Սուրբ Գևորգ վանք (Փութկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ) և Զորավանք (այլ կիրառումներ):
Սուրբ Գևորգ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄոկք
ՏարածաշրջանԵղերով
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն

Փութկու Սուրբ Գևորգ վանք, (նաև՝ Զորավանք, Մոկաց Սուրբ Գևորգ վանք, Սարի վանք և այլն), հայկական առաքելական վանական համալիր Վասպուրական նահանգի Մոկաց գավառում, Արտոս լեռնաշղթայի Եղերով լեռան արևելյան լանջին (ծովի մակերևույթից 2400 մ բարձրության վրա)[1][2]։ ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնել են Վասպուրականի Արծրունյաց թագավորները՝ 10-11-րդ դարերում[1]։ 14-15-րդ դարերում վանքում գործել է դպրոց, որտեղ ուսանել են գրիչներ, ընդօրինակվել ձեռագրեր։ 16-րդ դարի սկզբին դպրոցը փակվել է, սակայն գրչատունը գոյատևել է մինչև 17-րդ դարը։ Հայտնի են գրիչներ Աստվածատուրը և նրա որդիներ Ստեփանոսն ու Հովհաննեսը։

1601 թվականին Ստեփանոս եպիսկոպոսի նախաձեռնությամբ վանքը նորոգվել է, թաղածածկ դահլիճի հորինվածքով Սուրբ Գևորգ եկեղեցուն արևմուտքից կցվել է երկմույթ գավիթ։ 1839 թվականին շրջակայքում բնակվող քրդերը ներխուժել են վանք, սպանել վանահորը։ 1887 թվականին Աղթամարի կաթողիկոս Խաչատուր Բ Շիրոյանը նորոգել է վանքը, կառուցել եկեղեցուն հարավից կից մատուռ (որտեղ պահվում են ս. Գևորգի մասունքները), հյուրատուն։ 19-րդ դարի վերջին Մոկաց Սուրբ Գևորգ վանքի ձեռագրերը տեղափոխվել են Աղթամարի վանք[1]։

Ավանդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղուկաս Ինճիճյանի այն մենաստան էր իր հայտնի գուշակ-աքաղաղով, որն ընտրվում էր և միշտ պահվում էր այնտեղ։ Աքաղաղի մահից հետո հայոց եկեղեցու ծիսակարգի համաձայն հուղարկավորում էին։ Գարեգին Սրվանձտյանն էլ նշում է, որ մենաստանը գտնվում էր բարձր լեռան վրա և ձնաբքի ժամանակ ճամփորդները ապաստան էին գտնում այնտեղ։ Եթե աքաղաղը լուռ էր, ապա ճանապարհ ընկնելը վտանգավոր էր[3]։ Հ․ Օրբելին նշում է, որ վանքի հյուրատունը հիմնել է Հասան անունով մի իշխան Ս․ Գևորգի պահանջով։ Եղնիկ որսալիս իշխանը մոլորվում է և նրան օգնության է գալիս Ս․ Գևորգը։ Օրբելին նշում է Փութկի անվանումն առաջացել է պուտուկ բառից։ Այն արբավայր է թե՛ հայերի, թե՛ քրդերի համար։ Այստեղ էր պահվում Ս․ Գևորգի մասունքներից ականջները, մեկ այլ տեսակետի համաձայն մասունքներ Սրբի ծնոտից և Աջից։ Այդ առումով էլ ուխտատեղին զորավոր էր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 756 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։
  2. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 143, էջեր 143 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  3. Լիլիթ, Սիմոնյան (2017, Է, 71-97). «Փուկու Սուրբ Գևորգ վանքը». Էջմիածին.