Ցիմերմանի հեռագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցիմերմանի հեռագիրը
Արթուր Ցիմերման

Ցիմերմանի հեռագիր (գերմ.՝ Zimmermann-Depesche), Գերմանիայի արտգործնախարարի հեռագիրը՝ ուղղված ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանին։ Բրիտանական հետախուզության կողմից հեռագիրը գաղտնազերծվելուց հետո այն փոխանցվել է ամերիկյան իշխանություններին և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից օգտագործվել է որպես հիմք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիային պատերազմ հռչակելու համար։

1916 թվականի վերջին կայզերական Գերմանիայի արտգործնախարար Արթուր Վիմերմանը մշակել է պլան ԱՄՆ-ի թիկունքում գտնվող Մեքսիկային պատերազմի մեջ ներքաշելու համար Գերմանիայի կողմից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մտնի պատերազմական գործողությունների մեջ։

1917 թվականի հունվարի 17-ին Ցիմերմանը հեռագիր է ուղարկել՝ այս ծրագրի մանրամասները շարադրելով Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Յոհան Հենրիխ Բերնստորֆին[1]։ Հեռագրում հաղորդվում էր, որ Գերմանիան ծրագրում է ստորջրյա պատերազմ հայտարարել Անտանտի նավերի դեմ, սակայն կփորձի այնպես անել, որ գերմանական նավերի հարձակումից ամերիկյան նավերը չտուժեն, որպեսզի ԱՄՆ-ն առիթ չունենա խախտելու իր չեզոքությունը։

Վաշինգտոնի՝ պատերազմին մասնակցություն հայտնելու դեպքում Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էքհարդին հրաման էր տրվել կապվելու Մեքսիկայի նախագահի հետ, որպեսզի վերջինիս հորդորի ռազմական գործողություններ սկսել ԱՄՆ-ի դեմ Քառյակ դաշինքի ներքո։ Հաղթանակի դեպքում Գերմանիան խոստացել էր պատերազմից հետո Մեքսիկային վերադարձնել տարածքներ, որոնք նախկինում զավթվել էին ԱՄՆ-ի կողմից։ Դրանք ԱՄՆ-ի հարավային նահանգներ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան էին։

Հեռագիրը հայտնվել է անգլիական հետախուզության ձեռքում և գաղտնազերծվել ծովային գործակալության կողմից («Սենյակ-40»)[2]։ Ձեռնարկված համապատասխան դիվանագիտական միջոցառումներից հետո հեռագիրը փոխանցվել է ԱՄՆ-ին և մարտի 1-ին հրապարակվել մամուլում[1][Ն 1]։

Ցիմերմանի հեռագրի բովանդակությունը հանգեցրել է ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրությունների կտրուկ աճին։ 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Գերմանիային։

Հեռագրի տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենք մտադիր ենք փետրվարի 1-ին սկսել ստորջրյա համառ պատերազմ։ Չնայած ամեն ինչին՝ մենք կփորձենք ԱՄՆ-ը պահել չեզոք վիճակում։ Սակայն եթե դա չհաջողվի, մենք Մեքսիկային կառաջարկենք միասին պատերազմ մղել և կնքել պայմանագիր։ Մեր կողմից մենք Մեքսիկային ֆինանսական աջակցություն կտրամադրենք և կհավաստիացնենք, որ պատերազմի ավարտից հետո նա հետ կստանա իր կորցրած տարածքները՝ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան։ Մենք ձեզ հանձնարարում ենք մշակել այդ համաձայնության դետալները։ Դուք անհապաղ և հույժ գաղտնի կտեղեկացնեք նախագահ Կարանսին, հենց որ մեր և ԱՄՆ-ի միջև պատերազմը լինի անխուսափելի փաստ։ Ավելացրեք, որ Մեքսիկայի նախագահը իր նախաձեռնությամբ կարող է Ճապոնիայի դեսպանին հայտնել, որ Ճապոնիային ձեռնտու կլինի միանալու մեր դաշինքին։ Նախագահի ուշադրությունը հրավիրեք այն հանգամանքին, որ մենք ամբողջությամբ օգտագործելու ենք մեր ստորջրյա ուժերը, ինչը Անգլիային կստիպի համաձայնություն կնքել մոտակա ամիսներին։
- Ցիմերման[3]

Հեռագրի առգրավում և վերծանում Բրիտանիայի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռագրի կոդի մի հատված, որ գաղտնազերծել է Նեյջել դե Գրին: Քանի որ Արիզոնան ԱՄՆ-ի նահանգ է դարձել միայն 1912 թվականին, Արիզոնա բառը չի եղել Գերմանիայի կոդային գրքում, և այն բաժանվել է վանկերի:

