Jump to content

Փողի ստեղծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փողի ստեղծում կամ փողի թողարկում գործընթաց, որով մեծացվում է երկրի կամ տնտեսական շրջանի դրամական զանգվածը։ Ժամանակակից տնտեսությունների մեծ մասում փող են ստեղծում և՛ կենտրոնական բանկերը, և՛ առևտրային բանկերը։ Կենտրոնական բանկերը փող են թողարկում որպես պարտավորություն, որը սովորաբար կոչվում է պահուստային ավանդ և հասանելի է միայն կենտրոնական բանկում հաշիվ ունեցող սուբյեկտների օգտագործման համար։ Այդ հաշիվների տերերը սովորաբար խոշոր առևտրային բանկեր և օտարերկրյա կենտրոնական բանկեր են[1]։

Կենտրոնական բանկերը կարող են ուղղակիորեն մեծացնել պահուստային ավանդների քանակը՝ վարկեր տրամադրելով հաշիվների տերերին, հաշիվների տերերից ակտիվներ գնելով կամ ակտիվ գրանցելով, օրինակ՝ հետաձգված ակտիվ, և ուղղակիորեն ավելացնելով պարտավորությունները։ Սակայն այն դրամական զանգվածի մեծ մասը, որը հանրությունը օգտագործում է ֆինանսական գործարքներ կատարելու համար, ստեղծվում է առևտրային բանկային համակարգի կողմից՝ առևտրային բանկերի ավանդների ձևով։ Առևտրային բանկերի տրամադրած բանկային վարկերը մեծացնում են բանկային ավանդների քանակը[1]։

Փողի ստեղծումը տեղի է ունենում, երբ բանկերի տրամադրած վարկերի ծավալը մեծանում է գոյություն ունեցող վարկերի մարման և դեֆոլտի համեմատ։ Պետական մարմինները, այդ թվում՝ կենտրոնական բանկերը և բանկային այլ կարգավորողները, կարող են տարբեր քաղաքականությունների միջոցով, հիմնականում՝ կարճաժամկետ տոկոսադրույքներ սահմանելով, ազդել այն բանկային ավանդների քանակի վրա, որոնք ստեղծում են առևտրային բանկերը[2]։

Դրամավարկային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի դրամավարկային իշխանությունը, սովորաբար՝ նրա կենտրոնական բանկը, ազդում է տնտեսության վրա՝ իր հաշվեկշռում պարտավորություններ ստեղծելով և ոչնչացնելով՝ նպատակ ունենալով փոխել գործարքներ կատարելու և եկամուտ ստեղծելու համար հասանելի փողի առաջարկը։ Այն քաղաքականությունը, որը սահմանում է, թե ինչպես է կենտրոնական բանկը փոխում իր հաշվառումը՝ տնտեսության մեջ բանկերի գործարքների համար հասանելի փողի քանակը նվազեցնելու կամ ավելացնելու նպատակով, կոչվում է դրամավարկային քաղաքականություն։

Եթե կենտրոնական բանկը օրենքով պարտավորվում է պահպանել գների կամ զբաղվածության մակարդակները տնտեսությունում, դրամավարկային քաղաքականությունը կարող է ներառել բարձր գնաճի ժամանակ դրամական զանգվածի նվազեցում՝ գործազրկությունը բարձրացնելու նպատակով։ Ակնկալիքն այն է, որ զբաղվածության նվազումը կնվազեցնի նաև այն ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսերը, որոնց գները բարձրանում են[3][4][5]։ Դրամավարկային քաղաքականությունն ուղղակիորեն ազդում է տնտեսությունում առևտրային բանկային ավանդների հասանելիության և արժեքի վրա[6], ինչն իր հերթին ազդում է ներդրումների, բաժնետոմսերի գների, մասնավոր սպառման, փողի պահանջարկի և ընդհանուր տնտեսական ակտիվության վրա[7]։ Երկրի փոխարժեքը ազդում է նրա զուտ արտահանումների արժեքի վրա։

