Փիջին (լեզու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փիջին[1][2][3], (անգլերեն՝ / 'pɪdʒɪn /) քերականորեն պարզեցված հաղորդակցման միջոց, որը զարգանում է երկու կամ ավելի խմբերի միջև, որոնք չունեն ընդհանուր լեզու։ Սովորաբար, փիջինի բառապաշարը և քերականությունը սահմանափակ են և հաճախ կազմված են մի քանի լեզուներից։ Այն առավել հաճախ բխում է տարբեր բնակչության լեզուների խառնուրդից, որոնք շփվել են միգրացիայի, գաղութացման, առևտրային հարաբերությունների արդյունքում։ Օգտագործվում է այնպիսի իրավիճակներում, երբ երկու խմբերն էլ խոսում են լեզուներով, որոնք տարբերվում են այն երկրի լեզվից, որտեղ նրանք ապրում են (բայց խմբերի միջև ընդհանուր լեզու չկա)։ Լեզվաբանները սովորաբար փիջինները չեն համարում ամբողջական լեզուներ։

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն փիջինների բազմաթիվ տեսակներ, որոնցով խոսում են աշխարհի տարբեր մասերում, հատկապես նախկին գաղութատիրական երկրներում։ Վառ օրինակ է փիջին անգլերենը, որը դեռ խոսվում է շատ երկրներում, որոնք ունեցել են անգլիական գաղութացման երկար ժամանակաշրջան։ Փիջին անգլերենը այս երկրներում առաջացել է պաշտոնական լեզվի (անգլերեն) և նախկինում գոյություն ունեցող բնիկ լեզուների խառնուրդից։

Այսպիսով, փիջինը թույլ է տալիս հաղորդակցվել երկու կամ ավելի տարբեր լեզուներով խոսողների միջև` սահմանելով ամենաուժեղ լեզուն որպես «լեքսիֆիկատոր»։ Եթե գոյություն ունեն այնպիսի պայմաններ, որոնց դեպքում փիջինը չի անհետանում կամ մնում է չափազանց սահմանափակ՝ խոսողների թվի առումով, այն կարող է մի քանի սերունդների ընթացքում ընդունել համեմատաբար կայուն լեզվի լրացուցիչ իմաստ՝ ընդունելով իր սեփական մորֆոսինտակտիկ կառուցվածքը։ Սա կրեոլիզացիայի ֆենոմենն է։ Փիջինը վերջնականապես վերածվում է կրեոլի, երբ այն արդեն ուսուցանված է լինում, բայց սերունդը այն սովորում է որպես մայրենի լեզու[4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվան ծագումը լիովին հստակ չէ, բայց, անշուշտ, այն ծագել է Չինաստանում։ Ամենաընդունված տարբերակն է, որ այն բխում է անգլերենի «բիզնես» բառի չինարեն սխալ արտասանությունից[5]։

Ինչպես են ծնվում փիջինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիջինի նախնական զարգացումը սովորաբար պահանջում է.

  • երկարատև, կանոնավոր շփում տարբեր լեզվական համայնքների միջև,
  • նրանց միջև շփվելու անհրաժեշտություն,
  • տարածված, մատչելի միջլեզուների բացակայություն (կամ համատարած իմացության բացակայություն)։

Ըստ Keith Whinnom-ի (1971)՝ փիջինները, իրականում, կարող են ծնվել միայն երեք տարբեր լեզուների հանդիպման շնորհիվ, որոնցից մեկը ակնհայտորեն գերիշխող է մյուսների նկատմամբ։

Փիջինը կարող է վերածվել նաև կրեոլ լեզվի, երբ ծնողների մի սերունդ իրենց երեխաներին փոխանցեն փիջինի իմացությունը՝ որպես իրենց մայրենի լեզու[6]։ Այսպիսով, կրեոլ լեզուները կարող են փոխարինել մինչ այժմ խոսվող լեզուների խառնուրդին, այդպիսով դառնալով համայնքի առաջին լեզուն. ահա թե ինչ եղավ Սիերա Լեոնեի կրիո լեզվի հետ (ծնվել է որպես այլ լեզվի փիջին, իր հերթին՝ «խառնուրդ») և Պապուա Նոր Գվինեայի թոք փիզինին, որը բոլոր առումներով ստանձնել է պաշտոնական լեզվի կարգավիճակ։ Փիջինների փոխակերպումը կրեոլ լեզուների, սակայն, բավականին հազվադեպ է. ավելի հաճախակի են այն դեպքերը, երբ դրանք աստիճանաբար անհետանում են, և նորից մտնում են սկզբնական կամ գերիշխող լեզուներից մեկը, կամ ամեն դեպքում մնում են որպես բարբառներ։

