Jump to content

Փակասեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փակասեղ

Փակասեղ, առարկա՝ սովորաբար պատրաստված մետաղից, նախատեսված ինչ-որ բան ամրացնելու, կպցնելու կամ փակցնելու համար։ Ներառում է պարզ զսպանակային մեխանիզմ և փական։ Փականը ձևավորում է փակ օղակ, որը հնարավորություն է տալիս փակասեղն անվտանգ ամրացնել այն նյութին, որի վրա այն կցվում է[1]։ Բացի այդ, փակասեղը որպես սանրվածքի կամ հագուստի դեկորատիվ տարր համարվում է զարդերի ամենահին տեսակներից մեկը։ Դրանք լայնորեն կիրառվում են նաև կտորից պատրաստված մանկական տակդիրները կամ ժամանակակից գոտկատեղային հագուստները ամրացնելու համար[2]։

Անցյալում առաջին փակասեղները հավանաբար ծառայում էին բույսերի փշերն ու կեռիկները։ Պալեոլիթի դարաշրջանի նախամարդիկ փակասեղներ էին պատրաստում ոսկրերից և խեցիներից, իսկ որոշ ժողովուրդներ և սոցիալական խմբեր նման իրեր պատրաստում են նույնիսկ XXI դարում։

Էտրուսկյան՝ ֆիբուլա, օձաձև տեսակ, բրոնզ

Առաջին մետաղական փակասեղները հայտնվել են բրոնզե դարում։ Դեկորատիվ այդ իրերի օգտագործումը հագուստի և սանրվածքների զարդարման համար բնորոշ էր Հին Արևելքի, Եգիպտոսի և Միջագետքի մշակույթներին մ.թ.ա. 3-2 հազարամյակներում։ Եվրոպայում երկաթե գնդիկավոր փակասեղներ հայտնի են Հալշտատյան հնագիտական մշակույթի ժամանակներից։ Փակասեղները հիմնականում պատրաստվում էին ոսկուց, արծաթից կամ պղնձից։ Դրանք կարևոր հնագիտական գտածոներ են, քանի որ սովորաբար զարդարված են տվյալ մշակույթին հատուկ նախշերով, ինչը թույլ է տալիս դրանք ճանաչել և դասակարգել։ Օրինակ, մ.թ.ա. 1-ին հազարամյակի իրանական հարթ գլխիկներով բրոնզե փակասեղներում կան մարդկային կերպարներ, կենդանիներին բնորոշ զարդանախշեր։ Խեթական՝ խեթեր (անգլ.՝ Hittites), ոսկե փակասեղը, որ նման է օպիումի կակաչի հատիկարկղին, թվագրվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի կեսերին, ենթադրվում է, որ այդ ժամանակ արդեն խեթերին հայտնի էր օպիումային կակաչը[3]։

Արծաթե փակասեղ՝ կապույտ տոպազով։ Ոսկերիչ՝Մաուրո Կատեբի

Ոսկուց պատրաստված փակասեղները հայտնի էին նաև էտրուսկներին և հետագայում՝ հռոմեացիներին։ Հնագույն այդ առարկաները զարդարվում էին մարգարիտներով, թանկարժեք քարերով, շղթաներով և ուլունքապատ կախազարդերով։ Հռոմեական կայսրության փլուզումից հետո թանկարժեք փակասեղները պատրաստվում էին «բարբարոս» արհեստավորների օրինակ՝ ֆրանկների կողմից։ Թանկարժեք հերակալներն ու փակասեղները հնուց օգտագործել են չինացի կանայք՝ սանրվածքները զարդարելու համար։ Դերձակների փակասեղները հայտնվեցին այն ժամանակ, երբ առաջացավ բարդ կառուցվածքով, կոնկրետ մարդու կազմվածքին համապատասխան հագուստ կարելու անհրաժեշտություն։ XV դարում հայտնվեցին փակասեղներ, որոնք սրածայր էին՝ մի ծայրը ծալված օղակի ձևով։ Սակայն երկար ժամանակ դեկորատիվ այդ առարկաները գերակշռում էին կարուձևի համար նախատեսած փակասեղներից, ինչի հետևանքով վերջինների պակաս էր առաջանում։ Անգլիայի թագավոր Հենրիխ VIII-ի օրոք ընդունվեց օրենք, որով արգելվում էր փակասեղների վաճառքը բոլոր օրերին։ Սահմանվեց հատուկ օրեր դրանց վաճառքի համար։ Այս օրենքը նախատեսված էր փակասեղների պակասը լուծելու համար, սակայն այն միայն վատթարացրեց իրավիճակը և մի քանի տարի անց այդ օրենքը չեղարկվեց։ 1590 թվականին Լոնդոնում Գերմանիայից հրավիրված Գոդֆրի Բաքսը առաջինն էր, որ կառուցեց մետաղալարե գործարան՝ քորոցներ և ասեղներ պատրաստելու համար: 18-րդ դարում սկսեցին հայտնվել կարի քորոցների զանգվածային արտադրության մեքենաներ: Օրինակ՝ Ջոն Հոուի կողմից արտոնագրված մեքենան հնարավորություն տվեց օրական արտադրել 60,000 քորոց: 19-րդ դարի կեսերին հորինվեց քորոցի նոր տեսակ՝ այսպես կոչված «անվտանգ քորոցը» կամ փակասեղը:

