Փրոդյուսիջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փրոդյուսիջ (անգլ.՝ Produsage), ավստրալացի գիտնական Ակսել Բրանսի առաջ քաշած եզրույթը, որը հանրայնացրել է իր «Blogs, Wikipedia, Second Life and Beyond: From Production to Produsage» գրքում։ Փրոդյուսիջ բառն անգլերեն production (ստեղծել) և usage (օգտագործել) բառերի միաձուլումն է։ Փրոդյուսիջն օգտագործողների կողմից բովանդակության ստեղծման տեսակն է բազմազան առցանց միջավայրերում, բաց կոդով ծրագրային ապահովման մեջ և բլոգոլորտում[1]։ Այս հասկացությունը ջնջում է պասիվ սպառման և ակտիվ ստեղծման միջև սահմանազատումը։ Ստեղծողների և սպառողների կամ բովանդակությունն օգտագործողների տարբերակումը գնալով թուլանում է, քանի որ օգտագործողները կամա թե ակամա նաև ստեղծողների դեր են կատարում[2][3]։ Փրոդյուսեր (անգլ.՝ produser) եզրը վերաբերում է այն անձին, որը ներգրավված է փրոդյուսիջի գործընթացում։ Այս հասկացությունը նման և փոխկապակցված է «համատեղ հավասար ստեղծում» եզրի հետ, որն առաջ է քաշել Յոխայ Բենքլերը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Բրանսի՝ փրոդյուսիջն ունի 4 առանձնահատկություն՝

  • բաց մասնակցություն և ընդհանուր գնահատում,
  • ոչ կայուն հետերարխիա հատուկ մերիտոկրատիայի միջոցով,
  • կրկնագիր անավարտ աշխատանք շարունակական գործընթացում և
  • ընդհանուր սեփականություն և անհատական վաստակ[4]։

Բաց մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրոդյուսիջի գլխավոր առանձնահատկությունը փրոդյուսերների համատեղ և ոչ թե անհատապես բովանդակություն ստեղծելն է։ Բովանդակությունը հաճախ ստեղծվում է մի շարք տարբեր օգտատերերի, քան մեկ հեղինակի կողմից[5]։ Փրոդյուսիջի մոդելն այնպիսի գործիքներ է տրամադրում, որոնք նախագծված և հարմարեցված են բաց քննարկումը խրախուսելու նպատակով[6]։ Նմանատիպ քննարկման օրինակ է Վիքիպեդիայի քննարկման էջը, որը բաց քննարկման հարթակ է մասնակիցների համար, որոնք գնահատում են նախկին մասնակիցների կողմից ստեղծված աշխատանքի որակը[4]։

Փրոդյուսիջին մասնակցելը ևս կամավորական սկզբունքով է։ Ի տարբերություն հիերարխիական համայնքի՝ այստեղ չկա աշխատանքի կանխորոշված բաժանում, այլ՝ ինքնուրույն ընտրած, կամավորական հանձնարարություններ[7]։ Համայնքը որոշում է մասնակիցների կատարած ներդրման՝ գաղափարների, մեկնաբանությունների և խմբագրումների օգտակարությունը և տեղին լինելը։ Այն ներդրումները, որոնք հետագայում ամենայն հավանականությամբ կգնահատվեն և կզարգանան, համարվում են տեղին և օգտակար, մինչդեռ անտեղի և անօգտակար ներդրումներն անտեսվում են։ Թեև օգտակար ներդրումների կարևորությունը կարող է խիստ տարբերվել, դրանք բոլորը դրական ներդրում են նախագծի ընդհանուր որակին։ Այն մասնակիցները, որոնք շարունակական արժեքավոր ներդրումներ են կատարում, մասնակիցների շրջանում դիտվում են որպես առաջնորդներ[4]։

Բրանսը նաև փաստում է, որ փրոդյուսիջի մոդելներից շատերը սովորաբար հասանելի են բոլորին։ Անսահմանափակ թվով մասնակիցները հնարավորություն են տալիս ավելի շատ մարդկանց ներգրավվել, քննադատել և վերլուծել արդեն եղած ներդրումները՝ բարձրացնելով արդյունքի որակը։ Այս իմաստով ներգրավվումը շատ է խրախուսվում, մինչդեռ մեկուսացումը չի ողջունվում։ Բրանսն ընդգծում է նաև այն միտքը, որ համայնքի համար շահավետ է փոխգործակցել այլ կառույցների հետ, քանի որ այդպես ընդլայնվում է այն գիտելիքների շրջանակը, որը նրանք կարող են օգտագործել ավելի արդյունավետ միտք ձևավորելու համար։ Այդ պատճառով փրոդյուսիջի մոդելի ընդհանուր կառուցվածքը հիմնված է համագործակցության, մասնակցության և ներգրավվման վրա[4]։

Ոչ կայուն հետերարխիա և հատուկ մերիտոկրատիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծաթիվ մասնակիցները, որոնք համապատասխանում են փրոդյուսիջի առանձնահատկություններին, հաջող փրոդյուսիջական կայքերի մասն են կազմում[6]։ Փրոդյուսիջ մոդելները պետք է հասանելի լինեն բոլոր տեսակի և մակարդակի հմտություններ և կարողություններ ունեցող մասնակիցներին։ Ակսել Բրանսը նշում է, որ չնայած անհամաչափ ներդրումներին՝ փրոդյուսերները պետք է չսահմանափակված զգան իրենց և ներդրումներ կատարելու համար նրանց պետք է հավասար իրավունք տրվի[4]։ Փրոդյուսիջ համայնքներում անհրաժեշտ է հավասարակշռություն՝ կառուցվածքի և բաց լինելու միջև։ Փոքր խմբերի կողմից հսկումը կարող է անցանկալի վերահսկողության վերածվել, իսկ բացարձակ ազատությունը քանդում է համախմբվածությունը[6]։ Որպեսզի հասնեն հավասարակշռության՝ փրոդյուսիջ համայնքներն ընտրում են առաջնորդների՝ հիմնվելով վերջիններիս կատարած ներդրումների որակի վրա[4]։ Որոշ նոր կայքերի դեպքում հնարավոր է, որ մոդերատորներ դառնան համայնքի հին անդամներից կամ ընտրվեն պատահական սկզբունքով[6]։

