Ղազվին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Քազվինից)
Քաղաք
Ղազվին
պարս.՝ قزوین
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՂազվին
ՇահրեստանՂազվին
Մակերես64,132 կմ²
ԲԾՄ1347 մետր
Բնակչություն402 748 մարդ (2016)[1][2]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ28
Պաշտոնական կայքshahrdariqazvin.com
Ղազվին (Իրան)##
Ղազվին (Իրան)

Ղազվին (պարս.՝ قزوین, քաղաք Իրանի հյուսիսում-արևմուտքում, Ղազվին օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Հանդիսանում է նաև համանուն շահրեստանի (գավառի) և շրջանի կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 402 748 մարդ (2016)[1][2]։ XVI դարում եղել է Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Էլբուրսի լեռների ստորոտին` լեռներից հարավ ընկած ընդարձակ բարեբեր հարթավայրում[3]։ Գտնվում է մայրաքաղաք Թեհրանից է մոտ 140 կմ հեռավորության վրա` հյուսիսարևմտյան ուղղությամբ։ Պատմականորեն կարևոր դիրք է զբաղեցրել և շարունակում է զբաղեցնել Թեհրանից դեպի Թավրիզ և դեպի Ռաշտ տանող ճանապարհների վրա։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազվինի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 402 748 մարդ, որոնք կազմում էին 127 154 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ղազվին օսթանի ամենախոշոր[4] և Իրանի քսաներկուերորդ ամենախոշոր[5] քաղաքն է։ Ղազվինի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 66 420[6] 88 106[7] 278 826[5] 291 117[5] 349 821[8] 381 598[9] 402 748[10]

Բնակիչների հիմնական մասը պարսիկներ են, որոնք խոսում են պարսկերենի տեղական բարբառով։ Ապրում են նաև ադրբեջանցիներ և իրանական թաթեր։ Շրջակա գյուղերում գերակշռում են ադրբեջանցիները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է Պարսկաստանի Սասանյան երկրորդ արքա Շապուհ I-ի կողմից մ.թ. մոտ 250 թվականին[3], ապա վերակառուցվել Շապուհ II-ի կողմից։ Սասանյանների ժամանակ հանդիսացել է կարևոր ամրացված քաղաք, որն օգտագործվել է Դայլամի լեռնականների դեմ պայքարում[11]։

Ղազվինը գրավվել է արաբների կողմից 644 թվականին[11]։ Քանի որ արաբները չեն գրավել Դայլամը, քաղաքը շարունակել է մնալ վերջինի դեմ պայքարի համար կարևոր հենակետ։ Խալիֆ Հարուն ալ Ռաշիդը անցել է քաղաքով դեպի Խորասան ուղևորության ժամանակ։ Նրա կարգադրությամբ քաղաքը շրջապատվել է հզոր պատերով, որոնց կառուցումն ավարտվել է միայն 868 թվականին[11]։ Հարուն ալ Ռաշիդը քաղաքում նաև կառուցել է տվել մեծ մայր մզկիթ[11], որը սակայն չի պահպանվել։

X դարի կեսերից անցել է Բուվայհիների, իսկ 1030 թվականից` Ղազնևիների տիրապետության տակ[11]։ 1042-1043 թվականներին քաղաքը պաշարել և գրավել է սելջուկների առաջնորդ Տուղրիլը։ Սելջուկների տիրապետության ժամանակաշրջանին են պատկանում քաղաքին ամենահին պահպանված շինությունները` Ջամե և Հեյդարիե մզկիթները։

XIII դարի սկզբում անցել է Խորեզմշահերի պետություն տիրապետության տակ։ 1220 թվականին քաղաքը գրավվել է մոնղոլների կողմից, իսկ բնակչությունը կոտորվել է[11]։ Մոնղոլների տիրապետության ժամանակ տեղի է ունեցել թյուրքական ցեղերի զանգվածային միգրացիան Ղազվինի շրջան, ինչի արդյունքում տարածքի ազգագրական կազմն էականորեն փոխվել է[11]։

