Քադիմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քադիմա
եբրայերեն՝ קדימה
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Իսրայել
Առաջնորդանհայտ
Հիմնադրվածնոյեմբերի 24, 2005
Լուծարված2015
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբՊետահ Տիկվա, Կենտրոնական մարզ, Իսրայել
 Kadima Վիքիպահեստում

«Քադիմա» (եբրայերեն՝ קדימה‎ — «Դեպի առաջ»), քաղաքական կուսակցություն Իսրայելում։ Կուսակցությունը պաշտոնապես գրանցվել է Արիել Շարոնի կողմից, 2005 թվականի նոյեմբերի 24-ին, «Լիկուդ» կուսակցությունից դուրս գալուց հետո։ Կուսակցության առաջնորդը Շաուլ Մոֆազն է[1]։

Կուսակցության ղեկավարներն են Շաուլ Մոֆազը, Ավի Դիխտերը, Մեիր Շիտրիտը, Դալիա Իցիկը, Խաիմ Ռամոնը և մյուսները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիել Շարոն

2005 թվականին Արիել Շարոնի, նրա մերձավոր կողմնակիցների և «Լիկուդ» կուսակցության ղեկավարության միջև տարաձայնություններ առաջացան։ Տարաձայնությունների հիմնական պատճառը այսպես կոչված սահմանազատման քաղաքականությունն էր, ըստ որի պետք է իսրայելական զորքերը դուրս բերվեին Գազայի հատվածից և ոչնչացվեին մինչև 1967 թվականը այնտեղ գոյություն ունեցած հրեական բնակավայրերը։ Դա հանգեցրեց Արիել Շարոնի «Լիկուդից» հեռանալուն և նոր կուսակցության ստեղծմանը։ Որպես նոր անվանման նախնական կարգախոս օգտագործվեց «Ազգային պատասխանատվության» լոզունգը, որն էլ դարձավ նոր քաղաքական միավորման նշանաբանը։

Արիել Շարոնի հետ միասին «Լիկուդից» դուրս եկան Էհուդ Օլմերթը, Ցիպի Լիվինը, Մեիր Շիտրիտը, Աբրահամ Գիրշզոնը, Մարինա Սոլոդկինան և մյուսները։ Ավելի ուշ «Լիկուդից» հեռացան Ցախի Հանեգբին և Շաուլ Մոֆազը։ 2005 թվականի նոյեմբերի 30-ին «Ավոդա» կուսակցության նախկին առաջնորդ և վարչապետ 82- ամյա Շիմոն Պերեսը հայտարարեց, որ հեռանում է կուսակցությունից, որպեսզի պաշտպանի Արիել Շարոնին և նրա նորաստեղծ կուսակցությանը։ Շարոնի շրջապատից հայտնեցին, որ Պերեսը չի անդամակցի նոր կուսակցությանը, բայց ընտրություններում հաղթանակի դեպքում նրան կառաջարկվի նախարարական պաշտոն, որտեղ նա կզբաղվի խոշոր ազգային նախագծերի իրականացմամբ, Նեգևի անապատի զարգացման, Մեռյալ ծովի էկոլոգիայի և այլ հարցերով։ Սակայն հետագայում Շիմոն Պերեսը դուրս եկավ «Ավոդա» կուսակցությունից և անդամակցեց «Կամիդային»։ Շիմոն Պերեսի հետ միասին «Ավոդայից» «Քադիմա» տեղափոխվեցին քնեսեթի պատգամավորներ Խաիմ Ռամոնը և Դալիա Իցիկը։ «Մեր տունը Իսրայելն է» կուսակցության ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով այնտեղից դուրս եկավ և «Քադիմային» միացավ քնեսեթի պատգամավոր Միխայիլ Նուդելմանը։ Չնայած «Քադիման» 16-րդ գումարման քնեսեթում մեծամասնություն չէր կազմում, բայց դարձավ կառավարող կուսակցություն։ Արիել Շարոնը մնաց վարչապետի պաշտոնում, կառավարության կազմում մնացին «Լիկուդի» և մյուս կուսակցությունների նախարարներ։ Արիել Շարոնի հիվանդանալուց և հոսպիտալացումից հետո կուսակցությունը և ժամանակավոր կառավարությունը ղեկավարում է Էհուդ Օլմերթը։