Հեռագիրը փոխանցվել է ռադիկապով և հեռախոսով որպես երկու չեզոք երկրների՝ Շվեդիայիա և ԱՄՆ-ի դիվանագիտական հաղորդագրություն։ Գերմանիան ուղիղ հասանելիություն չի ունեցել արևմտյան կիսագնդին, քանի որ անգլիացիները կտրել էին գերմանացիների՝ տրանսատլանտյան հաղորդագրութան լարերը և չեզոք երկրներում վերացրել էին գերմանական հաղորդիչ կայանները։ Այս ամենը Գերմանիային ստիպել էր օգտագործել Բրիտանիայի և ԱՄՆ-ի հեռագրային ալիքները՝ հակառակ բրիտանական հետախուզական ծառայությունների կողմից գաղտնազերծվելու վտանգին։

Մյուս կողմից, նախագահ Վիլսոնը Գերմանիային թույլ էր տվել կիրառել կապի ամերիկյան դիվանագիտական ալիքները՝ հույս ունենալով պահպանելու երկու երկրների բարեկամական հարաբերությունները և ավարտին հասցնելու պատերազմը։ Գերմանիան ենթադրում էր, որ այս արտոնությունը թույլ կտա իրեն գաղտնի հաղորդագրությունները համեմատաբար անվտանգ ուղարկել արևմտյան կիսագունդ, քանի որ Բրիտանիան չի կարող կիրառել առգրավված հաղորդագրությունները՝ չընդունելով այն հանգամանքը, որ ինքը ստուգում է ԱՄՆ-ի դիվանագիտական փոստը։ Այս եղանակով փոխանցված հաղորդագրությունը Բեռլինից ուղարկվել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանին։

Հեռագիրն առգրավվել է ուղարկումից անմիջապես հետո։ Բրիտանական ծովակալության թիվ 40 սենյակի հետախույզ-վերլուծաբանները ստացել են հաղորդագրության կրկնօրինակը վերլուծելու համար։ Հաղորդագրության մեջ օգտագործվել է 0075 կոդը, որն արդեն մասամբ բացահայտվել էր թիվ 40 սենյակում։ Անգլիացիները կարող էին գաղտնազերծել գերմանական կոդերը ազդանշային գրքերի միջոցով, որոնք գերմանական «Մագդեբուրգ» կրեյսերից առգրավվել էին ռուսական ծովուժի կողմից Ֆիննական ծոցի կռվի ժամանակ[4]։

Հեռագիրը՝ ամբողջությամբ գաղտնազերծված ու թարգմանված

Բրիտանական կառավարության համար հեռագիրը հրաշալի հնարավորություն էր ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշելու դաշնակիցների կողմից։ ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրություններն այդ պահին շատ ցայտուն էին գերմանացիների կողմից անսահմանափակ ջրային պատերազմի պատճառով։ Սակայն Բրիտանիան կանգնած էր երկընտրանքի առաջ. պետք էր ամերիկացիներին բացատրել, թե ինչպես էր ձեռք բերվել հեռագիրը՝ միաժամանակ չբացահայտելով, որ բրիտանական հետախուզական ծառայությունը ստուգում է չեզոք երկրների դիվանագիտական փոստը, և հարկավոր էր հանրային բացատրություն տալ այն բանին, թե ինչպես է գաղտնազերծվել հեռագիրը այնպես, որ Գերմանիան չկասկածեր, որ իր կոդերը ջարդված են։

Բրիտանիան առաջին խնդիրը լուծել է գաղտնազերծված տեքստը Մեքսիկայի հեռագրային բաժանմունքներից մեկից ստանալու եղանակով։ Անգլիացիները կռահել են, որ Վաշինգտոնում Գերմանիայի դեսպանը հաղորդագրությունը կփոխանցի Մեքսիկային առևտրական փոստի միջոցով, այդ պատճառով մեքսիկական հեռագրային ընկերությունը կունենա գաղտնազերծված հեռագրի կրկնօրինակը։

