվականին քաղաքապետ Լուիզա Էրունդինայի ղեկավարման օրոք:

Այժմ Սան Պաուլոյի քաղաքային թատրոնը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահայտնի մշակութային վայրերից մեկը, որը շարունակաբար հյուրընկալում է ազգային և միջազգային մեծագույն դրամատուրգների և կոմպոզիտորների թատերական ներկայացումներ և օպերաներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GeoNames — 2005.
  2. The city council prefers to keep the archaic spelling, theatro with "th" as on the theatre's façade.
  3. «The Municipal Theatre, São Paulo» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]