Քաղաքական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաղաքական կուսակցություններ և կուսակցական համակարգեր[խմբագրել]

Քաղաքական համակարգի ինստիտուտների շարքում կարևոր տեղ են զբաղեցնում քաղաքական կուսակցությունները, որոնք հանդիսանում են քաղաքական համակարգի ամենաքաղաքականացված կառույցները։ Կուսակցություն (լատիներեն՝ part-մաս)։ Քաղաքական կուսակցությունները իրենց ձևավորման և զարգացման ընթացքում անցել են մի քանի փուլեր. ընդհանուր առմամբ առանձնացվում են կայացման 2 հիմնական փուլ։ Առաջին փուլը կուսակցությունների ձևավորման ոչ դասական էտապն է, իսկ երկրորդը՝ դասական շրջանն է։ Ոչ դասական առումով կուսակցությունները հանդես են գալիս դեռևս անտիկ շրջանում, հատկապես Հին հունաստանում, որտեղ նրանք ներկայացնում էին իշխանության համար պայքար մղող խմբավորումների ամբողջություն։ Այդ ժամանակահատվածում կուսակցություններն իրենց անվանումները ստանում էին ըստ իրենց մեջ մտնող մարդկանց բնակության վայրի կամ գործունեության ոլորտի։ Ըստ այդմ էլ հայտնի էին այնպիսի կուսակցություններ, ինչպես օրինակ՝

  • Դաշտավայրային,
  • Լեռնային և այլն։

Դասական առումով կուսակցությունների ձևավորման գործընթացը սկիզբ է առնում 17-րդ դարի կեսերից։ Դասական առումով քաղաքական կուսակցությունները անցել են ձևավորման 3 փուլ։ Առաջին փուլում (17-րդ դարի կես-18-րդ դարի 80-ական թթ.) հանդես են գալիս արիստոկրատական կոտերիաներ (ֆրանսերեն՝ խումբ)։ Երկրորդ փուլում (18-րդ դարի վերջ-19-րդ դարի 60-ական թթ.) խմբավորվում են քաղաքական ակումբները։ Երրորդ փուլում (սկսած 19-րդ դարի 60-ական թթ-ից) առաջանում են զանգվածային կուսակցությունները։ Իրականում այս 3 դասական փուլերն անցել են անգլիական 2 հայտնի կուսակցությունները՝

  1. լիբերալները (նիգեր),
  2. պահպանողականները (տորիներ)։

Առաջին մասսայական կուսակցությունը հանդես է եկել 1861թ-ին։ Դա Լիբերալ կուսակցությունն էր։ 1863թ-ին Գերմանիայում ստեղծվել է առաջին բանվորական կուսակցությունը։ Հայ իրականության մեջ քաղաքական կուսակցությունների կայացման գործընթացը սկիզբ է առնում 19-րդ դարի 80-ական թթ-ին՝ 1885թ.՝ Արմենական կուսակցություն, 1887թ.՝ Հնչակյան կուսակցություն, 1890թ.՝ Դաշնակցական կուսակցություն: Ժամանակակից պայմաններում քաղաքական կուսակցությունները իրենցից ներկայացնում են ինստիտուցիոնալ կազմավորումներ, որոնք առանձնանում են մի շարք կարևոր հատկանիշներով, ինչով էլ տարբերվում են հասարակական այլ կազմակերպություններից։ Մասնավորապես, քաղաքական կուսակցությունները կազմակերպությունների հիմքի վրա ստեղծված իրավական-նորմատիվ ձևակերպում ստացած որոշակի թվով մարդկանց միավորումներ են, որոնց հիմնական նպատակը պետական իշխանությունը նվաճելն է կամ էլ առնվազն իշխանության վրա ազդեցություն ունենալը։

Քաղաքական կուսակցությունների տիպաբանությունը[խմբագրել]

Քաղաքական կուսակցությունները իրենց բազմազանությամբ հանդերձ միմյանցից տարբերվում են և դասակարգվում են տարբեր չափանիշներով։ Կուսակցությունների դասակարգման ամենատարածված չափանիշներից մեկը գաղափարախոսությունն է։ Շատ հաճախ կուսակցությունները իրենց անվանումը ստանում են ըստ իրենց որդեգրած գաղափարախոսության։ Այս չափանիշով առանձնացվում են՝

