Փոստային աղավնիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղավնիներ
Փոստային աղավնի

Փոստային աղավնիներ կամ սպորտային աղավնիներ, աղավնիներ, որոնք նախկինում օգտագործվել են հաղորդագրություններ ուղարկելու համար[1]։ Փոստային աղավնիների առանձին տեսակ գոյություն չունի։ Փոստային աղավնուն բնորոշ հատկությունները աղավնին ձեռք է բերում հատուկ վարժանքի և ճիշտ խնամքի արդյունքում։

Ներկայումս «փոստային աղավնիներ» տերմինը փոխարինվել է «սպորտային աղավնիներ» տերմինով, քանի որ այժմ դրանք չեն օգտագործվում փոստի առաքման համար։ Սպորտային աղավնիներ կարելի է տեսնել աղավնիներ բուծողների մրցույթներում։

Աղավնին հայտնի է չուի ընթացքում ճանապարհը ճիշտ գտնելու և նույնիսկ շատ հեռավոր (500 կմ և ավելի) վայրերից տուն վերադառնալու կարողությամբ։ Այդ հատկության շնորհիվ դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աղավնիների տնայնացված տեսակներն օգտագործել են տեղեկությունները հեռու տարածություններ փոխանցելու համար։ Ճապոնիայում անգամ բուծում էին նոր ցեղի աղավնիներ, որոնք, որպես փոստատար, ընդունակ էին թռչել գիշերը՝ թշնամու գնդակից պաշտպանվելու և ցերեկային գիշատիչ թռչունների զոհը դառնալուց խուսափելու համար։ ( տես՝ Աղավնիներ)

Բուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղավնի

30-35 օրական աղավնիներն արդեն իսկ կարող են բնադրել, մինչ այդ նրանք դժվարությամբ են սնվում, իսկ ավելի ծերերը կարող են թռչելիս կորչել։ Աղավնիներին համարակալում և գրանցում են գրքում՝ ըստ ծննդյան ժամանակի, սեռի, բնի համարի և վարժեցման։

Աղավնիները հասունանում են հինգերորդ ամսում, իսկ վեցերորդ ամսում արդեն կատարվում է նրանց զուգավորումը։ Աղավնին հիմնականում երկու ձու է ածում։ Թուխս է նստում, երբ ածում է երկրորդ ձուն։ Արու և էգ աղավնիները հերթով են թուխս նստում։ Ձվից դուրս եկած ձագերը կույր են և անպաշտպան։ Մայրը նրանց կյանքի առաջին օրերին կերակրում է դեղնավուն հեղուկով, որը նման է կաթի։ 14 օր անց ձագերը պատվում են փետուրներով, իսկ ծնողները նոր բույն են տեղափոխվում և նորից ձու դնում։ Աղավնիներն ապրում են զույգերով։ Ընտրված էգ և արու աղավնիներին փակում են առանձին արկղում, որտեղ մնում են 2 կամ 3 օր։ Հետո հետևում են, որ զուգավորումը տեղի ունենա։ Չի կարելի զուգավորել հայրական կողմով հարազատ աղավնիներին։

Աղավնիները ամռան ընթացքում երեք անգամ թուխս են նստում։

7 կամ 8 տարի հետո նրանց վերարտադրողականությունը նվազում է, իսկ 11 կամ 12 տարի անց՝ վերանում։ Աղավնիներն ապրում են մինչև 25 տարի։

Կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր աղավնու համար հաշվվում է 410 գրամ կեր։ Վարժվող աղավնիներին չի կարելի շատ կերակրել, քանի որ ավելորդ սննդի պատճառով նրանց մոտ նկատվում է ծուլություն և անպտղություն։ Աղավնիներին պետք է կերակրել ամեն օր՝ 2 կամ 3 անգամ։

Աղավնիների ջուրը ամռանը չպետք է լինի սառը, որպեսզի ճանապարհորդությունից վերադարձողները չհիվանդանան։ Ջուրն անհարաժեշտ է ամեն օր փոխել։ Աղավնիների փետրաթափման ժամանակ օգտակար է ջրի մեջ դնել երկաթի կտոր։ Ջուրը աղավնիներին պետք է նաև լողանալու համար, որն օգտակար է նրանց ամռանը ամեն երկրորդ օրը, իսկ ձմռանը՝ տաք օրերին։ Աղավնիների համար անրաժեշտ է նաև մաքուր օդը և արևային լույսը, իսկ խոնավությունը նրանց հասցնում է լուրջ վնաս։

Մարզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային աղավնի

Աղավնիներին սկսում են սովորեցնել թռչել իրենց բնի շուրջը առնվազն 3 օր դրա մեջ մնալուց հետո։ Երբ նրանք դառնում են վեց շաբաթական և ամբողջովին փետրավորվում, սկսում են նրանց վարժեցնել։ Աղավնիներին հեռացնում են իրենց բնից որոշ հեռավորությամբ և սովորեցնում նրանց բույն վերադառնալ՝ աստիճանաբար մեծացնելով հեռավորությունը։

Աղավնիներին առաջին տարում 320 կմ-ից ավելի հեռավորության վրա չեն մարզում։ Մարզման ընթացքում տարածությունները պետք չէ կրճատել, քանի որ հաճախակի տեղափոխությունները նրանց անհանգստացնում են, կրճատում թռչելու էներգիան և կապվածությունը բնի հանդեպ։

100 կմ թռչելուց հետո աղավնիները 1 օր հանգստանում են, իսկ ավելի երկար թռչելուց հետո՝ 4 օր։ Բոլոր մարզումները գրանցվում են հատուկ գրքում։

Աղավնիների մարզումը սկսվում է ապրիլի երկրորդ կեսից և ավարտվում հոկտեմբերին։ Սա աղավնիներին մարզելու լավագույն ժամանակաշրջանն է։ Առաջին թռիչքների համար եղանակը պետք է լինի պարզ և նպաստավոր։ Հետագա թռիչքները նաև վատ եղանակին կարելի է կատարել։

Երբ աղավնիների մարզումը ավարտվում է, նրանց ամիսը մեկ անգամ հեռավոր թռիչքների են ուղարկում, որպեսզի չճարպակալեն, չծուլանան և ավելի բարելավեն իրենց թռիչքները։ Աղավնիներին հերթականությամբ են բաց թողնում և ուղարկում միայն իրենց հայտնի ուղղություններով։

Առանց զույգի աղավնուն պետք չէ վարժեցնել, քանի որ նա այլ տեղերում զուգախաղ կսկսի և չի վերադառնա։ Այդ նույն պատճառով պետք չէ բնից բաց թողնել այն աղավնուն, որը հեռացել, բայց ետ է վերադարձվել։

Հեռացած աղավնուն բռնելը և ետ վերադարձնելը պետք է կատարվի զգուշորեն։ Ավելի նպատակահարմար է դա անել գիշերը, երբ աղավնուն հնարավոր է ուղղակի ձեռքերով բռնել և դնել արկղի մեջ։ Եթե նույնը կատարեն առավոտյան կամ ցերեկը, աղավնին կվախենա և դա վատ կանդրադառնա նրա ունակություններին։ Շատ կարևոր է, որ աղավնուն շատ արագ վերադարձնեն իր բույն, և ցանկալի է վարժեցնողը նրան ուղեկցի։

Վարժեցվող աղավնիներին թռիչքի կարելի է ուղարկել առավոտյան 12- ից ոչ ուշ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրը, որտեղից աղավնիները պիտի կատարեն իրենց թռիչքը, շատ կարևոր է։ Այն պետք է լինի բաց և բարձր։ Դաշտում աղավնիները չեն կարողանում միանգամից կողմնորոշվել, իսկ սարերն ու մեծ անտառները նրանց կվախեցնեն և նրանք թռիչք չեն կատարի։

Աղավնիներին բաց թողնելու համար բացում են զամբյուղը և հեռանում, որպեսզի նրանք չվախենան դուրս գալ։ Հետո աղավնիները թռչում են և վեր բարձրանում, օդում մի քանի պարույրաձև պտույտներ կատարելուց հետո ընտրում են ուղղությունը։ Ճիշտ ուղղությունն ընտրում են Երկրի մագնիսական դաշտի միջոցով[2]։

Աղավնիների երամում առանձնանում են երկու խմբի աղավնիներ՝ առաջնորդներ և ուղեկիցներ։ Առաջնորդները թռչում են առջևից և գլխավորում են երամը, նրանց հետևում են ուղեկցող աղավնիները։

Յուրաքանչյուր երամից լավագույն աղավնիներին միայնակ բաց են թողնում։ Առաջինը տուն վերադարձած աղավնուն էլ համարում են առաջնորդ։