Առաջնորդության կառուցվածքը փրոդյուսիջ համայքներում, ինչպես նշում է Բրանսը, «անընդհատ փոփոխվում է»[4]։ Առաջնորդները զրկվում են իշխանությունից, եթե դառնում են անօգուտ։ Նրանցից պահանջվում է ոչ միայն պիտանի, այլև շարունակական ներդրումներ կատարել համայնքում։ Առաջնորդության փոփոխումը և վերաբաշխումն ստեղծում է փրոդյուսերների ճկուն, հոսուն ցանց։ Ակսել Բրանսը փաստում է, որ կառուցվածքի ոչ կայուն լինելն անհատներին կամ փոքր խմբերին հնարավորություն է տալիս դառնալ որոշում կայացնողներ, և ոչ թե ամեն փուլում սպասել ողջ համայնքի հաստատմանը[4]։ Կառուցվածքների ստանդարտ մոդելները բաղկացած են վերևից ներքև մոդելից, որտեղ առաջնորդները ստուգում և վերջին խոսքն են ասում բովանդակության ստեղծման գործընթացում։ Մինչդեռ փրոդյուսիջ կայքերը գերադասում են բոլորին հասանելի մոդելը, որտեղ մասնակիցների ծավալած գործունեությունը թափանցիկ է[7]։ Առաջնորդությունն այս մոդելում զուրկ է մասնակիցներին վերահսկելուց և հրահանգելուց, որը փրոդյուսերներին թույլ է տալիս ներդրումներ կատարել իրենց հայեցողությամբ[4]։ Փրոդյուսիջ կայքերի համայնքները ձևավորվում են անհատների ընդհանուր հետաքրքրություններից, որի արդյունքում էլ առաջնորդները ծնվում են հենց այս խմբերից[8]։ Շարունակական առաջնորդության հնարավորություն տրամադրելն ստեղծում է համայնքահեն կայք, որտեղ համայնքն է որոշում, թե որ ուղղությամբ պետք է շարժվի կայքը[4]։

Կրկնագիր աշխատանք և բազմատարրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքսել Բրանսը մարտահրավեր է նետում ստեղծման և սպառման ավանդական գաղափարներին՝ առաջարկելով համայնքի այնպիսի ձև, որտեղ փրոդյուսերներն անընդհատ ներդրում են կատարում՝ գրելով, կրկնագրելով, թարմացնելով և բովանդակությունը բարելավելու համար ուղիներ առաջարկելով։ Փրոդյուսերների կողմից ստեղծված բովանդակությունը և այն հարթակը, որտեղ պահվում է այդ բովանդակությունը, շարունակ փոփոխությունների է ենթարկվում։ Բրանսը փրոդյուսիջի այս բաղադրիչ գործոնը բնութագրում է որպես կրկնագիր։ Կրկնագիրը գրվելու և բազմիցս կրկին գրվելու հատկությունն է, որտեղ երևում են նաև կատարված փոփոխությունները։ Փոխգործակցությունները, որի ժամանակ փրոդյուսերները համագործակցում են, ստեղծում և կառուցում աշխատանքը, դառնում է և՛ տեղեկատվության աղբյուր, և՛ մի միջավայր, որտեղ հնչում են կարծիքներ ու գաղափարներ, կատարվում են վերստուգումներ և քննարկումներ։ Նա հատուկ մատնանշում է Վիքիպեդիայի կառուցվածքը, որն իր բնույթով միասնական կրկնագրության օրինակ է։ Աշխատանքը, ինչպես սահմանում է Բրանսը, փրոդյուսերների կողմից ստեղծվող բովանդակության աղբյուրն է։ Բրանսը նկարագրում է Վիքիպեդիան որպես փրոդյուսերների կողմից գիտելիքի ընդլայնման շարունակ զարգացող գործընթաց, որը բազմաշերտ է և արագ նորից է գրվում[9]։ Քանի որ ըստ էության բոլոր մասնակիցները կարող են իրենց ներդրումն ունենալ Վիքիպեդիայի բովանդակության ստեղծման մեջ, միշտ շարժառիթ կա այն բարելավելու այնպիսի գործիքների օգնությամբ, ինչպիսիք են Քննարկման էջերը, որտեղ մասնակիցները կարող են փոխգործակցել և համագործակցել՝ ավելի հղկված հոդված ստանալու համար։ Նա բնորոշում է այս առանձնահատկությունները որպես ստիգմերգիական համագործակցություն[9], որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է ազատ մուտք ունենալ դեպի աշխատանքը և իր ներդրումն ունենալ այնտեղ։ Շատ հաճախ փրոդյուսիջ կայքերն առաջարկում են ճարտարապետական գործիքներ, որոնք փրոդյուսերներին հնարավորություն են տալիս արձանագրել նյութերի զարգացման պատմությունը՝ այսպիսով մասնակիցները կարող են ետ գնալ և գնահատել նյութերն իրենց տարբեր փուլերում։ Փրոդյուսիջ կայքի օրինակ է ccMixter համայնաքահեն երաժշտական կայքը[6], որն օգտագործում է բաց կոդով մուլտիմեդիա համակարգ, որն էլ հնարավորություն է տալիս իր օգտատերերին ստեղծել բնօրինակ երգի ռեմիքսը։

Որպեսզի ստեղծումը լինի կրկնագիր, բովանդակության նպատակը պետք է լինի բազմատարր։ Բրանսը պնդում է, որ բազմատարրությունը փրոդյուսերներին առաջարկում է աշխատանքին միանալու և ներդրում կատարելու մի ձև, որը կհամապատասխանի նրանց մասնագիտությանը և գիտելիքներին։ Համակարգելով մի աշխատանքի շուրջ եղած բազում տեսակետներն ու հետաքրքրությունները՝ բովանդակությունը դառնում է ավելի արժեքավոր, ճշգրիտ և հասկանալի, որը շատ հաճախ տեղեկատվություն տրամադրող աղբյուրների ընդհանուր նպատակն է։ Նա նշում է, որ փրոդյուսիջն առաջ տանող աղբյուրների առանձնահատկություններից է տարբեր բաղադրիչների բաժանված լինելը, որոնցից յուրաքանչյուրը կարող է անհատապես և անկախ ստեղծվել տարբեր մասնակիցների կողմից։ Սա հնարավորություն է տալիս գիտելիք և հմտություններ հավաքել տարբեր աղբյուրներից, քան կենտրոնացված քանակի փրոդյուսերներից[4]։