Կարի քորոցներին զուգահեռ, շարունակում են գոյություն ունենալ նաև զարդաքորոցներ: 19-րդ դարում տղամարդիկ սկսեցին կրել փողկապներ, որոնք ամրացված էին հատուկ դեկորատիվ քորոցներով, իսկ կանայք՝ ձեռք բերեցին նմանատիպ, բայց ավելի երկար քորոցներ, նախատեսված գլխարկների համար:

Փակասեղը՝ (անգլ.՝ Safety pin), հագուստ ամրացնելու հին միջոցներից մեկը, Հիքսոսների (անգլ.՝ Hyksos) կողմից է բերվել Պաղեստին։ Հիքսոսները ըստ ժամանակակից եգիպտագիտության, Եգիպտոսի Տասնչորսերորդ դինաստիայի թագավորներն էին[4]։ Նրանց իշխանության կենտրոնը Նեղոսի դելտայում գտնվող Ավարիս քաղաքն էր, որտեղից նրանք կառավարում էին Ստորին Եգիպտոսը և Միջին Եգիպտոսը՝ մինչև Կուսա քաղաքը։ Փակասեղը բնութագրվում էր մեկ ծայրում գտնվող օղակով։ Հավանաբար այդ օղակը ծառայում էր փակասեղի մեկ ծայրը հագուստի որևէ հատվածին ամրացնելու համար, իսկ մյուս սուր ծայրը խրվում էր հագուստի այլ հատվածի մեջ՝ այն ամրացնելու նպատակով[5]։

Էտրուսկյան՝ ֆիբուլա՝ բրոնզ։

Ճարմանդի կամ բրոշի տեսակ համարվող ֆիբուլաները (անգլ.՝ fibula), ստեղծվել են Միկենյան մշակույթի շրջանում Հունաստանի Պելոպոնեսում մ.թ.ա. 14-13-րդ դարերում և համարվում է անվտանգ առարկա հանդիսացող փակասեղի վաղ նախատիպը։ Ֆիբուլաներ օգտագործում էին և՛ հույն կանայք, և՛ տղամարդիկ՝ թյունիկաները ամրացնելու համար։ Թունիկան (տունիկա) — դա հին ժամանակների հին, թեթև, սովորաբար ազատ կարված վերնազգեստ է, որը կրում էին և՛ կանայք, և՛ տղամարդիկ, հաճախ մինչև ազդր կամ ավելի երկար։ Այն հիմնականում մի պարզ կտորից է կազմված, ազատ թափվում է դեպի ցած[6]։

Փակասեղի գյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի մեխանիկ Ուոլթեր Հանթը համարվում է ժամանակակից անվտանգ փակասեղի գյուտարար։ Ուոլթեր Հանթը Նյու Յորք քաղաքից ներկայացնում է իր գյուտը՝ նոր և օգտակար բարելավում անելով հագուստի համար նախատեսված քորոցների (անգլ.՝ dress-pins) ձևավորման մեջ[7]: Այս գյուտի առանձնահատկությունը կայանում է մեկ մետաղալարից պատրաստված փակասեղում, որը միավորում է զսպանակային մեխանիզմ (անգլ.՝ spring) և փական (անգլ.՝ clasp/catch): Փականը ապահովում է, որ ասեղի սուր մասը լինի փակված և ապահով՝ իր զսպանակի ուժի շնորհիվ։ Նրա պատրաստած քորոցն ուներ փական, որը ծածկում էր սուր ծայրը և թույլ չէր տալիս, որ այն ինքնուրույն բացվի։ Ճկման մասում առկա էր նաև կլոր ոլորք, որն աշխատում էր որպես զսպանակ և պահում էր այն ամուր փակված վիճակում[8][9]։

