Փարիզի շրջաններ

Փարիզ քաղաքը բաժանված է 20 մունիցիպալ շրջանների, որոնք կոչվում են արոնդիսմաններ (ֆրանսերեն՝ arrondissements)[1]։ Դրանք չպետք է շփոթել դեպարտամենտային արոնդիսմանների հետ, որոնք ավելի խոշոր վարչատարածքային միավորներ են և կազմում են Ֆրանսիայի դեպարտամենտների վարչական բաժանումը։
Արոնդիսմանի համարը նշվում է փարիզյան փոստային կոդերի վերջին երկու թվանշաններով՝ 75001-ից մինչև 75020։ Համարից բացի, յուրաքանչյուր արոնդիսման ունի նաև անվանում, որը հաճախ կապված է տվյալ տարածքում գտնվող որևէ նշանավոր հուշարձանի հետ։ Օրինակ՝ 5-րդ արոնդիսմանը հայտնի է նաև «Պանթեոն» անվամբ՝ նույնանուն շինության անունով։
Փարիզի առաջին չորս արոնդիսմաններն ունեն միասնական վարչական կառավարում, որը կոչվում է Paris Centre (Կենտրոնական Փարիզ)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փարիզի քսան արոնդիսմանները դասավորված են ժամացույցի սլաքի ուղղությամբ ընթացող պարույրի ձևով, որը հաճախ համեմատվում է խխունջի խեցիի հետ[2]։ Դասավորությունը սկսվում է քաղաքի կենտրոնից, ընդ որում առաջին արոնդիսմանը գտնվում է Սեն գետի աջ ափին (հյուսիսային ափ)։
Ֆրանսերենում, հատկապես՝ փողոցային ցուցանակների վրա, արոնդիսմանների համարները հաճախ նշվում են հռոմեական թվանշաններով։ Օրինակ՝ Էյֆելյան աշտարակը գտնվում է VIIe արոնդիսմանում, իսկ Արևելյան կայարանը (Gare de l’Est)՝ Xe արոնդիսմանում։
Խոսակցական լեզվում սովորաբար օգտագործվում է արոնդիսմանին համապատասխան հերթական թվականը։ Օրինակ՝ ասում են․ «Նա ապրում է վեցերորդում» (ֆրանսերեն՝ Elle habite dans le sixième)։
Արվարձանացման (սուբուրբանիզացիայի) հետևանքով Փարիզի բնակչությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար տեղափոխվել է դեպի արտաքին շրջաններ, և ներկայումս միայն երկու արոնդիսմաններ են շարունակում գրանցել բնակչության աճ։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի քաղաքների մեջ Փարիզը բացառիկ է այն առումով, որ միաժամանակ հանդիսանում է թե՛ համայնք (ֆրանսերեն՝ commune), թե՛ գավառ (ֆրանսերեն՝ département)։ 1982 թվականին ընդունված PLM օրենքով (ֆրանսերեն՝ Loi PLM), որը վերասահմանեց Փարիզի, Լիոնի և Մարսելի կառավարման համակարգերը (որի անվանումից էլ առաջացել է PLM հապավումը), Փարիզում գործում են ինչպես Քաղաքային խորհուրդը (ֆրանսերեն՝ Conseil de Paris), այնպես էլ 20 արոնդիսմանների խորհուրդներ։
PLM օրենքը սահմանափակում է Փարիզի քաղաքապետի լիազորությունները, քանի որ անվտանգության հարցերում նա պարտավոր է գործել ոստիկանության պրեֆեկտին վերապահված իրավասությունների շրջանակում։
20 արոնդիսմանների խորհուրդները (ֆրանսերեն՝ conseils d’arrondissement) իրենց գործունեությամբ նման են համայնքային խորհուրդներին (ֆրանսերեն՝ conseil municipalconseil municipal), սակայն ունեն շատ սահմանափակ լիազորություններ։ Դրանց անդամները ընտրվում են մունիցիպալ ընտրությունների ընթացքում՝ նույն կարգով, ինչ 3 500-ից ավելի բնակիչ ունեցող համայնքներում։
Յուրաքանչյուր արոնդիսմանի խորհուրդը կազմված է անդամների 2/3-ից, որոնք ընտրվում են հատուկ որպես արոնդիսմանի խորհրդականներ։ Մնացած անդամները Փարիզի խորհրդի անդամներն են, որոնք տվյալ արոնդիսմանը ներկայացնելով՝ միաժամանակ պաշտոնով (ex officio) ընդգրկված են նաև իրենց տեղական արոնդիսմանի խորհրդում։
Օրինակ՝ 19-րդ արոնդիսմանի խորհուրդը ունի 42 անդամ։ Նրանցից 28-ը արոնդիսմանի խորհրդականներ են, որոնք մասնակցում են միայն տվյալ արոնդիսմանի խորհրդի աշխատանքներին, իսկ 14-ը Փարիզի խորհրդի անդամներ են, որոնք մասնակցում են նաև քաղաքային խորհրդի նիստերին։ Ընտրություններից հետո անցկացվող առաջին նիստում յուրաքանչյուր արոնդիսմանի խորհուրդը ընտրում է իր քաղաքապետին[3]։
Յուրաքանչյուր արոնդիսման վարչականորեն բաժանված է չորս թաղամասի (quartiers)։ Այսպիսով, Փարիզում կա ընդհանուր առմամբ 80 վարչական թաղամաս, որոնցից յուրաքանչյուրում գործում է ոստիկանության բաժանմունք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1795 թվականի հոկտեմբերի 11-ին Փարիզը բաժանվեց տասներկու արոնդիսմանների։ Դրանք համարակալված էին արևմուտքից արևելք ուղղությամբ։ 1-9 համարներով արոնդիսմանները գտնվում էին Սեն գետի աջ ափին, իսկ 10-12 համարներով արոնդիսմանները՝ ձախ ափին։ Յուրաքանչյուր արոնդիսման բաժանված էր չորս թաղամասի (ֆրանսերեն՝ quartiers), որոնք համապատասխանում էին 1790 թվականին ստեղծված 48 նախնական վարչական շրջաններին։