Զարգացած երկրների մեծ մասում կենտրոնական բանկերը իրենց դրամավարկային քաղաքականությունը իրականացնում են գնաճի թիրախավորումի շրջանակում[8], մինչդեռ զարգացող երկրների կենտրոնական բանկերի մեծ մասի դրամավարկային քաղաքականությունը թիրախավորում է որևէ տեսակի ֆիքսված փոխարժեքի համակարգ[9]։ Կենտրոնական բանկեր գործում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ քիչ բացառություններով։ Կան նաև երկրների խմբեր, որոնց համար մեկ կառույց գործում է որպես կենտրոնական բանկ, օրինակ՝ Կենտրոնական Աֆրիկայի պետությունների կազմակերպությունը, որն ունի ընդհանուր կենտրոնական բանկ՝ Կենտրոնական Աֆրիկայի պետությունների բանկը, կամ դրամավարկային միությունները, ինչպիսին է Եվրագոտին։ Եվրագոտում երկրները պահպանում են իրենց համապատասխան կենտրոնական բանկերը, սակայն ենթարկվում են կենտրոնական կառույցի՝ Եվրոպական կենտրոնական բանկի քաղաքականությանը։

Կենտրոնական բանկերը դրամավարկային քաղաքականություն են իրականացնում՝ սահմանելով կենտրոնական բանկի ավանդային պարտավորությունների վրա վճարվող տոկոսադրույք, ուղղակիորեն գնելով կամ վաճառելով ակտիվներ՝ իրենց հաշվեկշռում ավանդների քանակը փոխելու համար, կամ շուկային ազդանշան տալով ելույթների և գրավոր ուղեցույցների միջոցով՝ ավանդների տոկոսադրույքը փոխելու կամ ապագայում ակտիվներ գնելու կամ վաճառելու մտադրության մասին[10]։

Տոկոսադրույքների իջեցումը՝ կենտրոնական բանկի պարտավորությունների վրա վճարվող տոկոսի նվազեցմամբ կամ բանկային վարկերի և պետական պարտատոմսերի նման ակտիվներ ավելի բարձր գներով գնելով, ինչի արդյունքում կենտրոնական բանկի հաշվառման մեջ բանկային պահուստային ավանդները մեծանում են, կոչվում է դրամավարկային ընդլայնում կամ դրամավարկային մեղմացում։ Հակառակը՝ տոկոսադրույքների բարձրացումը՝ կենտրոնական բանկի պարտավորությունների վրա ավելի շատ տոկոս վճարելով, հայտնի է որպես դրամավարկային կրճատում կամ խստացում, որի արդյունքում կենտրոնական բանկի հաշվառման մեջ բանկային պահուստային ավանդները նվազում են։ Դրամավարկային մեղմացման արտակարգ գործընթացը, երբ տոկոսադրույքները պահվում են ցածր, կոչվում է քանակական մեղմացում․ այն ենթադրում է, որ կենտրոնական բանկը երկար ժամանակահատվածում մեծ քանակությամբ ակտիվներ է գնում բարձր գներով։

Դրամական զանգված

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ «վարկային մեխանիկայի»՝ բանկային փողի ընդլայնումը կամ ոչնչացումը, կամ փոփոխության բացակայությունը, կախված է վճարային հոսքերից։

«Դրամական զանգված» տերմինը սովորաբար նշանակում է ընդհանուր, անվտանգ ֆինանսական ակտիվները, որոնք տնային տնտեսությունները և բիզնեսները կարող են օգտագործել վճարումներ կատարելու կամ որպես կարճաժամկետ ներդրումներ պահելու համար[11]։ Դրամական զանգվածը չափվում է այսպես կոչված «դրամական ագրեգատներով», որոնք սահմանվում են ըստ իրենց համապատասխան իրացվելիության մակարդակների։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում.

  • M0՝ ամբողջ ֆիզիկական արժույթի ընդհանուր ծավալը, ներառյալ մետաղադրամները։ Օրինակ՝ ԱՄՆ դոլարի դեպքում M0 = Federal Reserve note-եր + ԱՄՆ նոտեր + մետաղադրամներ։ Կարևոր չէ՝ արժույթը պահվում է մասնավոր բանկային համակարգի ներսում, թե դրանից դուրս՝ որպես պահուստ։
  • M1՝ մասնավոր բանկային համակարգից դուրս գտնվող M0-ի՝ կանխիկի և մետաղադրամների ընդհանուր քանակը, գումարած ցպահանջ ավանդները, ճամփորդական չեկերը և այլ չեկային ավանդները։
  • M2՝ M1 + խնայողական հաշիվների մեծ մասը, դրամական շուկայի հաշիվները, մանրածախ դրամական շուկայի փոխադարձ հիմնադրամները և փոքր անվանական արժեքով ժամկետային ավանդները՝ ավանդային վկայականները 100,000 դոլարից պակաս։