Ընդհանուր սեփականություն և անհատական վաստակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բրանսը նկարագրում է փրոդյուսիջի մեջ ընդհանուր սեփականության և անհատական վաստակի միջև կապը[4]։ Նա պնդում է, որ փրոդյուսիջին մասնակցել խթանում է անհատական փրոդյուսերների կարողությունն իրենց ներդրումն ունենալ ընդհանուր նպատակի համար։ Այս ընդհանուր նպատակը ներկայացված է փրոդյուսիջի ունակության մեջ՝ փրոդյուսերների շրջանում շարժառիթ ստեղծել և որ բովանդակությունը, որի վրա աշխատում են, մնա բոլորի համար բաց և հասանելի։ Որպեսզի բազմազան համայնքը ներգրավվի և ներդրում ունենա փրոդյուսիջի մեջ, պետք է մի քանի խոչընդոտներ լինեն, որոնք կխանգարեն նրանց ներդրումներին[10]։ Փրոդյուսերներին պետք է բավականաչափ և հասանելի բովանդակություն խմբագրելու և ներդրում կատարելու համար, որոնք պետք է ուղեկցվեն փոքր խոչընդոտներով՝ տեխնիկական և իրավական սահմանափակումների տեսքով[10]։ Օրինակ՝ Բրանսը փաստում է, որ երբ անհատները ներգրավվում են համատեղ աշխատանքի մեջ, հարկադրված մտավոր սեփականության իրավունքները կարող են խանգարել նրանց խմբագրել կամ ներդրում կատարել։ Արդյունքում մտավոր սեփականությունը հարկադրող այլընտրանքային մեթոդ է անհրաժեշտ, որպեսզի փրոդյուսիջն արդյունավետ գործի[5]։ Այդ իսկ պատճառով նա պնդում է, որ փրոդյուսերներին անհրաժեշտ է առկա բովանդակությունը հայտարարել որպես ընդհանուր սեփականություն, օրինակ Creative Commons արտոնագրերի ներքո[10]։

Ինչևէ, համատեղ ստեղծված տեղեկատվության բովանդակության կապիտալի վերածելու ցանկացած փորձ, դա կլինի անհատների, թե խմբերի կողմից, փրոդյուսիջ խմբի ներսում, թե դրսում, պետք է կանխվի[9]։ Համայնքի կողմից ստեղծված ցանկացած բովանդակություն պետք է հեշտ հասանելի լինի, և այդ բովանդակությունը խմբագրելն ու փոփոխելը պետք է ևս հասանելի լինի։ Ի հավելումն, մասնակիցների կողմից կատարված ցանկացած ներդրում պետք է ճանաչվի, երբ դրա կարիքը լինի[9]։

Թեև բովանդակությունը համատեղ է ստեղծվում մյուսների հետ, փրոդյուսերներն իրենց սեփական ներդրումներից անձնական վաստակ ունեն։ Ի հավելումն, այս անհատական վաստակները հետագայում փրոդյուսիջ նախագծերին մասնակցելու համար խթանիչ աղբյուրներ են։ Այսպիսի անձնական վաստակը պատիվ է բերում անհատին՝ իր փոխհարաբերությունների ցանց ավելացնելով նաև այնպիսինները, որոնք դուրս են համայնքից[9]։ Այդ իսկ պատճառով փրոդյուսիջի մեջ ներգրավվելու ամենագլխավոր վաստակը անձնական բավարարվածությունն է, քան ֆինանսական շահ ունենալը[10]։

Փրոդյուսիջը և այլ տեսությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փրոդյուսիջը և Հենրի Ջենկինսի մեդիա կոնվերգենցիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակսել Բրանսի փրոդյուսիջի գաղափարի նպատակն է նկարագրել, թե ինչպես են մարդիկ այս թվային դարաշրջանում հաղորդակցվում 4 տարբեր բնութագրիչների միջոցով՝ բաց մասնակցություն, ընդհանուր սեփականություն, կրկնագիր աշխատանք և բազմատարրություն, ինչպես նաև ոչ կայուն հետերարխիա։ Յուրաքանչյուր բնութագրիչ ինքնին ներկայացնում է այլ բան, ինչ Բրանսը սահմանում է որպես բովանդակության ստեղծում փրոդյուսերների կողմից։ Թեև Բրանսի գաղափարներն իրենց բնույթով եզակի են, դրանք խաչվում են այլ գիտնականների գաղափարների և տեսությունների հետ, որոնցից մեկը մեդիագիտնական Հենրի Ջենկինսն է, որը Հարավային Կալիֆորնիայի համալսարանում հաղորդակցության, կինեմատոգրաֆիական արվեստի և լրագրության պրոֆեսոր է։ 9 գրքերի հեղինակ, գրող, կրթական ոլորտի մասնագետ Հենրի Ջենկինսը ստեղծեց մեդիա կոնվերգենցիա եզրույթն ու հասկացությունը։ Մեդիա կոնվերգենցիան կարելի է նկարագրել որպես գործընթաց, որի միջոցով բոլոր տեսակի մեդիաները տարածքի և ժամանակի մեջ ընդլայնվում են, համագործակցվում, վերափոխվում և ադապտացվում։ Ջենկինսը նկարագրում է, թե ինչպես է մեդիա կոնվերգենցիայի գործընթացը տեղի ունենում անհատների ուղեղում, սակայն այն, ինչ ստեղծում են փրոդյուսերները, և անհատների արձագանքն այդ ստեղծված բովանդակությանն արդեն հենց այս կոնվերգենցիայի արդյունքն է[4]։ Ջենկինսի նպատակն է մոդելավորել, թե ինչպես է բովանդակությունը դառնում իմաստավոր և արժեքավոր, և թե ինչպես են այսօր հասանելի փոխգործակցության հարթակները ոգևորում մասնակիցներին մասնակցել բովանդակության մշակույթին, որը շարունակաբար վերաձևավորվում է թվային հաղորդակցման և հավաքական մտավոր ունակությունների միջոցովref name=":0" />։ Ջենկինսի մեդիա կոնվերգենցիան խաչվում է Բրանսի փրոդյուսիջի գաղափարի հետ, որտեղ մեդիա կոնվերգենցիան կարող է պարզապես դիտվել որպես մեդիա բովանդակության տրամաբանական տեղաբաշխում և համագործակցություն․ փրոդյուսիջը կարող է սահմանվել նաև որպես գաղափարի, մշակույթի և կարծիքների տարածում մեդիայի միջոցով։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ Ջենկինսը խոսեց 5 հիմնական հասկացությունների մասին՝ բովանդակությունը մասնակցելի է, բովանդակությունը փոփոխելի է, բովանդակությունը համընդհանուր է և բովանդակությունն անկախ է[11]։

