Փայտե գդալ (մրցանակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերջին «փայտե գդալի» դափնեկիրը դարձել է Քաթբերթ Լեմփրայր Հոլթհաուսը

Փայտե գդալ (անգլ.՝ wooden spoon), զվարճալի մրցանակ, որը շնորհվում է մրցույթում վերջին տեղը զբաղեցրած կամ նույնիսկ եզրափակչում պարտված մասնակցին (կամ թիմին)։ Նման մրցանակ կարող է շնորհվել ինչպես ակադեմիական միջավայրում, այնպես էլ սպորտային մրցումներում։ Մրցանակը տարածված է Բրիտանական համագործակցության երկրներում և ԱՄՆ-ում։

Քեմբրիջի համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդույթը սկիզբ է առնում 18-րդ դարից, իսկ նման մրցանակի մասին գրավոր վկայությունները թվագրվում են 1803-1909 թվականներին[1][2]։

Համարվում է, որ առաջին անգամ նման պարգև հորինել են Քեմբրիջի համալսարանում։ Դրան արժանացել են այն ուսանողները, որոնք մաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական տրիպոսում ցույց են տվել ամենացածր գնահատականը, բայց, այնուամենայնիվ, ավարտել են համալսարանը «կրտսեր Օպտիմա» աստիճանով (անգլ.՝ junior optime)[3][4]: Նման մրցույթի հաղթողն ինքն է ստացել «փայտե գդալ» մականունը[5], արդյունքում մրցանակը սկսել է համարվել ամոթալի հոմանիշ և ծաղրանքի առարկա դարձել բանաստեղծություններում[6]։

Գդալներն իսկապես պատրաստվում էին փայտից, իսկ դրանց երկարությունը հասնում էր 150 սմ-ի։ Ավանդույթի համաձայն՝ դրանք պատկերասրահից պարաններով իջեցվում էին հաղթողի առջև` փոխռեկտորի ներկայությամբ։ 1875 թվականին Քեմբրիջի համալսարանը այդ ավանդույթը հայտարարեց օրենքից դուրս[1][7]։ «Ավագ օպտիմի» (անգլ.՝ senior optime) և «բանավիճողի» (անգլ.՝ wrangler) աստիճաններով վատագույն արդյունքներ ցուցաբերած ուսանողները երբեմն ստանում էին համապատասխանաբար «արծաթե գդալ» և «ոսկե գդալ» տիտղոսները[5], իսկ քննության ժամանակ լավագույն գնահատականը ստացած ուսանողը՝ «ավագ բանավիճողի» աստիճան։ Այն ուսանողները, որոնք ավելի ցածր միավորներ էին հավաքում, քան «փայտե գդալի» դափնեկիրները, ստանում էին միայն ավարտական վկայական (անգլ.՝ Ordinary degree) և տարբեր անուններ՝ կախված դրանց թվից[6]:284: Այսպիսով, 1860-ական թվականներին 400 հոգուց մոտ 300-ը բավարար միավորներ չի հավաքել աստիճաններից մեկը ստանալու համար և հայտնի դարձել որպես «ընտրողներ» (անգլ.՝ poll men)[8]: 1910 թվականին արդյունքների հայտարարման կարգը փոխվել է. այսուհետև արդյունքները հայտարարվում էին այբբենական կարգով, այնպես որ անհնար էր միանգամից պարզել պարտվողի անունը[1]։

