Փեսացուի առևանգում
Փեսացուի առևանգում, ժողովրդականորեն հայտնի որպես «Պակարուա շադի» կամ «Ջաբարիա շադի», հասարակական երևույթ Հնդկաստանի Բիհար նահանգում՝ հատկապես Մունգեր և Դումկա (ներկայում՝ Ջհարկանդ) տարածքներում։ Այս դեպքում հարսնացուի ընտանիքը առևանգում է ցանկալի փեսացուին և ստիպում նրան ամուսնանալ։ Նպատակը սովորաբար կրթված կամ բարեկեցիկ տղամարդ ամուսնացնելն է՝ առանց թանկարժեք օժիտի։ Քանի որ ավանդական հնդկական հասարակությունում ամուսնությունն ընկալվում է որպես սուրբ և անխզելի միություն, նման բռնի ամուսնությունները հաճախ չեն չեղարկվում։ Բացի այդ՝ որոշ դեպքերում փեսացուն կարող է կանգնել կեղծ մեղադրանքների առաջ՝ օժիտ պահանջելու համար, և ստիպված լինել ներգրավվել երկարատև դատական գործընթացների մեջ։
Այս պրակտիկան նկատելի դարձավ 20-րդ դարի վերջին, երբ օժիտի պահանջները դարձան չափազանց ծանրաբեռնող, և կազմակերպված հանցախմբեր սկսեցին աջակցել փեսացուների առևանգմանը[1][2]: Ըստ պաշտոնական տվյալների՝ միայն 2009 թվականին Բիհար նահանգում գրանցվել է 1224 առևանգում՝ ամուսնության նպատակով, որոնք իրականացվել են հարսնացուների ընտանիքների կողմից[3]:
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պրակտիկան, որը օժիտ տալու սովորույթի հետևանք է, առաջին անգամ ծնվել է 1980-ական թվականներին։ Այդ ժամանակից ի վեր այն հանրային հավանություն է ստացել բարձրագույն կաստաների շրջանում, ինչպիսիք են բհումիհարները[4] հատկապես այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Բիհարը և Ուտար Պրադեշը, որտեղ օժիտի պահանջները մեծ են: Օժիտի պահանջը Հնդկաստանում անօրինական է եղել ավելի քան 50 տարի՝ 1961 թվականին օժիտի արգելքի մասին օրենքի ընդունումից ի վեր[5]։
Այս պրակտիկայում հիմնականում թիրախավորվում են բարեկեցիկ ընտանիքներից երիտասարդ փեսացուները։ Դրանք հաճախ մարդիկ են, որոնք հանձնել են պետական ծառայության քննությունները (IAS), ունեն բժշկական կամ ինժեներական կրթություն կամ արդեն աշխատում են պետական ծառայությունում։ Նրանք առևանգվում են այն ընտանիքների կողմից, որոնք չեն կարող թույլ տալ մեծ օժիտներ։ Փեսացուներին առևանգում են, պահում պատանդի կարգավիճակում, հաճախ ծեծի ենթարկում՝ հնազանդեցնելու համար, ապա ստիպողաբար ամուսնացնում՝ երբեմն ատրճանակի սպառնալիքի ներքո և պարանով կապված, որ չփախչեն։ Եթե հետագայում փեսան փորձում է ազատվելու ելք գտնել, նա բախվում է երկարատև դատական գործընթացների և երբեմն նույնիսկ քրեական մեղադրանքների՝ ըստ հնդկական Օժիտի օրենքի, որը կոչված է պաշտպանել կանանց իրավունքներն ամուսնության մեջ, հատկապես այն դեպքերում, երբ հարսնացուի ընտանիքը ֆինանսապես բավական ապահովված է։
Ըստ Արվինդի՝ երբ մավրիկիացի (Մավրիկիոս կղզու) հաջողակ քաղաքական գործիչները սկսել են իրենց աղջիկներին ամուսնացնել հարգարժան Բհումիհար ընտանիքների հետ, դա բարձրացրել է օժիտի գները՝ դարձնելով այն անհասանելի հասարակ Բհումիհարների համար։ Այդ շուկայական ճնշումը հանգեցրել է փեսացուների առևանգումներին[6]։
Ժամանակի ընթացքում պրակտիկայի մեջ ներգրավվել են կազմակերպված հանցախմբեր, որոնք փողի դիմաց կատարել են առևանգումներ, իսկ հավելյալ վճարի դեպքում ապահովել են, որ ամուսնությունից հետո փեսացուն հնազանդվի։ Այսպիսով, նման շատ ամուսնություններ մնում են չարձանագրված և շարունակվում են՝ տեղական հանցախմբերի սպառնալիքի ներքո[7][8]:
Դեռևս 1993 թվականին «India Today» ամսագիրը հրապարակել է հոդվածներ «հասարակական խմբերի» կողմից իրականացվող նման առևանգումների մասին. դրանցից մեկն անգամ ստեղծվել էր 1982 թվականին Բիհարում՝ մեծ օժիտ պահանջող փեսացուներին առևանգելու և ամուսնացնելու նպատակով։ Որոշ դեպքերում, եթե փեսացուն չափազանց մեծ օժիտ է պահանջում կամ հրաժարվում է ամուսնանալ՝ օժիտի հարցերի պատճառով, աղջկա ընտանիքը դիմում է այդ միջոցներին՝ հանցախմբերի միջոցով կազմակերպելով առևանգումը[3]։
Ժողովրդական մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին սանսկրիտական պիեսում՝ «Վինա-Վասավադատտա», թագավոր Պրադյոտան առևանգում է Ուդայանային՝ որոշելով, որ նա հարմար փեսացու է իր դստեր՝ Վասավադատտայի համար[9]։
Իր մտերիմ ընկերոջ կյանքի իրական պատմությունից ոգեշնչված՝ ռեժիսոր Սուշիլ Ռաջպալը նկարահանում է ֆիլմ այս թեմայով՝ վերնագրելով այն «Antardwand»։ Ֆիլմը շահել է 2007 թվականի Լավագույն սոցիալական թեմայով ֆիլմի ազգային մրցանակը և թողարկվել է 2010 թվականին[10][11]։ Փեսացուների առևանգումը դարձել է նաև «Sab Ki Jodi Wohi Banata Bhagyavidhataa» (2009) հեռուստասերիալի թեման Colors TV-ով[5][12]։
Դրամաներ Ghar ek Sapna-ն և Do Qadam Door-ը նույնպես հիմնված են փեսացուների առևանգման թեմայի վրա։ Այս պրակտիկան ներկայացված է նաև հնդկական ռոմանտիկ կատակերգական ֆիլմերում՝ Jabariya Jodi և Atrangi Re։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարսնացուի առևանգում, պատմականորեն ավելի տարածված պրակտիկա, քան փեսայի առևանգումը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«
- ↑ Das, Arvind N. (1992). The Republic of Bihar. Penguin Books. էջ 70. ISBN 0-14-012351-2.
- ↑ Abraham, M. Francis (1998). The agony of India: reflections of an angry Indian. EastWest Books. էջ 215. ISBN 81-86852-15-8.
- 1 2 «Bachelor snatchers after suitable boys». The Australian. 2010 թ․ հունվարի 13.
- ↑ Das, Arvind N. (1992). The state of Bihar: an economic history without footnotes. VU University Press. էջ 34. ISBN 90-5383-135-5.
- 1 2 «Want to get married? Kidnap a groom!». The Times of India. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ Das, Arvind N. (1992). The Republic of Bihar (անգլերեն). Penguin Books. էջեր 27–28. ISBN 978-0-14-012351-7.
- ↑ «Why bachelors of Bihar are terrified». Sydney Morning Herald. 2003 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Men Kidnapped and Forced Into Marriage». AlterNet. 2009 թ․ սեպտեմբերի 21.
- ↑ A. K. Warder (1977). Indian Kāvya Literature. Vol. 3: The Early Medieval Period (Śūdraka to Viśākhadatta). Motilal Banarsidass. էջեր 6–8. ISBN 978-81-208-0615-3.
- ↑ «Bagging the groom!». The Hindu. 2010 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
- ↑ «Groom abduction, now on screen». The Telegraph. 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Vishal's abducted!». The Times of India. 2009 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին.
»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ‘1,300 cases of groom kidnapping were registered last year’ at Hindustan Times