Փինք Մարտինի
Փինք Մարտինի | |
---|---|
![]() | |
Ժանրեր | ջազ, լատինոամերիկյան երաժշտություն, lounge music?, դասական երաժշտություն և շանսոն |
Գործունեություն | 1994[1] |
Լեյբլ | Audiogram? |
Կայք | pinkmartini.com |
![]() |
«Փինք Մարտինի» (անգլ.՝ Pink Martini), ամերիկյան բենդ, որը հիմնադրվել է 1994 թվականին դաշնակահար Թոմաս Լոդերդեյլի կողմից ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ Խմբի անդամներն այն անվանում են փոքրիկ նվագախումբ, որն ընդգրկում է մի քանի ոճեր, ինչպիսիք են դասական երաժշտությունը, լատինականը, ավանդական փոփը և ջազը[2]: «Փինք Մարտինի»-ի գլխավոր վոկալիստներն են Չայնա Ֆորբսը[3] և Սթորմ Լարջը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոմաս Լոդերդեյլը ներգրավված է եղել իր ծննդավայր Պորտլենդի (Օրեգոն նահանգ) քաղաքականության մեջ դեռ դպրոցական տարիների ընթացքում։ Նա նկատել է, որ դրամահավաք միջոցառումների ընթացքում հնչող երաժշտությունը չափազանց աղմկոտ և անհետաքրքիր է։ Որպես լուծում, 1994 թվականին նա հիմնում է «Փինք Մարտինի» խումբը՝ խառնելով դասական, լատինական, ավանդական փոփ և ջազ ժանրերը՝ մեծ լսարանի համար։ Հաջորդ տարի նա զանգահարում է Չայնա Ֆորբսին՝ իր կոլեգաներից մեկին Հարվարդի համալսարանից, և առաջարկում նրան միանալ խմբին։ Նրանց առաջին սինգլը՝ «Sympathique»-ը, թողարկվել է 1997 թվականին և Ֆրանսիայում «Victoires de la Musique Awards» մրցանակաբաշխության ընթացքում առաջադրվել է որպես «Տարվա երգ»։
Չնայած նրան, որ Ֆորբսը խոսում է միայն մեկ լեզվով, նա երգում է 15 այլ լեզուներով։ «Փինք Մարտինիի բոլոր անդամները ուսումնասիրել են տարբեր լեզուներ, ինչպես նաև տարբեր երաժշտական ոճեր աշխարհի տարբեր մասերից», - ասում է Լոդերդեյլը։ «Հետևաբար, մեր երգացանկը բազմազան է։ Մի պահ դու քեզ զգում ես Ռիո դե Ժանեյրոյի սամբայի շքերթի մեջ, իսկ հաջորդ պահին՝ 1930-ականների ֆրանսիական երաժշտական սրահում կամ Նեապոլի թագավորական պալատում։ Դա նման է քաղաքային երաժշտական ճանապարհորդության: Մենք միանշանակ ամերիկյան խումբ ենք, բայց շատ ժամանակ ենք անցկացնում արտասահմանում, ինչը մեզ տալիս է անհավանական դիվանագիտական հնարավորություն՝ ներկայացնելու ավելի լայն և ընդգրկող Ամերիկան… այն Ամերիկան, որը մնում է աշխարհում ամենաարտասովոր երկրներից մեկը՝ կազմված բոլոր ազգերից, լեզուներից, կրոններից»։[4]։ 10-12 երաժիշտներից բաղկացած «Փինք Մարտինի» խումբը իր բազմալեզու երգացանկը ներկայացնում է սիմֆոնիկ նվագախմբերի հետ ամբողջ աշխարհի համերգային բեմերում։
Կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Փինք Մարտինի» խումբը իր եվրոպական դեբյուտը կատարել է 1997 թվականին Կաննի կինոփառատոնի ժամանակ, իսկ 1998 թվականին համերգով ներկայացել է Օրեգոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Նորման Լեյդենի ղեկավարությամբ։ Այդ ժամանակից ի վեր խումբը հանդես է եկել աշխարհի ավելի քան 50 սիմֆոնիկ նվագախմբերի հետ` ներառյալ բազմաթիվ ելույթներ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ Հոլիվուդյան Բոուլում, Բոստոնի Փոփս նվագախմբի, Քենեդիի կենտրոնի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի և BBC համերգային նվագախմբի հետ Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում։