Երկրների մեծ մասում կենտրոնական բանկը, գանձապետարանը կամ պետության կողմից նշանակված այլ մարմին իրավասու է հատել նոր ֆիզիկական արժույթ, որը սովորաբար լինում է մետաղադրամների կամ թղթադրամների տեսքով։ Թեև խոշոր արժույթների արժեքը ժամանակին ապահովված էր ոսկու ստանդարտով, Բրետոն Վուդսի համակարգի ավարտը 1971 թվականին հանգեցրեց նրան, որ բոլոր խոշոր արժույթները դարձան ֆիատ փող՝ ապահովված արժեքի փոխադարձ համաձայնությամբ, այլ ոչ թե ապրանքով։

Կեղծ փողի կանխման համար կիրառվում են տարբեր միջոցներ, այդ թվում՝ թղթադրամների վրա սերիական համարների օգտագործումը և մետաղադրամների հատումը այնպիսի համաձուլվածքից, որի արժեքը հավասար է կամ գերազանցում է անվանական արժեքը։ Արժույթը կարող է դեմոնետիզացվել տարբեր պատճառներով, այդ թվում՝ գնաճի հետևանքով ժամանակի ընթացքում արժեքի կորստի, հիպերինֆլյացիայի հետևանքով անվանական արժեքի ռեդենոմինացիայի կամ մեկ այլ արժույթով որպես օրինական վճարամիջոց փոխարինվելու պատճառով։ Արժույթ թողարկող պետական մարմինը սովորաբար աշխատում է առևտրային բանկերի հետ՝ նոր հատված արժույթը բաշխելու և մաշված արժույթը ոչնչացման համար վերադարձնելու նպատակով, ինչը հնարավորություն է տալիս նոր թղթադրամների վրա կրկին օգտագործել սերիական համարները[12]։

Ժամանակակից տնտեսություններում ֆիզիկական արժույթը կազմում է լայն փողի միայն մի փոքր մասը։ Միացյալ Թագավորությունում համախառն բանկային ավանդները ավելի քան 30 անգամ գերազանցում են կենտրոնական բանկի թողարկած ֆիզիկական արժույթը։ Միացյալ Նահանգները, որի արժույթը լայնորեն օգտագործվում է օրինական և անօրինական միջազգային գործարքներում, ունի ավելի ցածր հարաբերակցություն՝ 8-ը 1-ի[3]։

Պարտքի մոնետիզացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտքի մոնետիզացումը տերմին է, որն օգտագործվում է նկարագրելու կենտրոնական բանկի կողմից փողի ստեղծումը պետական ֆիսկալ մարմինների, օրինակ՝ ԱՄՆ գանձապետարանի օգտագործման համար։ Շատ պետություններում, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում, պետական բոլոր ծախսերը միշտ ֆինանսավորվում են կենտրոնական բանկի փողի ստեղծմամբ[13]։ Պարտքի մոնետիզացումը որպես հասկացություն հաճախ հիմնված է ժամանակակից ֆինանսական համակարգերի թյուրըմբռնման վրա՝ դրանք համեմատելով ֆիքսված փոխարժեքի համակարգերի, օրինակ՝ ոսկու ստանդարտի հետ։

Պատմականորեն, ֆիքսված փոխարժեքի ֆինանսական համակարգում կենտրոնական բանկի կողմից պետական ծախսերի համար ֆիսկալ մարմնին ուղղակի փող ստեղծելը շատ երկրներում օրենքով արգելված էր[14]։ Սակայն ժամանակակից ֆինանսական համակարգերում կենտրոնական բանկերն ու ֆիսկալ մարմինները սերտորեն համագործակցում են տոկոսադրույքների և տնտեսական կայունության կառավարման համար։ Սա ներառում է կենտրոնական բանկի հաշվառման մեջ ավանդների ստեղծում և ոչնչացում՝ ապահովելու համար, որ գործարքները կարողանան հաշվարկվել այնպես, որ կարճաժամկետ տոկոսադրույքները չգերազանցեն սահմանված թիրախները։