Աղավնիների տարածական կողմնորոշումը զարգացնելու համար հարկավոր է հնարավորինս շատ նրանց ազատ թողնել, դա նրանց հնարավորություն կտա տարվա բոլոր եղանակներին ուսումնասիրել իրենց կացարանը։ Մշտական ազատությունը նաև պետք է նրանց առողջության և թռիչքի ուժ ունենալու համար։

Աղավնին թռչելիս բարձրանում է 100-150 մետր և սովոր է կողմնորոշվել այդ բարձրությունից, երբ ավելի մեծ բարձրությունից է իջնում, հնարավոր է այլևս աղավնաբույն չվերադառնա։ Ավելի բարձր թռչելու համար նրան պետք է վարժեցնել։

Աղավնիների թռիչքի առավելագույն հեռավորությունը 1100 կմ է, բայց ոմանք կարող են ավելի մեծ հեռավորության վրա գտնել իրենց ճանապարհը դեպի բույն։

Այդպիսի հեռավորություն աղավնին կարող է թռչել 3 տարեկանից ոչ շուտ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային աղավնիների շատ տեսակներ կան, բայց դրանցից առանձնացնում են 4 տեսակ․

Աղավնիներ
  1. անգլիական սրարշավ
  2. բրյուսելական
  3. անտվերպենյան
  4. լյուտիխյան

Այս ցանկին կարելի է ավելացնել նաև Ժայռափոր աղավնուն (Columba livia) և Հոլանդական տյումլերին։

Փոստային աղավնին նման է մոխրագույն աղավնուն, բայց լինում է նաև այլ գույների, որոնք հազվադեպ են պատահում։ Ոտքերը և պոչը կարճ են, իսկ թևերը՝ երկար և ուժեղ։ Թռիչքն ուղիղ է, իսկ պարանոցն ավելի երկար է, քան սովորական աղավնունը։

Աղավնային սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարմացնող է աղավնիների թռիչքի արագությունն ու հիշողությունը։ Աղավնիները Ալպերով հաճախակի են կատարել թռիչքներ Հռոմից Բրյուսել (մոտավորապես 1100 կմ օդային ճանապարհ), զարգացրել են 90-100 կմ/ժ արագություն՝ անցնելով 320 կմ (Փարիզ-Շատելրո, 1875 թ․)։ Իրենց ունակություններով փոստային աղավնու հետ կարող են մրցել լեռնային ծիծեռնակը (358 կմ/ժ), ճուռակը (մոտ 224 կմ/ժ) և ծիծեռնակը (մինչև 119 կմ/ժ)։

Աղավնու սուր հիշողության մասին վկայում են շատ փաստեր։ Արքայազն Ֆրեդերիկ Կարլը 1871 թվականին իր մորը նվիրում է ֆրանսիական աղավնի, որը 1875 թվականին, երբ ազատ է արձակվում, անմիջապես ետ է վերադառնում Փարիզում գտնվող իր աղավնաբույնը։

1818 թվականին Բելգիայում հիմնվում է աղավնային սպորտի առաջին մասնավոր ընկերությունը, իսկ 20-րդ դարի սկզբին դրանց թիվը 100-ի էր հասնում։ Փարիզի արվարձաններում կար 18000 փոստային աղավնի, որոնցից 8000 -ը՝ մարզված։ Ռուբե քաղաքում, որտեղ բնակչության թիվը հասնում էր 100 000-ի, հաշվվում էր 15 000 աղավնի։ Իսկ ամբողջ Ֆրանսիայում կար 100 000 մարզված աղավնի, 47 գերատեսչություն ուներ փոստային աղավնային սպորտի երկրպագուների ասոցիացիաներ։ Գերմանիայում այդպիսի ընկերություններ ևս շատ կային։ 1888 թվականին կար 178 ընկերություն և 52 240 աղավնի։ Փոստային աղավնիների թիվը մեծ էր նաև այլ երկրներում։ Ռուսաստանում փոստային աղավնիների առաջին մասնավոր ընկերությունը հիմնադրվել է 1890 թվականին՝ Կիևում։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստային աղավնիների մասին պատմում է կանադացի հեղինակ Էռնեստ Սեթոն-Թոմսոնը՝ «Առնո» պատմվածքում[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Спортивные (почтовые) голуби
  2. «Навигационные способности птиц». Содержание. Публикации. Категория: Теории и гипотезы. Xroniki nauki. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Сетон-Томпсон Э. Арно // Рассказы о животных / Перевод Н. К. Чуковский. — Минск: Мастацкая литература, 1980.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]