Jump to content

Ցույցեր Իրանում (2017-2018)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակակառավարական ցույցեր Իրանում
պարս.՝ تظاهرات ۱۳۹۶ ایران
ԵրկիրԻրան Իրան
Ամսաթիվ2017 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2018 թվականի հունվարի 13
Պատճառսոցիալ-տնտեսական՝
    • ցածր կենսամակարդակ,
    • կոռուպցիա,
    • գործազրկություն,
    • ԱՄՀ կողմից կիրառված սանկցիաներ,
    • ռազմական խոշոր ծախսեր (Սիրիա, Իրաք, Եմեն, Լիբանան;

քաղաքական՝

    • ավտորիտար բռնատիրական ռեժիմ,
    • հիջաբի կրման պարտադիր պայման,
    • կանանց իրավունքների խախտումներ,
    • քաղաքական բռնաճնշումներ
Կազմակերպիչ
Կողմեր
  • Իրանի կառավարություն
  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
Զոհեր21[1] (12[2][3][4][5])
Վիրավորներ100+
Ձերբակալվածներ500+[6][7]


Հակակառավարական ցույցեր Իրանում (պարս.՝ تظاهرات ۱۳۹۶ ایران), հակակառավարական ցույցերի շարք Իրանի խոշոր քաղաքներում, որը սկսվել էր 2017 թվականի դեկտեմբերի 28-ի գիշերը[2][8] և շարունակվել մինչև 2018 թվականի հունվարի կեսերը։ Ցույցերում ներգրավված քաղաքների թվում են՝ Թեհրանը, Մաշհադը, Սպահանը և Ռեշտը[3][5]։ Երկրի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում `Թեհրանում բողոքի ցույցերն ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով և պետական հաստատությունների վրա հարձակումներով[2]։ Նախնական տվյալներով՝ ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 12-ի[4][5], մի քանի հոգի վիրավորվել են[2][3][9]։ Երկրի իշխանություններից ցուցարարները պահանջում են հաղթահարել աղքատությունը, ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել ոստիկանության կամայականությունները և դադարեցնել մասնակցությունը Եմենում, Սիրիայում և Իրաքում ընթացող հակամարտություններին[8]։ Ուժային կառույցները օգտագործել են ջրաշիթեր և տասնյակ ակտիվիստների են ձերբակալել[8]։

Այս ցույցերը իրենց մասշտաբներով ամենախոշորն են՝ 2009 թվականին տեղի ունեցած ցույցերից հետո։ 2009 թվականին ցուցարարները բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքները։ Վերջինս հայտնի է նաև «Կանաչ հեղափոխություն» անվամբ[10]։

Սկզբնապես ցույցերը ուղղված էին ծանր տնտեսական իրավիճակի և կոռուպցիայի դեմ բողոքներին, սակայն աստիճանաբար քաղաքական երանգներ ստացան[4]։ Ցուցարարները բղավել են կարգախոսներ, որոնք ուղղված են եղել ոչ միայն նախագահ Ռոհանիի, այլև Ալի Խամենեի դեմ։ Ցուցարարները բողոքում էին նաև Իրանում առկա բռնատիրական ռեժիմի դեմ։ Ցույցերը տեղի են ունեցել նաև Իրանի հոգևոր Ղոմ քաղաքում, որտեղ բնակվում են բարձրաստիճան հոգևորականները։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել հայրենակիցներին հանգստություն պահպանել[4]։

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի առաջին ցույցերը սկսվել են 2017 թվականի դեկտեմբերի 28-ին Իրանի հյուսիս-արևելքում գտնվող Մաշհադ քաղաքում։ Հաջորդ օրը ցույցեր են սկսվել ամենաքիչը վեց այլ քաղաքներում։ Որոշ քաղաքներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։ Որոշ ցուցարարներ սկսել են բղավել քաղաքական լոզունգներ՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունները և ծեծը։