Եվրագոտիում Լիսաբոնի պայմանագրի 123-րդ հոդվածը բացահայտորեն արգելում է Եվրոպական կենտրոնական բանկին ֆինանսավորել պետական հաստատությունները և պետությունների կառավարությունները[15]։ Ճապոնիայում երկրի կենտրոնական բանկը «կանոնավոր կերպով» գնում է ամեն ամիս թողարկվող պետական պարտքի մոտ 70%-ը[16], իսկ 2018 թվականի հոկտեմբերի դրությամբ տնօրինում էր մոտ 440 տրիլիոն իեն կամ մոտ 4 տրիլիոն դոլար[17], այսինքն՝ բոլոր չմարված պետական պարտատոմսերի ավելի քան 40%-ը[18]։

Միացյալ Նահանգներում 1913 թվականի Դաշնային պահուստի ակտը թույլ տվեց Դաշնային պահուստային համակարգի բանկերին ուղղակիորեն գնել կարճաժամկետ արժեթղթեր գանձապետարանից՝ դրա կանխիկի կառավարման գործառնությունները հեշտացնելու համար։ 1935 թվականի բանկային ակտը կենտրոնական բանկին արգելեց ուղղակիորեն գնել գանձապետական արժեթղթեր և թույլատրեց դրանց գնումն ու վաճառքը միայն «բաց շուկայում»։ 1942 թվականին՝ պատերազմի ժամանակ, Կոնգրեսը փոփոխեց Բանկային ակտի դրույթները՝ թույլ տալով դաշնային բանկերին գնել պետական պարտք՝ պայմանով, որ նրանց պահած ընդհանուր ծավալը չգերազանցի 5 միլիարդ դոլարը։ Պատերազմից հետո բացառությունը երկարաձգվեց ժամկետային սահմանափակումներով, մինչև դրա գործողությունը ավարտվեց 1981 թվականի հունիսին[19]։ Այսօր Միացյալ Նահանգներում առաջնային դիլերները պարտավոր են աճուրդում գնել բոլոր գանձապետական արժեթղթերը, իսկ ԱՄՆ կենտրոնական բանկը ստեղծում է պահուստային ավանդների ցանկացած քանակ, որն անհրաժեշտ է աճուրդային գործարքի հաշվարկման համար։

Բաց շուկայի գործառնություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնական բանկերը կարող են շուկայում գնել կամ վաճառել ակտիվներ, ինչը կոչվում է բաց շուկայի գործառնություն։ Երբ կենտրոնական բանկը ակտիվներ է գնում շուկայի մասնակիցներից, օրինակ՝ առևտրային բանկերից, որոնք հաշիվներ ունեն կենտրոնական բանկում, պահուստային ավանդները մուտքագրվում են առևտրային բանկերի հաշիվներին, իսկ ակտիվի սեփականությունը փոխանցվում է կենտրոնական բանկին։ Այս կերպ կենտրոնական բանկը կարող է կարգավորել ֆինանսական համակարգում պահուստային ավանդների քանակը՝ պարտատոմսերի նման ֆինանսական ակտիվները փոխանակելով պահուստային ավանդների հետ։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում, երբ Դաշնային պահուստը մշտապես գնում է արժեթուղթ, գնումների և վաճառքների իրականացման համար պատասխանատու գրասենյակը՝ Նյու Յորքի Ֆեդի բաց շուկայի առևտրային սեղանը, առաջնային դիլերներից գնում է համապատասխան արժեթղթեր մրցակցային աճուրդով որոշված գներով։ Դաշնային պահուստը վճարում է այդ արժեթղթերի համար՝ վարկագրելով առաջնային դիլերների թղթակից բանկերի պահուստային հաշիվները։ Թղթակից բանկերն իրենց հերթին վարկագրում են դիլերների բանկային հաշիվները։ Այս կերպ բաց շուկայում գնումը հանգեցնում է պահուստային մնացորդների աճի[20]։

Հակառակը՝ ԱՄՆ կենտրոնական բանկի կողմից ակտիվների վաճառքը նվազեցնում է պահուստային մնացորդները, ինչը նվազեցնում է ֆինանսական համակարգում անդամ բանկերի միջև գործարքների հաշվարկման համար հասանելի փողի քանակը։ Կենտրոնական բանկերը նաև կնքում են կարճաժամկետ պայմանագրեր՝ «վաճառել ակտիվները հիմա, հետ գնել ավելի ուշ» սկզբունքով՝ կարճաժամկետ պահուստային ավանդների մնացորդները կառավարելու համար։ Այս պայմանագրերը, որոնք հայտնի են որպես ռեպո կամ հետգնման պայմանագրեր, կարճաժամկետ են, հաճախ՝ մեկ գիշերվա, և անընդհատ երկարաձգվում են, մինչև ֆինանսական համակարգում հասնում են ցանկալի արդյունքի։ Կենտրոնական բանկերի կողմից իրականացվող գործառնությունները կարող են ուղղված լինել ինչպես բանկի օրակարգում առկա կարճաժամկետ նպատակներին, այնպես էլ երկարաժամկետ գործոններին, օրինակ՝ ֆինանսական կայունության պահպանմանը կամ պահուստային ավանդների նպատակային տոկոսադրույքի շուրջ ստորին և/կամ վերին սահման պահելուն։