1850-ականների վերջերին կայսր Նապոլեոն III-ը և Սենի պրեֆեկտ Բարոն Օսմանը մշակեցին ծրագիր՝ Փարիզի իրավասության մեջ ներառելու հարակից մի շարք համայնքներ։ 1859 թվականին խորհրդարանը ընդունեց անհրաժեշտ օրենքը, և ընդլայնումն ուժի մեջ մտավ օրենքի հրապարակումից հետո՝ 1859 թվականի նոյեմբերի 3-ին։ Քաղաքային հարկերը նոր թաղամասերի վրա տարածվեցին 1860 թվականի հուլիսին[4]։
Արդյունքում վերացվեցին նախկին 12 արոնդիսմանները, և ստեղծվեցին 20 նոր արոնդիսմաններ։ Պատմական աղբյուրներում, երբ անհրաժեշտ է տարբերակել երկու համակարգերը, սկզբնական արոնդիսմանները նշվում են ancienne («նախկին», «հին») հավելումով, օրինակ՝ 2ème ancienne կամ 7ème anc.։
Վերակազմավորումից առաջ միասին ապրող, բայց չամուսնացած զույգերի մասին կատակով ասում էին, թե նրանք «ամուսնացել են 13-րդ արոնդիսմանի քաղաքապետարանում» (ֆրանսերեն՝ se marier à la mairie du 13e arrondissement)՝ ակնարկելով, որ այդպիսի արոնդիսման գոյություն չուներ։ Երբ Օսմանը ներկայացրեց նոր սահմանների և համարակալման նախագիծը, Պասսիի բնակիչները բողոքեցին, քանի որ ըստ այդ նախագծի իրենք հայտնվում էին նոր 13-րդ արոնդիսմանում։ Պասսիի քաղաքապետ Ժան-Ֆրեդերիկ Պոսոզը առաջարկեց արոնդիսմանների պարույրաձև համարակալման համակարգ, որը սկսվում էր Սենի աջ ափից։ Այդ լուծման արդյունքում Պասսին դարձավ 16-րդ արոնդիսման, Լուվրի շրջանը՝ որտեղ գտնվում էին Տյուիլրիի պալատը և այլ կայսերական նստավայրեր, դարձավ 1-ին արոնդիսման, իսկ Գոբելենների շրջանը դարձավ 13-րդ արոնդիսման[5]։
2016 թվականի սկզբին Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն առաջարկեց, որ առաջին չորս արոնդիսմանների վարչությունները միավորվեն։ Փարիզի խորհուրդը այս առաջարկը հաստատեց 2016 թվականի փետրվարին։ Այդ չորս արոնդիսմանների ընդհանուր բնակչությունը կազմում էր մոտ 100 000 մարդ, իսկ 1-ին, 2-րդ, 4-րդ և 3-րդ արոնդիսմանները (այդ հերթականությամբ) Փարիզի ամենափոքրերն էին բնակչության թվով։ 2016 թվականի օգոստոսին հարցը քննարկվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում և վերջնականապես հաստատվեց 2017 թվականի փետրվարին[6][7]։
2018 թվականի հոկտեմբերին անցկացված փոստային հանրաքվեի արդյունքում որոշվեց, որ 3-րդ արոնդիսմանի մունիցիպալիտետը կդառնա նոր միավորված վարչության նստավայրը։ Ընտրվեց նաև հատվածի անվանումը՝ Paris Centre (Կենտրոնական Փարիզ)։ 2020 թվականի հունիսին՝ Փարիզի քաղաքային ընտրությունների երկրորդ փուլի հաջորդ օրը, բարեփոխումը ուժի մեջ մտավ։ Այդ պահից ի վեր չորս արոնդիսմանները ունեն միասնական քաղաքապետ և շրջանային խորհուրդ։ Արոնդիսմանները շարունակում են գոյություն ունենալ, սակայն այլևս չեն օգտագործվում որպես վարչական և ընտրական առանձին միավորներ[8][9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Diagrams of each arrondissement showing its quartiers administratifs». Paris.fr (ֆրանսերեն). 2005 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Pientka, Cheryl A.; Alexiou, Joseph (2007-03-26). Paris For Dummies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780470085844.
- ↑ «Map of Paris arrondissements». Paris Digest. 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Carmona, 2002, էջ 313–5
- ↑ Carmona, 2002, էջ 321–2
- ↑ Pientka, Cheryl A.; Alexiou, Joseph (2007-03-26). Paris For Dummies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780470085844.
- ↑ Paris redraws map as four arrondissements unite under new name from The Local France
- ↑ Pientka, Cheryl A.; Alexiou, Joseph (2007-03-26). Paris For Dummies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780470085844.
- ↑ Pientka, Cheryl A.; Alexiou, Joseph (2007-03-26). Paris For Dummies (անգլերեն). John Wiley & Sons. ISBN 9780470085844.