Փիթեր նապաստակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փիթեր նապաստակը

Փիթեր նապաստակ (անգլ.՝ Peter Rabbit), մարդակերպ հորինված կերպար, որը հայտնվել է անգլիացի մանկագիր Բեատրիս Փոթերի հեքիաթների շարքում։ Այն առաջին անգամ հայտնվել է «Փիթեր նապաստակի մասին պատմվածքում» (Հեքիաթ Փիթեր Փուշի մասին) 1902 թվականին, ինչպես նաև` ևս հինգ գրքերում, 1904-ից 1912 թվականների ընթացքում։ Շուտով նաև հայտնվել են «ուղեկցող» ապրանքներ, այդ թվում` սնունդ, պաստառներ և խաղալիքներ։ Փիթեր նապաստակը եղել է 1971 թվականի «Բեատրիս Փոթերի հեքիաթները» ֆիլմ-բալետի, «Փիթեր Փուշը և նրա ընկերները» անիմացիոն շարքի հերոսը, ինչպես նաև նախագծվում էր, որ նա կդառնա նաև 2012 թվականի Nickelodeon ալիքի անիմացիոն հեռուստասերիալի հերոսը։ 2010 թվականին «CD և լսիր. թատրոն» շարքում թողարկվել է աուդիոգիրք` ըստ Բեատրիս Փոթերի «Հեքիաթներ Փիթեր նապաստակի և Թոմ կատվիկ մասին» ստեղծագործության։

Հիմնական տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթերի հեքիաթներում նապաստակները հայտնվել են մարդու կերպարանքով և մարդկային հագուստ են կրում. մասնավորապես, Փիթերը բաճկոն և կոշիկ է կրում։ Փիթերը, նրա մայրը` տիկին Ժոզեֆինա նապաստակը, և նրա քույրերը` Ֆլոփսին, Մոփսին և Փուշինկան, ապրում են նապաստակի բույնի մեջ, այնտեղ կա մարդկանց համար նախատեսված խոհանոց, նմանատիպ կահույք, ինչպես նաև` խանութ, որտեղ տիկին Նապաստակը տարբեր առարկաներ է վաճառում։ Փիթերի բարեկամները Բենջիամին Բաննին են և նրա հայրը` պարոն Բենջիամին Բաննի Ավագը։

Փիթեր նապաստակն անվանակոչվել է այն ճագարիկի անունով, որը պահում էր Բեատրիս Փոթերը մանկության տարիներին։ Փիթեր նապաստակի մասին առաջին` «Պատմվածք Փիթեր նապաստակի մասին» հեքիաթը, ստեղծվել է 1893 թվականին՝ Փոթերի նախկին դաստիարակչուհի Էնն Մուրի որդուն` 5-ամյա Նոել Մուրին ուղղված նամակում։ Տղան հիվանդ էր, և Փոթերը հեքիաթը գրել է նամակի տեսքով, որպեսզի օգնի նրան ժամանակը կրճատել և արագ առողջանալ։ Նամակի մեջ նաև ճեպանկար կար, որը պատկերազարդում էր պատմվածքը։

1902 թվականի հունիսին հեքիաթի` վաճառքի համար նախատեսված տարբերակը հրատարակվել է Frederick Warne & Co հրատարակչատան կողմից, և տարվա ավարտին տպագրվել է գրքի 28.000 օրինակ։ Տարիների ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է «Պատմություն Փիթեր նապաստակի մասին» գրքի ավելի քան 40 միլիոն օրինակ. 2008 թվականի տվյալներով` Փիթեր նապաստակի մասին գիրքը վաճառվել է ավելի քան 151 միլիոն օրինակով, թարգմանված 35 լեզուներով[1][2]։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1902 թվականի առաջին` «Պատմվածք Փիթեր նապաստակի մասին» գրքում Փիթերը չլսող ճագարիկ է, որը չի ենթարկվում մոր ցուցումներին, մտնում է չար պարոն Մաքգրեգորի այգի և ուտում է այնքան բանջարեղեն, որքան կարող է։ Սակայն պարոն Մաքգրեգորը նկատում է նրան և սկսում է հետապնդել։ Փիթերին հաջողվում է փախչել, սակայն փախչելիս նա կորցնում է իր բաճկոնն ու կոշիկները, որոնք պարոն Մաքգրեգորը հագցնում է խրտվիլակի վրա։ Փիթերը տուն է վերադառնում հոգնած, տանջված ու ամբողջովին մերկ, մայրը նախատում է նրան և երիցուկի թեյ խմեցնելով` պառկեցնում է քնելու։

«Հեքիաթ Բենջիամին Բաննիի մասին» ստեղծագործության մեջ, որն առաջին անգամ հրապարակվել է 1904 թվականին, Փիթերի ոչ հարազատ եղբայրը` Բենջիամին Բաննին Փիթերին կրկին բերում է պարոն Մաքգրեգորի այգի, և նրանք վերադարձնում են հագուստ, որը Փիթերը կորցրել էր։ Սակայն այն բանից հետո, երբ նրանք սոխ են հավաքում` տիկին Ժոզեֆինային բերելու համար, նրանց վրա հարձակվում է Մաքգրեգորի կատուն։ Սակայն հանկարծ հայտվում է պարոն Բենջիամին Բաննի Ավագը և փրկում է նրանց, սակայն ավելի ուշ նախատում է իր որդուն ու Փիթերին` առանց հարցնելու այգի գնալու համար։