«Փինք Մարտինի»-ի այլ ելույթների թվում է Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Ֆրենկ Գերիի կողմից նախագծված Ուոլթ Դիսնեյի համերգասրահի մեծ բացման համերգը, որից հետո խումբը այնտեղ կրկին հանդես է եկել ամբողջությամբ սպառված տոմսերով համերգներով՝ 2003, 2004, 2008 և 2011 թվականների Ամանորի գիշերը։ Խումբն իրականացրել է երկու ամբողջությամբ վաճառված տոմսերով համերգներ Քարնեգի հոլում, հանդես է եկել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի նորոգված շենքի բացման երեկույթում, մասնակցել է 2008 թվականի 80-րդ ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության փարթիին և նույն թվականի Սիդնեյի փառատոնի բացման արարողությանը Ավստրալիայում, իսկ 2011 թվականին Փարիզի հայտնի Օլիմպիա թատրոնում ունեցել է երկու ամբողջությամբ վաճառված տոմսերով համերգներ, ինչպես նաև 2012 թվականին ներկայացել է Փարիզի Lanvin նորաձևության տան 10-ամյակի տոնակատարությանը։ Նորաձևության տան տնօրենն այդ ժամանակ Ալբեր Էլբազն էր։ Իր քսաներորդ տարում «Փինք Մարտինի»-ն ընդգրկվել է ինչպես «Հոլիվուդյան Բոուլի փառքի սրահ», այնպես էլ «Օրեգոնի երաժշտության փառքի սրահ»։ 2006 և 2018 թվականներին «Փինք Մարտինի»-ն հանդես է եկել «Յուջին» բալետի հետ[5]։
2005 թվականի Ամանորի գիշերը «Փինք Մարտինի»-ն հանդես է եկել Օրեգոնի Պորտլենդ քաղաքի «Arlene Schnitzer» համերգասրահում: Այդ ելույթը ուղիղ եթերում հեռարձակվել է ԱՄՆ-ի «Ազգային հանրային ռադիո»-ի (NPR) «Toast of the Nation» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Օրեգոնի հանրային հեռարձակման (Oregon Public Broadcasting) համագործակցությամբ ձայնագրվել է կենդանի DVD-ի համար։ Ավելի ուշ այն հեռարձակվել է ԱՄՆ-ի հանրային և ֆրանսիական հեռուստատեսություններով։ DVD-ն վերաթողարկվել է վաճառքի համար «Discover the World: Live in Concert» անվամբ՝ ներառելով ոչ միայն ամբողջական համերգը, այլև մի քանի տեսանյութեր և խմբի պատմության վերաբերյալ կարճ վավերագրական ֆիլմ։

2005 թվականի նոյեմբերի 22-ին «Փինք Մարտինի»-ն ելույթ է ունեցել «Late Night with Conan O'Brien» ծրագրում[6]։ 2007 թվականի հունիսի 1-ին խումբը հայտնվել է BBC Two-ի երկարատև «Later with Jools Holland» երաժշտական հեռուստածրագրում։ 2007 թվականի հունիսի 14-ին «Փինք Մարտինի»-ն հանդես է եկել «Late Show with David Letterman» հաղորդմանը, որտեղ կատարել է «Hey Eugene» երգը[7]։
2010 թվականի դեկտեմբերին խումբը «We Three Kings» կատարումով ներկայացել է «The Tonight Show with Jay Leno» ծրագրում: Խումբը այդ ծրագիր վերադարձել է 2011 թվականի դեկտեմբերին՝ «Santa Baby» երգով[8]։
2011 թվականի փետրվարին Չայնա Ֆորբսը տեսաուղերձ է ձայնագրել Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլիի և ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Կալերիի համար, ովքեր գտնվում էին Միջազգային տիեզերական կայանում։ Տիեզերագնացները պատրաստվում էին ESA-ի ստեղծած և Յոհան Կեպլերի անունով կոչված ավտոմատ փոխանցման մեքենայի (ATV) գործածմանը, որը տեղի է ունեցել փետրվարի 24-ին՝ Կենտրոնական եվրոպական ժամանակով 17:08-ին[9]։ Ուղերձը ուղեկցվում էր «Փինք Մարտինի»-ի հայտնի երգերից մեկի՝ «Dosvedanya Mio Bombino»-ի ձայնագրությամբբ և միաձուլված էր գործածման կադրերի հետ։
Ձայնագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Փինք Մարտինի»-ի առաջին ալբոմը՝ «Sympathique»-ը, թողարկվել է 1997 թվականին խմբի սեփական լեյբլով՝ «Heinz Records»-ով, և 2000 թվականին խմբին բերել է «Տարվա երգ» և «Լավագույն նոր արտիստ» անվանակարգերի առաջադրումներ Ֆրանսիայի «Victoires de la Musique» մրցանակաբաշխության ժամանակ:
