Փոստային նամականիշի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոստային նամականիշի օր, այս կամ այն երկրի փոստային վարչության կողմից սահմանվող և ամեն տարի նշվող տոն, որը կոչված է հանրային ուշադրություն գրավելու, փոստային կապը մասսայականացնելու, փոստային նամակագրությունն ընդլայնելու և ֆիլատելիայի զարգացմանը նպաստելու։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդաբար այս օրվան են հարմարեցնում փոստային կոմմեմորատիվ նամականիշներ հատուկ էմիսիաներ. այդպիսի նամականիշների սյուժեն սովորաբար կապված է փոստի պատմության հետ՝ պատմական դեմքեր, փոստատարներ և փոստային տրանսպորտ, այդ երկրում թողարկված առաջին նամականիշ և այլն։ Այս օրվա հետ են կապվում ֆիլատելիստական և փոստային այլ իրադարձություններ՝ հատուկ մարում, ֆիլատելիստական ցուցահանդեսներ, փառատոններ և նմանատիպ միջոցառումներ։

Համարվում է[1], որ Փոստային նամականիշի օրը նշվում է Նամակի շաբաթն անցկացնելու ժամանակ։ Սակայն «Ֆիլատելիա» ամսագիրը 1972 թվականին գրել է, որ դա ընդամենը օրացույցային պատահականություն է (առաջինն անցկացվում է Ֆիլատելիայի միջազգային ֆեդերացիայի հովանավորությամբ, երկրորդը՝ Փոստային համաշխարհային միության նախաձեռնությամբ), և Փոստային նամականիշի օրը նույնացվում է Ֆիլատելիայի օրվա հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային նամականիշի օրը՝ որպես հատուկ օր, նշելու գաղափարը ծնվել է 1934 թվականին բեռլինցի հայտնի ֆիլատելիստ Հանս ֆոն Ռուդոլֆի մոտ[2], որը 1930 թվականին Բեռլինում IPOSTA ֆիլատելիստական համաշխարհային ցուցադրությունների կազմակերպիչն ու գործադիր կոմիտեի ղեկավարն էր, հետագայում Գերմանիայի Ֆիլատելիստների կայսերական միության գլխավորը և 1937 թվականին Փարիզում PEXIP ու 1938 թվականին Պրահայում PRAGA միջազգային ցուցահանդեսների մրցանակների շնորհման ժյուրիի անդամ։ Ֆոն Ռուդոլֆն իր առաջարկությունն առաջին անգամ հնչեցրել է 1934 թվականին՝ Գդանսկի բունդեսթագի հանդիպման ժամանակ։ Ըստ նրա՝ Փոստային նամականիշի օրը կդառնա հասարակության կողմից ընդունված և ռայխի քարոզչական նվագախմբում նվագակցության ուժեղ գործիք[Ն. 1]։ Գաղափարը քննարկվել և հավանության է արժանացել Գերմանացի ֆիլատելիստների օրերի շրջանակներում՝ 1934 թվականին Գդանսկում և 1935 թվականին Մայնցում։ Ավստրիան Փոստային նամականիշի օրն առաջին անգամ նշել է 1935 թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ Երրորդ Ռայխում այն առաջին անգամ տոնվել է 1936 թվականի հունվարի 7-ին՝ Փոստային համաշխարհային միության հիմնադիր Հենրիխ ֆոն Ստեֆանի ծննդյան օրը։

Երրորդ Ռայխի փոստային քարտ «Փոստային նամականիշի օրը» հատուկ մարումով (Վիեննա, 1941 թվականի հունվար)

