Փյունիկ մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ, պաշտոնապես գրանցվել է 2008 թվականի դեկտեմբերին, սակայն հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին 1998 թվականից բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Սփյուռքի հայկական կրթօջախներում։ Հոգաբարձուների խորհրդի նախագահը Լևոն Սարգսյանն է։ Իր գործունեության 3 տարում հիմնադրամը կազմակերպել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ, հովանավորել շնորհալի հեղինակների՝ հրատարակելու գրքեր, բացահայտել ու խրախուսել է սոցիալապես անապահով, հողազուրկ, ուսման մեջ առաջադիմող ուսանողների, իսկ առավել շնորհալիներին օգնություն է ցուցաբերել ուսումն արտերկրի առաջատար բուհերում շարունակելու համար, մի շարք ուսումնական հաստատությունների հատկացրել է լաբորատոր սարքավորումներ ու համակարգիչներ, ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում տեղագրել է մանկական շարժական խաղահրապարկներ, Ստեփանակերտի հիվանդանոցն ապահովել է բժշկական արդի սարքավորումներով և այլն։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանում իրենց գրասենյակներն են բացել նաև մի շարք միջազգային բարեգործ, կազմակերպություններ՝ «Վորլդ Վիժն Հայաստան» (1988), «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» (1989, ՍՕՍ-Մանկական գյուղեր), «Սեյվ դը Չիլդրեն Ֆեդերեյշն ինկ.» (1993, «Փրկենք երեխաներին»), ստեղծվել են բարեգործ, հասարակական նոր կազմակերպություններ, հիմնադրամներ՝ «Օրրան» (2000, Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյաններ), «Զանգակատուն» (2006, Թուֆենկյան հիմնադրամ) և այլն՝ ծանր կացության մեջ հայտնված մուրացիկ, թափառաշրջիկ երեխաներին պաշտպանելու, նրանց կրթությունն ու զարգացումը ապահովելու, միայնակ և կարիքավոր ծերերին, ծայրահեղ անապահով ընտանիքներին օգնելու նպատակով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։