Ցլապար
Ցլապար | |
---|---|
![]() Ցլացատկը Կրետեում. Սըր Արթուր Էվանսի գծանկարը ըստ Կնոսոսի պալատի որմնանկարի | |
Տարբերվում է | ցլացատկ |
![]() |



Ցլապար կամ ցլացատկ (հին հուն.` ταυροκαθάψια, տաուրոկաթապսիա taurokathapsia)[1], ցլի վրայով թռիչք, տերմին տարբեր տեսակի ոչ բռնի ցլամարտում: Որոշները հիմնված են մինոյան քաղաքակրթության հնագույն ծեսի վրա, որի ժամանակ ակրոբատը ցատկում է վազող ցլի (կամ կովի) մեջքի վրայով: Որպես մարզաձև՝ այն պահպանվել է և հայտնի է Իսպանիայում` կովերի վրայով, և կոչվում է ռեկորտս, ժամանակակից Ֆրանսիայում` առավելապես կովերի , քան ցլերի վրայով, և կոչվում է լանդեզի մրցավազք (course landaise)[2]; իսկ Թամիլ Նադուում (Հնդկաստան)` ցուլերի վրայով, և կոչվում է սալիկատու կամ յալիկատու[3]:
Ցուլերի վրայով ծիսական ցատկը միջին բրոնզեդարյան համեմատական արվեստի մոտիվներից է, հատկապես մինոյան արվեստում, նաև, հավանաբար, մինոյան առարկաների վրա, որոնք հայտնաբերվել են Միկենյան Հունաստանում: Այն երբեմն հանդիպում է նաև խեթական Անատոլիայի, Լևանտի, Բակտրիայի և Ինդոսի հովտի հնավայրերում[4]: Այն հաճախ մեկնաբանվում է որպես ցլապաշտության հետ կապված ծեսի պատկերում:
Պատկերագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրոնզեդարյան էգեյան արվեստում ցլերի թռիչքային պատկերներն ըստ Յանգերի (1995) դասակարգվում է հետևյալ կերպ.
- Տիպ I. ակրոբատը մոտենում է ցլին առջևից, բռնում եղջյուրներից և հետ սալտոյով պտտվում մեջքի վրայով
- Տիպ II. ակրոբատը մոտենում է ցուլին առջևից, թռչում եղջյուրների վրայով` առանց դրանց դիպչելու, և, ցուլի մեջքից ձեռքերով իրեն հրելով` հետ սալտո է անում:
- Տիպ III. ակրոբատը թռչում է օդում ցլի մեջքի վրայով՝ դեմքով նույն կողմը, ինչ կենդանին։
III տիպի պատկերները հաճախ հանդիպում են Ուշ Մինոյան արվեստում (մ.թ.ա. 14-13-րդ դարեր): Թել-Էլ-Դաբայի (Ավարիս, Եգիպտոս) Եգիպտկան արքայատոհմի 18-րդ դինաստիայի (մ.թ.ա. 16-14-րդ դարեր) մինոյան որմնանկարները, բացի իսկական եգիպտական մոտիվներից, ցույց են տալիս նմանատիպ նմուշներ, ինչի պատճառով դրանք հաճախ վերագրվում են մինոյանում եգիպտացի արհեստավորներին, այլ ոչ թե հենց մինոյաններին, թեև դա վիճելի է։ Դրանք կարող էին ներառվել նաև որպես պալատական զարդեր, քանի որ պալատը կառուցվել է հիքսոս փարավոնի հետ դիվանագիտորեն ամուսնացած Էգեյան արքայադստեր համար[5]:
Ցլերի ցատկման տեսարանների այլ օրինակներ են հայտնաբերվել Սիրիայում, օրինակ՝ Ալալախում ( Հին Բաբելոնյան կայսերական ժամանակաշրջան, մ.թ.ա. 19-րդ կամ 18-րդ դարերում), VII մակարդակում հայտնաբերված գլանաձև կնիքը, որում պատկերված են երկու ակրոբատներ ցուլի մեջքին ձեռքերի վրա կանգնած, անխ նշանով՝ դրված նրանց միջև, մեկ այլ կնիք, որը պատկանում է Շամշի-Ադադ I- ի ծառային (մոտ 1800 թ. մ.թ.ա.), բացի սիրիական այլ օրինակներից։ Ավելին, 1997 թվականին Հուսեյնդեդեում հայտնաբերվել է ռելիեֆային սկահակ, որը թվագրվում է Խեթերի Հին Թագավորությանը (Ք.ա. 18-15-րդ դարեր):