Հենրի Ջենկինսը հավաստում է, որ բովանդակությունը մասնակցելի է, որը նշանակում է, որ մեդիա հարթակները բովանդակություն են տրամադրում, որը մասնակիցներին խրախուսում է իրենց համայնքի ներսում փոխգործակցել և մասնակցել բովանդակության ստեղծմանը[12]։ Նա բացատրում է, որ մասնակցության համար քիչ խոչընդոտներ կան․ անհատները պետք է ինչ-որ բաներ անեն մեդիայի միջոցով և այդպիսով վերջիններս հաճախ մեծ ոգևորություն են զգում, երբ իրենց ստեղծածը կիսում են համայնքի այլ անդամների հետ[11]։ Ջենկինսը բացատրում է, որ մասնակիցները մոտիվացված են պատմել իրենց պատմությունը, որը շատ հաճախ ոգևորում է նաև մյուս համայնքներին։ Նա պնդում է, որ մասնակցելի մշակույթի մեջ ոչ պաշտոնական մենթորության համակարգ կա, որտեղ ավելի հմուտ մասնակիցներն ուղղորդում են նորերին[12]։ Ջենկինսը բերում է Վիքիպեդիայի օրինակը և բացատրում, որ այն թույլ է տալիս և խրախուսում մասնակիցների կողմից կատարվող քննարկումները, փոփոխությունները և վերստեղծումը։ Նմանապես, Բրանսի բաց մասնակցության գաղափարը շեշտում է այն, որ փրոդյուսերների մասնակցությունը կամավոր է և կատարվում է այնպիսի հարթակների միջոցով, որոնք ստեղծված են խրախուսելու բաց քննարկումները․ բովանդակությունն ստեղծվում է բազում փրոդյուսերների կողմից։ Նա նաև հավաստում է, որ փրոդյուսերները հավատում են, որ իրենց ներդրումները, ինչպես նաև մյուսների կարծիքը կարևոր են[13]։ Թե՛ Ջենկինսի, թե՛ Բրանսի հասկացությունները օրինակ են ծառայում, որ նոր մեդիա դարաշրջանում բովանդակությունն այլևս չի ստեղծվում մեկ փրոդյուսերի և սպառվում մնացածի կողմից, այլ բովանդակությունը շարունակաբար վերաձևավորվում է և վերստեղծվում բազում մասնակիցների կողմից բաց համայնքում, որը խրախուսում է իր անդամների ներդրումները և մասնակցությունը։

Մեդիա կոնվերգենցիայի մեկ այլ բնութագրիչը փոփոխվող բովանդակության հասկացությունն է։ Ջենկինսը սահմանում է փոփոխվող բովանդակությունը որպես մի աշխույժ միջավայր, որտեղ մասնակիցները կատարում են իրենց ներդրումը և ստեղծում բովանդակություն․ նա հավաստիացնում է, որ քանի որ այս թվային դարաշրջանում տեխնոլոգիան ավելի հասանելի է, մասնակիցների համար տարբեր հարթակներում ավելի հեշտ է ձևափոխել բովանդակությունն այնպես, ինչպես ցանկանում են[11]։ Երբ սպառողներն ու փրոդյուսերներն իրենց ձեռքն են վերցնում բովանդակությունն ու զանազան պատճառներով (հաճույքի համար կամ մշակութային պատճառներով) այն ձևափոխում և վերափոփոխում, առաջանում է փոփոխվող բովանդակություն[11]։ Բովանդակության այս փոփոխությունները թույլ են տալիս մեդիային չափազանց արագ տարածվել ժամանակի և տարածության մեջ, որը բովանդակությունն առաջ է մղում մասնակցից մասնակից[14]։ Ջենկինսն օրինակ է բերում Դևիսի միջադեպը, երբ ոստիկանը գազային բալոնիկ էր կիրառել մի խումբ ցուցարարների վրա, որից հետո այդ տեսարանը ինտերնետային մեմ դարձավ՝ տարածվելով տարբեր հարթակներով․ գազային բալոնիկ օգտագործող ոստիկանի 200 նկար ստեղծվեց։ Բրանսը հավաստիացնում է, որ փրոդյուսիջը կրկնագիր արտեֆակտ է, որը շարունակ գրվում և վերագրվում է՝ բովանդակությունն ավելի լավը դարձնելու միտումով[4]։ Ե՛վ Ջենկինսը, և՛ Բրանսը նշում են, որ սպառողների կողմից կատարվող ներդրումը նոր մեդիա հաղորդակցության և օգտագործման կարևոր բնութագրիչն է, որտեղ անհատները վերցնում են բովանդակությունը և ձևափոխում այն՝ կա՛մ գաղափարը պարզաբանելու ու տեղ հասցնելու, կամ էլ ուղղակի հաճույքի համար։

