Փարիզյան համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Փարիզյան համախտանիշ (ֆր.՝ Syndrome de Paris, ճապ.՝ パリ症候群), հոգեկան խանգարում Ֆրանսիա այցելող զբոսաշրջիկների, հատկապես ճապոնացիների մոտ։ Հայտնաբերվել է 1986 թվականին Ֆրանսիայում աշխատող հոգեբույժ Հիրոակի Օթոյի կողմից[1]։ Բնույթով նման է Ստենդալի և Երուսաղեմի համախտանիշներին։

Յուրաքանչյուր տարի ոչ պակաս քան 12 ճապոնացի տուրիստներ դիմում են հոգեբանի օգնությանը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք այցելելուց հետո։ Տուժածների մի մասը կարծում է, որ իրենց խանգարման պատճառը տեղացիների անհյուրընկալ վերաբերունքն է։ Այցելուների երկու երրորդի կարգավիճակը բարելավվում է մի քանի սեանսներից հետո։ Միաժամանակ մնացած մասը կարիք են ունենում բուժման երկար կուրսերի և սովորաբար ստանում են ամենաուժեղ հոգեգարության ախտորոշում։

«Ինչպես պարզվել է, ճապոնացի զբոսաշրջիկները հոգեպես պատրաստ չեն այցելել այնպիսի քաղաքներ, որոնցից է Փարիզը։ Նրանք գնում են, հուսալով հյուրընկալություն, սակայն հանդիպում են կատարյալ հակադրության։ Նրանց նյարդերը տանել չեն կարողանում այդպիսի ճնշումը», - բացատրում է հոգեբան Էրվ Բենհամոուն[2]։

Ճապոնական խանութներում հաճախորդն արքա է, այն ժամանակ, երբ Փարիզում վաճառողները նրանց նույնիսկ ուշադրություն չեն դարձնում։ Հասարակական տրանսպորտում մարդիկ կոպիտ և անբարեհամբույր են, իսկ փողոցային գողությունները կրակի վրա յուղ են լցնում։ «Մեզ համար Փարիզը երազանքների քաղաք է։ Բոլոր ֆրանսիացիները գեղեցիկ և նրբագեղ են։ Բայց երբ մենք հանդիպում ենք նրանց դեմ առ դեմ, հասկանում ենք, որ խորապես սխալվել ենք։ Մենք սարսափելի տարբեր ենք, ինչպես բնավորությամբ, այնպես էլ կյանքին նայելու տեսանկյունով»,- բողոքում է տուժածներից մեկը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]