«Ֆլոփսի նապաստակների մասին» պատմվածքում, որն առաջին անգամ հրատարակվել է 1909 թվականին, Փիթերը փոքր դեր է խաղում և քիչ է հայտնվում։ Նա մեծացել է, և նրա քույրի Ֆլոփսին այժմ ամուսնացած է իրենց ոչ հարազատ եղբոր` Բենջիամինի հետ։ Այս երկուսը վեց փոքրիկ ֆլոփսիկ-նապաստակների ծնողներն են։ Փիթերն ու Ժոզեֆինան մանկապարտեզ ունեն, և փոքրիկ նապաստակները գալիս են ու նրանցից կաղամբ են խնդրում։

«Թոդի մասին» պատմվածքում, որը հրատարակվել է 1912 թվականին, Բենջիամինի և Ֆլոփսիի երեխաներն առևանգվել են տխրահռչակ գորշուկ Թոմի Բրոքի կողմից։ Փիթերն օգնում է Բենջիամինին գտնել Բրոքին, որը թաքնվել էր աղվեսի` պարոն Թոդի տանը։ Պարոն Թոդը տուն է գալիս և տեսնում է, որ Բրոքը քնած է իր անկողնում, նրանք վիճում են, իսկ Փիթերն ու Բենջիամինը փրկում են երեխաներին։

Փիթերը նաև հայտնվում է երկու այլ հեքիաթների դրվագներում։ «Ուխտի-Տուխտիի մասին հեքիաթում», որն առաջին անգամ հրատարակվել է 1905 թվականին, Փիթերն ու Բենջիամինը ոզնու` տիկին Ուխտի-Տուխտիի խանութի գնորդներն են։ «Կոճապղպեղի և Մարինադի մասին հեքիաթում», որը հրապարակվել է 1909 թվականին, Փիթերը և Փոթերի հեքիաթների նախորդ կերպարները պարբերաբար գալիս են Կոճապղպեղի և Մարինադի խանութ` գնումներ կատարելու։

Ի նշանավորումն «Փիթեր նապաստակի մասին պատմվածքի» հրատարակման 110-ամյակի[3]` Ֆրեդերին Ուորն&Ընկ. հանձնարարել է բրիտանացի դերասանուհի Էմմա Թոմփսոնին գրել «Եվս մեկ պատմվածք` Փիթեր նապաստակի մասին», որտեղ Փիթերը հայտնվում է Շոտլանդիայում` գնացքով պատահաբար տիկին և պարոն Մաքգրեգորների հետ ճամփորդելիս։ Գիրքը թողարկվել է 2012 թվականի սեպտեմբերի 18-ին[4]։ 2012 թվականի աշնանը հաղորդվել է, որ Թոմփսոնն ավելի շատ գրքեր կգրի Փիթեր նապաստակի մասին[5]։ Նրա հաջորդ` «Սուրբծննդյան հեքիաթ Փիթեր նապաստակի մասին» գիրքը թողարկվել է 2013 թվականին, դրան հաջորդել է «Գրավիչ հեքիաթ Փիթեր նապաստակի մասին» գիրքը, որը լույս է տեսել 2014 թվականին[3]։

Ուղեկցող ապրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոթերն ինքը պատմվածքի առաջին հրապարակումից հետո պատրաստել է փափուկ տիկնիկ, որը պատկերում էր Փիթեր նապաստակին, ինչպես նաև` սեղանի խաղ` Փիթեր նապաստակի մասին։ Կերպարը ներկայացվել է «ուղեկցող» բազմաթիվ ապրանքների վրա, այնպիսիք, ինչպիսիք են ճենապակե արձանիկներն ու ամանեղենը։ Փիթեր նապաստակը հայտնվել է նաև մանկական Enfamil շիլայի տուփերի վրա։

Փիթեր նապաստակը դարձել է առաջին փափուկ խաղալիքը, որը արտոնագիր է ստացել. դա տեղի է ունեցել 1903 թվականին, ինչը Փիթերին դարձրել է պատմության մեջ արտոնագրված առաջին կերպարը[6]։ Frederick Warne & Co հրատարակչությունը ունի Բեատրիս Փոթերի բոլոր կերպարների վերաբերյալ հեղինակային իրավունքները։ Այնուամենայնիվ, Փոթերի հեքիաթների մեծ մասն ԱՄՆ-ում հանրային սեփականություն են դարձել, քանի որ հրատարակվել են մինչև 1923 թվականը[7]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «United Media Licensing - PETER RABBIT». United Media Licensing. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 23-ին.
  2. «Beatrix Potter goes green». CCTV International. 2008 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 23-ին.
  3. 3,0 3,1 «Emma Thompson wears quirky dress while promoting new Peter Rabbit book». Mail Online. 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  4. Dave Itzkoff (2011 թ․ սեպտեմբերի 16). «Emma Thompson to Give Peter Rabbit a New 'Tale'» (անգլերեն). ArtsBeat. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  5. «Emma Thompson Revives Anarchist Bunny 'Peter Rabbit'» (անգլերեն). NPR.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  6. «Beatrix Potter's Life». Peter Rabbit. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
  7. «Frederick Warne applauds the Beijing Xicheng District Administration Of Industry and Commerce's commitment to the protection of international intellectual property rights». Prnewswire.co.uk. 2003 թ․ օգոստոսի 30. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր նապաստակ» հոդվածին։