Բացի այդ Ջենկինսը ներկայացնում է այն գաղափարը, որ բովանդակությունը տարածվող է։ Նա հավաստում է, որ բովանդակության տարածելիությունը շրջանառության տրամաբանական մասն է կազմում և որ բովանդակությունը, մշակույթով «ճանապարհորդելով», արժեքավոր է դառնում[11][11]։ Որպես օրինակ նա բերում է վիրուսային վիդեոներ, որպեսզի ցույց տա, որ այն անհատները, ովքեր տարածում են այս բովանդակությունը, ներդրում են կատարում նրա արժեքը բարձրացնելու համար՝ կա՛մ կոմերցիոն նպատակներով, կա՛մ ուղղակի հաճույքի համար։ Արդյունքում նա հավաստում է, որ շրջանառությունը հիբրիդային համակարգ է և ձևավորվում է ներքևից վերև այն անձանց կողմից, ովքեր իրենց ցանկությամբ անցնում են բովանդակության միջով։ Տարածելիության այս տեսակը հակադրվում է ընկերությունների կողմից տարածման ավանդական ձևին, որոնք բովանդակությունը կամ պրոդուկտը տարածող հիմնական կազմավորումներն են[11]։ Նմանապես Բրանսի բաց մասնակցության գաղափարը ներկայացնում է այն միտքը, որ որքան շատ անհատներ են աշխատում և համագործակցում, այնքան որակյալ բովանդակություն է ստեղծվում[9]։ Բացի այդ այն շեշտում է մի քանի անհատների համագործակցությունը, քան մեկ անհատի կատարած աշխատանքը, որի արդյունքում վերջինս ինչ-որ աշխատանքի սեփականատերն է դառնում։ Ջենկինսի և Բրանսի տեսությունները նման են նրանով, որ դրանք երկուսն էլ արժևորում են մի քանի անհատների համագործակցությունը՝ որևէ աշխատանք բարելավելու կամ իրենց ներդրումն ունենալու բովանդակությունը տարածելու մեջ։ Ջենկինսի մեդիա կոնվերգենցիայի տեսությունն արժևորում է մի քանի անհատների միասին աշխատելը՝ ամբողջ մշակույթով բովանդակությունը տարածելու նպատակով, մինչդեռ Բրանսի տեսությունն արժևորում է մի քանի անհատների համագործակցությունը՝ որևէ աշխատանք քննադատելու, վերլուծելու և վերաձևակերպելու նպատակով։

Ջենկինսն իր տեսության մեջ քննարկում է նաև այն, որ բովանդակությունը կարող է համաշխարհային լինել։ Քանի որ անհատներն օգնում են իրենց ցանցի մեջ տարածել բովանդակությունը, այն հնարավորություն ունի նաև տարածվել այն վայրից դուրս, որտեղ որ այն առաջացել է[11]։ Նա բերում է ԱՄՆ-ում անիմեի տարածման օրինակը, որպեսզի ցույց տա բովանդակության՝ տարբեր համայնքներում և մշակույթներում տարածելիության հզորությունը[11]։ Անիմեն ի սկզբանե առաջացել է Ճապոնիայում, սակայն, քանի որ անիմեի երկրպագուներն սկսեցին այն շրջանառել համացանցում և ոչ պաշտոնապես թարգմանեցին անիմե շոուներն անգլերեն, այն տարածվեց ամերիկյան հանդիսատեսի շրջանում, և ավելի շատ ամերիկացիներ դարձան անիմեի երկրպագուներ։ Արդյունքում Ճապոնիայի անիմեի երկրպագուներն իրենց ներդրումն ունեցան անիմեի գլոբալ տարածման մեջ և ամերիկյան շուկային նոր բովանդակություն ներկայացրին[11]։ Համեմատելով Բրանսի բաց մասնակցության հասկացությունը՝ Ջենկինսն ավելացնում է, որ բովանդակության տարածելիությունը կարող է նոր, գլոբալ լսարան գրավել՝ այսպիսով բարձրացնելով այն անհատների թիվը, որոնք ի վիճակի են մասնակցել և գործ ունենալ բովանդակության կամ պրոդուկտի հետ[11]։

Եվ վերջապես, Ջենկինսը բնութագրում է բովանդակությունը որպես անկախ։ Նա հավաստում է, որ զանգվածային փրոդյուսերներն ընկերությունների նման առավելություն ունեն անկախ փրոդյուսերներից՝ տեսանելիության առումով, ինչպիսիք են օրինակ հնդկական ֆիլմարտադրողները․ անկախ փրոդյուսերները դեռ հնարավորություն ունեն իրենց բովանդակությունը հասցնել հանրությանը[11]։ Անկախ փրոդյուսերներն իրավունք ունեն գրավել հանդիսատեսին, ինչը փորձում են անել նաև ընկերությունների կամ կոմերցիոն կազմավորումների ղեկավարները[11]։ Արդյունքում, համեմատելով Բրանսի ոչ կայուն հետերարխիան, որը հավաստում է, որ փրոդյուսերական խմբում առջնորդության ոչ կայուն մակարդակ կա, անհատ փրոդյուսերները առաջնորդության ոչ կայուն մակարդակ ունեն մեծ ընկերությունների հետ համեմատած, քանի որ վերջիններս դեռ ռեսուրսներ և ցանց ունեն իրենց բովանդակությունն իրենց ցանկալի լսարանին հասցնելու համար[9]։

Փրոդյուսիջը և Թափսքոթի և Ուիլյամսի համատեղ սովորելու տեսությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոն Թափսքոթը և Էնթոնի Դ․ Ուիլյամսն առաջ են տանում «համատեղ սովորելու սոցիալական մոդելները»՝ որպես հաջողությամբ «Բարձրագույն կրթության գլոբալ ցանց» ստեղծելու մեթոդներ։ Ներկայումս ուսուցման մոդելը, որ կիրառում են պրոֆեսորները, ուսանողներին ինֆորմացիա փոխանցելն է, որը վերջիններս ընկալում են, հիշում և «վերադարձնում» թեստերի միջոցով, սակայն, Թափսքոթը և Ուիլյամսը պնդում են, որ ուսանողներն իսկապես սովորում են, եթե համատեղ հետազոտում և քննարկում են, թե ինչ են սովորում։ Ըստ Ռիչարդ Լայթի կատարած հետազոտության Հարվարդի կրթական բարձրագույն դպրոցում՝ բարձրագույն կրթություն ստացող ուսանողների հաջողությունը կախված է նրանց՝ հետազոտական խմբեր ձևավորելու և դրանց մասնակցելու ունակությունից։ Հետազոտական խմբեր ձևավորած ուսանողներն ավելի պատրաստված էին և ներգրավված իրենց հանձնարարության մեջ և ավելի շատ ինֆորմացիա էին կրում, քան նրանք, որոնք այդպիսի խմբեր չէին ձևավորել[15]։ Սա նման է Բրանսի բաց մասնակցության սահմանմանը։