1936 թվականի օգոստոսի 29-ին Ֆիլատելիայի միաջազգային ֆեդերացիան Լյուքսեմբուրգում կայացած իր 11-րդ կոնգրեսում հունվարի 7-ին հաջորդող կիրակին հայտարարել է Փոստային նամականիշի համաշխարհային օր, և անդամ երկրներին խորհուրդ է տրվել այդ օրը նշել ֆիլատելիայի հետ կապված իրադարձություններով, մասնավորապես, թողարկել հիշատակային նամականիշներ։ Նաև ցանկություն է հայտնվել Փոստային նամականիշի օրվան նվիրված նամականիշների համատեղ թողարկման վերաբերյալ, բայց այն զարգացում չի ունեցել։ Մեկ տարի անց՝ 1937 թվականի հունիսի 22-ին, Փարիզում կայացած ՖՄՖ 12-րդ կոնգրեսում լյուքսեմբուրգյան որոշումը փոփոխվել է. միջազգային այդ կազմակերպության անդամ երկրներին Փոստային նամականիշի օրը նշելու օրացույցային օրը որոշելու իրավունք է տրվել։

1948 թվականից հետո Գերմանիայում Փոստային նամականիշի օրը տեղափոխվել է հոկտեմբերի վերջին կիրակի։ Իտալիայում այդ օրը նշվում է դեկտեմբերի 20-ին՝ այդ երկրում առաջին նամականիշի ստեղծման օրը։ Ֆրանսիայում այդ օրն առաջին անգամ հայտնի է դարձել 1938 թվականից։ Այդ օրվան նվիրված առաջին նամականիշները թողարկվել են 1944 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Ֆրանսիական փոխօգնության համար։ 1947 թվականից Փոստային նամականիշի օրն այդ երկրում նշվում է փետրվար-մարտ ամիսներին։

Արդիականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներից սկսած փոստային բազմաթիվ տեսչություններ սկսեցին Փոստային նամականիշի օրն օգտագործել երիտասարդներին դեպի հավաքորդությունը գրավելու համար և այդ նպատակով նամականիշներն ստեղծում էին երիտասարդների համար գրավիչ պատկերներով։ Օրինակ՝ Ֆրանսիայում 1999 թվականից սկսած դրանք կոմիքսների հայտնի հերոսներն էին։ Մինչև 2003 թվականը նմանատիպ նամականիշները փոստային-բարեգործական էին՝ հօգուտ Ֆրանսիայի Կարմիր խաչի։

Շվեյցարիայում Փոստային նամականիշի օրը միշտ նշվում է հատուկ էմիսիաներով։ Որպես օրինակ կարելի է բերել նաև Հունգարիան, որտեղ այս օրը դարձել է հայտնի և ուղեկցվում է համապատասխան նամականիշերի թողարկմամբ։ Այսպես, 1975 թվականի սեպտեմբերի 9-ին այստեղ թողարկվել է փոստային-բարեգործական նամականիշների շարք, որը նվիրված էր Փոստային նամականիշի օրվան և արտադրված էր օֆսեթային եղանակով։ Շարքի նկարիչը Ի. Վերտելն էր։ Բոլոր նամականիշներն ունեին 2 + 1 ֆորինտ անվանական արժեք։ Սերիան եզրափակում էր անվանական նույն արժեքով 4 նամականիշներով փոստային բլոկը։ Թողարկման օրը նամականիշերն ու բլոկները մարվել են հատուկ կնիքներով[3]։

Փոստային նամականիշի օրը ժողովրդականություն է վայելում նաև աֆրիկյան երկրներում։ Օրինակ՝ Թունիսում 1975 թվականի սեպտեմբերի 29-ին այդ օրվա առթիվ թողարկվել է 100 միլլիմ անվանական արժեքով նամականիշ[4]։

Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականի նոյեմբերի 25-ին Արևմտյան Գերմանիայում մի քանի ֆիլատելիստ-էնտուզիաստների կողմից ստեղծվել է Փոստային նամականիշի օրն ուսումնասիրող կազմակերպություն (Forschungsgemeinschaft Tag der Briefmarke e. V.), որը Գերմանական ֆիլատելիստների միության ստորաբաժանումն էր։ Այդ կազմակերպությունը գերմանական նամականիշների համար հրատարակել է հատուկ հավաքածու-կատալոգ, որը կազմված էր երկու մասից.