Հանթն այս հայտնագործությունը կատարել է՝ վճարելու համար ընկերոջը ունեցած 15 դոլար պարտքը։ Նա օգտագործեց մոտ 8 դյույմ (200 մմ) երկարությամբ պղնձե մետաղալար և լարի կենտրոնում արեց օղակ, որպեսզի այն բացվի, երբ ազատ լինի։ Լարի մյուս ծայրում տեղադրված փականը առարկան առավել անվտանգ է դարձնում։

Ուոլթեր Հանթ
Ուոլթեր Հանթի 1849 թվականի անվտանգության ասեղի արտոնագիրը, ԱՄՆ արտոնագիր №6,281

1849 թվականի ապրիլի 10-ին Հանթին շնորհվել է ԱՄՆ 6,281 համարով արտոնագիր[10]։ Նույն թվականին նա արտոնագիրը վաճառել է (անգլ.՝ W.R. Grace and Company) ընկերությանը 400 դոլարով (2024 թվականի կալվածքով մոտ 15,000 դոլար)[11]։ Ձեռք բերված գումարով Հանթը վճարել է ընկերոջ 15 դոլար պարտքը, իսկ մնացած 385 դոլարը պահել է իրեն[12][13]։ Հետագա տարիներին (անգլ.՝ W.R. Grace and Company) ընկերությունը միլիոնավոր դոլարների շահույթ է ստացել նրա հայտնագործությունից[14]։

Կախված կատարված աշխատանքի տեսակից փակասեղները լինում են՝

  • Կարի կամ դերձակի, օգտագործվում են դերձակների կողմից՝ տարբեր գործվածքներից և կաշվից իրեր պատրաստելիս։ Առարկայի ծայրը սուր է, որպեսզի հեշտ անցնի գործվածքի միջով։ Փակասեղի գլխիկները լինում են՝ օղակաձև, Տ-աձև կամ հարթ։ Հիմնականում դրանք ամբողջությամբ պատրաստված են մետաղից և չունեն զարդարանքի նշանակություն[15]։
  • Կորսաժի, որոնց գլխիկը ունի շրջանակաձև զարդարանք՝ պլաստմասսե տարագույն գնդիկներով։ Ունեն նաև զարդարական գործառույթ։ Օգտագործվում են նվերների փաթեթավորման, աքսեսուարների պատրաստման ընթացքում (օրինակ՝ ժապավենների, խողովակների ամրակցման համար), ինչպես նաև ֆլորիստիկայում՝ ծաղկեփնջերի ձևավորման ժամանակ[16]։
  • Անգլիական, սուր ծայրն ունի «փական»՝ անվտանգություն ապահովելու համար։ Այն հաճախ կոչվում է նաև «անվտանգության բուլավկա», քանի որ նման կառուցվածքը պաշտպանում է պատահական խոցումից։ Ժամանակակից տեսքով «անգլիական բուլավկան» հայտնվել է 1849 թվականին։ Օգտագործվում է տարբեր նպատակներով, այդ թվում՝ որպես զարդարանք։ Դրա համար փակասեղի վրա շարում են ուլունքներ և փոքր կախազարդեր։
  • Փողկապի, սովորաբար տղամարդկանց հագուստի մաս հանդիսացող զարդարանք է, նախատեսված՝ փողկապը հագուստին ամրացնելու համար։ Այն լայն տարածում ուներ հիմնականում XIX—XX դարերի սկզբին։ Փակասեղի զարդարական գլխիկը պատրաստված էր տարբեր նյութերից, այդ թվում՝ ազնիվ մետաղներից, թանկարժեք քարերից և մարգարիտներից։ Փողկապի փակասեղի ծայրին հաճախ կար հատուկ ամրացում, որը պաշտպանում էր փողկապն ընկնելուց։
Դերձակի կամ կարի համար օգտագործվող ասեղներ
  • Գլխարկի, զարդ, որը ամրացնում էր գլխարկը սանրվածքին կամ դրա դեկորատիվ տարրերին։ Հիմնականում մոդայում էր 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին։ Տարբերում է զգեստի փակասեղից երկարությամբ և ավելի շքեղ ձևով՝ պատրաստված թանկարժեք նյութերից։
  • Հերակալ կամ մազակալ, նախատեսված մազերի զարդարման և սանրվածքի ձևավորման համար։ Հանդիսանում են զարդերի ամենահին տեսակներից։ Այսօր ժողովրդականություն են վայելում մազակալները՝ «անտեսանելի»՝ սեղմակի տեսքով, որոնք ամրացնում են մազափնջերը։
  • Գրասենյակային ամրակ, որն օգտագործվում է որևէ բան, հաճախ՝ թուղթ կամ գործվածք՝ պինդ մակերեսին ամրացնելու համար։ Ունի կարճ երկարություն և լայն կամ ձգված հարթ գլուխ։
  • Էնտոմոլոգիական, հատուկ երկար ասեղով և փոքր գլխով առարկաներ են՝ միջատների հավաքածուներում ամրացման աշխատանքներ իրականացնելու համար։
Գրասենյակային օգտագործման ասեղներ