  • Մարքսիստական
  • Սոցիալիստական
  • Կոմունիստական
  • Լիբերալ
  • Պահպանողական կամ Կոնսերվատիվ
  • Ազգայնական
  • Ֆաշիստական և այլ կուսակցություններ։

Հաջորդ չափանիշը սոցիալական կազմն է։ Ըստ սոցիալական կազմի առանձնացվում են՝

  • Բանվորական
  • Գյուղացիական
  • Երիտասարդական
  • Մտավորականական և այլ կուսակցություններ։

Կուսակցությունների տիպաբանության հաջորդ չափանիշը նրանց գործունեության գործելաոճն է։ Սրա հիման վրա առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • Ավանգարդային
  • Նախընտրական
  • Պառլամենտական կուսակցություններ։

Ավանգարդային կուսակցությունները, որպես կանոն, որդեգրում են ակտիվ քաղաքական գործելաոճ։ Նրանք կողմնակից են քաղաքական պայքարի կոշտ մեթոդների։ Սրաքն իշխանության գալով, որպես կանոն, քաղաքական դաշտից դուրս են մղում իրենց քաղաքական հակառակորդներին և արագորեն սերտաճում են պետական բյուրոկրատական ապարատի հետ։ Ավանգարդային կուսակցության դասական օրինակ է Բոլշևիկյան կուսակցությունը։ Նախընտրական կուսակցությունները հիմնականում վարում են պասիվ քաղաքական գործունեություն։ Նրանք հիմնականում ակտիվանում են ընտրությունների նախաշեմին՝ լուծելով տարբեր մարտավարական խնդիրներ, մասնավորապես, այս կուսակցությունները կարող են հրապարակայնորեն հայտարարություններ անել, աջակցել այս կամ այն թեկնածուներին, մեծամասնության իմիտացի ստեղծելու նպատակով։ Պառլամենտական կուսակցությունները հիմնականում աչքի են ընկնում ակտիվ քաղաքական գործունեությամբ, գործում են մշտապես։ Հիմնականում ներկայացված են լինում երկրի օրենսդիր մարմնում։ Աչքի են ընկնում ճկուն քաղաքականությամբ և փոխզիջումների գնալու ընդունակությամբ։ Սրանք առավել հաճախ ջևավորում էին կոալիցիոն կառավարություն։ Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը ներքին կազմակերպական կառուցվածքի առանձնահատկություններն են։ Այս չափանիշը առաջադրել է հայտնի ֆրանսիացի քաղաքագետ Մորիս Դյուվերժեն: Այս չափանիշի հիման վրա առանձնացվում են 2 տիպի կուսակցություններ՝

  • կադրային
  • մասսայական կամ զանգվածային։

Կադրային կուսակցությունները, որպես կանոն, ունեն ներքին կուսակցական թույլ օղակներ, անդամակցության բավականաչափ հեշտացված ընթացակարգ։ Կադրային կուսակցություններում հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են նվիրատվությունների և բարեգործական հատկացումների հաշվին։ Այստեղ կուսակցական վերնախավի որոշումները պարտադիր չեն կատարման կուսակցության բոլոր անդամների կողմից։ Կադրային կուսակցություններում առանձնացվում են անհատների 3 շերտեր՝

  • ֆինանսիստներ, որոնք կուսակցության ընդհանուր քաղաքական կուրսի մեջ ներդնում են գումարներ։
  • փորձագետներ, որոնք ապահովում են կուսակցության սպասարկումը մասնագիտական առումով։
  • կարծիքի հեղինակություններ, որոնք ապահովում են կուսակցության հանրաճանաչությունը։

Կադրային կուսակցությունները, որպես կանոն, փոքրաքանակ են։ Մասնագիտական գրականության մեջ, որպես կադրային կուսակցությունների դասական օրինակ են նշվում ամերիկյան Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները։ Ի տարբերություն կադրային կուսակցությունների, մասսայական կուսակցությունները ավելի բազմաքանակ են։ Նրանք աչքի են ընկնում ներքին կազմակերպական խիստ կառուցակարգով։ Ունեն կուսակցական ամուր օղակներ, սկզբնական բջիջներ, տեղական և ռեգիոնալ կուսակցական կազմակերպություններ։ Մասսայական կուսակցությունների հիմնական ֆինանսական միջոցները ձևավորվում են անդամավճարների հաշվին։ Այստեղ գործում է կուսակցության անդամակցության բարդ համակարգ, բարձր կուսակցական կարգապահություն, կուսակցական կոպուսի (վերնախավ) որոշումները պարտադիր են կատարման բոլոր անդամների համար։ Մասսայական կուսակցության օրինակներ են Կոմունիստական և Սոցիալիստական կուսակցությունները։ Կուսակցությունների դասակարգման հաջորդ չափանիշը քաղաքական դաշտում զբաղեցրած դիրքն է։ Ըստ այս չափանիշի առանձնացվում են 3 տիպի կուսակցություններ՝