Մեքսիկայում Բրիտանիայի գործակալ Պարոն Իքսը, կաշառելով հեռագրային ընկերության աշխատակցին, ձեռք է բերել հեռագրի կրկնօրինակը (Թոմաս Հոհլերը, որն այդ ժամանակ Բրիտանիայի դեսպանն էր Մեքսիկայում, իր ինքնակենսագրության մեջ խոստովանել է, որ Պարոն Իքս անունով գործակալը ինքն է եղել)։ Այդ կրկնօրինակն առանց խոչընդոտների կարող էր փոխանցվել ամերիկացիներին։ Այն գաղտնազերծվել է 13040 կոդի ներքո, որի օրինակը Բրիտանիան ստացել է Միջերկրածովյան ընկերությունում, և այդպիսով փետրվարի կեսերին Բրիատանիան ձեռք է բերել ամբողջական տեքստը։

Երկրորդ խնդիրը լուծվել է մտացածին այն պատմությամբ, թե հեռագրի գաղտնազերծված տեքստը առևանգվել է Մեքսիկայում (Բրիտանիան ԱՄՆ-ին տեղեկացրել է գաղտնազերծման մասին՝ այդ ամենը ներկայացնելով, սակայն, առևանգման մասին պատմությամբ)։ Գերմանիայի կառավարությունը հրաժարվել է դիտարկել կոդի ջարդման հնարավորությունը՝ դրա փոխարեն նա հանձնարարելով էՖոն Էքհարդին գործակալին որոնել Մեքսիկայում։

Հեռագրի հանձնումը ԱՄՆ-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետրվարի 19-ին Մեծ Բրիտանիայի ռազմածովային հետախուզության վարչության ղեկավար Ուիլյամ Հոլլը հեռագիրը ցույց է տվել Բրիտանիայում ԱՄՆ-ի դեսպան Էդվարդ Բելլին (անգլ.՝ Edward Bell):

Կարդալով Ցիմերմանի հեռագիրը՝ Բելլը սկզբում, ինչպես ենթադրվում էր, դա համարել է բրիտանական հետախուզության ծուղակ, որի նպատակն էր ԱՄՆ-ին ներքաշել պատերազմի մեջ։ Սակայն Հոլլը բրիտանական սպայի պատվով երդվել է, որ հեռագիրն իրական է, և կարողացել է համոզել իր ամերիկացի գործընկերոջը։

Փետրվարի 20-ին Հոլլը ոչ պաշտոնապես հեռագրի կրկնօրինակն ուղարկել է ԱՄՆ՝ ամերիկացի դիվանագետ Ուոլթեր Փեյջին։ Վերջինս հանդիպել է արտգործնախարար Արթուր Ջեյմս Բալֆուրի հետ և ստացել գաղտնազերծված տեքստը, գերմաներենով բնագիրն ու անգլերեն թարգմանությունը։ Դրանից հետո Փեյջնն այդ ամենի մասին հաղորդել է ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնին։

Ազդեցություն ԱՄՆ-ի վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակահատվածում ԱՄՆ-ում իշխում էին հակամեքսիկական և հակագերմանական տրամադրություններ։ Գեներալ Ջոն Պերշինգը երկար ժամանակ հետապնդում էր մեքսիկացի հեղափոխական Ֆրանսիսկո Վիլյային, որը ապստամբների ջոկատի հետ իրագործել էր մի քանի հարձակում սահմանամերձ ամերիկյան բնակավայրերի վրա։ Մեքսիկան իր հերթին վարում էր հակաամերիկյան, որոշ դեպքերում էլ հակաեվրոպական քաղաքականություն։ Այնպես որ հեռագրի մասին լուրը ավելի մեծ լարում է առաջացրել ԱՄՆ-ի և Մեքսիկայի հարաբերություններում։

Մյուս կողմից, ԱՄՆ-ում զգալիորեն նկատելի էին հակաբրիտանական տրամադրությունները հատկապես գերմանացիների և իռլանդացիների շրջանում։ Մինչև 1917 թվականի սկիզբը ամերիկյան մամուլը Բրիտանիայի ու Ֆրանսիայի մասին առավել համակրանքով չէր խոսում, քան Գերմանիայի, իսկ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը ցանկանում էր խուսափել Եվրոպայում ծավալված պատերազմում ԱՄՆ-ի մասնակցությունից։

Սկզբում Ցիմերմանի հեռագիրն ընդունվել է որպես կեղծիք, որը պատրաստել էր բրիտանական հետախուզությունը։ Այս համոզմունքը (այն կիսում էին ոչ միայն պացիֆիստները և գերմանական լոբբինգի ներկայացուցիչները) հաստատում էին գերմանացի ու մեքսիկացի դիվանագետները, ինչպես նաև ամերիկյան որոշ թերթեր, մասնավորապես մեդիամագնատ Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթի մամուլը։