Բժշկական տեսանկյունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոկորդաբան, բժիշկ Շևալյե Ջեքսոնը հատուկ գործիքներ է ստեղծել կուլ տված սրածայր իրերը հեռացնելու համար։ Քանի որ փոքր երեխաները հաճախ էին դրանք կուլ տալիս, իսկ բացված վիճակում այդ ասեղները կարող էին վտանգավոր կերպով խրվել նրանց կոկորդում[17]։ Ջեքսոնը դրանք անվանելով «վտանգավոր ասեղներ», երբեմն ցուցադրում էր իր հավաքածուները որպես զգուշացում։ Փակասեղներ կուլ տալը մինչ այժմ էլ որոշ երկրներում տարածված խնդիր է[18]։

Մշակույթի տեսանկյունից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանկ ռոքի առաջացման տարիներին՝ 1970-ականների վերջում փակասեղները սկսեցին կապվել այդ ժանրի, նրա հետևորդների և նորաձևությունների հետ[19]։ Որոշների պնդմամբ՝ այդ ոճը սկզբում վերցվել էր Ռիչարդ Հելից, ում բրիտանացի պանկերը տեսել էր լուսանկարներում և ընդունել նրա ոճը[20][21]։ Սակայն այս տեսակետը վիճարկվում է բրիտանական պանկի առաջին ալիքի մի շարք արվեստագետների կողմից։ Ջոնի Ռոթենի պնդմամբ փակասեղները սկզբում օգտագործվել են ավելի գործնական նպատակներով, օրինակ՝ «երբ շալվարի նստատեղի կարն էր պոկվում»։ Բրիտանացի պանկերի երկրպագուները, տեսնելով նման ոճ կրող իրենց նախորդներին, փակասեղներ են ներառել իրենց հագուստի մեջ՝ որպես զարդարանք կամ անցքեր անելու միջոց, և ասեղների նպատակը փոխվել է՝ գործնականից դառնալով նորաձևության տարր։ Արդյունքում փակասեղը դարձավ պանկ ռոքի հետ ասոցացվող պատկեր, ինչպես մեդիայի, այնպես էլ հանրային մշակույթի մեջ[22]։

Փակասեղներով պահվող Պանկ ոճի հագուստ

2016 թվականին Մեծ Բրիտանիայում Բրեքսիթ Brexit հանրաքվեից հետո հագուստի վրա բացահայտ կրած փակասեղները դարձան համերաշխության խորհրդանիշ՝ ուղղված ռասիստական և քսենոֆոբական խոսքի ու բռնության զոհերին[23]։ Նույն տարվա վերջում այդ խորհրդանիշը տարածվեց նաև ԱՄՆ-ում՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։ Փակասեղ կրելը Բրեքսիթից հետո կամ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո դառնում էր մի ձև, որով մարդիկ ասում էին.

Ես ձեր կողքին եմ,

բայց քննադատողները նշում էին, որ եթե դա չի ուղեկցվում կոնկրետ քայլերով (օրինակ՝ կամավոր աշխատանք, դրամահավաք, աջակցություն զոհերին, քաղաքական գործունեություն), ապա այն մնում է միայն արտաքին ժեստ և չի լուծում խնդիրը։ Որոշ մեկնաբաններ և ակտիվիստներ քննադատեցին անվտանգության ասեղ կրելը՝ անվանելով այն «ծուլակտիվիզմ» (անգլ.՝ slacktivism), մինչդեռ մյուսները պնդում էին, որ այն կարող է արդյունավետ լինել, երբ ուղեկցվում է ավելի հստակ և գործնական քաղաքական քայլերով[24]։