  • աջեր
  • ձախեր
  • ցենտրիստներ կամ կենտրոնամետներ։

Այս դասակարգման ավանդույթը գալիս է Ֆրանսիայից, երբ 19-րդ դարի սկզբներին ֆրանսիական սենատում, այն քաղաքական ուժերը, ովքեր նստած էին թագավորի աջ կողմում, նրանք աջերն էին և կողմնակից էին թագավորին, իսկ ովքեր ձախում էին՝ ընդդիմադիր էին, իսկ ովքեր կենտրոնում էին՝ չեզոք էին։ Խորհրդային տարիներին աջերի և ձախերի դասակարգումը մի փոքր այլ տեսք ուներ։ Մասնավորապես, կոմունիստները իրենց համարում էին աջեր, քանի որ հանդես էին գալիս գոյություն ունեցող կարգերի պահպանման օգտին, իսկ ժողովրդավարական բարեփոխումների կողմնակիցներին համարում էին ձախեր։ Ժամանակակից պայմաններում քաղաքական դաշտի աջ թևն են կազմում լիբերալ-պահպանողական և ազգայնական կուսակցությունները, իսկ ձախ թևը՝ մարքսիստական, սոցիալիստական և կոմունիստական կուսակցությունները։ Աջ և ձախ կենտրոններում հայտնվում են այն քաղաքական ուժերը, որոնք լոյալ են վերաբերվում գործող քաղաքական ուժերին, կողմնակից են համագործակցության և կոմպրոմիսների։ Մասնավորապես, Ձախ-կենտրոնամետ քաղաքական կուսակցությունների թվին են պատկանում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, իսկ աջ-կենտրոնամետ՝ նեոպահպանողականները և այլն։

Կուսակցական համակարգեր[խմբագրել]

Քաղաքական համակարգում կուսակցությունների գործունեությունը մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող կուսակցական համակարգով։ Իր հերթին այս կամ այն կուսակցական համակարգի ձևավորումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով՝ քաղաքական համակարգի բնույթով, սահմանադրությամբ, ընտրական օրենսդրությամբ և այլն։ Կուսկացական համակարգերը դասակարգվում են 3 խմբի՝

