Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր Հայքի մանրանկարչության դպրոց, հայկական մանրանկարչության դպրոց, որը սկզբնավորվել է Փոքր Հայքում՝ 11-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում՝ Մեծ Հայքում, նույն դարի 2-րդ կեսից նաև Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում (Անի-Արշարունիքի և Փոքր Հայքի ու Մելիտենեի) շարունակվել է Մլքե թագուհու (պահպանվել են հելլենա-քրիստոնեական արվեստի առավել արժեքավոր առանձնահատկությունները) և Էջմիածնի Ավետարանների պատկերազարդման տիպը[1]։

«Վեհափառի Ավետարան»-ի էջերից մեկը

11-րդ դարի առաջին հայկական պատկերազարդ ձեռագիրը «Ադրիանուպոլսի Ավետարանն» է, որտեղ ավետարանիչների և «Աստվածամայրը Մանկան հետ» դիմապատկերներն աղոտ հիշեցնում են Մակեդոնիայի 12-րդ դարի բյուզանդական որմնանկարների (Օխրիդ, Կուրբինովո, Ներեզի) ոճը։ 11-րդ դարում Փոքր Հայքում, Հյուսիսային Միջագետքում, Բարձր Հայքում, Կապադովկիայում, որտեղ հայերը գրեթե հունացել էին, վերականգնվել է հայկական աշխույժ կյանքը, երևան են եկել զանազան գրչատներ։ Կղոտ գավառի Թալաշա վանքում (Եփրատ գետի ափին) 1018 թվականին տիկին Ծովուկի պատվերով ընդօրինակվել է մի ձեռագիր՝ պարզունակ խորաններով, թռչնապատկերներով, չորս ավետարանիչների դիմանկարներով, որոնք հիշեցնում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու որմնանկարների դեմքերը[1]։

10-11-րդ դարերի գլուխգործոց է 1038 թվականի Ավետարանը (գրիչ՝ Եվարգրիս, Մատենադարան, ձեռագիր թիվ 6201), որը ոճով մոտ է «Ծուղրութի Ավետարան»-ին և «Վեհափառի Ավետարան»-ին։ 1038 թվականի մատյանի և «Վեհափառի Ավետարան»-ի մի քանի մանրանկարներում խորանների կառուցվածքը կորցրել է ճարտարապետական տրամաբանությունը, համակենտրոն կամարները հանգչում են ոչ թե խոյակին, այլ սյան քիվին, պահպանվել է Դուրա-Եվրոպոսի (3-րդ դար) ասորա-պաղեստինյան վաղքրիստոնեական պարզագույն ոճը։ Ասորա-եգիպտական ազդեցությունը նկատվում է նաև պատկերագրության մեջ (Մարիամը և Հովսեփը ներկայացված են լուսապսակներով՝ դեմ դիմաց, և այլն)[1]։

Գրաֆիկ-սխեմատիկ այս ուղղությունը շարունակվել է նաև 11-րդ դարի կեսերին, հիմնականում՝ Փոքր Հայքում ստեղծված ձեռագրերում, որոնք վանական արվեստի հազվագյուտ նմուշներ են։ 1041 թվականին Սեբաստիայում ընդօրինակված «Մալաթիայի Ավետարան»–ի (Երուսաղեմի մատենադարան, ձեռագիր թիվ 3624) հիշատակարանում նշված են գրիչ Սամուելի, Բյուզանդիայի Միքայել կայսեր և Հայոց Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսի անունները[1]։

Փոքր Հայքի ձեռագրերի խորանները զարդարված են բուսական ու երկրաչափական մոտիվներով, թռչնապատկերներով և հուշկապարիկներով։ «Մալաթիայի Ավետարանը», նաև 1057 թվականի ձեռագիրը (Մատենադարան, ձեռագիր թիվ 3784) ունեն ընդարձակ պատկերաշար։ Տերունական շարքն ավարտվում է չորս ավետարանիչների և Խաչի պատկերներով։ Պատկերաշարի վրա նկատելի է բյուզանդական ազդեցությունը, որոնք թերևս ոչ թե պատմողական (ինչպես «Վեհափառի Ավետարանը»), այլ ծիսական բնույթի են։ Ասորական ազդեցությամբ ստեղծված «Խորհրդավոր ընթրիքին» հատուկ է կիսաբոլոր սեղանը։ Ի հայտ են եկել նաև նոր թեմաներ՝ «Հուդայի համբույրը», «Թաղումը», «Դժոխքի ավերումը»։ Մարդկանց և առարկաների պատկերները խիստ պայմանական են և սխեմատիկ, ձեռագրերը հարուստ են շղագիր և բոլորգիր մակագրություններով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջեր 1092–1093. ISBN 978-5-89700-042-5.