Փողի բազմապատկիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողի ստեղծման պատմական բացատրությունները հաճախ կենտրոնացած էին փողի բազմապատկիչի գաղափարի վրա, երբ պահուստային ավանդները կամ ոսկու նման հիմքային ապրանքը բազմապատկվում էին բանկային վարկավորման միջոցով՝ մինչև այն առավելագույն սահմանը, որը սահմանված էր փողի վարկատուների պահուստային պահանջով։ Այսպիսով, ընդհանուր դրամական զանգվածը համարվում էր պահուստային պահանջի ֆունկցիա։ Սակայն այսօր շատ պետություններ պահուստային պահանջ չունեն։ Հետևաբար փողի բազմապատկիչը հիմնականում այլևս չի օգտագործվում որպես փողի ստեղծման գործընթացը բացատրող գործիք։

Երբ առևտրային բանկերը այսօր փող են վարկավորում, նրանք մեծացնում են տնտեսությունում բանկային ավանդների քանակը[21]։ Բանկային համակարգը կարող է երկրի դրամական զանգվածը մեծացնել կենտրոնական բանկի ստեղծած պահուստային ավանդների քանակից շատ ավելի։ Սա նշանակում է, որ տարածված պատկերացման հակառակ՝ փողի մեծ մասը չի ստեղծվում կենտրոնական բանկերի կողմից[22][23]։ Ոմանք պնդում են, որ բանկերի ընդհանուր վարկավորման ծավալը սահմանափակվում է նրանց կապիտալի համարժեքության գործակիցներով, իսկ այն երկրներում, որտեղ գործում են պարտադիր պահուստավորման նորմեր, նաև պարտադիր պահուստներով։

Բանկային կապիտալը, որն օգտագործվում է կապիտալի համարժեքության գործակիցը հաշվարկելու համար, բաղկացած է բանկի հաշվեկշռում առկա այն ակտիվներից, որոնք գերազանցում են պարտավորությունները, իսկ դրանց արժեքները հետագայում ճշգրտվում են կարգավորումների միջոցով, օրինակ՝ բանկերի միջազգային կարգավորիչ շրջանակ Բազել III-ի միջոցով։ Բանկերը կապիտալ են ստեղծում՝ վարկեր, այսինքն՝ ակտիվներ ստեղծելով և բանկային պարտավորություններ ոչնչացնելով, ինչը տեղի է ունենում, երբ վարկերը մարվում են։ Այս գործընթացը մեծացնում է բանկային սեփական կապիտալը՝ բանկերին հնարավորություն տալով ստեղծել առևտրային բանկային ավանդային պարտավորություններ, այսինքն՝ փող, սեփական օգտագործման համար։ Այս կերպ բանկերը ստեղծում և կառավարում են իրենց կապիտալի մակարդակները։ Քանի որ հաշվապահական կանոնները սահմանում են ցանկացած ակտիվի կամ պարտավորության արժեքը, բանկային կապիտալը սուբյեկտիվ չափում է, որը, շատերի կարծիքով, կարող է ենթարկվել մանիպուլյացիաների և կարող է վատ մեթոդ լինել փողի ստեղծումը կարգավորելու համար։

Պահուստային պահանջները պարտավորեցնում են առևտրային բանկերին իրենց ավանդների նվազագույն, նախապես սահմանված տոկոսը պահել կենտրոնական բանկի հաշվում։ Պահուստային պահանջ չունեցող երկրներից են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան, Կանադան և Նոր Զելանդիան, որտեղ բանկերի վրա նվազագույն պահուստային պահանջ չի դրվում։ Այսօր բանկային վարկավորումը սահմանափակող հիմնական գործոն է համարվում այն հասանելի փոխառուների թիվը, որոնք պատրաստ են վարկային պայմանագրեր կնքել։