1999 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը մտցրեց «OpenCourseWare»-ը՝ որպես ուսանողների համար համացանցի ինֆորմացիան օգտագործելու ձևերից մեկը։ Նախագծի արդյունքում, որը սկսվեց 2002 թվականին և տևեց 5 տարի, ինստիտուտն առցանց հրապարակեց դասախոսությունների և քննությունների ամբողջ ուսումնական ծրագիրը։ Այս ինֆորմացիան հասանելի դարձավ ուսանողներին և դասախոսներին՝ նույնիսկ այլ ինստիտուտներից․ նրանք կարող էին ազատ այն օգտագործել, պատճենել, տարածել, թարգմանել և ձևափոխել։ Պրոֆեսորներն ազատ մուտք ունեն դեպի «OpenCourseWare»՝ կապ չունի, թե նրանք որ ինստիտուտից են։ Թափսքոթը և Ուիլյամսն առաջարկում են, որ ուսանողները պետք է պրոֆեսորների հետ կիսվեն կրթություն ստանալու իրենց ցանկալի մոդելով։ Այնուհետև պրոֆեսորները կազմում են ուսումնական ծրագիրը՝ հիմնվելով ուսանողների և պրոֆեսորների խորհրդի վրա՝ օպտիմալացնելով ուսումնական արդյունավետությունը։ Թափսքոթը և Ուիլյամսը ենթադրում են, որ սա ավելի արժեքավոր է դարձնում բարձրագույն կրթությունը[15]։ Բոլորին հասանելի անսահմանափակ ինֆորմացիան, ուսանողների և պրոֆեսորների հաղորդակցությունը՝ առանց հիերարխիայիմ, ցույց է տալիս փրոդյուսիջի ոչ կայուն հետերարխիան։ Պարբերաբար թարմացվող կուրսը ևս հիշեցնում է կրկնագիր աշխատանք։

Բացի այդ, Թափսքոթը և Ուիլյամսը բացատրում են, թե ինչպես համալսարանների և պրոֆեսորների՝ իրենց դասի նյութերը «OpenCourseWare»-ով կիսելը թույլ կտա դասախոսներին աշխարհի տարբեր անկյուններից մասնակցել համատեղ ավելի լավ դասապրոցես ստեղծելուն, քան անհատապես դա անել։ Քանի որ «OpenCourseWare»-ը ազատ հասանելի է բոլորին, հանրայնորեն կիսված այս ինֆորմացիան համարվում է հանրության սեփականություն։ Սա նույնն է, ինչ փրոդյուսիջի ընդհանուր սեփականության բնութագրիչը։ Համալսարանները և դասախոսները փրոդյուսերներ են, որոնք ներդրում են կատարում իրենց ընդհանուր նպատակի մեջ՝ բարելավել ուսումնական ծրագիրը՝ ի նպաստ այլ դասախոսների և ուսանողների[15]։

Փրոդյուսիջի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանսի օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանսն իր «Blogs, Wikipedia, Second Life, and Beyond: From Production to Produsage» և այլ աշխատանքներում բերում է հետևյալ օրինակները՝