Ինչ է փիջինը, և ինչ չէ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չինգլիշը» ("chinglish", չինարեն-անգլերեն), որը ժամանակին խոսվում էր Հարավարևելյան Ասիայում, հնարավոր է, որ ծնված առաջին փիջիններից մեկն է։ Սա չինարենի և անգլերենի խառնուրդ էր։ Նկատի ունեցեք, որ փիջինով որոշ արտահայտություններ՝ իսկական բառացի «թարգմանություններ» կանտոներենից, դարձել են խոսակցական անգլերենի մաս.

  • long time no see (好耐冇見 hao3 noi6 mou5 gin3)
  • look-see (睇見 tai2 gin3): look and see
  • no can do (唔得做 m4 dak1 zou6): cannot do
  • no-go (唔去 m4 qu1): do not go.

«Սփանգլիշը» ("spanglish"), որը հաճախ համարվում է անգլո-իսպանական փիջին, իրականում ժարգոնի[7] մի տեսակ է. սա, ըստ էության, օգտագործվում է այն մարդկանց կողմից, որոնք լավ տիրապետում են երկու լեզուներին և, ընդ որում, երկու լեզուների հնչյունական և քերականական բնութագրերին։ Spanglish-ի նման «գոլեթա անգլերենն» ("goleta English") է, որը խոսվում է Պուերտո Ռիկոյում և, հատկապես, Միացյալ Նահանգների պուերտո-ռիկական համայնքներում։

Փիջինի մեկ այլ օրինակ է ֆանագալոն ("fanagalo"), որը ծնվել է Հարավային Աֆրիկայում՝ թույլ տալով ոսկու հանքի բազմալեզու աշխատողներին շփվել միմյանց հետ։

Կարիբյան ավազանի փիջինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիբյան ավազանի փիջինները ծագել են գաղութատիրության ժամանակներում, երբ տեղական հասարակությունը խորը փոփոխություններ կրեց եվրոպացիների գալուստով։ Հանդիպելով սպիտակամորթ սեփականատերերի փոքրամասնության հետ՝ իրականում կային բնիկների զանգվածներ (ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ) և աֆրիկացի ստրուկներ, որոնք հաճախ խոսում էին շատ տարբեր լեզուներով։ Նման լայնորեն առանձնացված խմբերի միջև հաղորդակցությունը հեշտացնելու համար ստեղծվեցին փիջին լեզուներ, որոնք, որպես կանոն, եվրոպական լեզուների աղավաղումներ են (սովորաբար կա քերականության և հնչյունաբանության խիստ պարզեցում, ինչպես նաև վերցված բառերի օգտագործումը հնդկական կամ աֆրիկյան լեզուներից)։ Այդ փիջիններից մի քանիսն այնուհետև փոխակերպվեցին կրեոլ լեզուների՝ այդպիսով դառնալով արշիպելագի կղզիների ամենատարածված լեզուները։ Դրանցից ամենակարևորներն են Հաիթիի կրեոլը (Հայիթիի պաշտոնական լեզուն ֆրանսերենի հետ միասին, ինչպես նաև գրեթե բոլոր Հաիթիի բնակիչների առաջին լեզուն), Արուբա, Բոնեյր և Կուրասաո կղզիների պապիամենտուն և ճամայկայի պատուան[8]։

Օվկիանիայի փիջինները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենայն հավանականությամբ, Մելանեզիայի փիջինները ծագել են 19-րդ դարում, երբ շատ մելանեզացիներ տեղափոխվել են իրենց կղզիներից՝ աշխատելու Ավստրալիայում, հատկապես Քվինսլենդում կամ այլ կղզիներում։ Այսպիսով, այս փիջինները մշակվել են մելանեզացիների կողմից ոչ այնքան գաղութարարների հետ շփվելու, որքան միմյանց հետ շփվելու համար, երբ նրանք գալիս էին տարբեր կղզիներից և հետևաբար խոսում էին տարբեր լեզուներով։ Վերադառնալով իրենց կղզիներ՝ այս աշխատողները երաշխավորեցին, որ այս խառը լեզուները հաճախ դառնան տեղական ամենաշատ խոսվող լեզուները ամբողջ կղզու համակարգում։

