Փուփուլավոր կկու, կկուների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 38-40 սմ է, թևերի բացվածքը՝ 58–61 սմ, կենդանի զանգվածը՝ 120-150 գ։ Երկար պոչով, աչքի ընկնող փուփուլով կկու է։ Հասունի մարմինը վերևից մուգ մոխրագույն է, ներքևից՝ սպիտակ, դիմային ստորին մասը և կոկորդը՝ դեղին երանգով, թևերը՝ սպիտակ պտերով։ Երիտասարդը վերևից դարչնագույն է՝ մանր սպիտակավուն պտերով, առաջնային փետուրները վերևից՝ դարչնագույն-նարնջագույն՝ մուգ ծայրերով, գագաթը սև է՝ առանց փուփուլի, դիմային մասի և վզի դեղին գույնը ավելի տարածված է։ Համարձակ և աղմկարար է, հաճախ արձակում է թութակի սուր ճիչերի նմանվող ձայներ։ Բնակվում է ուռուտներով գետափերին, նոսր ծառուտներում։ Սնվում է անողնաշարավորներով։ Հայաստանում հայտնաբերվել է 1978-ին, կրկնակի գրանցումը՝ 2005-ին։ Ձվադրում է կաչաղակների բներում, որտեղ հայտնաբերված ձագը հաստատում է Հայաստանում բնադրումը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։