  • ccMixter, համագործակցային երաժշտական ծրագիր է, որը փրոդյուսերներին հնարավորություն է տալիս վերբեռնել բնօրինակ երաժշտություն, ինչպես նաև կատարել ռեմիքսներ և ռիմեյքներ՝ վերբեռնված այլ մասնակիցների կողմից։ Բեռնված ամբողջ երաժշտությունը տարածվում է Քրիեյթիվ Քոմոնս արտոնագրի ներքո, որն առանց սահմանափակումների հասանելի է դարձնում ամբողջ երաժշտությունը բոլորին։ Բրանսը նկարագրում է ccMixter-ը որպես բովանդակության աղբյուր, որը ոգևորում է մասնակիցներին մասնակցել և՛ բնօրինակ երաժշտության բեռնմանը, և՛ այլոց թրեքները ռեմիքս անելուն․ ռեմիքս արված այս թրեքները կրկնագիր աշխատանքներ են, որոնք պարբերաբար խմբագրվում են և ձևափոխվում[9]։
  • Քաղաքացիական լրագրություն։ Ակսել Բրանսը հավաստիացնում է, որ քաղաքացիական լրագրությունը փրոդյուսիջի օրինակ է, որտեղ նրա ընթերցողները հանդես են գալիս որպես մասնակիցներ, ովքեր գնահատում են, հրապարակում և պատասխանում նորություններին[16]։ Նա պնդում է, որ քաղաքացիական լրագրությունը հիմնվում է կամավոր մասնակիցների ներդրումների վրա, որոնք, օգտագործելով տեխնոլոգիաները և համացանցը, համակարգում են քաղաքացիական լրագրության գործընթացը։ Քաղաքացիական լրագրությունը հանդիպում է այնպիսի կայքերում, ինչպիսիք են «Indymedia»-ն, «Slashdot»-ը, «OhmyNew»-ը և «The Huffington Post»[17]։ Բրանսը նաև ընդգծում է սոցիալական կայքերի կարևորությունը, ինչպիսին է օրինակ Թվիթերը, որոնք քաղաքացիական լրագրության հարթակներ են[17]։ «The Huffington Post»-ում և Թվիթերում մեկնաբանություն կատարելու հնարավորությունը պատասխանում է արդեն առկա և հրապարակված նորություններին։ Սակայն, Բրանսը շեշտում է, որ այն հավաքում և միավորում է արդեն առկա նյութերը և մատնացույց անում դրանց մեկնաբանման և վերլուծման նոր ուղիները։ Արդյունքում, նա պնդում է, որ մեկնաբանությունները կուտակում են ինֆորմացիա՝ ընդգծելով դրանց ներիմաստները։ Բացի այդ, Բրանսը որպես օրինակ է բերում Թվիթերի հեշթեգների համակարգը, որը բաց և հասանելի վայր է տրամադրում անհատներին, որպեսզի վերջիններս մասնակցեն քաղաքացիական լրագրությանը և փրոդյուսիջին[17]։ Երբ օգտատերերն իրենց գրառումները նշում են հեշթեգերով, նրանք Թվիթերի այլ օգտատերերի հետ ավելի ընդարձակ զրույցի հնարավորություն են ստեղծում, որն էլ թույլ կտա հետագայում մեծացնել քաղաքացիական լրագրության մեջ ներգրավված մասնակիցների թիվը[17]։ Նորությունների հավաքագրման գործընթացը ապակենտրոնացված է․ Թվիթերի օգտատերերը համագործակցում են ինֆորմացիան հավաքագրելու նպատակով[17]։ Արդյունքում, Թվիթերն առցանց տարածք է, որը թույլ է տալիս օգտատերերին համագործակցային և բաց խմբով կիսել, զեկուցել և քննարկել նորությունները[17]։
  • «Clickworkers»ՆԱՍԱ-ի փորձարարական փոքր նախագիծ է, որը գիտական հանձնարարություններ կատարելու համար օգտագործում է կամավորներ։ Տարբեր հմտություններ ունեցող էնտուզիաստներ ներգրավվեցին Մարսի վրա խառնարաններ հայտնաբերելու համար։ Գիտության այս սիրահարները մասնագիտական ճշգրտությամբ նույնականացրեցին Մարսի խառնարանները[18]։ Թեև ՆԱՍԱ-ի աշխատակիցների և կամավորների միջև տարբերություն կա, Բրանսը խոստովանում է, որ հզորության դինամիկան անտեսված չէ փրոդյուսիջական մոդելներում, այլ ընդունվում է, երբ երկուստեք շահ կա[19]։
  • Ֆանֆիկ համայնքները, ինչպիսին է «Sugar Quill»-ը[20], տեքստային փրոդյուսիջական մոդելներ են։ Համայնքը, միասին համագործակցելով, ուսումնասիրում է այդ ֆանֆիկ պատմվածքների արդիականությունը և գեղարվեստական գրականության տիեզերք դրանց անխոչընդոտ ինտեգրման հնարավորությունները։ Համայնքի անդամները երբեմն միասին նաև ֆանֆիկ են գրում։ Համայնքի ընդհանուր գնահատականը խթանում է անընդհատ փոփոխություն կրող ստեղծագործության հեղինակային իրավունքի կոլեկտիվ հասկացողությանը։ Քանի որ ոչ ոք ոչինչ չի ասում պատմվածքի որակի մասին, սա պատկերում է փրոդյուսիջի հետերարխիական մոդելը[4]։
  • Flickr-ը լուսանկարների խմբագրման և տարածման կայք է, որը թույլ է տալիս օգտատերերին համայնքի մաս կազմել կամ այն մի վայր է, որտեղ հավաքվում են ընդհանուր հետաքրքրություններ ունեցող մասնակիցները։ Բրանսը բացատրում է, որը մասնակիցները փոխգործակցում են մեկնաբանություններ կատարելով և համատեղ լուսանկարներ խմբագրելով, որը նրանք կոչում են «mashup»-ներ։ Այս «mashup»-ները ընդհանուր սեփականություն են և կազմված են օգտատերերի կողմից ստեղծված բովանդակությունից, որը պարբերաբար խմբագրվում է և վերախմբագրվում բաց մասնակցության միջոցով[21]։
  • Բաց կոդով ծրագիրը համակարգչային ծրագիր է, որտեղ հեղինակային իրավատերը թույլ է տալիս, որ սկզբնական կոդը բոլորին հասանելի լինի վերափոխելու, խմբագրելու կամ ուժեղացնելու համար։ Ծրագիրն անընդհատ զարգանում է, քանի որ փրոդյուսերները համագործակցում են առկա սկզբնական կոդը բարելավելու կամ թերությունները վերացնելու նպատակով։ Բաց մասնակցության և համայնքային գնահատման շնորհիվ բաց կոդով ծրագիրն ավելի որակյալ է, քան փակ մոդելը[22]։
  • Վիքիպեդիա։ Ակսել Բրանսը Վիքիպեդիան որպես օրինակ է բերում, որպեսզի ցույց տա փրոդյուսիջի բնորոշ գծերը։ Նա ասում է, որ Վիքիպեդիան համագործակցային առցանց հանրագիտարան է և ավանդական հանրագիտարաններից տարբերվում է, քանի որ վերջիններս վստահում են միայն արժանահավատ մասնագետների կատարած ներդրումներին[9]։ Արդյունքում, ավանդական հանրագիտարանները բացառում են հասարակության մասնակցությունը և ներդրողների տարբեր խմբերի պակաս ունեն՝ խմբի աշխատանքը գնահատելու, վերլուծելու և քննադատելու համար[9]։ Այդուհանդերձ, Վիքիպեդիան արժևորում է բաց մասնակցության փրոդյուսիջական բնութագրերը՝ յուրաքանչյուրին թույլ տալով խմբագրել իրենց կայքում[9]։ Մասնակիցները կարող են նոր էջեր ստեղծել կամ խմբագրել արդեն առկա հոդվածները։ Բացի այդ, մասնակիցները կարող են կարդալ այլոց աշխատանքները, որոնք նախկինում աշխատել են տվյալ էջի վրա և քննադատել կամ արդեն գրածի վրա նորը կառուցել։ Բրանսը նաև մատնանշում է, որ Վիքիպեդիան ընդգրկում է ոչ կայուն հետերարխիաների փրոդյուսիջական սկզբունքը[9]։ Վիքիպեդիայի ցանկացած էջ չունի սեփականատեր, այսպիսով, մասնակիցներն ազատ են գնահատելու միմյանց ստեղծած/ավելացրած բովանդակությունը։ Նա ավելացնում է, որ նրանք, ովքեր ավելի շատ են խմբագրում, համայնքում տեսանելի են ի տարբերություն նրանց, ովքեր քիչ են խմբագրում, սակայն, առաջնորդությունը միշտ հեղհեղուկ է.[9]։