  • «Tag der Briefmarke in Deutschland von 1936-1960» («Փոստային նամականիշի օրը Գերմանիայում 1936-1960 թվականներին», 1-143 էջեր)
  • «Besetzte Gebiete im Deutschen Reich, Deutschland nach 1945 («Գերմանական կայսրության օկուպացված տարածքները 1945 թվականից հետո», 144-239 էջեր)։

Բացի այդ, կա նաև Ֆրանկ Նոյշեֆերի (Frank Neuschaefer) և Ցոլտա Դեբրեցենիի (Zsolt Debreczeni) «Փոստային նամականիշի առաջին օրերն աշխարհում» («Die ersten Tage der Briefmarke weltweit») 157 էջանոց գիրքը, որը լույս է տեսել հետազոտական նույն կազմակերպության կողմից և տեղեկություններ է պարունակում աշխարհի երկրներում առաջին թեմատիկ նամականիշների էմիսիաների, հատուկ մարումների և այլնի մասին։ Ձեռնարկի գինն առանց առաքման հաշվառման €78 է[5]։

«Զումշտեյն» կատալոգը նույնպես նվիրված է թեմատիկ նամականիշներին ֆր.՝ «Catalogues journée du timbre suisse», այն կարելի է ձեռք բերել 18 շվեյցարական ֆրանկով[6]։

Պարբերացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1983 թվականի մարտին ամերիկացի ֆիլատելիստ Էնդրյու Կ. Վաչինսկին (անգլ.՝ Andrew K. Wacinski) առաջարկել է[7] այս իրադարձության նշման ավանդության տարածումը բաժանել շրջանների։ Նա առանձնացրել է առաջին՝ «դասական» շրջանը (1936 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ 1939 թվականը), իսկ երկրորդ շրջանը նրա կողմից բնութագրվել է որպես «պատերազմի հետևանքով ընդհատված շրջան» և տևել է 1939-1950 թվականներին։ Երրորդը «1950 թվականից սկսած շրջանն է»։

Ստորև բերված աղյուսակից կարելի է եզրակացնել, որ Փոստային նամականիշի օրը նշելու գաղափարը հիմնականում ընդունված է եղել ոչ անգլախոս երկրներում. Մեծ Բրիտանիան և նրա նախկին գաղութներից որոշներն այդ ավանդույթն ընդունել են միայն 1970-ական թվականների կեսերին։ ԽՍՀՄ-ում Փոստային նամականիշի օրը (ընդունված էր «Փոստային նամականիշի և կոլեկցիոների օր» անվանումը) նույնպես մեծ ժողովրդականություն չի վայելել, թեև ԽՍՀՄ-ում և խորհրդային բլոկի երկրներում թողարկվում էին այդ օրվան նվիրված նամականիշներ։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև բերված են տարբեր երկրներում Փոստային նամականիշի օրվա առթիվ թողարկված նամականիշների որոշ օրինակներ։

Հիշարժան այլ իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային առաջին փոստային կնիքն ի հայտ է եկել 1922 թվականի օգոստոսի 19-ին՝ Ֆիլատելիայի օրվա անցկացման հետ կապված

Փոստային նամականիշի օրվա համանմանությամբ որոշ երկրներում նշվել կամ էլ մինչ այսօր նշվում են հիշարժան այլ օրեր կամ միջոցառումներ, որոնք կապված են ֆիլատելիայի հետ։

Ֆիլատելիայի օր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԽՍՀՄ-ում սահմանվել է Ֆիլատելիայի օր, որն անցկացվել է 1922 թվականի օգոստոսի 19-ին Մոսկվայում, և կարելի է համարել Փոստային նամականիշի օրվա նախակարապետը։ Այդ օրվան են նվիրված եղել ֆիլատելիստական մի շարք նյութեր, ներառյալ հատուկ դրոշմներն ու խորհրդային առաջին հատուկ մարումը, որով մարվում էր «Ֆիլատելիան երեխաներին» նամականիշների շարքը (ՖԿՎ [«Марка» ԻՏԿ] № 43—48):