Քնեսեթի 17-րդ գումարման ընտրություններ (մարտ 2006 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերի 23-ին 16-րդ գումարման քնեսեթը լուծարվեց, նոր ընտրությունները նշանակվեցին 2006 թվականի մարտի 28-ին։ «Քադիման» նախընտրական քարոզարշավն անցկացրեց Արիել Շարոնի ժառանգության կարգախոսի ներքո։ «Լիկուդի» ընտրողների մեծ մասն աջակցեցին «Քադիմային»։ Զանգվածային քարոզարշավ էր կազմակերպվում ռուսալեզու ընտրողների շրջանում։ Բացի Մարինա Սոլոդկինայից և Միխայիլ Նուդելմանից, նախընտրական ցուցակներում ընդգրկվել էին այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Կարմիելի փոխքաղաքապետ Ռինա Գրինբերգը Զեև Էլկինը (մինչ ընտրությունները քիչ հայտնի), ինչպես նաև «Իսրայել Պլյուս» հեռուստաալիքի հաղորդավար Անաստասիա Միխաելին։

Ընտրությունների արդյունքում «Քադիման» ստացավ 29 մանդատ, որը հնարավորություն տվեց Էհուդ Օլմերթին կազմավորել կոալիցիոն կառավարություն։ Ստացված ձայների քանակը սպասվածից պակաս էր, այդ իսկ պատճառով էլ նոր կառավարությունում կարևոր պաշտոնները տրվեցին «Ավոդա» կուսակցության ներկայացուցիչներին։ «Ավոդայի» ղեկավար Ամիր Պերեցը զբաղեցրեց պաշտպանության նախարարի պաշտոնը։ Կոալիցիա մտավ նաև թոշակառուների կուսակցությունը՝ անսպասելիորեն նոր քնեսեթում ստանալով 6 մանդատ։

Քնեսեթի 18-րդ գումարման ընտրություններ (փետրվար 2009 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոռուպցիոն գործերի հետաքննության հետ կապված Օլմերթը հայտարարեց, որ ինքը չի մասնակցի 2008 թվականի սեպտեմբերի 17-ին նախատեսված բաց նախնական ընտրությանը։ Ընտրություններին մասնակցեցին 4 թեկնածուներ՝ արտաքին գործերի նախարար Ցիպի Լիվինը, տրանսպորտի նախարար Շաուլ Մոֆազը, ներքին անվտանգության նախարար Ավի Դիխտերը, ներքին գործերի նախարար Մեիր Շիտրիտը։ Ընտրություններում հաղթեց Ցիպի Լիվինը՝ Շաուլ Մոֆազին գերազանցելով ընդամենը 431 ձայնով[2]։ 2008 թվականի սեպտեմբերի 21-ին Օլմերթը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից։

2009 թվականի փետրվարի 10-ին կայացած քնեսեթի 18-րդ գումարման ընտրություններում Քադիման ստացավ 28 մանդատ, մեկով ավել Լիկուդից։ Քանի որ աջակողմյան կուսակցությունները քնեսեթում ստացան պատգամավորական տեղերի մեծամասնությունը (120-ից 65-ը), Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը 2009 թվականի փետրվարի 20-ին հանձնարարեց Լիկուդի առաջնորդ Բենյամին Նեթանյահուին կազմավորել նոր կառավարություն։ Նույն օրը «Լիկուդի» նախագահը առաջարկությամբ դիմեց «Քադիմայի» և «Ավոդայի» առաջնորդներին մտնել իր ղեկավարությամբ ձևավորվող ազգային միասնության կառավարության մեջ։ «Քադիմայի» առաջնորդ Ցիպի Լիվինը հրաժարվեց մտնել կառավարություն և զբաղեցրեց ընդդիմության առաջնորդի պաշտոնը։