«Փինք Մարտինի»-ն թողարկել է «Hang On Little Tomato» ալբոմը 2004 թվականին, «Hey Eugene!»-ը՝ 2007 թվականին, և «Splendor in the Grass»-ը՝ 2009 թվականին։ 2010 թվականի նոյեմբերին խումբը թողարկել է «Joy to the World» տոնական ալբոմը, որը ներառում էր երգեր ամբողջ աշխարհից: «Joy to the World» ալբոմը դրական գնահատականներ է ստացել և 2010-2011 թվականների տոների ընթացքում հնչել է Սթարբաքս խանութների ցանցում։ Բոլոր հինգ ալբոմները ստացել են ոսկե կարգավիճակ Ֆրանսիայում, Կանադայում, Հունաստանում ու Թուրքիայում և վաճառվել են ավելի քան 2,5 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում[10]։
2011 թվականի աշնանը խումբը թողարկել է երկու ալբոմ՝ «A Retrospective»-ը, որը խմբի 17 տարվա կարիերայի ընթացքում ստեղծված սիրելի երգերի հավաքածուն է ու ներառում է ութ մինչ այդ չթողարկված երգեր, և «1969» ալբոմը, որը համագործակցություն է ճապոնացի երգչուհի Սաորի Յուկիի հետ: «1969» ալբոմը արժանացել է պլատինե կարգավիճակի Ճապոնիայում՝ հասնելով երկրորդ հորիզոնականին ճապոնական չարթերում։ 2013 թվականի սեպտեմբերի 24-ին խումբը թողարկել է իր յոթերորդ ստուդիական ալբոմը՝ «Get Happy»։ 2014 թվականի մարտի 4-ին նրանք թողարկել են «Dream a Little Dream» ալբոմը՝ «The Von Trapps» խմբի հետ:
2014 թվականի օգոստոսին Դերեք Ռիեթը գլխի հրազենային վնասվածքով մահացել է։ Նրա մահը որակվել է որպես ինքնասպանություն[11][12]։ Նրա պատվին խումբը հիմնել է «Derek Rieth Foundation» հիմնադրամը, որի նպատակը երիտասարդության զարգացումն է երաժշտության և պարի միջոցով[13]։
2016 թվականին «Փինք Մարտինի»-ն թողարկել է իր իններորդ ստուդիական ալբոմը՝ «Je dis oui!»-ն։ Այն ներառում է երեք երգ, որոնք խմբի ղեկավար Թոմաս Լոդերդեյլը գրել է Իզաբել Յուպերի մասնակցությամբ «Souvenir» ֆիլմի համար։ Ալբոմի հրավիրված վոկալիստների թվում են Արի Շապիրոն, Ռուֆուս Ուեյնրայթը, Քեթլին Սադաթը և Իքրամ Գոլդմանը։
2018 թվականին խումբը թողարկել է իր առաջին ալբոմի՝ «Sympathique»-ի «20-րդ տարեդարձի» որոշակիորեն ձևափոխված տարբերակը: Ալբոմի այս նոր տարբերակը ներառում է խմբի հայտնի կատարումը Ռավելի «Bolero»-ից, որը սկզբնական ալբոմից հեռացվել էր, բայց վերականգնվել էր 20-րդ տարեդարձի թողարկման մեջ՝ հանրային սեփականություն դառնալուց հետո։ Նույն տարում խումբը հավաքել է բոլոր ֆրանսերեն երգերը իր երգացանկից և դրանք թողարկել հավաքածուի մեջ՝ «Non Ouais! - The French Songs of Pink Martini» անվամբ:
Խումբը հանդես է եկել Ջիմի Սքոթի, Քերոլ Չեննինգի, Ռուֆուս Ուեյնրայթի, Մարթա Ուեյնրայթի, Ջեյն Պաուելլի, Անրի Սալվադորի, Չավելա Վարգասի, Ջոի Արիասի, Բազիլ Թվիստի, Ժորժ Մուստակիի, Մայքլ Ֆայնշտեյնի, Գաս Վան Սենթի, Քորթնի Թեյլոր-Թեյլորի («The Dandy Warhols» խմբից), Նորման Լեյդենի, Հիրոշի Վադայի, Ալբա Կլեմենտեի, Ջոնի Դինելի, Չի Չի Վալենտիի, Արի Շապիրոյի, Պեպե Ռաֆայելայի («Pepe & the Bottle Blondes» խմբից), «Sesame Street» հեռուստասերիալի բնօրինակ կազմի, «Lions of Batucada» խմբի, Խորխե Ալաբեի, «March Fourth Marching» բենդի, Կալիֆոռնիայի Չուլա Վիստա քաղաքի «Bonita Vista High School Marching Band» խմբի և Օրեգոնի Պորտլենդ քաղաքի «Pacific Youth Choir» երգչախմբի հետ:
«Փինք Մարտինի»-ի երգերը հայտնվել են «Կտրվածքում» (In the Cut), «Քույր Բեթին», «Ջոսին և կատուները» (Josie and the Pussycats), «Տորտիլայի ապուր» (Tortilla Soup), «Հիթչի մեթոդը», «Շանհայի համբույր» (Shanghai Kiss), «Մերին և Մաքսը» ու «Միստր և միսիս Սմիթ» ֆիլմերում և օգտագործվել են «Մեռած, ինչպես ես» (Dead Like Me), «Սոպրանոները», «Արևմտյան թևը» (The West Wing), «Կասլ», «Շերլոկ», «Զբոսայգիներ և հանգստի գոտիներ», «Ավելի լավ է զանգեք Սոլին» և «Ճիչերի թագուհիները» հեռուստաշոուներում: Նրանց «Una notte a Napoli» երգը եղել է իտալական «Mine Vaganti» (2010) ֆիլմի անբաժանելի մասը, որը նկարահանել է իտալացի-թուրք ռեժիսոր Ֆերզան Օզպետեկը։
Heinz Records
[խմբագրել | խմբագրել կոդը]«Heinz Records»-ը անկախ ձայնագրման լեյբլ է, որը ստեղծում է խմբի ալբոմները[14]։ Լեյբլը, որը ստացել է իր անունը Լոդերդեյլի շան՝ Հայնցի անունից, ղեկավարվում է խմբի անդամների կողմից և տարածվում է «RED Distribution»-ի միջոցով։ «Heinz Records»-ը հանդիսանում է նաև Չայնա Ֆորբսի, Սթորմ Լարջի և «The von Trapps» խմբի լեյբլը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sympathique (1997)
- Hang On Little Tomato (2004)
- Hey Eugene! (2007)
- Splendor in the Grass (2009)
- Joy to the World (2010)
- A Retrospective (2011)
- 1969 (2011), (Սաորի Յուկիի հետ)
- Get Happy (2013)
- Dream a Little Dream (2014), («The von Trapps» խմբի հետ)
- Je dis oui! (2016)
- Sympathique - 20-րդ տարեդարձի թողարկում (2018)
- Non Ouais! - The French Songs of Pink Martini (2018)
- Besame Mucho (Էդնա Վասքեզ և «Փինք Մարտինի») (2019)
- Tomorrow (Ջիմմի Հերրոդ և «Փինք Մարտինի») (2019)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Allmusic — 1991.
- ↑ «Pink Martini Bio». Pinkmartini.com. Վերցված է 5 February 2013-ին.
- ↑ Nate Chinen (15 June 2007). «Grab a Cocktail and Listen to the Vintage-Chic Band». The New York Times. Վերցված է 5 February 2013-ին.
- ↑ «Pink Martini». CBS Sunday Morning. 1 January 2012. CBS.
- ↑ «Eugene Ballet performs to the music of Pink Martini Wednesday at OSU». Gazettetimes.com. 15 February 2018. Վերցված է 27 October 2019-ին.
- ↑ «Late Night with Conan O'Brien Season 13 Episode 40». Tv.com. 22 November 2005. Արխիվացված է օրիգինալից 24 February 2021-ին. Վերցված է 3 September 2015-ին.
- ↑ «Late Show with David Letterman Season 14 Episode 163». Tv.com. 14 June 2007. Արխիվացված է օրիգինալից 27 February 2021-ին. Վերցված է 3 September 2015-ին.
- ↑ «The Tonight Show with Jay Leno Season 20 Episode 4468». Tv.com. 19 December 2011. Արխիվացված է օրիգինալից 24 February 2021-ին. Վերցված է 3 September 2015-ին.
- ↑ «Pink Martini dedicates a song to astronauts Paolo & Aleksandr for ATV docking». European Space Agency. 28 February 2011. Վերցված է 3 September 2015-ին.
- ↑ Pink Martini Official Website (4 June 2013). «Official Bio». Pinkmartini.com. Վերցված է 27 October 2019-ին.
- ↑ Pink Martini Official Website (16 December 2013). «Derek Rieth 1971-2014». Pinkmartini.com. Վերցված է 3 September 2015-ին.
- ↑ Kasia Hall (22 August 2014). «Pink Martini's Derek Rieth died of gunshot wound, death ruled a suicide». The Oregonian. Վերցված է 3 September 2015-ին.
- ↑ «The Derek Rieth Foundation». Derekriethfoundation.org. Արխիվացված է օրիգինալից 11 January 2016-ին. Վերցված է 2 January 2016-ին.
- ↑ «HEINZ RECORDS». heinzrecords.com. Վերցված է 2024-08-28-ին.