Մինոյան Կրետե
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ենթադրվում է, որ ցլաթռիչքը եղել է բրոնզեդարյան Կրետեի մինոյան քաղաքակրթության կրոնի հիմնական ծեսը: Ինչպես միջերկրածովյան այլ քաղաքակրթությունների դեպքում, ցուլը հարգանքի և պաշտամունքի, առասպելաբանության առարկա էր: Ցուլը ներկայացնելը Կնոսոսի պալատում լայնորեն տարածված խորհրդանիշ է եղել այս հնագիտական վայրի արվեստի և ձևավորման մեջ[6]:
Ենթադրությունը, որը լայնորեն քննարկվում է գիտնականների կողմից, այն է, որ պատկերագրությունը ներկայացնում է ծիսական սպորտ և/կամ ներկայացում, որտեղ մարդ մարզիկները (և՛ արական, և՛ իգական սեռի)[7] բառացիորեն ցատկել են ցլերի վրայով՝ որպես ծիսակարգի մի մաս: Ենթադրվում է, որ այս ծեսը բաղկացած է եղել ցլի վրայով ակրոբատիկ ցատկից, այնպես որ, երբ մարզիկը բռնում էր ցլի եղջյուրներից, ցուլը կտրուկ շարժումներով ցնցում էր պարանոցը դեպի վեր, որով ակրոբատին տալիս էր սալտո և այլ ակրոբատիկ հնարքներ կատարելու համար անհրաժեշտ թափը:
Վասար քոլեջի (ԱՄՆ) հունա-հռոմեական գիտությունների դոցենտ Բարբարա Օլսենը ավելացնում է, որ մարզաձևը, հավանաբար, առանձնապես վտանգավոր չէր մասնակիցների համար: «Դատելով պատկերներից, նրանց [թռչելով ցլերի վրայով] դա հաջողվում էր. մինոացիները, որպես կանոն, մեզ շատ դաժան պատկերներ չեն ներկայացնում, ուստի ցլերի թռիչքը սովորաբար բավականին լավ են ավարտվել»[7], բայց Կրետեի մինոյան Այա Տրիադա [[[հունարեն|հուն․]]՝ Αγία Τριάδα - թարգմ.` Սուրբ Երրորդություն] հնավայրում հայտնաբերված «բռնցքամարտիկի ռիտոնի» (boxer's rhyton) վրայի սարսափելի տեսարանից, ենթադրվում է, որ վնասվածքները հազվադեպ չեն եղել:
Ժամանակակից ցլաթռիչք
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցլերի վրայով թռիչքը դեռևս կիրառվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում, որտեղ այն ավանդաբար հայտնի է որպես լանդեզի մրցավազք (course landaise)[2], չնայած սովորաբար ցուլերի փոխարեն օգտագործվում են կատաղած կովեր։ Նրանք Իսպանիայում Կորիդայի համար բուծված մարտական ցլերի էգ տեսակն են: Այնուամենայնիվ, տարին մեկ անգամ ցուլերն օգտագործվում են Արվեստի և արիության փառատոնում: Գասկոնիայի Մոն-դե-Մարսան քաղաքը հայտնի է դիպակե ժիլետներ հագած իր հրաշալի «թռչողներով» (sauteurs) և «ճարպիկներով» (écarteurs): Նրանք մրցում են թիմերով՝ փորձելով օգտագործել իրենց ռեպերտուարի ճկումները և ակրոբատիկ թռիչքները՝ կովի հարձակումներից խույս տվող շարժումներով:
Կովը սովորաբար ուղղորդվում է իր եղջյուրներին ամրացված երկար պարանով, այնպես որ վազում է անմիջապես իր վրայով թռչողի վրա և անհրաժեշտության դեպքում պարանի օգնությամբ հեռու է պահվում մարզիկին տրորելու կամ պոզահարելու հնարավոր վտանգից, եթե մարզիկը որևէ հնարք բաց թողնի: Թեև մրցույթի այս ձևում կովի համար վտանգ չկա, այն շատ վտանգավոր սպորտաձև է մարդկանց համար. Մոնտուայից (Սեն է Մառն) հայտնի մասնակից Ժան-Պիեռ Ռաշուն սպանվել է 2001 թվականին` գլխին կովի հասցրած հարվածից[8]:
Ֆրանսիական ցլապարերն (courses landaises) անցկացվում են մարտից հոկտեմբեր փառատոների կապակցությամբ բազմաթիվ քաղաքներում և գյուղերում, այդ թվում՝ Նոգարոյում, Մոն-դե-Մարսանում, Դաքսում, Կաստելնաու-դ'Օզանում և շատ այլ վայրերում: Կան նաև ազգային առաջնություններ։
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում թամիլների կողմից կիրառվում է նաև ցլաթռիչք, որը կոչվում է յալլիկաթտու կամ ջալիկաթտու (jallikattu, sallikkattu, eru thazhuvuthal և manju virattu ): Դա ավանդական տեսարան է, որտեղ մի ցուլ, ինչպիսին է Պուլիկուլամը կամ Կանգայամը, բաց են թողնում մարդկանց ամբոխի մեջ, և բազմաթիվ մարդկային մասնակիցներ փորձում են երկու ձեռքով բռնել ցլի մեջքի մեծ կուզը և կախվել նրանից, մինչ ցուլը փորձում է փախչել: Մասնակիցները որքան հնարավոր է երկար պահում են կուզը՝ փորձելով կանգնեցնել ցուլին: Որոշ դեպքերում մասնակիցները պետք է այնքան վարեն, մինչև հանեն ցլի եղջյուրների վրայի դրոշները:
Jallikattu-ն սովորաբար կիրառվում է Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում՝ որպես Պոնգալյան տոնակատարությունների մաս՝ Mattu Pongal օրը, որը տեղի է ունենում ամեն տարի հունվարին:
Քանի որ մարզաձևի հետ կապված վնասվածքներ և մահվան դեպքեր են եղել, ինչպես մասնակիցների, այնպես էլ դրանում ներգրավված կենդանիների համար, կենդանիների իրավունքների պաշտպան կազմակերպությունները կոչ են արել արգելել սպորտը, ինչի արդյունքում դատարանը վերջին տարիների ընթացքում մի քանի անգամ արգելել է այն: Այնուամենայնիվ, արգելքի դեմ ժողովրդի բողոքից ելնելով` 2017 թվականին նոր որոշում է ընդունվել սպորտը շարունակելու մասին։
Նմանատիպ, բայց նույնիսկ ավելի վտանգավոր ավանդույթ՝ ցլերի վրայով թռչելու (recortes), կիրառվում է Իսպանիայի որոշ շրջաններում։ Մասնագետ տոռերոն (ցլամարտիկներ), որոնք հայտնի են որպես ռեկորտադոռ (recortadores), մրցում են ցուլերից խույս տալու և նրանց վրայով ցատկելու մեջ՝ առանց թիկնոցի կամ թրի օգտագործման։ Որոշ ռեկորտադոռներ օգտագործում են երկար ձող՝ բառացիորեն խրտնեցնելով կենդանուն ձողովհենացատկի միջոցով: Այս դեպքում կենդանին և՛ ավելի մեծ է, քան ֆրանսիական սպորտաձևում օգտագործվող տեսակը, և՛ սանձված չէ որևէ ուղղորդող պարանով կամ նմանատիպ անվտանգության սարքով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ծիսական ցլամարտի անվանումը, որն անցկացվում էր Թեսալիայում փառատոնի կապակցությամբ (Պինդարոսի դպրոց, Pythian Odes 2.78), Զմյուռնիայում (CIG 3212) և Սինոպում (CIG 4157)։
- ↑ 2,0 2,1 «The "course landaise"». web.archive.org. 2008-11-19. Վերցված է 2024-12-17-ին.