  • Դեկտեմբերի 28 - Մի քանի հազար ցուցարարներ են մասնակցում Մաշհադում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։ Վերջինս բնակչությամբ երկրորդ քաղաքն է Իրանում։ Մի քանի հարյուր մարդ էլ բողոքի է դուրս եկել մայրաքաղաք Թեհրանում։ Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել նաև Նիշապուրում, Քաշմարում, Յազդում և Շահրուդում[11]։ Ցույցերը նախապես կազմակերպվել են սոցիալական տարբերի ցանցերի միջոցով՝ հաղորդագրություններ ուղարկելով խմբերի անդամներին։ Ցուցարարները բղավել են «մահ Հասան Ռոհանիին»՝ բողոքելով գնաճի դեմ[11][12][13][14][15]։
  • Դեկտեմբերի 29 - Բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունենում նաև Ռաշթ և Քերմանշահ քաղաքներում։ Ավելի փոքր ծավալներով ցույցեր են տեղի ունեցել Շիրազում, Սպահանում և Համադանում։ Ցուցարարները սկզբում պահանջում էին իջեցնել գները։ Գնաճի դեմ բողոքի պատճառներից մեկը հավի ձվի թանկացումն էր։ Մեկ շաբաթվա ընթացքում ձուն թանկացել էր երկու անգամ։ Այնուհետև հայտնվել են նաև քաղաքական պահանջներ՝ ազատել քաղբանտարկյալներին, վերջ դնել ոստիկանության անսանձ գործողություններին։ Բացի այդ, ցուցարարները բողոքում են արտաքին ագրեսիվ քաղաքականությունից՝ բղավելով «Ոչ Գազան, ոչ Լիբանանը, իմ կյանքը Իրանն է»[16]։
  • Դեկտեմբերի 30 - Բողոքի ցույցերը տարածվում են ողջ Թեհրանով։ Մարդիկ հավաքվել են Հեղափոխության հրապարակում և Թեհրանի համալսարանի մոտ։ Բողոքի ցույցերը շարունակվել են նաև Քերմանշահում։ Շահրեքորդում ոստիկանությունը ցրել է ցույցերը[17]։
  • Դեկտեմբերի 30 - Իրանի իշխանությունները սկսում են մասնակի արգելափակել ինտերնետը[18], ինչպես նաև արգելափակում են Telegram մեսենջերը և Instagram ծառայությունը[2][19], որոնք, ըստ իշխանությունների, օգտագործվել էին բողոքի ցույցը համակարգելու համար[20]։
  • Դեկտեմբերի 31 - Իշխանությունները հաղորդում են, որ Դորուդ քաղաքում ցույցերի ժամանակ սպանվել են երկու մարդ՝ նշելով, որ «անվտանգության ուժերը ցուցարարների ուղղությամբ կրակ չեն բացել»[3][5]։ Թե որ կողմն է կրակ բացել ցուցարարների դեմ, դեռևս հայտնի չէ[21]։

Ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել տապալված Փեհլևիների դինաստիայի ներկայացուցիչները՝ կայսրուհի Ֆարահը[22] և նրա ժառանգը՝ Ռեզա Կյուրոս Փեհլևին[23][24]։

  • Հունվարի 1
    • Իրանի խորհրդարանի Իզեհի շրջանի պատգամավոր Հեդայաթոլլահ Խադեմին հաղորդում է, որ Իզեհ քաղաքի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի կապված տնտեսական խնդիրների հետ, որի հետևանքով, զոհվել է երկու հոգի, մի քանիսն էլ վիրավորվել են[3]։ Նրա տեղեկություններով պարզ չէ թե ով է կրակել՝ ցուցարարները թե իրավապահները[3]։
    • Սպահանի նահանգի Նաջեֆաբադ քաղաքում ցուցարարը որսորդական հրացանից ոստիկանության աշխատակիցների վրա կրակ է բացում և սպանում ոստիկանի, ևս երեք ոստիկան վիրավորվում են[25][26]։
    • Իրանի հաղորդակցության և կապի նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմին իր թվիթերյան էջում հայտարարում է, որ սոցիալական ցանցերը ժամանակավոր են արգելափակվել[27]։
    • Իրանի Իսլամական Հանրապետության ձայն պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած խռովությունների հետևանքով 12 մարդ է զոհվել։ Համաձայն տեղեկության՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան անվտանգության ուժերի հետ բախման արդյունքում զոհվել է 10 մարդ, իսկ նախորդ օրը ևս երկու մարդ էր զոհվել։ Իրանական պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են, որ անվտանգության ուժերը խափանել են ոստիկանության բաժիններն ու ռազմակայանները վերահսկողության տակ վերցնելու ցուցարարների մի քանի փորձ, ու ըստ լրատվամիջոցների, այդ ցուցարարները զինված են եղել[4]։
Տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի սկիզբը      Կարմիր՝ դեկտեմբերի 28     Նարնջագույն՝ դեկտեմբերի 29     Դեղին՝ դեկտեմբերի 30

Կառավարության արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 31-ին Իրանի իշխանությունները երկրում զանգվածային բողոքների ֆոնին արգելափակում են երկրում հայտնի Telegram մեսենջերն ու Instagram լուսանկարների ծառայությունը[2]։ Միջոցները ձեռնարկվել էին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հրամանով[2][27]։ Telegram-ի հեղինակ Պավել Դուրովը իր թվիթերյան էջում գրել է, որ իշխանությունները որոշել են արգելափակել Telegram-ը այն բանից հետո, երբ ծրագրի ղեկավարությունը հրաժարվել է փակել խաղաղ ցուցարարների ալիքները[2][27]։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում քննադատում է Telegram-ի և Instagram-ի ծառայությունների արգելափակման մասին Իրանի իշխանությունների որոշումը[2]։

Իրանի հաղորդակցության և կապի նախարար Մոհամմադ-Ջավադ Ազարի Ջահրոմին իր թվիթերյան էջում նշում է․ «Սոցիալական ցանցերի մշտական արգելափակման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Կարծես թե նրանց նպատակն է սոցիալական դժգոհության և հոռետեսության ստեղծումը»[27]։