Սեֆյան Պարսկաստանի ժամանակաշրջանում Ղազվինի դերը պարսկական պետության մեջ աճել է, քանի որ քաղաքը գտնվում էր կարևորագույն սահմանային շրջանները` Ադրբեջանն արևմուտքում և Խորասանն արևելքում կապող ճանապարհների վրա։ Այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունը ժամակավորապես գրավեց Սեֆյանների մայրաքաղաք Թավրիզը, շահ Թահմասպ I-ը 1755 թվականին տեղափոխեց մայրաքաղաքը Ղազվին։ Քաղաքը շարունակել է մնալ մայրաքաղաք մինչև 1598 թվականը, երբ շահ Աբբասը տեղափոխել է այն Սպահան[3]։ Քաղաքի բնակչությունը, որում մինչև XVI դարը գերակշռում էին սուննի իսլամի հետևորդները, Սեֆյանների իշխանության ժամանակ ընդունել է շիա իսլամ[11]։

Սեֆյանների կառավարման վերջին տարիների անկայունություն վիճակը բացասաբար է անդրադարձել Ղազվինի զարգացման վրա։ 1722 թվականին քաղաքը գրավել է աֆղան Աման Ալլահ Խանը, որի զորքերը սակայն դուրս են քշվել քաղաքից ժողովրդական ապստամբության արդյունքում։ 1726 թվականին Ղազվինն ինքնակամ հանձնվել է օսմաններին պայմանով, որ վերջիններս զորք չեն մտցնի քաղաք։ Օսմանները սակայն խախտել են այս պայմանը` քաղաք ուղարկելով 12 հազարանոց զորք, որը սակայն երկար չի դիմացել քաղաքում[11]։

XIX դարի սկզբից Ղազվինը կրկին անգամ սկսեց զարգանալ որպես առևտրի կենտրոն։ Այստեղ կարևոր դեր էր խաղում այն հանգամանքը, որ քաղաքը գտնվում էր ճանապարհների խաչմերուկում` կապելով մի կողմից Թավրիզը և մյուս կողմից Կասպից ծովի Անզալի նավահանգիստը Թեհրանի հետ։ Ղազվինը այդ ժամանակ հանդիսանում էր թավիշի, բրոկադի և բամբակից կտորի արտադրության կենտրոն։ Միրզա Հուսեյն Ֆարահանին, որն այցելել էր Ղազվինը 1884 թվականին գրում է, որ քաղաքն այդ ժամանակ ուներ շուրջ 600 խանութ, 8 քարվանսարա, 40 մզկիթ, 9 մեդրեսե։ Ղազվինի դերի մեծացման մասին է խոսում այն փաստը, որ պարսկական կենտրոնական բանկը 1890 թվականին բաժանմունք է բացում քաղաքում[11]։

XIX դարի երկրորդ կեսին Ղազվինը ռուսական ներկայության կարևոր կենտրոններից մեկն էր։ Այստեղ էր տեղակայված Պարսկական կազակական բրիգադի (հետագայում դիվիզիա) ստորաբաժանումներից մեկը։ Քաղաքում էր կենտրոնը ռուսական ճանապարհաշինական ընկերության, որը կապեց Ղազվինը ճանապարհներով Թեհրանի, Համադանի, ապա նաև Ռաշտի հետ[11]։

Նորագույն պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918-1920 թվականներին քաղաքում է գտնվել հյուսիսային Պարսկաստանում գործող բրիտանական զորքերի հիմնական բազան։ 1921 թվականին Ղազվինից է սկսվել պետական հեղաշրջումը, որի արդյունքում ուժեղացել է կազակական դիվիզիայի հրամանատար Ռեզա խանի ազդեցությունը, որը 1925 թվականից դարձել է շահ։ Վերջինիս կառավարման ժամանակաշրջանում Ղազվինը կորցրել է իր դերը` որպես առևտրական կենտրոն։

1962 թվականի սեպտեմբերի 1-ին Ղազվինից հարավ տեղի է ունեցել ուժեղ (Ռիխտերի սանդղակով 7-7,1 մագնիտուդով) երկրաշարժ, որի արդյունքում զոհվել է ավելի քան 12 000 մարդ[12]։

