Փոքր խումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր խումբ, փոքրաթիվ կազմով սոցիալական խումբ, որի անդամները միավորված են ընդհանուր սոցիալական գործունեությամբ և անմիջական անձնական շփման մեջ են, ինչը հիմք է հանդիսանում զգացմունքային հարաբերությունների, խմբային նորմերի և խմբային գործընթացների առաջացման համար[1]։ Փոքր խմբի հասկացության սահմանման հատուկ բնութագիրը սոցիալական աշխարհում դրա ընդգրկվածությունն է, ուստի ամերիկացի հոգեբան Ռոջեր Բրաունը փոքր խմբի կարևոր հատկանիշներին է դասում խմբի սահմաններից դուրս գտնվող այլ անձանց կողմից դրա գոյության գիտակցումը[2]։

Փոքր խմբերը ներառում են անհատի մոտ շրջապատը՝ ընտանիք, ուսումնական խումբ, աշխատանքային թիմ և այլն։

Ընտանիքը, որպես փոքր խումբ, այն միջավայրն է, որը շրջապատում է երեխային ծնվելուց հետո, որտեղ նա սոցիալականացվում է, զարգանում, փոխազդում խմբի մյուս անդամների հետ։ Այսպիսով, այս տարածքը շոշափում է սոցիալական հոգեբանության հետաքրքրության շրջանակը, որի առարկան որոշակի սոցիալական խմբին պատկանող անհատների վարքագծի և փոխգործակցության ուսումնասիրությունն է։ Հետազոտողների ուշադրությունը փոքր խմբին բացատրվում է նաև նրանով, որ դա վերլուծության միավոր է, որտեղ հոգեբանական գիտափորձն առավել նպատակահարմար է։

Սոցիալական խմբերի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական խմբերի դասակարգման մեջ, ըստ քանակական հատկանիշի, բացի փոքր խմբերից տարբերում են մեծ և միջին խմբերը[3]։

Մեծ խումբը անսահմանափակ թվով մարդկանց խումբն է, որն ունի իր արժեքները, ավանդույթները, վարքագծի նորմերը։ Այդպիսի խմբում փոխգործակցությունն իրականացվում է զանգվածային լրատվության միջոցներով։

Միջին խմբերը նման են մեծ խմբերին, սակայն բնորոշ առանձնահատկությունն այն է, որ փոխգործակցությունը անհատների միջև ընթանում է ֆորմալ ձևով (օրինակ՝ մեծ գործարանի աշխատանքային թիմում)։

Փոքր խմբերի անդամներն անմիջականորեն համագործակցում են միմյանց հետ, միավորված են ընդհանուր նպատակի և գործունեության շուրջ։ Փոքր խմբի անդամների միջև կապն այնքան ուժեղ է, որ փոխազդեցության մասերից մեկի փոփոխությունը հանգեցնում է ամբողջ խմբի փոփոխությանը։

Փոքր խմբերի ուսումնասիրության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր խմբերի հետազոտություններն ընթացել են երեք փուլով[1]

  1. Սոցիալ-հոգեբանական առաջին գիտափորձը Նորման Թրիփլետի իրականացրած հետազոտությունն է։ Նա հայտնաբերել է, որ մարզիկները ցույց են տալիս լավագույն արդյունքներ, երբ մասնակցում են կոլեկտիվ մրցավազքի։ Իր դատողություններն ստուգելու համար նա մի շարք հետազոտություններ է կատարել, որոնցում դիտարկել է աշխատանքի արդյունավետությունը դատարկ սենյակում և այլ մարդկանց ներկայությամբ։ Պարզվել է, որ մարդկանց միջավայրում աշխատանքը կատարվել է ավելի արագ և լավ։ Թրիփլետն այդ երևույթն անվանել է սոցիալական ֆասիլիտացիայի ազդեցություն։ Որոշ խնդիրների լուծման ժամանակ (օրինակ՝ թվաբանական առաջադրանքներ, բառերի մտապահում) դրսևորվել է հակառակ էֆեկտը՝ սոցիալական արգելակում, այսինքն՝ աշխատանքի արդյունավետության վատթարացում այլ մարդկանց ներկայությամբ։
  2. Փոքր խմբերի ուսումնասիրության երկրորդ փուլը բնութագրվում է խմբի անդամների միջև փոխգործակցության ուսումնասիրությամբ։
  3. Երրորդ փուլում նկատվում է խմբերի բնութագրերի ուսումնասիրության սկիզբ՝ կառուցվածք, անհատների փոխգործակցության տեսակներ, խմբի ընդհանուր գործունեության նկարագրություն և այլն։