Իսլամական Հանրապետության լրատվական գործակալությունը մեջբերել է Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Ալաեդդին Բորուջերդիի խոսքերը, ով ենթադրում է, որ բողոքի ցույցերը մասնակիորեն հրահրում են արտասահմանում իսլամական հեղափոխության թշնամիները։ Ըստ նրա՝ «ցույցերի մի մասը արտասահմանյան տարրերի աշխատանքի արդյունքն է, որոնք դեմ են իսլամական հեղափոխությանը», ու հենց այդ պատճառով է, որ անկարգությունները արագորեն տարածվել են ողջ երկրով մեկ[4]::

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարում է, որ բողոքի ակցիաները պայմանավորված են երկրի ներքին խնդիրներով, ինչպես նաև այլ երկրների կողմից սադրանքներով․ «Փողոցում բողոքող ոչ բոլոր մարդիկ են օտարերկրացիների կողմից ղեկավարվում, կան մարդիկ, որոնք բողոքում են սեփական նախաձեռնությամբ և խնդիրների պատճառով»։ Ռոհանին նաև ասել է, որ որոշ երկրներ, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիան, փորձել են Իրանում «անկարգություններ առաջացնել»[5]։

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթերյան էջում գրում է․ «Իրանը՝ ահաբեկչության թիվ մեկ հովանավոր պետությունը, ամեն ժամ մարդու իրավունքների խախտողը, այժմ փակել է համացանցի հասանելիությունը, որպեսզի խաղաղ ցուցարարները չկարողանան հաղորդակցվել»[2]։
  • Հայաստան Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նշում է, որ «Իրանում ընթացող հանրահավաքները բավականին լուրջ են և սպառնալիք են Իրանի իշխանությունների համար։ հանրահավաքների լրջության մասին են վկայում նաև այն, որ Թեհրանը իր տարածքում ժամանակավորապես արգելափակել է մի շարք սոցիալական ցանցեր, այդ թվում` Telegram-ը և Instagram-ը»։ Ըստ նրա՝ «հանկարծակի բռնված հանրահավաքների հետևում Իսրայելն է կանգնած, քանի որ ի տարբերություն իր հարևաններ՝ Թուրքիայի և Իրաքի, Իրանում ամեն ինչ համեմատաբար հանգիստ էր և որևէ լուրջ նախապայման չկար հանրային ապստամբության համար, իսկ երկիրն ինքնին բավական կայուն էր համարվում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը ևս կարող է հետաքրքրված լինել այդ հանրահավաքներով, քանի որ, լինելով տարածաշրջանում Իսրայելի դաշնակիցը, նա իր շահերն է հետապնդում»[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.interfax.ru/world/594258
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 «Թրամփը քննադատել է Իրանի կողմից Telegram-ի ու Instagram-ի արգելափակումը». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Իրանում բողոքի ցույցերերի հետեւանքով զոհերի թիվը հասել է չորսի». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Իրանում անկարգությունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12 մարդու». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Ռոհանին բացատրել է երկրում ընթացող բողոքի ակցիաների պատճառները». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  6. «Iranian cities hit by anti-government protests». BBC News. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  7. «Iran police arrest protesters demonstrating against president, price hikes». CBC News. Associated Press. 2017 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Իրանում հանրահավաքները հրահրվել են Իսրայելի կողմից եւ սպառնում են իշխանություններին․ փորձագետ». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 26-ին.
  9. «Масштабные протесты в Иране: Появились первые жертвы, правительство винит "иностранных агентов"». www.dsnews.ua (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 31-ին.
  10. Протесты в Иране вылились в беспорядки и насилие
  11. 11,0 11,1 «Iranians protest against high prices». BBC News (բրիտանական անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Anti-government protests break out in Iran over economic woes» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  13. «Protesters in Iran raise slogans against Rouhani, Supreme Leader». english.alarabiya.net (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  14. Rafizadeh, Dr Majid (2017 թ․ դեկտեմբերի 28). «Iran: Protesters Decry Economic Mismanagement, But Also Express Broader Frustrations». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  15. Farda, Radio. «Street Protests In Iran, Hundreds Reportedly Arrested». RFE/RL (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  16. По Ирану прокатилась крупнейшая за восемь лет волна протестов
  17. «В Тегеране началась акция протеста». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  18. «Iran Is Blocking the Internet to Shut Down Protests». Vice (անգլերեն). 2018 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  19. «В Иране заблокировали Telegram и Instagram». Meduza (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  20. «Iran restricts apps used by protesters». BBC News (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  21. В Иране во время протестов погибли два человека
  22. «The message of Shahbanu in Persian-language for Iranians». Haaretz (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  23. «توضیحات». fa.alalam.ir. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  24. «Qasemi: Iranian people does not pay attention to the Trump's opportunistic claims». Tasnim News Agency (պարսկերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 30-ին.
  25. «Իրանում ցուցարարը ոստիկանների վրա կրակել է». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  26. «Число погибших во время демонстраций в Иране достигло 20 человек». Новая газета (ռուսերեն). 2018 թ․ հունվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 20-ին.
  27. 27,0 27,1 27,2 27,3 «Սոցիալական ցանցերի արգելափակումը ժամանակավոր է․ Իրանի կապի նախարար». news.am. 2018 թ․ հունվարի 1. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.