ԽՍՀՄ, (1968). Փոստային նամականիշի և կոլեկցիոների օր (ՖԿՎ (ԻՏԿ) #3662; Sc #3509)

Կոլեկցիոների օր[խմբագրել | խմբագրել կոդը]

1950-ական թվականների վերջին ԽՍՀՄ-ում ֆիլատելիստական և այլ կոլեկցիոներների միություններ հոկտեմբերին նշում էին Փոստային նամականիշի և կոլեկցիոների օրը։ Միևնույն ժամանակ 1958 թվականից Մոսկվայի կոլեկցիոներների քաղաքային հասարակությունն ամեն տարի մայիսի վերջին անցկացնում էր ինքնուրույն միջոցառում՝ Կոլեկցիոների օրը[9], որն ավելի ուշ խորհրդային ֆիլատելիստական կազմակերպություններն սկսել են նշել Փոստային նամականիշի օրվա հետ միասին։ Որոշ երկրներում (օրինակ՝ Սալվադորում) այդ օրը կոչվել և կոչվում է Ֆիլատելիստի օր։

Փոստային նամականիշի շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային նամականիշի հետ կապված հերթական իրադարձություններից մեկն էլ նշվում է սեպտեմբերի վերջին–նոյեմբերի սկզբին Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Այն կոչվում է «Փոստային նամականիշի շաբաթ» («National Stamp Week») և շատ հայտնի է կոլեկցիոներների շրջանակում։

«Ավստրալիայի միսս ֆիլատելիա» Դեբորա Ֆոնի ինքնագրով ավստրալիական փոստային վարչության ֆիլատելիստական ծրար հատուկ մարումով, որ թողարկվել է 1974 թվականի հոկտեմբերի 7-ից Փոստային նամականիշի ազգային շաբաթվա առթիվ (վերևի ձախ անկյունում)

Նոր Զելանդիայում, որտեղ նախկինում կազմակերպվել է աղավնային առաջին կանոնավոր փոստային ծառայությունը, Փոստային նամականիշի շաբաթվա կապակցությամբ միջոցառումները սովորաբար ուղեկցվում էին նամակների ցուցադրական ուղարկում աղավնային փոստի միջոցով, ինչի հետ կապված թողարկվում էին փոստային հատուկ նամականիշներ, որոնք նախավճարվում էին փոստային հատուկ կնիքով[10]։