Ամետիստով զարդարված կախազարդ փակասեղ

Ըստ ավանդույթի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փակասեղները կամ դրանց տեսակներին պատկանող մի շարք իրեր որոշ մշակույթներում և ավանդույթներում ունեն հատուկ նշանակություն։ Հնդկաստանում ասեղները պահվում են սերունդներով և փոխանցվում դուստրերին։ Ուկրաինայում դրանք օգտագործվում են՝ որպես չար ոգիներից պաշտպանվելու միջոց, երբ ամրացվում են երեխաների հագուստին։ Այլ երկրներում դրանք համարվում է բարիքի կամ բախտի խորհրդանիշ[25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Safety Pin facts, information, pictures | Encyclopedia.com articles about Safety Pin». www.encyclopedia.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  2. Türkyilmaz Z, Karabulut R, Sönmez K, Basaklar AC, Kale N (2007). «A new method for the removal of safety pins ingested by children» (PDF). Annals of the Academy of Medicine, Singapore. 36 (3): 206–7. doi:10.47102/annals-acadmedsg.V36N3p206. PMID 17450267. S2CID 971272.
  3. Хеттская золотая булавка Արխիվացված է Հունվար 20, 2021 Wayback Machine-ի միջոցով: на сайте музея Метрополитен
  4. Petrie, Flinders (1934). Ancient Gaza. Vol. 2. London: British School of Archeology in Egypt. էջ 16. OCLC 3698804. Վերցված է 2025 թ․ փետրվարի 2-ին.
  5. Prell, Silvia (2020). «Hard to Pin down – Clothing Pins in the Eastern Delta of Egypt and Their Diffusion in the Middle Bronze Age». Ägypten und Levante / Egypt and the Levant. 30: 495–533, 495. doi:10.1553/AEundL30s495. ISSN 1015-5104. JSTOR 27045098. «The term 'toggle pin', introduced by Petrie, is a little misleading as already Henschel-Simon remarked. Actually, they are maybe better simply termed clothing pins, in this case characterized by an eyelet shank. This eyelet most likely served to affix the pin to the clothing in order to secure it.» See also the illustrations on p. 496.
  6. «Brooches and Pins | LoveToKnow». LoveToKnow (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 6-ին.
  7. «Walter Hunt». National Inventors Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 14-ին.
  8. https://www.smithsonianmag.com/arts-culture/the-safety-pin-a-brief-history-180963821/
  9. https://patents.google.com/patent/US6281A/en
  10. «Walter Hunt». United States Patent and Trademark Office.
  11. «Charles Rowley». Charles Rowley. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. «LILEKS (James)։ The Bleat 2017 TUESDAY». lileks.com. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  13. Akcigit, Ufuk; Celik, Murat Alp; Greenwood, Jeremy (2016). «Buy, Keep, or Sell: Economic Growth and the Market for Ideas» (PDF). Econometrica. 84 (3): 943–984. doi:10.3982/ECTA12144.
  14. Caballar, Rina. «Three Millennia of Safety Pins». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  15. «Портновские булавки». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  16. «Виды булавок». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 2-ին.
  17. Schaffer, Amanda (2011 թ․ հունվարի 10). «Down the Hatch and Straight into Medical History». The New York Times. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 7-ին.
  18. Türkyilmaz Z, Karabulut R, Sönmez K, Basaklar AC, Kale N (2007). «A new method for the removal of safety pins ingested by children» (PDF). Annals of the Academy of Medicine, Singapore. 36 (3): 206–7. doi:10.47102/annals-acadmedsg.V36N3p206. PMID 17450267. S2CID 971272.
  19. Punks: A Guide to an American Subculture, p53, Sharon M. Hannon, ABC-CLIO, 2010
  20. Finney, Ross, A Blank Generation: Richard Hell and American Punk Rock. University of Notre Dame, Department of American Studies. p. 40
  21. Inside the Met's New Exhibit, 'Punk: Chaos to Couture'. Rolling Stone, May 7, 2013.
  22. Young, Sarah, The safety pin returns as punk becomes more relevant than ever. The Independent, October 17, 2016.
  23. The humble safety pin makes an anti-racism point, BBC.COM June 16, 2016
  24. Abad-Santos, Alex, The backlash over safety pins and allies, explained, Vox, November 17, 2016.
  25. Caballar, Rina. «Three Millennia of Safety Pins». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.