Փոլ Քեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոլ Քեյն
անգլ.՝ Paul Kane
Paul Kane 1860s.jpg
Ծնվել էսեպտեմբերի 3, 1810(1810-09-03)[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՄալլոու, Կորկ, Մանսթեր, Իռլանդիա
Վախճանվել էփետրվարի 20, 1871(1871-02-20)[2][3][4][6] (60 տարեկանում)
Մահվան վայրՏորոնտո, Կանադա
ՔաղաքացիությունԿանադա
ԿրթությունԻնքնակրթություն
Մասնագիտություննկարիչ, գրող և ճանապարհորդ հետազոտող
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներFlathead woman with child?
Paul Kane Վիքիպահեստում

Փոլ Քեյն (անգլ.՝ Paul Kane, սեպտեմբերի 3, 1810(1810-09-03)[1][2][3][4][5][6], Մալլոու, Կորկ, Մանսթեր, Իռլանդիա - փետրվարի 20, 1871(1871-02-20)[2][3][4][6], Տորոնտո, Կանադա), իռլանդական ծագումով կանադացի նկարիչ: Հայտնի է Կանադայի արևմուտքի բնիկներին և այսպես կոչված «Օրեգոնի երկրի» ամերիկյան բնիկներին պատկերող նկարներով:

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Քեյնը մեծացել է Տորոնտոյում: Նկարել սովորել է ինքնուրույն` առավել կատարելագործվելով Եվրոպա կատարած ճանապարհորդության ընթացքում արևմտյան վարպետների աշխատանքները կրկնօրինակելով: Ձեռնարկել է երկարատև երկու ճանապարհորդություն Կանադայի հյուսիս-արևմուտք 1845 և 1846-1848 թվականներին: Առաջին ուղևորության ժամանակ նա Տորոնտոյից մեկնել է Սու Սենտ Մարի, իսկ երկրորդ ուղևորության ժամանակ նա Տորոնտոյով ժեռուտ ճանապարհով հասել է Վանկուվերի ֆորտ, ապա` Վիկտորիա ֆորդ, այնտեղից էլ` Կոլումբիա նահանգ (կանադացիներն այն անվանում են Օրեգոն), ինչը դարձել է նրա երկրորդ ուղևորության վերջնակետը: Քեյնը վավերագրել է հնդկացիական ցեղերի կյանքը, կատարել էսքիզներ, իսկ Տորոնտո վերադառնալով` յուղաներկով ավարտին հասցրել դրանք: Քեյնի աշխատանքները մեծ արժեք են ներկայացնում ազգագրագետների համար: Իր աշխատանքները նկարիչն ավարտին է հասցրել արվեստանոցում` հաճախ ռեալիստական պատկերները հօգուտ դրամատիզմի լուծելով:

Քեյնը ծնվել է Իռլանդիայի Կորկ կոմսության Մալոու քաղաքում, բազմազավակ ընտանիքում: Հայրը մինչև 1801 թվականը ծառայել է արքայական հեծելազորում: 1819-1822 թվականներին ընտանիքը տեղափոխվել է Կանադա` բնակություն հաստատելով Յորքում: 1834 թվականի մարտին, տեղափոխվելով Օնտարիո, Փոլ Քեյնը աշխատանքի է անցնում կահույքագործական ֆաբրիկայում: Հենց այդ շրջանում էլ ստեղծում է իր առաջին նկարները` նկարելով տեղի նշանավոր գործիչների դիմանկարները, այդ թվում` շերիֆի: 1836 թվականին Քեյնը տեղափոխվում է Դետրոյթ, որտեղ այդ ժամանակ ապրում էր նկարիչ Ջեյմս Բոումանը, որի հետ Քեյնը հանդիպել էր դեռևս Յորքում: Հենց Բոումանն է համոզում Քեյնին մեկնել Եվրոպա` սովորելու: Նրանք պատրաստվում էին մեկնել երկուսով, սակայն Քեյնը մշտապես ձգձգում էր մեկնումը հավանաբար ֆինանսական միջոցների պակասության պատճառով: Որոշ ժամանակ անց Բոումանը ամուսնանում է և հրաժարվում սովորելու նպատակով Եվրոպա մեկնելու իր ծրագրերից: Հաջորդ հինգ տարիները Քեյնն անցկացնում է Ամերիկայի միջին արևմուտքով ճանապարհորդելով` հասնելով Նոր Օռլեան:

1841 թվականին նկարիչը Նոր Օռլեանից նավով տեղափոխվում է Մարսել: Չունենալով միջոցներ գեղարվեստական դպրոցում սովորելու համար` նա երկու տարի թափառում է Եվրոպայում` այցելելով թանգարաններ և արտանկարելով նշանավոր վարպետների գործերը: Մինչև 1842 թվականը նա լինում է Իտալիայում, այնուհետև տեղափոխվում Փարիզ, այնտեղից էլ` Լոնդոն, որտեղ ծանոթանում է ամերիկացի բնանկարիչ Ջորջ Քեթլինի հետ (George Catlin), ով պատկերում էր հնդկացիական ցեղերի կյանքն ու կենցաղը: Քեթլինը այդ ժամանակ շրջագայում էր Եվրոպայում` վաճառելով իր «Հյուսիսամերիկյան հնդկացիների բարքերը, սովորույթներն ու պայմանները» գիրքը (Manners, Customs and Conditions of the North American Indians): Քեթլինը դասախոսություն էր կարդում Պիկադիլիի եգիպտական դահլիճում, որտեղ ներկայացված էին նաև իր մի քանի գործերը: Իր գրքում Քեթլինը հավատացնում էր, որ ամերիկյան հնդկացիների մշակույթը անհետացման եզրին է, և անհրաժեշտ է այն վավերագրել:

Քեյնը, բերված փաստարկումները համոզիչ համարելով, որոշում է միանալ աշխատանքներին, որ այդքան կարևոր էին պատմության տեսանկյունից: Նա Ամերիկա է վերադառնում 1843 թվականին, Ալաբամա նահանգի Մոբիլե քաղաքում հիմնում է ստուդիա և աշխատում որպես դիմանկարիչ այնքան ժամանակ, մինչև փակում է պարտքերը: 1844 թվականին նա վերադառնում է Տորոնտո և սկսում պատրաստվել իր առաջին մեծ ճամփորդությանը:

Երկու ճանապարհորդությունների ընթացքում Քեյնը ստեղծել է մոտ 700 էսքիզ և 100-ից ավել գեղանկարներ` աշխատելով մատիտով, ջրաներկով, յուղաներկով: Գեղանկարչության մեջ նա մեծ տեղ էր հատկացնում մանրամասնությունների պատկերմանը` երբեմն, սակայն, թույլ տալով պատմական անճշտություններ: Այսպես` նրա ամենահայտնի գործերից մեկում` «Կինը երեխայի հետ» նկարում, նա պատկերել է չինուկ ցեղի երեխային կաուլից ցեղի կնոջ հետ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]