Փոքր խմբի չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար ընդունված է խոսել փոքր խմբերի «ստորին» և «վերին» սահմանների մասին․

  • «Ստորին» սահման՝ շատ հետազոտողներ որպես փոքր խմբի ստորին սահման համարում են երկու հոգին։ Խմբի դինամիկայի մասնագետ Մարվին Շոուն պնդում է, որ բոլոր խմբերն ունեն ընդհանուր բնութագիր. նրանց անդամները համագործակցում են։ Այդպիսով, նա խումբը սահմանում է որպես «մի համայնք, որը բաղկացած է երկու կամ ավելի փոխազդող և միմյանց վրա ներգործող անհատներից»[4]։ Այս պնդման հետ մրցակցում է մեկ այլ տեսակետ, ըստ որի՝ փոքր խմբի անդամների ամենափոքր թիվը երեք մարդ է` բացատրելով դա նրանով, որ երկու մարդու միջև փոխհարաբերություններում արձանագրվում է շփման ամենապարզ ձևը՝ զուտ զգացմունքային շփումը։ Երկու հոգին ներկայացնում է ոչ թե խմբային, այլ միջանձնային փոխգործակցություն։ Այսպիսով, այս հարցի շուրջ քննարկումները դեռ չեն ավարտվել։
  • Ինչ վերաբերում է «վերին սահմանին», հետազոտողները համաձայնել են, որ եթե սոցիալական աշխարհում խումբը սահմանված է որոշակի չափով, և եթե այդ չափը բավարար է կոնկրետ գործունեություն իրականացնելու համար, ապա այդ սահմանը կարելի է համարել վերին։

Փոքր խմբերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիխոտոմիական սկզբունքով[2]
    • լաբորատոր (լաբորատոր պայմաններում փորձարարական առաջադրանքների կատարման համար հատուկ ստեղծվող խմբեր), բնական (իրական կյանքում գործող խմբեր),
    • կազմակերպված (ֆորմալ) (որոշակի կազմակերպչական գործառույթների իրականացման համար ստեղծված խմբեր), ինքնաբուխ (ոչ ֆորմալ) (ստեղծվում են ակամա, ինքնաբուխ, անհատների շփման գործընթացում՝ հանդիսանալով վերջիններիս փոխադարձ հոգեբանական նախապատվությունների արդյունքը),
    • բաց (հասանելի է շրջակա միջավայրի ազդեցությանը), փակ (անհասանելի է շրջակա միջավայրի ազդեցությանը),
  2. Ըստ տևողության․
    • ֆիքսված (մշտական), ժամանակավոր,
  3. Անհատականության համար խմբի նշանակությամբ.
    • անդամության խմբեր (այն խմբերը, որոնցում անհատները չեն հակադրվում խմբին, և որտեղ նրանք իրենց հարաբերակցում են խմբի մյուս բոլոր անդամների հետ և հակառակը), ռեֆերենտ խումբ (խմբեր, որտեղ անհատները իրականում ընդգրկված չեն, բայց որոնց նորմերը նրանք ընդունում են)։

Ուսումնասիրության հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր խմբերի ուսումնասիրության երեք հիմնական ուղղությունները[1]

  1. Սոցիոմետրիկ, որը կապված է Ջակոբ Մորենոյի անվան հետ,
  2. Սոցիոլոգիական` կապված Էլթոն Մեյոյի անցկացրած Հոթորնի գիտափորձերի հետ,
  3. «Խմբակային դինամիկայի» դպրոց, որը հիմնադրել է Կուրտ Լևինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Андреева Г. М. Социальная психология. — М., 2000., Глава 11: Общие проблемы малой группы в социальной психологии.
  2. 2,0 2,1 Кричевский Р. Л., Дубовская Е. М. 82 Социальная психология малой группы: Учебное пособие для вузов. — М.: Аспект Пресс, 2001.
  3. Еникеев М. И. Общая и социальная психология. — М.: НОРМА-ИНФРА, 1999., с. 230.
  4. Майерс Д. Социальная психология. — СПб.: Питер, 1997., глава 9.