Վերահսկողության աստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև կենտրոնական բանկերը կարող են ուղղակիորեն վերահսկել ֆիզիկական արժույթի թողարկումը, ավելի վիճելի է այն հարցը, թե որքանով նրանք կարող են վերահսկել լայն դրամական ագրեգատները, օրինակ՝ M2-ը՝ նաև անուղղակիորեն վերահսկելով առևտրային բանկերի կողմից փողի ստեղծումը[24]։ Ըստ փողի բազմապատկիչի տեսության, որը հաճախ մեջբերվում է մակրոտնտեսագիտության դասագրքերում, կենտրոնական բանկը վերահսկում է փողի բազմապատկիչը, քանի որ կարող է սահմանել պահուստային պահանջներ և, հետևաբար, այդ մեխանիզմով նաև կառավարել առևտրային բանկերի ստեղծած փողի քանակը[24][25]։ Սակայն զարգացած երկրների կենտրոնական բանկերի մեծ մասը դադարել է հենվել այս տեսության վրա և այլևս չի ձևավորում իր դրամավարկային քաղաքականությունը պարտադիր պահուստների միջոցով[24]։

Բենջամին Մ. Ֆրիդմանը The New Palgrave Dictionary of Economics-ում դրամական զանգվածի վերաբերյալ իր գլխում բացատրում է, որ փողի բազմապատկիչի ներկայացումը ավելի բարդ հավասարակշռության կրճատված պարզեցում է՝ ինչպես պահուստների, այսինքն՝ արտաքին փողի, այնպես էլ ներքին փողի շուկաներում առաջարկի և պահանջարկի համար։ Ֆրիդմանը հավելում է, որ այդ պարզեցումը լավ կամ վատ կաշխատի «կախված համապատասխան տոկոսադրույքային էլաստիկությունների ուժից, տոկոսադրույքների տատանումների չափից և ներգրավված բազմաթիվ այլ գործոններից»[3]։ Դեյվիդ Ռոմերը իր Advanced Macroeconomics ասպիրանտական դասագրքում նշում է, որ կենտրոնական բանկերի համար դժվար է վերահսկել M2-ի նման լայն դրամական ագրեգատները[26]էջ 607–608։

Մոնետարիստական տեսությունը, որը ազդեցիկ էր 1970-ական և 1980-ական թվականներին, պնդում էր, որ կենտրոնական բանկը պետք է կենտրոնանա իր դրամավարկային գործառնությունների միջոցով դրամական զանգվածը վերահսկելու վրա[27]։ Սակայն այդ ռազմավարությունը լավ չաշխատեց այն կենտրոնական բանկերի համար, որոնք փորձեցին այն, օրինակ՝ ԱՄՆ Դաշնային պահուստի համար, և մի քանի տարի անց այն հրաժարվեց դրանից։ Դրանից հետո կենտրոնական բանկերը անցան տոկոսադրույքների ուղղորդմանը՝ իրենց դրամավարկային քաղաքականության նպատակներին հասնելու համար, այլ ոչ թե բազային փողի քանակը ֆիքսված պահելուն՝ փողի աճը ուղղորդելու նպատակով[28]էջ 464–465։ Տոկոսադրույքները անուղղակիորեն ազդում են առևտրային բանկերի վարկավորման վրա, ուստի փողի բազմապատկիչից ենթադրվող սահմանը գործնականում չի սահմանափակում փողի ստեղծումը[29]։ Տոկոսադրույքներ սահմանելով՝ կենտրոնական բանկերի գործառնությունները ազդում են, բայց չեն վերահսկում դրամական զանգվածը[21]։

Փողի վարկային տեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողի ստեղծման կոտորակային պահուստային տեսությունը, ըստ որի դրամական զանգվածը սահմանափակվում է փողի բազմապատկիչով, 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո լքվել է։ Նկատվել է, որ բանկային պահուստները սահմանափակող գործոն չեն, քանի որ կենտրոնական բանկերը տրամադրում են անհրաժեշտից ավելի պահուստներ, այսինքն՝ ավելցուկային պահուստներ[30]։ Տնտեսագետներն ու բանկիրները այժմ հասկանում են, որ շրջանառության մեջ գտնվող փողի քանակը սահմանափակվում է միայն վարկերի պահանջարկով[31][32][21]։