Ֆիլատելիայի շաբաթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում նշում են Ֆիլատելիայի շաբաթ և դրա առթիվ թողարկում փոստային նամականիշներ։ Այսպես, օրինակ, 1975 թվականի ապրիլի 21-ին Ֆիլատելիայի շաբաթվա ժամանակ թողարկվել են 20 իեն արժողությամբ և իրար կցված ճապոնական 2 նամականիշներ, որոնցում պատկերված է եղել նկարիչ Մաթսու-ուրայի աշխատանքների շիրման[11]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1973 թվականին Փոստային նամականիշի օրվա առթիվ թողարկվել է ավստրիական նամականիշ, և դրան մասնակից էր կաթոլիկ եկեղեցին։ 1972 թվականի սեպտեմբերի 22-ին հռոմի պապ Պողոս VI-ն ստորագրել է Վիեննայի արքեպիսկոպոսի առաքելական գրությունը, համաձայն որի՝ Գաբրիել հրեշտակապետը փոստի և ֆիլատելիայի հովանավորն է։ Վիեննացի արքեպիսկոպոսի՝ այդ գրության վրա հիմնված միջնորդությամբ ավստրիական փոստը հրեշտակապետի պատկերով (1490) և «Գաբրիել հրեշտակապետ՝ ֆիլատելիայի պաշտպան և հովանավոր» գրառմամբ թողարկել է փոստային բարեգործական նամականիշ։ Այդ գաղափարը 1972 թվականի պապական ունկնդրության ժամանակ առաջ էր քաշել Ֆիլատելիստների սուրբ Գաբրիելի անվան համաշխարհային միության նախագահ, «Die Briefmarke» ավստրիական ամսագրի գլխավոր խմբագիր Բրունո Գրիմը[12]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1943 թվականին՝ Փոստային նամականիշի օրը, Հանս ֆոն Ռուդոլֆը՝ որպես այդ օրը նշելու գաղափարի հեղինակ, պարգևատրվել է Վագների շքանշանով։ Նույն թվականին Բեռլինի ռմբակոծություններից մեկի ժամանակ նրա տունն ու ֆինանսական միջոցները ոչնչացվել են։ Ֆոն Ռուդոլֆը մահացել է 1944 թվականի մայիսի 6-ին Բեռլինից 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վիտենբերգի հիվանդանոցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. См. комментарий Արխիվացված 2019-10-24 Wayback Machine на сайте ИТЦ «Марка».
  2. Биография Ганса фон Рудольфи на сайте «Tag der Briefmarke.org».(գերմ.)
  3. Наш каталог // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 33. — (Рубрика: Справочный стол).
  4. В почтовых окнах мира. Внеевропейские страны. Тунис // Филателия СССР. — 1975. — № 12. — С. 39. — (Рубрика: Справочный стол).
  5. Информация о каталоге и книге на сайте «Tag der Briefmarke.org».(գերմ.)
  6. Обложка каталога Արխիվացված 2008-11-12 Wayback Machine на каталожной странице Արխիվացված 2008-04-14 Wayback Machine сайта Кристиана Бобста «Bobstphilatelie» Արխիվացված 2008-04-14 Wayback Machine (Швейцария).
  7. См. об этом на сайте «Tag der Briefmarke.org».
  8. Փոստային նամականիշի օրվան նվիրված ֆրանսիական առաջին նամականիշը թողարկվել է 1944 թվականին։ Տես «История праздника почтовой марки» Արխիվացված 2007-06-13 Wayback Machine հոդվածը «Comte de Lavalette» Արխիվացված 2007-06-13 Wayback Machine կայքում(ֆր.):
  9. См., например, конверт со спецгашением «День коллекционера», которое осуществлялось 25 мая 1958 года в Москве.
  10. «Голубиная почта» Արխիվացված 2017-10-06 Wayback Machine — глава из электронной книги «Мир филателии» Արխիվացված 2012-12-14 Wayback Machine В. А. Новосёлова (Смоленск) на сайте Союза филателистов России «Мир м@рок» Արխիվացված 2013-03-02 Wayback Machine (о «Неделе почтовой марки» в Новой Зеландии).
  11. В почтовых окнах мира. Внеевропейские страны. Япония // Филателия СССР. — 1975. — № 11. — С. 39. — (Рубрика: Справочный стол).
  12. Левитас И. Я. С марками в страну знаний: (Заметки о почте и филателии). — К.: Реклама, 1987. — С. 35. — 256 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • День почтовой марки и коллекционера // Филателия СССР. — 1972. — № 8.
  • День почтовой марки // Большой филателистический словарь / Н. И. Владинец, Л. И. Ильичёв, И. Я. Левитас, П. Ф. Мазур, И. Н. Меркулов, И. А. Моросанов, Ю. К. Мякота, С. А. Панасян, Ю. М. Рудников, М. Б. Слуцкий, В. А. Якобс; под общ. ред. Н. И. Владинца и В. А. Якобса. — М.: Радио и связь, 1988. — С. 72. — 320 с. — 40 000 экз.
  • Wacinski A. K. Stamp Day: a great international philatelic observance // The American Philatelist. — 1983. — Vol. 97. — No. 3. — P. 215—221.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]