Ժամանակակից օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև փրոդյուսիջի արդիական օրինակներ են, որոնք Բրանսը չի ընդգծել իր գրքում՝

  • Ինստագրամ։ Քանի որ տեխնոլոգիան անընդհատ զարգանում է և ավելի բարդ ծրագրեր են գրվում, օգտատերը դեպի ավելի շատ ինֆորմացիա մուտք ունի և համայնքին ավելի շատ բան տալու և ներդրում կատարելու ուղիներ ունի։ Այս ժամանակակից բովանդակության օրինակներից մեկն Ինստագրամում է, որը մեդիաֆայլեր տարածելու ծրագիր է, որը փրոդյուսերներին թույլ է տալիս լուսանկարներ բեռնել, որոնք հետո կիսում են հանրության կամ որոշակի օգտատերերի հետ, ինչպես նաև պահպանել/էկրանակադր անել, վերաձևափոխել կամ վերահրապարակել այլոց բովանդակությունը։ Սրա օրինակներից են «մեմերը», որոնք նախկինում հրապարակված նկարների/անիմացիաների վերաձևափոխված տարբերակներն են։ Ինստագրամը ստեղծում և առաջ է տանում փրոդյուսիջական միջավայր, որտեղ մուտքը սահմանափակվում է միայն խելախոս ունենալով, խրախուսվում է բաց մասնակցությունը, օգտատերերը մոտիվացված են զգում հետաքրքիր լուսանկարներ բեռնել, ինչպես նաև ընկալել և վերաստեղծել այլոց բեռնած բովանդակությունը։
  • Համացանցային մեմերը, որոնք հանրայնացվում են Ֆեյսբուքում, «Reddit»-ում, «4chan»-ում և այլ սոցիալական մեդիակայքերում, փրոդյուսիջի այլ տարբերակներ են։ Համացանցային մեմը պատկեր է, հոլովակ կամ հեշթեգ, որը պատկերում է մշակութային գաղափար, խորհրդանիշ և/կամ վարվելակարգ համացանցի միջոցով։ Մարդիկ հաճախ մեմեր են ստեղծում նախկինում այլոց ավելացրած լուսանկարների կամ հոլովակների վրա աշխատելով (սովորաբար հումորային բովանդակություն են ստեղծում)։ Սոցիալական մեդիահարթակների օգտատերերը հաճախ են մեկնաբանում, կիսում կամ վերախմբագրում այս համացանցային մեմերը։
  • Photoshop contest-ը, որոնցից է «Subreddits»-ը, փրոդյուսիջի հայտնի օրինակ է։ Օգտատերերը լուսանկարներ են բեռնում, որոնք համայնքը պետք է խմբագրի։ Flickr-ի նման լուսանկարը հասանելի է բոլոր օգտատերերին, որը նրանք հետո կարող են հետ վերբեռնել, և որը վերախմբագրվում է, և որի տակ մեկնաբանություններ են թողնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bruns Axel (2007)։ «Produsage: Towards a Broader Framework for User-Led Content Creation»։ In Proceedings Creativity & Cognition (Washington, DC) 6 
  2. Wittke, Volker; Hanekop, Heidemarie (2011). New Forms of Collaborative Innovation and Production on the Internet. Universitätsverlag Göttingen. էջեր 158. ISBN 978-3-86395-020-0. https://books.google.am/books?id=oOS3X5wpIgoC&pg=PA158. 
  3. «Produsers and Produsage | Snurblog»։ Snurb.info։ 2006-03-25։ Վերցված է 2012-11-16 
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 Bruns, Axel (2008). Blogs, Wikipedia, Second Life and Beyond. Peter Lang. ISBN 978-0-8204-8866-0. 
  5. 5,0 5,1 Axel Bruns։ «The Future Is User-Led: The Path towards Widespread Produsage»։ Fibreculture Journal: 11 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bruns Axel։ «Some Exploratory Notes of Producers and Produsage»։ Վերցված է 16 November 2016 
  7. 7,0 7,1 Bauwens Michael։ «Peer to Peer and Human Happiness» 
  8. Jenkins, Henry (2006). Convergence Culture: Where Old and New Media Collide. NYU Press. էջեր 27. 
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 Bruns, Axel (2008). Blogs, Wikipedia, Second Life and Beyond. Peter Lang. 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Bruns Axel, Schmidt Jan-Hinrik։ «Produsage: a closer look at continuing developments»։ New Review of Hypermedia and Multimedia: 17 
  11. 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 IIEA1 (2012-05-24), Henry Jenkins on How Content Gains Meaning and Value in a Networked Culture, https://www.youtube.com/watch?v=aAffkJpYnPI, վերցված է 2016-11-29 
  12. 12,0 12,1 «Confronting the Challenges of Participatory Culture: Media Education for the 21st Century (Part One)»։ henryjenkins.org։ Վերցված է 2016-11-29 
  13. Bruns, Axel (2007). Produsage: Toward a Broader Framework of User-Led Content Creation. Australia: Queensland University of Technology. 
  14. «Casually Pepper Spray Everything Cop»։ Know Your Meme։ Վերցված է 2016-11-29 
  15. 15,0 15,1 15,2 Tapscott and Williams (2012). Macrowikinomics: New Solutions For A Connect Planet. Portfolio Penguin. ISBN 978-1-59184-428-0. 
  16. Bruns, Axel. From Reader to Writer: Citizen Journalism as News Produsage. էջեր 3. 
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 Bruns, Axel; Highfield, Tim. Blogs, Twitter, and breaking news: The produsage of citizen journalism. էջեր 4, 6, 10, 11, 21. 
  18. Kanefsky B., Barlow N. G., Gulick V. C. (2001)։ «Can Distributed Volunteers Accomplish Massive Data Analysis Tasks?» 
  19. Bruns Axel (15 May 2012)։ «Reconciling Community and Commerce?»։ Information, Communication & Society 
  20. «Welcome to The Sugar Quill»։ sugarquill.net։ Վերցված է 13 February 2017 
  21. Bruns, Axel. Blogs, Wikipedia, Second Life and Beyond. Peter Lang. 
  22. Bruns Axel (2010)։ «Community Building through Communal Publishing: The Emergence of Open News»