Փողի վարկային տեսությունը, որի սկիզբը կապվում է Յոզեֆ Շումպետերի հետ, պնդում է բանկերի կենտրոնական դերը որպես դրամական զանգվածի ստեղծողներ և բաշխողներ և տարբերակում է «արտադրողական վարկային ստեղծումը», որը թույլ է տալիս ոչ գնաճային տնտեսական աճ նույնիսկ լրիվ զբաղվածության պայմաններում՝ տեխնոլոգիական առաջընթացի առկայությամբ, և «ոչ արտադրողական վարկային ստեղծումը», որը հանգեցնում է գնաճի՝ կամ սպառողական գների գնաճի, կամ ակտիվների գների գնաճի ձևով[33]։

Կենտրոնական բանկի գործառնությունների, օրինակ՝ «դրամավարկային մեղմացման» միջոցով խթանվող բանկային վարկավորման մոդելը մերժվել է նոր քեյնսյան[34] և հետքեյնսյան վերլուծության կողմից[35][36], ինչպես նաև կենտրոնական բանկերի կողմից[37][38]։

Այլընտրանքային վերլուծության հիմնական փաստարկն այն է, որ բանկի հաշվեկշռի ցանկացած ընդլայնում, օրինակ՝ նոր վարկի միջոցով, որը բանկին թողնում է պահանջվող պահուստներից պակաս վիճակում, կարող է ազդել այն եկամտաբերության վրա, որը բանկը սպասում է այդ վարկից, քանի որ բանկը լրացուցիչ ծախսեր կկրի սահմանված հարաբերակցության մեջ վերադառնալու համար։ Սակայն դա չի խանգարում և «երբեք չի խանգարի» բանկի՝ սկզբում վարկ տրամադրելու կարողությանը։ Բանկերը նախ վարկ են տրամադրում, իսկ հետո են ապահովում իրենց պահուստային հարաբերակցությունները։ Վարկ տրամադրելու կամ չտրամադրելու որոշումը, որպես կանոն, անկախ է կենտրոնական բանկում ունեցած պահուստներից կամ հաճախորդների ավանդներից։ Բանկերը, միևնույն է, չեն վարկավորում ավանդները կամ պահուստները։ Բանկերը վարկավորում են վարկավորման չափանիշների հիման վրա, օրինակ՝ հաճախորդի բիզնեսի վիճակը, վարկի հեռանկարները և/կամ ընդհանուր տնտեսական իրավիճակը[39][40][41]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bell, Stephanie. «The Role of the State and the Hierarchy of Money». Research Gate. Cambridge Journal of Economics. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. European Central Bank (2017 թ․ հունիսի 20). «What is money?». European Central Bank (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  3. 1 2 3 Friedman, Benjamin M. (2017). «Money Supply». The New Palgrave Dictionary of Economics (անգլերեն). Palgrave Macmillan UK. էջեր 1–10. doi:10.1057/978-1-349-95121-5_875-2. ISBN 978-1-349-95121-5.
  4. «Federal Reserve Board - Monetary Policy: What Are Its Goals? How Does It Work?». Board of Governors of the Federal Reserve System (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 29. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 15-ին.
  5. Pilkington, Philip (2014 թ․ օգոստոսի 15). «Does the Central Bank Control Long-Term Interest Rates?: A Glance at Operation Twist». Fixing the economists. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  6. «Monetary Policy». Federal Reserve Board. 2024. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 20-ին.
  7. «Monetary Policy and Central Banking». International Monetary Fund. 2023. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 1-ին.
  8. Jahan, Sarwat. «Inflation Targeting: Holding the Line». International Monetary Funds, Finance & Development. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  9. Department, International Monetary Fund Monetary and Capital Markets (2023 թ․ հուլիսի 26). Annual Report on Exchange Arrangements and Exchange Restrictions 2022 (անգլերեն). International Monetary Fund. ISBN 979-8-4002-3526-9. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  10. Baker, Nick; Rafter, Sally (2022 թ․ հունիսի 16). «An International Perspective on Monetary Policy Implementation Systems | Bulletin – June 2022» (ավստրալիական անգլերեն). Reserve Bank of Australia. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. Money supply, FRS
  12. Mankiw (2012)
  13. Berkeley, Andrew. «An Accounting Model of the UK Exchequer» (PDF). gimms.org.uk. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  14. Ryan-Collins, Josh (2015 թ․ հոկտեմբերի 25). «Is Monetary Financing Inflationary? A Case Study of the Canadian Economy, 1935–75». Levy Economics Institute. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  15. Fiscal policies, ECB