Անգլերենը սովորաբար ծառայում է որպես հիմնական լեզու, որից բխում է բառապաշարի մեծ մասը։ Մյուս կողմից, քերականությունը մելանեզյան խոսակցական քերականությունն է (ինչի մասին է վկայում եզակի, երկակի և հոգնակի դերանունների առկայությունը, ինչպես նաև ներառական և բացառական հոլովների)։

Այնուամենայնիվ, թոք փիզինն ունի բառեր[9], որոնք բխում են գերմաներենից, մինչդեռ ֆրանսերեն բառերը օգտագործվում են բիսլամայում։ Սողոմոնյան Կղզիների փիջինը հիմնված է անգլերենի վրա։ Այս փիջիններից մի քանիսը, ընդ որում, ունեն նաև մայրենի լեզուներից բխող բազմաթիվ տերմիններ։

Ի թիվս այլ բաների, հաճախ է պատահում, որ «փոխառությունները» փոխում են ոչ միայն իրենց հնչեղությունն ու նշանակությունը, այլև այն հուզական համատեքստը, որում դրանք օգտագործվում են։ Առավել պատկերավոր դեպք ներկայացնում է bagarap («ոչ ակտիվ», «չաշխատող») տերմինը, որն օգտագործվում է որպես դրական լրացուցիչ իմաստ ունեցող բառ։ Նմանապես, wicket-ը (Սողոմոնյան Կղզիների փիջին տերմին) առաջացել է անգլերեն wicked («անիծված») բառից, բայց օգտագործվում է հեթանոսներին մատնանշելու համար և, որպես այդպիսին, չի կրում բացասական նշանակություն։

Մի քանի արտահայտություններ, որոնք սովորաբար օգտագործվում են մելանեզյան փիջինի օրինակով, չունեն հայտնի հիմք դրանց իրական օգտագործման համար։ Դրանց թվում են՝ «bigfala bokis garem plande tit, iu hitim hemi kraeout» (անգլերեն՝ «a big box with many teeth, when you hit it, it cries»)՝ դաշնամուր ցույց տալու և miksmasta blong Jisas (անգլերեն՝ Jesus' food mixer)՝ ուղղաթիռ նշելու համար։

Այլ ոչ մելանեզյան փիջինները, որոնք զարգացել են Օվկիանիայում, ներառում են Հավայան փիջինը (ծնվել է որպես անգլերեն, ճապոներեն, պորտուգալերեն և տեղական լեզուների խառնուրդ) և Պիտքերնը (խոսվում է Պիտքերնում և Նորֆոլքում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Muysken Pieter, Smith Norval (2008)։ «The study of pidgin and creole languages»։ in Arends Jacques, Muijsken Pieter, Smith Norval։ Pidgins and Creoles: An Introduction։ John Benjamins։ էջեր 3–14 
  2. Özüorçun Fatma (2014)։ «Language varieties: Pidgins and creoles» 
  3. Bickerton Derek (1976)։ «Pidgin and creole studies»։ Annual Review of Anthropology 5: 169–93։ JSTOR 2949309։ doi:10.1146/annurev.an.05.100176.001125 
  4. Головко Е. В. Как рождаются языки // Полит.ру, 30.01.2012
  5. Online Etymological Dictionary
  6. For example: Campbell John Howland, Schopf J. William, eds. (1994)։ Creative Evolution։ Life Science Series։ Contributor: University of California, Los Angeles. IGPP Center for the Study of Evolution and the Origin of Life։ Jones & Bartlett Learning։ էջ 81։ ISBN 9780867209617։ Վերցված է 2014-04-20։ «[...] the children of pidgin-speaking parents face a big problem, because pidgins are so rudimentary and inexpressive, poorly capable of expressing the nuances of a full range of human emotions and life situations. The first generation of such children spontaneously develops a pidgin into a more complex language termed a creole. [...] [T]he evolution of a pidgin into a creole is unconscious and spontaneous.» 
  7. (Bakker 1994, էջեր. 25–26)
  8. Бе­ли­ков В. И. Пид­жины и кре­оль­ские язы­ки Океа­нии: Со­цио­лин­гви­сти­че­ский очерк. М., 1998.
  9. Smith, Geoff P. Growing Up with Tok Pisin: Contact, creolization, and change in Papua New Guinea's national language. London: Battlebridge. 2002. p. 4.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]