2009 թվականի հուլիսի 15-ին Ղազվինի մոտ կործանվել է Կասպյան ավիաուղիների Թեհրան-Երևան ինքնաթիռը, ինչի արդյունքում զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 168 ուղևորները և անձակազմի անդամները[13]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջամե մզկիթը
Մուտքը Ալ-Նաբի մզկիթ

Ղազվինում տեսարժան վայրերից են

  • Ջամե մզկիթը, որի հիմնական մասը կառուցվել է XII դարի սկզբում, սակայն առանձին մասեր գալիս են դեռ արաբական ժամանակներից։ Իրանի ամենահին և ամենամեծ մզկիթներից մեկն է[11]։
  • Հեյդարիե մզկիթը կամ մեդրեսեն (կառույցի սկզբնական դերը հայտնի չէ) ենթադրաբար նույնպես կառուցվել է XII դարում` թերևս Ջամե մզկիթից ավելի ուշ[11]։
  • Ալ-Նաբի մզկիթը, որն ըստ մզկիթում առկա արձանագրությունների հիմնադրվել է 1787 թվականին Ֆաթհ Ալի շահի կողմից, թեև, ըստ որոշ աղբյուրների, մզկիթն ավելի հին է` գոյություն ունենալով դեռ Սեֆյանների օրոք։ Մզկիթի տարածքը կազմում է շուրջ 14 000 մ2։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հանդիսանում է տեքստիլ արդյունաբերության կենտրոն, արտադրվում է մետաքս, թավիշ, բամբակ, կաշի։ Ղազվինում է Իրանի ամենախոշոր ջերմային էլեկտրակայաներից մեկը, որտեղ արտադրվում է երկրի էլեկտրական էներգիայի մոտ 7%-ը։

Ղազվինը գտնվում է Թեհրանը Թավրիզի հետ կապող երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհի վրա, ունի երկաթուղային կայարան։ Ծրագրված է, որ քաղաքով պետք է անցնի Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում կառուցվող երկաթգիծը, որը Ռաշտը և Աստարան կկապի երկրի հիմնական երկաթուղային ցանցի հետ։ Քաղաքն ունի նաև տեղային նշանակության օդանավակայան։

Հայերը Ղազվինում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Առաջին հայերը Ղազվինում հայտնվել են 16-րդ դարից սկսած՝ նախքան շահ Աբբասի կազմակերպած բռնագաղթը։ Հայերը շատացել են 1880-ական թվականներին՝ տեղափոխվելով Սպահանից, Համադանից, Թավրիզից։ Գործել է սուրբ Հռիփսիմե եկեղեցին, որի կառուցումն ավարտվել է 1936 թվականին։ Հայ բնակչությունը զգալիորեն ավելացել է հատկապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1970-ական թվականներին կազմելով 450-500 ընտանիք (շուրջ 1500-2000 բնակիչ)։ Սակայն 1980-ական թվականներին Ղազվինի հայերի գերակշիռ մեծամասնությունը տեղափոխվել է Թեհրան[14]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.citypopulation.de/Iran-MajorCities.html
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. 3,0 3,1 3,2 «Qazvīn on Britannica online (անգլ.)». Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «IRAN: Qazvin» (անգլերեն).
  5. 5,0 5,1 5,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  6. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. նոյեմբերի 30-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 Lambton, Ann K.S.; Hillenbrand, R.M. (1978). «ḲAZWĪN». In Van Donzel, E.; Lewis, B.; Pellat, Ch. (eds.). The Encyclopaedia of Islam, Volume IV (IRAN-KHA) (Իսլամի հանրագիտարան, 4-րդ հատոր). Leiden: E.J. Brill. էջեր 857–63. ISBN 90-04-05745-5. Վերցված է 2022 թ. ապրիլի 8-ին.
  12. «Historic Worldwide Earthquakes». ԱՄՆ երկրաբանական ծառայություն. 2009 թ. հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ. փետրվարի 21-ին.
  13. Ավիավթարի մասին Aviation Safety Network կայքում
  14. «Հայ Սփյուռք հանրագիտարան», էջ 237; Երևան, 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազվին» հոդվածին։