Փոքր Ասիայի պետական կազմավորումներ (մ. թ. ա. 1 հազարամյակի սկիզբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոքր Ասիայի պետական կազմավորումներ (մ. թ. ա. 1 հազարամյակի սկիզբ), մ.թ.ա. առաջին դարում Փոքր Ասիայում ձևավորված պետական կազմավորումներն են։

Փռյուգական պետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փռյուգիական պետության քարտեզը

Խեթական թագավորության եկվոր ցեղերի կողմից ջախջախվելուց ավելի քան երեք դար հետո այստեղ ստեղծվել էր փռյուգական պետությունը։ Ասորեստանցիներն ու ուրարտացիները այդ թագավորությունը կոչում էին Մուշկու կամ Մուշկի։ Այդ արևմտյան Մուշկու երկիրը պետք է տարբերել արևելյան Մուշկուից, որը համընկնում է Ալզիի հետ և գտնվում էր Արածանու և Եփրատի միավորման վայրում։ Արևմտյան Մուշկուի մայրաքաղաքն էր Գորդիոնը՝ Սաքարյա գետի վրա։ Ըստ ավանդության, քաղաքն այդպես էր անվանվել Փռյուգական տերության հիմնադիր, նրա առաջին թագավոր Գորդիոսի անունով։ Ավանդություններն ու պատմական աղբյուրները պահպանել են փռյուգական տերության թագավորներից միայն երկուսի՝ Գորդիոսի և Միդասի անունները։ Ենթադրվում է, որ եղել են այդ անունները հաջորդաբար կրող մի քանի փռյուգական թագավորներ։

Մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կեսին Փռյուգիան հասավ իր հզորության գագաթնակետին։ Նրա տիրույթները հարավ-արևելքում հասնում էին մինչը Կիլիկյան Տավրոս լեռնաշղթան, ըստ որում Միդասը փորձեր էր անում մտնել նաև Կիլիկիա։ Մ.թ.ա. 8-7-րդ դարերում փռյուգական արձանագրություններ հանդիպում են ոչ միայն Սանգարիա գետի հովտում, այլև Հալիսի ոլորանում ու ենթարկել Լյուդիային և հարաբերություններ ուներ մայրցամաքային Հունաստանի քաղաք-պետություների հետ, թեև հունական դասական մշակույթի ազդեցությունը Փռյուգիայի վրա շոշափելի է դառնում տերության անկումից հետո միայն։ Գորդիոնի պեղումներով հայտնաբերված հնագիտական հարուստ նյութերը բացահայտեցին Փռյուգիայի սերտ կապերը Ուրարտուի հետ։ Դրա ապացույցներից մեկն է ժայռերի մեջ ծիսական փռվածքներ՝ «աստծո դռներ», սարքելու սովորությունը, որը հատուկ էր երկու պետություններին էլ. դրանց առջև կրոնական արարողություն էր կատարվում։

Կրոնը, գիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր պաշտամունքը Փռյուգիայում մայր-աստվածուհի Կիբելեի և նրա տարփածու Ատտիսի պաշտամունքն էր։ Երկրպագում էին նաև Ման կամ Մեն լուսնի աստծուն (որի պաշտամունքը գուցե լուսնի աստված Արմասի հին փոքրասիական պաշտամունքի շարունակությունն էր), Սաբաձիոս աստծուն և այլն։ Թեև հունական արևմուտքի հետ Փռյուգական տերությունը, ինչպես երևում է, առանձնապես սերտ կապեր չուներ, սակայն մ.թ.ա. 8-րդ դարում Փռյուգիայում գործածվում էր հունական ծագում ունեցող հնչյունական գիրը, համանման Լյուդիայի, Կարիայի, Լիկիայի այբուբենին, որ Փռյուգիա էր բերվել, հավանաբար, Կիլիկիայից։ Փռյուգիայից հարավ-արևելք, խեթական արձանագրություններում հիշատակվող Կիզզուվանտայի տեղում կային մի քանի փոքր թագավորություններ լուվիական («հիերոգլիֆ խեթական») դինաստիաներով։

Կարևորագույններից մեկն էր Տաբալը, ուր մ.թ.ա. 8-րդ դարում իշխում էր Բարվատասի դինաստիան, որին ենթակա էին բազմաթիվ մանր «արքայիկներ»։

Կամմանու թագավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամմանու պետությունը և շրջակա տարածքը