Վերջին մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին «փայտե գդալի» դափնեկիրը դարձել է Քաթբերթ Լեմփրայր Հոլթհաուսը (անգլ.՝ Cuthbert Lempriere Holthouse)՝ Լեդի Մարգարեթի անվան թիավարողների ակումբի մենակատարը Սենտ Ջոնս քոլեջից։ Մրցանակը հանձնվել է 1909 թվականին՝ պատկերասրահից իջեցնելով։ Բռնակը սրվել է թիակի նման, իսկ դրա վրա գրվել է հետևյալ բովանդակությամբ հունարեն էպիգրամա. «Սա վերջին փայտե գդալն է, որը շնորհվել է մաթեմատիկական տրիպոսում։ Նրանք, ովքեր այն կտեսնեն, թող լաց լինեն»։ Այժմ այն գտնվում է Սենտ Ջոնս քոլեջի տրամադրության տակ, մյուսը՝ Սելվին քոլեջի գրադարանում։ 2009 թվականի հունիսի 8-26-ը Սենտ Ջոնս քոլեջում տեղի է ունեցել պահպանված հինգ փայտե գդալների ցուցահանդես՝ Սենտ Ջոնս (վերջին, 1909), Սելվին (1906)[7], Էմմանուել (1889) և Կորպուս Կրիստի (1895, 1907)։ Այն նվիրված էր նման վերջին մրցանակի հանձնման պահի հարյուրամյակին[9]։ Եվս հինգ փայտե գդալ պահվում է մասնավոր հավաքածուներում[1]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեգբի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի չէ, թե ինչու է փայտե գդալը որպես մրցանակ օգտագործվել ռեգբիի մրցումներում։ Քեմբրիջի համալսարանի շատ շրջանավարտներ մասնակցում էին Ռեգբիի ազգերի գավաթի խաղարկությանը, որն այժմ ավելի հայտնի է որպես «Վեց ազգերի գավաթ»։ Ենթադրվում է, որ նրանք որոշել էին պահպանել փայտե գդալի հիշողությունը ռեգբիում, բայց նրանցից շատ ավելի վաղ՝ 1894 թվականին, «South Wales Daily Post»-ը առաջարկել է մրցաշարի վատագույն թիմին համանման ձևով շնորհել խորհրդանշական փայտե գդալ[10]։

Ավստրալիա և Նոր Զելադիա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փայտե գդալ» կոչումը շնորհվում է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ֆուտբոլի, ռեգբիի, ավստրալիական ֆուտբոլի և մարզական այլ առաջնություններում այն թիմին, որը մրցաշրջանի արդյունքներով վերջին տեղն է զբաղեցնում կանոնավոր առաջնությունում։ Այսպիսով, նման մրցանակ շնորհվում է Ավստրալիական ֆուտբոլի լիգայի, Ավստրալիայի ֆուտբոլի առաջնության (Էյ-լիգա), Ազգային ռեգբիի լիգայի, Սուպեր Ռեգբիի և Mitre 10 գավաթի ամենավատ թիմերին։ Ավստրալիական ֆուտբոլային լիգայում «Փայտե գդալների» թվով ռեկորդակիր է համարվում «Սենտ-Կիլդա» ակումբը, իսկ Ազգային ռեգբիի լիգայում՝ «Western Suburbs Magpies»-ը։

Նմանատիպ մրցանակ է տրվում նաև կրիկետում. 2011/2012-2013/2014 թվականների «Big Bash League» (Ավստրալիայի առաջնություն) մրցաշարում այն երեք անգամ անընդմեջ նվաճել է «Sydney Thunder» թիմը[11][12]՝ 2014/2015 թվականների մրցաշրջանում այդ «տիտղոսը» զիջելով «Brisbane Heat» թիմին, որը 8 թիմերի շարքում զբաղեցրել է վերջին տեղը[13]։

Թենիս[խմբագրել | խմբագրել կոդը]

Թենիսում նման մրցանակի հոմանիշը «անտիշլեմն» է։ Նվաճումը թենիսիստի համար իսկապես վատագույն դեպքն է։ Նման «մրցանակի» դափնեկիր դառնալու համար թենիսիստը պետք է պարտվի առաջին իսկ ռաունդում, նրա հակառակորդը անպայման պետք է պարտվի երկրորդ շրջանում կայանալիք հաջորդ խաղը, իսկ երկրորդ շրջանում հակառակորդի հաղթողը պետք է պարտվի երրորդ շրջանում և այդպես այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հակառակորդների հաղթողը չի պարտվել եզրափակչում[14][15]։ Ժամանակին նման ոչ նախանձելի ճակատագրի են արժանացել Գորան Իվանիշևիչը (Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն 1995), Մարի Պիրսը (Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն 2002), Մարատ Սաֆինը (ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնություն, 2004), Կարոլին Վոզնյացկին (Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն 2007), Անա Իվանովիչը (Ուիմբլդոնի մրցաշար 2010) և Ռաֆայել Նադալը (Ավստրալիայի թենիսի բաց առաջնություն 2016)[16][17]։

Ֆուտբոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

MLS-ի առաջնությունում թիմը, որը վերջին տեղն Է զբաղեցրել կանոնավոր առաջնությունում, ստանում է «փայտե գդալի չեմպիոն» տիտղոսը[18], սակայն, ի տարբերություն այլ մարզաձևերի, ստանում է իրական մրցանակ։ 2016 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ Անկախ հովանավորների խորհուրդը որոշել է հատուկ մրցանակ ստեղծել կանոնավոր առաջնությունում վերջին տեղը զբաղեցրած թիմի համար՝ Supporters’ Shield մրցանակի նմանությամբ[19]։ Գավաթը փոխանցումային է, և դրա դափնեկիրները պետք է այն պահպանեն ամբողջ հաջորդ մրցաշրջանում։ Յուրաքանչյուր կանոնավոր մրցաշրջանի վերջում թիմը պետք է որոշի, թե ինչ է անելու գավաթը[19]։ 2015 թվականին առաջին փայտե գդալը ստացել է «Chicago Fire» ակումբը, և նրա երկրպագուները ստանձնել են այդպիսի առաջին գդալ ստեղծելու պատասխանատվությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Jonathan Holmes (1998). «Queens' College Cambridge: 'A Queens' Wooden Spoon'». Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
  2. «University of Cambridge Exhibitions: "In honours mathematical, the very last of all: Cambridge Wooden Spoons"». 2009 թ․ մայիսի 27. Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.(չաշխատող հղում)
  3. Grose, Francis Dictionary of the Vulgar Tongue. — 1811. — С. Entry: "Wranglers".
  4. The Wooden Spoon: Rank (dis)order in Cambridge 1753–1909 // The History of Universities XXVI/1 / Feingold, Mordecai. — 2012.
  5. 5,0 5,1 A Brace of Cantabs. (pseudonym) Gradus ad Cantabrigiam. — J. Hearne, 1824.
  6. 6,0 6,1 Socius The Cambridge Tart. — London: Smith, 1823. — С. 98.
  7. 7,0 7,1 Stephen J. Cowley. «Cambridge Mathematical Tripos: Wooden Spoons». Վերցված է 2009 թ․ հուլիսի 27-ին.
  8. Galton, Francis Hereditary Genius-An Enquiry into its Laws and Consequences. — 1869. — С. 17.
  9. http://www.joh.cam.ac.uk/cms_misc/media/library/spoonsbooklet.pdf(չաշխատող հղում)
  10. Godwin, Terry The International Rugby Championship 1883–1893. — Willow Books, 1984. — ISBN 0-00-218060-X
  11. Jacques Kallis targeted to help Sydney Thunder rumble in the Big Bash League, Sydney Morning Herald, 1 April 2014
  12. Big Bash League 2012-13: From blunder to Thunder, ESPN Cricinfo, 11 April 2013
  13. Dorries, Ben (2015 թ․ հունվարի 21). «Andrew Flintoff declares Brisbane Heat's underperforming players to blame for wooden spoon campaign». The Courier Mail. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  14. «mikero.com - The tennis anti-grand slam». www.mikero.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  15. «Wooden-Spoon Theory». www.geocities.ws. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  16. «Fifth time unlucky for Murray as Djokovic continues Australian Open dominance». The Roar. 2016 թ․ փետրվարի 1. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  17. Bednall, Jai (2016 թ․ փետրվարի 1). «Rafael Nadal wins Australian Open 'wooden spoon'». news.com.au. Վերցված է 2016 թ․ փետրվարի 1-ին.
  18. «Jobs, playoffs, wooden spoons and a Shield: What's at stake in MLS Week 30». 2016 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.
  19. 19,0 19,1 «ISC Creates Wooden Spoon Award - Independent Supporters Council». independentsupporterscouncil.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Japanese Students at Cambridge University in the Meiji Era, 1868—1912: Pioneers for the Modernization of Japan [1], by Noboru Koyama, translated by Ian Ruxton, (Lulu Press, September 2004, 1-4116-1256-6). This book contains detailed information regarding the Cambridge wooden spoon.