- ↑ 3,0 3,1 «Jallikattu Premier League- JPL». jallikattupremierleague.com. Վերցված է 2024-12-17-ին.
- ↑ Մինոյան Կրետեի և Ինդոսի հովտի բրոնզեդարյան մշակույթի հետ կապի մեկ փաստարկ Հ. Մոդի կողմից (Indische Frühkulturen und ihre Beziehungen zum Westen, Basel, 1944); 1940-ական թվականներից ի վեր ցլերի թռիչքի հետագա շարժառիթները հայտնաբերվել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի համատեքստերում Բակտրիայում և հյուսիսային Անատոլիայում:
- ↑ Rohl, David, The Lords of Avaris, Random House, 2007.
- ↑ Hogan, C. Michael (2007). «Knossos: Fieldnotes». The Modern Antiquarian.
- ↑ 7,0 7,1 Kolitz, Daniel (January 6, 2020). «What Was the Most Fun Thing Humans Could Do 5,000 Years Ago?». Gizmodo.
- ↑ «Rachou était son nom». SudOuest.fr (ֆրանսերեն). 2011-10-15. Վերցված է 2024-11-11-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Collon, D.; "Bull-Leaping in Syria"; International Journal for Egyptian Archaeology and Related Disciplines 4 (1994); pp. 81–88.[«Ցլաթռիչք Սիրիայում»; Եգիպտական հնագիտության և հարակից առարկաների միջազգային հանդես 4 ]
- McInerney, J.; "Bulls and Bull-leaping in the Minoan World"; Expedition Magazine 53:3 (December 2011). [Ցուլերն ու ցլաթռիչքը Մինոյան աշխարհում]
- Marinatos, Nanno; "The Export Significance of Minoan Bull-leaping Scenes"; International Journal for Egyptian Archaeology and Related Disciplines 4 (1994); pp. 89–93. [«Մինոյան ցլերի թռիչքի տեսարանների արտահանման նշանակությունը»; Եգիպտական հնագիտության և հարակից առարկաների միջազգային հանդես 4]
- Marinatos, Nannó; "Minoan Religion: Ritual, Image, and Symbol"; Studies in Comparative Religion; Columbia, South Carolina: University of South Carolina Press, 1993. [«Մինոական կրոն. ծես, պատկեր և խորհրդանիշ»; Համեմատական կրոնի ուսումնասիրություններ; Կոլումբիա, Հարավային Կարոլինա: Հարավային Կարոլինայի համալսարանի հրատարակչություն, 1993 թ.]
- Shaw, Maria C.; "The bull-leaping fresco from below the Ramp House at Mycenae: a study in iconography and artistic transmission"; The Annual of the British School at Athens 91 (1996); pp. 167–190 [«Ցլաթռչողի որմնանկարը Միկենի Ռամպի տան ներքևում. ուսումնասիրություն պատկերագրության և գեղարվեստական փոխանցման մեջ»]
- Sipahi, Tunç; "New Evidence From Anatolia Regarding Bull Leaping Scenes in the Art of the Aegean and the Near East"; Anatolica 27 (2001); pp. 107–125. [«Նոր ապացույցներ Անատոլիայից Էգեյան ծովի և Մերձավոր Արևելքի արվեստում ցլացատկի տեսարանների վերաբերյալ»; Անատոլիկա 27]
- Younger, J.; "Bronze Age Representations of Aegean Bull-Games, III"; Aegaeum 12 (1995); pp. 507–46, PDF. [«Էգեյան ցլախաղերի բրոնզե դարաշրջանի ներկայացումները, III»]
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Brennan, Marie (2005); "Bull-Leaping in Bronze Age Crete"; Strange Horizons [«Ցուլերի թռիչք բրոնզեդարյան Կրետեում»]:
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցլապար» հոդվածին։ |