Թաբալից հարավ-արևելք գտնվում էր Կամմանու թագավորությունը, որի մայրաքաղաքն էր Մելիտեան կամ Մելիդը (այժմ՝ Մալաթիա)։ Այս թագավորության տիրույթները հասնում էին մինչև Եփրատ, իսկ ժամանակ առ ժամանակ անցնում նրանից այն կողմ՝ հասնելով գուցե և մինչև Տիգրիսի ակունքները։ Մ.թ.ա. 8-րդ դարը Կարքեմիշն անգամ Մելիդի թագավորին ընդունում էր որպես «մեծ»։ Պաշտոնապես այդ թագավորությունը, ինչպես երևում է, կոչվում էր «խեթերի մեծ երկիր», հետևաբար հավակնություն ուներ խեթական թագավորության ավանդների շարունակողը լինելու։

Կումմուխ թագավորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմմագենեի թագավորությունը

Մալաթիայից հարավ գտնվում էր Կումմուխ (Կոմմագենե) թագավորությունը, իսկ Տարալի և Մելիդ-Կամմանուի միջև (Ջեյխան գետի հովտում)՝ Գուրգոմ թագավորությունը՝ Մարկասու (այժմ՝ Մարաշ) մայրաքաղաքով։ Սեյխուն և Ջեյխան գետերի ստորին հոսանքի և Ալեքսանդրետի ծոցի մոտի արգավանդ ցածրավայրը զբաղեցնում էին դանունացիների և Կուհ կամ Կաուն, իսկ նրանցից արևմուտք՝ Կիլիկիա թագավորությունները։ Սրանք բոլորը ունեին լուվիական դինաստիաներ։ Լուվիական դինաստիաներ գոյություն ունեին նաև Հյուսիսային Ասորիքի մի քանի պետություններում (Կարքեմիշը, որը նույնպես պաշտոնապես կոչվում էր «Խաթթի թագավորություն», Սամալը և Յաուդին, Ունկու կամ Խաթթինա թագավորությունը՝ Օրոնտես գետի ստորին հոսանքում). այստեղի մյուս դինաստիաները արամեական էին։

Մոտավորապես մ.թ.ա. 9-րդ դարում ձևավորվում է պետությունների «Հյուսիս-ասորիքյան միությունը», որի մեջ մտնում էին Կամմանու-Մելիդ, Կումմուխ, Գուրգում, Կարքեմիշ, Արպադ և Խաթթինա թագավորություները։ Այս միության մեջ, տարբեր ժամանակներում, գերիշխող են եղել Մելիդը, Կարքեմիշը կամ Արպադը։ Սրա մրցակիցն էր «Հարավ-ասորիքյան միությունը»՝ Դամասկոսի կամ Խամատի գլխավորությամբ։

Պետական կազմավորումների լեզուն, բնակչությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվարկված բոլոր պետություններում, ընդհուպ մինչև Օրոնտեսի վերին հոսանքում գտնվող Խամատում, պաշտոնական արձանագրությունների համար օգտագործվում էին «խեթական հիեորոգլիֆները» և լուվիերեն լեզուն, բայց որոշ երկրներում՝ նաև փյունիկերենը, արամեերենը և հին սեմական հնչյունական գիրը։ Գրեթե բոլոր այս մանր պետություններն իրենց համարում էին Խեթական Թագավորության հաջորդները։ Մ.թ.ա. 9-7-րդ դարերի ասորեստանցիների և ուրարտացիների համար «Խաթթին» (ասուրերեն) և «Խաթեն» (ուրարտերեն)՝ Եփրատից արևմուտք ընկած բոլոր շրջանների և դրանց բնակչության անվանումներն են՝ անկած էթնիկական պատկանելությունից։ Հաճախ ասորեստանցիները «խեթեր» էին կոչում ոչ միայն փոքրասիացիներին, այլև Սիրիայի, Փյունիկիայի և Պաղեստինի բնակիչներին։

Այս բոլոր փոքր պետությունները, Փռյուգիայի նման, կապված էին Ուրարտուի հետ կուլտուր-տնտեսական ու քաղաքական կապերի հազար ու մի թելերով և հաճախ ընկնում էին նրա քաղաքական ու տնտեսական գերիշխանության տակ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ ժողովրդի պատմություն, հեղինակներ՝ Ժ. Աղայան, Բ. Առաքելյան, Գ. Գալոյան, Ս. Երեմյան, Լ. Խաչիկյան, Ա. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Մ.Ներսիսյան։