Քնեսեթի 19-րդ գումարման ընտրություններ (հունվար 2013 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի մարտին կայացած ներկուսակցական ընտրություններում հաղթանակ տարավ Շաուլ Մոֆազը, որից հետո Ցիպի Լիվինը հեռացավ կուսակցությունից և հիմնեց Հա-Թնուա շարժումը։ Մոֆազի ղեկավարությամբ կուսակցությունը կարճ ժամանակ անց, 2012 թվականի մայիսի 9-ից հուլիսի 17-ը մտավ կառավարող կոալիցիայի մեջ[3]։ 2013 թvakanի հունվարին կայացած ընտրություններում «Կադիման» ստացավ միայն երկու մանդատ[4]։

Քնեսեթի 20-րդ գումարման ընտրություններ (մարտ 2015 թ.)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին, Քնեսեթի 20-րդ գումարման ընտրությունների նախօրեին Շաուլ Մոֆազը հեռացավ կուսակցության նախագահի պաշտոնից և հայտարարեց իր քաղաքական կարիերայի ավարտի մասին։ Մոֆազի որոշման պատճառ դարձավ այն հանգամանքը, որ կուսակցությունը հրաժարվեց ընդունել Սիսնիստական ճամբարին միանալու նրա առաջարկը։ Մոֆազի հեռանալուց հետո կուսակցությունը ղեկավարեց Աքրամ Հասոնը, սակայն նա էլ շուտով հեռացավ կուսակցությունից` տեղափոխվելով Կուլանու շարժում։ Նրա հեռանալուց հետո կուսակցությունը որոշեց հրաժարվել ընտրություններին մասնակցելուց։

Քադիմայի առաջնորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի այդ, Շիմոն Պերեսը, որպես Լեյբորիստական կուսակցության նախկին ղեկավար, ծառայել է որպես փոխնախագահ և ընտրվել Իսրայելի նախագահ որպես Քադիմայի թեկնածու։

2006 թվականի Իսրայելա-լիբանանյան հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ լիբանանյան պատերազմը (12 հուլիսի - 14 օգոստոսի, 2006) բացահայտեց երկրի ղեկավարության և բանակի թերությունները։ Չէին կատարվել ռազմական գործողությունների հիմնական խնդիրները, ազատ չէին արձակվել 2 գերի զինվորականները, «Հեզբոլլահ» չէր ջախջախվել, այլ միայն թուլացել էր։ Հակամարտության ավարտից հետո ստեղծվեց Լիբանանում պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով դատավոր Էլիյագու Վինոգրադի գլխավորությամբ։ Սկսվեցին բամամարդ հավաքներ վարչապետ Էհուդ Օլմերթի, պաշտպանության նախարար Ամիր Պերեցի և գլխավոր շտաբի պետ Դան Խալուցի հրաժարականների պահանջով։

«Կադիմայի» առաջնորդների դեմ կոռուպցիայի մեղադրանքով դատավարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղադրանքներ ներկայացվեցին Կադիմայի հետևյալ առաջնորդների դեմ`Արիել Շարոնի, Օմրի Շարոնի, Աբրահամ Գիրշզոնի, Ցախի Անեգբի, Հաիմ Ռամոնի, Յակով Էդրի և Էհուդա Օլմերտի։

Վարչապետ Օլմերտին մեղադրանք էր առաջադրվել առնվազն երեք գործով, այսպես կոչված կաշառքի գործով (ծրարներ գործարար Մորիս Թալանսկից), արդյունաբերության և առևտրի նախարարությունում կոռուպցիայի գործը և արտերկիր ճանապարհորդության անօրինական ֆինանսավորման գործը (այսպես կոչված «Ռիշոն տուրզ»-ի գործը)։ 2010 թվականի ապրիլին հարուցվեց նոր գործ կապված Երուսաղեմի «Holyland» բնակելի համալիրի շինարարության ընթացքում տեղ գտած կոռուպցիայի հետ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Израильская партия "Кадима" выбрала нового лидера
  2. «Статья о праймериз в «Кадиме»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  3. "Кадима" покинула правящую коалицию
  4. Официальные данные ЦИК Израиля Արխիվացված 2013-02-09 Wayback Machine(եբրայերեն)
  5. Gil Hoffman (2012 թ․ նոյեմբերի 27). «Livni returns to politics with The Tzipi Livni Party». The Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ հունիսի 30-ին.
  6. СМИ о деле Holyland: «Покупаются все»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քադիմա» հոդվածին։