  • միակուսակցական,
  • երկկուսակցական,
  • բազմակուսակցական։

Այս դասակարգման հիմքում դրված է ոչ թե կուսակցությունների թվաքանակը, այլ պետական իշխանության ձևավորման գործում կուսակցությունների մասնակցության չափը։ Միակուսակցական համակարգում պետական իշխանության և կառավարության ձևավորման իրավունքը վերապահված է 1 կուսակցության, որը մոնոպոլ կերպով ձևավորում է պետական իշխանության բոլոր ինստիտուտները։ Այստեղ կարող են գործել այլ կուսակցություններ ևս, որոնք սակայն քաղաքական գործընթացների վրա էական ազդեցություն չունեն և չեն կարողանում մասնակցել պետական իշխանության իրականացմանը։ Միակուսակցական համակարգի դասական օրինակներ են Չինաստանը, կուբան, որտեղ գերիշխող է կոմունիստական կուսակցությունը, որն էլ երկարաժամկետ կտրվածքով միանձնյա ղեկավարում է պետությունը։ Միակուսակցական համակրգը ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ թերությունները։ Միակուսակցական համակարգի առավելություն կարելի է համարել այն, որ ավելի հեշտ է հասնել հասարակության համախմբման (կոնսոլիդացիայի), ձևավորել միասնական տրամադրություններ երկրի քաղաքական զարգացման վերաբերյալ։ Ավելի շատ են միակուսակցական համակարգի բացասական հետևանքները, մասնավորապես, քաղաքական այլընտրանքների բացակայությունը, որի դեպքում հնարավոր չէ մշակել քաղաքական զարգացման այլընտրանքային սցենարներ։ Միակուսակցական համակարգը հանգեցնում է քաղաքական մրցակցության թուլացման, որից համակարգը կարող է հայտնվել ստագնացիայի կամ լճացման մեջ։ Մյուս կարևոր թերությունն այն է, որ պետական կուսակցական բյուրոկրատիան սերտաճում է միմյանց հետ, ինչը նույնպես խանգարում է երկիրը արդյունավետ կառավարելու գործում։ Երկկուսակցական համակարգերը հիմնականում բնորոշվում են նրանով, որ այստեղ գործում են 2 հիմնական կուսակցություններ, որոնք միմյանց պարբերաբար փոխարինում են իշխանության ղեկին։ Երկկուսակցական համակարգի դասական օրինակներ են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Այստեղ, բացի 2 հզոր կուսակցություններից գործում են նաև այլ գաճաճ կուսակցություններ ևս, որոնք իրենց ակտիվությունը պարբերաբար ցուցաբերում են տեղական մակարդակում, բայց համապետական քաղաքական գործընթացների վրա եական ազդեցություն չունեն։ Երկկուսակցական համակարգի առավելություններից է այն, որ այստեղ քաղաքական ուժերը կարողանում են ձևավորել մրցակցային դաշտ և հասարակությանը ներկայացնել այլընտրանքային քաղաքական ծրագրեր։ Երկկուսակցական համակարգի դեպքում կուսակցությունները պարբերաբար փոխարինում են միմյանց իշխանության ղեկին։ Մեկի հաղթելու դեպքում, մյուսը դառնում է ընդդիմություն։ Այս համակարգերում ընդդիմության դերակատարումը շատ բարձր է, որովհետև այն իրենից ներկայացնում է կառավարող կուսակցության ռեալ այլընտրանք։ Երկկուսակցական համակարգը ունի նաև որոշ թերություններ։ Այս համակարգի գործունեության դեպքում ավելի թույլ են ներկայացված փոքրամասնության տեսակետները և շահերի արտահայտման տեսանկյունից սոցիալական տարբեր խմբեր կարող են դուրս մղվել քաղաքական տեսադաշտից։ Բացի այդ, երկկուսակցական համակարգի պարագայում որոշակի քաղաքական իրավիճակներում ձևավորվում են արմատական-ծայրահեղական մոտեցումները, ամեն ինչ սևի և սպիտակի մեջ ներկայացնելու միտումները, ինչը իր հերթին հասարակությունում առաջացնում է պառակտում 2 հակադիր ճամբարների միջև։ Բազմակուսակցական համակարգը ամենատարածվածներից մեկն է։ Այս դեպքում հստակ պետք է տարբերակել կուսակցությունների բազմաքանակություն և բազմակուսակցականություն հասկացությունները։ Կուսակցությունների բազմաքանակությունը չի նշանակում բազմակուսակցական համակարգի առկայություն։ Բազմակուսակցական համակարգեր ձևավորվում են այն պարագայում, երբ երկարաժամկետ կտրվածքով քաղաքական ուժերից ոչ մեկը միանձնյա չի կարողանում ձևավորել կառավարություն։ Այս դեպքում մի քանի քաղաքական կուսակցություններ կոալիցիոն սկզբունքներով կարող են ձևավորել կառավարություն, և միմյանց միջև կիսել քաղաքական պատասխանատվությունը։ Դեմոկրատական կառավարման տեսանկյունից բազմակուսակցական համակարգը ավելի ընդունելի է, քանի որ այն թույլ է տալիս հասարակական ավելի լայն շերտերի շահերը ներկայացնել քաղաքականության մեջ։ Բազմակուսակցականության հաստատմանը նպաստում է նաև երկրում գործող ընտրական օրենսդրությունը, որը կարող է թույլ տալ փոքր կուսակցություններին ևս ներկայացված լինել խորհրդարանում և գործադիր իշխանության մեջ։ Բազմակուսակցական համակարգի հիմնական թերություններից կարելի է համարել այն հանգամանքը, որ չափից դուրս մանր կուսակցությունների հայտնվելը խորհրդարանում կարող է դժվարացնել կառավարության վերջնական ձևավորման գործընթացը, ինչպես նաև հասարակությունը տրոհել ավելի մանր խմբերի, որի դեպքում հետագայում դժվարանում է ձևավորել միասնական քաղաքական տեսակետներ։