  16. Evans-Pritchard, Ambrose (2013 թ․ օգոստոսի 10). «Japan's Debt Has Officially Passed ¥1,000,000,000,000,000 — No Problem». The Daily Telegraph. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  17. 1 դոլար = 0.0094 իեն փոխարժեքով
  18. Gov't Bonds, Bank of Japan
  19. Garbade, Kenneth D. (2014 թ․ օգոստոս). «Direct Purchases of U.S. Treasury Securities by Federal Reserve Banks» (PDF). FRBNY Staff Reports no. 684.
  20. US Federal Reserve. «The Fed Explained» (PDF). US Federal Reserve. Վերցված է 2024 թ․ մայիսի 26-ին.
  21. 1 2 3 McLeay, Michael; Radia, Amar; Thomas, Ryland (2014). «Money creation in the modern economy» (PDF). Quarterly Bulletin. Bank of England. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  22. Revill, John (2018 թ․ հունիսի 11). «Swiss voters reject campaign to radically alter banking system». Reuters. Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
  23. Werner, Richard (2023 թ․ մարտի 14). «Why central banks are too powerful and have created our inflation crisis – by the banking expert who pioneered quantitative easing». The Conversation. Վերցված է 2024 թ․ հուլիսի 6-ին.
  24. 1 2 3 Ábel, István; Lehmann, Kristóf; Tapaszti, Attila (2016 թ․ հունիս). «The controversial treatment of money and banks in macroeconomics» (PDF). Financial and Economic Review. 15 (2): 33–58. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 17-ին.
  25. Ihrig, Jane; Weinbach, Gretchen C.; Wolla, Scott A. (2021 թ․ սեպտեմբեր). «Teaching the Linkage Between Banks and the Fed: R.I.P. Money Multiplier». research.stlouisfed.org (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. Romer, David (2019). Advanced macroeconomics (Fifth ed.). New York, NY: McGraw-Hill. ISBN 978-1-260-18521-8. «The measures of the money stock that the central bank can control tightly, such as high-powered money, are not closely linked to aggregate demand. And the measures of the money stock that are sometimes closely linked with aggregate demand, such as M2, are difficult for the central bank to control.»
  27. Jahan, Sarwat; Papageorgiou, Chris (2014 թ․ մարտ). «What Is Monetarism?» (PDF). Finance & Development. IMF. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  28. Blanchard, Olivier; Amighini, Alessia; Giavazzi, Francesco (2017). Macroeconomics: a European perspective (3rd ed.). Pearson. ISBN 978-1-292-08567-8.
  29. Hubbard & O'Brien. «Chapter 25, Monetary Policy». Economics. էջ 943.
  30. Standard & Poor's (13 August 2013) "Repeat after me: Banks cannot and do not lend out reserves", Ratings Direct
  31. Benes, Jaromir; Kumhof, Michael (2012). «The Chicago Plan Revisited». IMF Working Paper. 202.
  32. Kumhof, Michael; Jakab, Zoltán (2016). «The Truth about Banks». Finance & Development. 53 (1): 50–53.
  33. Schumpeter, Joseph A. (1996) [1954]. History of Economic Analysis. Oxford University Press. ISBN 978-0195105599.
  34. Samuelson, Paul (1997) [1948]. Economics. McGraw-Hill Education. ISBN 978-0070747418.
  35. Kelton, née Bell, Stephanie (1998). «The Hierarchy of Money». The Jerome Levy Economics Institute. SSRN 96845.
  36. Mitchell, William (2009 թ․ ապրիլի 21). «Money multiplier and other myths». Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  37. Tucker, Paul (2007). «Money and credit: Banking and the Macroeconomy» (PDF). Bank of England.
  38. Disyatat, Piti (2010 թ․ փետրվար). «The bank lending channel revisited» (PDF). BIS Working Papers (անգլերեն). Bank of International Settlements. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
  39. Wray, L. Randall (2000 թ․ սեպտեմբերի 1). «Money and Inflation» (անգլերեն). University of Missouri-Kansas City. SSRN 1010331.
  40. BoE (2019): How is money created
  41. Frank Decker, Charles A.E. Goodhart: Wilhelm Lautenbach’s credit-mechanics – a precursor to the current money supply debate, Taylor & Francis, 2021, DOI=10.1080/09672567.2021.1963796.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]