Փաստաթղթավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փաստաթղթավորում, տնտեսական գործառնության բովանդակություն բնութագրող տվյալների գրանցումը համապատասխան բլանկներում։ Փաստաթղթավորման միջոցով իրականացվում է հաշվապահական հաշվառման առարկայի ուսումնասիրություն և հետազոտություն, այսինքն՝ այն հանդիսանում է հաշվապահական հաշվառման մեթոդի տարր։ Փաստաթղթային հաշվառումը ֆինանսատնտեսական գործառնությունների բովանդակության, մասնակիցներին բնութագրող տվյալների և այլ վավերապայմանների գրանցումն է սկզբնական հաշվառման փաստաթղթերում[1]։

Փաստաթղթաշրջանառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթաշրջանառությունը կազմակերպությունում հաշվապահական հաշվառման բոլոր փաստաթղթերի շարժն է՝ սկսած ձեռքբերումից (սկզբնական հաշվառման փաստաթղթերի կազմումից և ստացումից) մինչև հաշվետվությունների կազմում և արխիվացում։ Կազմակերպությունում փաստաթղթավորման գործընթացը սկսվում է սկզբնական հաշվառման փաստաթղթերից։ Սկզբնական հաշվառման փաստաթղթերը արձանագրում են գործառնությունների կատարման փաստը։ Ներքին սկզբնական հաշվառման փաստաթղթերը ստացվում են մասնավորապես կազմակերպության ներքին կառուցվածքային ստորաբաժանումներից (օրինակ՝ աշխատավարձի վճարման տեղեկագիրը), կազմակերպության կառավարման մարմիններից (օրինակ՝ կարգադրությունը, տնօրենի հրամանը)։ Արտաքին սկզբնական հաշվառման փաստաթղթերը ստացվում են մասնավորապես մատակարարներից (օրինակ՝ հաշիվ վավերագիրը, ՀԴՄ կտրոնը), գնորդներից (օրինակ՝ դրամարկղային մուտքի օրդերի անդորրագիրը), այլ կրեդիտորներից (վարձակալական վճարների գծով կազմված ակտը)։

Նյութական պատասխանատուները և այլ անձինք ստացված սկզբնական հաշվառման փաստաթղթերը և դրանց հիման վրա կազմված հաշվետվությունները, տեղեկագրերը փաստաթղթաշրջանառության ժամանակացույցով սահմանված ժամկետներում և ստորագրված (ստորագրման իրավասությունները սահմանվում են ներքին իրավական ակտերով) հանձնում են հաշվապահությանը։ Հաշվապահությունը փաստաթղթերից ստացված տեղեկատվությունը մշակում է և հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում արձանագրում այն։ Այնուհետև դրանց հիման վրա կազմվում և օգտագործողներին են ներկայացվում հաշվետվություններ, հաշվարկներ (օրինակ՝ ֆինանսական, կառավարչական, վիճակագրական հաշվետվությունները և հաշվարկները)։

Վերջում փաստաթղթաշրջանառության ժամանակացույցով սահմանված ժամկետներում հաշվապահական հաշվառման փաստաթղթերը հանձնվում են արխիվ։

Փաստաթղթաշրջանառության ժամանակացույցը հնարավորություն է տալիս ժամանակին և պատշաճ ձևով կազմակերպել փաստաթղթավորումը, ինչպես նաև նպաստել հաշվառման աշխատանքների հեշտացմանը։ Այն կարող է ներկայացվել աղյուսակների, սխեմաների տեսքով կամ այլ կերպ։

Ժամանակացույցի մեջ սահմանվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի ցանկը, կազմման և հանձնման ժամկետները, կազմման աշխատանքների իրականացման տեղամասը, արխիվացումը, դրանց համար պատասխանատու անձինք և այլն։

Փաստաթղթերի դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստաթղթերի լրացումը, ուսումնասիրությունը և ճանաչումը հեշտացնելու նպատակով դրանք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների` ըստ նշանակման (կարգադրողական, կատարողական, հաշվապահական ձևակերպման, կոմբինացված), ըստ հաշվապահական գրանցումների կատարման (ժամանակագրական, սիստեմատիկ, կոմբինացված), ըստ կազմելու և օգտագործելու եղանակի (միանվագ, կուտակման) և այլն։

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերը դասակարգվում են նաև ըստ սկզբնական հաշվառման փաստաթղթերի, հաշվապահական հաշվառման գրանցամատյանների և հաշվետվությունների, հաշվարկների։

Փաստաթղթերի վավերապայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ունեն պարտադիր վավերապայմաններ։ Դրանք են`

  • փաստաթղթի անվանումը,
  • հերթական համարը,
  • կազմելու ամսաթիվը,
  • գործառնության մասնակիցների անվանումը (անուն-ազգանունը),
  • տնտեսական գործառնության բովանդակությունը,
  • տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ,
  • պատասխանատու անձանց պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը։

Սկզբնական հաշվառման փաստաթղթերում կարող են լինել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից։

Հաշվապահական հաշվառումը կարգավորող պետական մարմինը կարող է սահմանել սկզբնական հաշվառման փաստաթղթերի, ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևեր, իսկ կազմակերպությունը կարող է այն օգտագործել, ինչպես նաև պահպանելով օրենսդրությամբ սահմանված պարտադիր վավերապայմանները և պահանջները՝ դրանք սահմանել ինքնուրույն։

Վիճակագրական հաշվետվությունների և հաշվարկների ձևերն ունեն պարտադիր բնույթ։

Հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումները և հաստատումները կատարվում են ինչպես գրիչով, այնպես էլ էլեկտրոնային եղանակով։ Գրանցումները և հաստատումները պահպանվում են մինչև փաստաթղթերի արխիվացման ժամանակաշրջանի վերջը։

Սկզբնական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո։ Սկզբնական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք։

Սկզբնական հաշվառման փաստաթղթերի ստուգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական հաշվառման փաստաթղթերի ստուգումը սովորաբար իրականացվում է փաստաթղթաշրջանառության ժամանակացույցով սահմանված ժամկետներում՝ հետևյալ կերպ. ըստ ձևի, ըստ բովանդակության, թվաբանորեն և համեմատության միջոցով։

Ըստ ձևի սկզբնական հաշվառման փաստաթղթի ստուգումը նշանակում է ստուգել փաստաթղթի բոլոր վավերապայմանների ճշտությունը և ամբողջականությունը։

Ըստ բովանդակության սկզբնական հաշվառման փաստաթղթի ստուգումը նշանակում է ստուգել փաստաթղթավորված գործառնության օրինականությունը, դրանց համապատասխանությունը իրավական ակտերին, կնքված պայմանագրին, գնացուցակներին և այլն կամ էլ առանձին ցուցանիշների տրամաբանական կապը։

Թվաբանորեն սկզբնական հաշվառման փաստաթղթի ստուգումը նշանակում է ստուգել փաստաթղթում ակտիվի քանակի (ծավալի) և միավորի գնի արտադրյալը, ակտիվների գումարի հանրագումարը, դրանց նկատմամբ հարկային հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ հաշվարկված անուղղակի հարկերը, տրամադրված զեղչերը և այլն։

Համեմատության միջոցով ստուգումների իրականացման դեպքում ստուգումներ կարող են կատարվել տարբեր նյութական պատասխանատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համեմատությամբ, այլ կազմակերպությունների հետ փոխադարձ հաշվարկների ստուգմամբ և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թաթուլ Մովսիսյան «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)/-Եր., «ԹՄ Աուդիտ» ՓԲԸ, 2020, 552 էջ.