Տարակուսանքները ցրում է, ինչքան էլ զարմանալի լինի, ինքը Արթուր Ցիմերմանը։ Մարտի 29-ին նա հայտարարել է հեռագրի տեքստի աուտենտիկ լինելու մասին։ Այս աններելի վարքագծի համար նա նույն օրը ևեթ հեռացվել է պաշտոնից։

Փետրվարի 1-ին Գերմանիան վերսկսել է իր անսահմանափակ ջրային պատերազմը, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ է հանդիսացել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ անգլիական նավերում ամերիկացի ուղևորների շրջանում։ Սա հակագերմանական տրամադրությունների առիթ է հանդիսացել ԱՄՆ-ում, որն ավելի է ուժեղացել հեռագրից հետո։ Ամերիկացիների համար հատկապես վիրավորական էր այն փաստը, որ հեռագիրը հանձնվել է ԱՄՆ-ի կապի դիվանագիտական խողովակով։ Ամերիկյան հանրությունը վերջնականապես հավատացել է Ցիմերմանի հեռագրի իրական լինելուն. ԱՄՆ-ի՝ պատերազմի մեջ ներքաշվելը դարձել է անխուսափելի։

Մեքսիկայի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարտեզում մուգ կանաչով ներկայացված է Մեքսիկայի տարածքը 1917 թվականին: Հեռագրով Մեքսիկային խոստացված տարածքը նշված է բաց կանաչով, իսկ Մեքսիկայի սկզբնական տարածքը՝ կարմիր գծով:

Մեքսիկայի կառավարությունն անհնար է համարել նախկին տարածքների միավորումը մի քանի պատճառներով.

  • Նախկին տարածքների գրավումը կհանգեցներ ԱՄՆ-ի հետ լայնամասշտաբ պատերազմի, որը կարող էր ավարտվել Մեքսիկայի պարտությամբ, քանի որ ուժերն անհավասար էին. Մեքսիկայի բնակչությունը 1917 թվականին կազմում էր մոտ 15 միլիոն մարդ, մինչդեռ ԱՄՆ-ում ապրում էր մոտ 103 միլիոն մարդ, և ԱՄՆ-ն բազմապատիկ գերակշռություն ուներ տնտեսական հզորության առումով։
  • Անկախ Գերմանիայի ֆինանսական օգնության չափերից՝ այն անօգուտ կլիներ ԱՄՆ-ի դեմ պատերազմ վարելու համար։ Մեքսիկան չէր կարող ձեռք բերել զենք ու զինամթերք, քանի որ այդ ժամանակ ԱՄՆ-ն Ամերիկյան մայրցամաքում զենքի խոշորագույն արտադրողն էր։ Քանի որ Արքայական ռազմածովային ուժերը հսկում էր Ատլանտյան օվկիանոսի ծովային բոլոր ճանապարհները, Գերմանիային չէր հաջողվի Մեքսիկային բավարար քանակությամբ զենքով ապահովել։
  • Եթե նույնիսկ Մեքսիկան ստանար տարածքի գրավման անհրաժեշտ բոլոր միջոցները, նրան դժվար կլիներ պայմանավորվածություն ձեռք բերել տեղի անգլիախոս բնակչության հետ։
Ռազմական տեսանկյունից Գերմանիայի պլանները, որոնց մասին հաղորդվում էր հեռագրում, անիմաստ էին։ Մեքսիկան քայքայված էր քաղաքացիական պատերազմից, նրա տնտեսությունն ավերակների էր վերածվել, իսկ բանակը ռազմական լուրջ ուժ չէր. այն նույնիսկ ապահովված չէր բավարար քանակությամբ փամփուշտներով[5]։

Մեքսիկայի նախագահ Վենուստիանո Կառանսան ապրիլի 14-ին մերժել է Ցիմերմանի առաջարկությունը։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն արդեն պատերազմ էր հայտարարել Գերմանիային։

Ճապոնիայի արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայի կառավարությունը (Ճապոնիան նույնպես հիշատակված էր Ցիմերմանի հեռագրում) դաշնակիցների կողմից արդեն մասնակցում էր Գերմանիայի դեմ պատերազմին։ Ավելի ուշ Ճապոնիայի կառավարությունը հայտարարություն է հրապարակել այն մասին, որ Ճապոնիան հետաքրքրված է կողմերի փոփոխությամբ և ԱՄՆ-ի վրա հարձակումով։

ԱՄՆ-ն պատերազմ է հայտարարում Գերմանիային[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Վիլսոնը Կոնգրեսի առաջ, 1917 թվականի փետրվարի 3-ի նիստ

Վուդրո Վիլսոնն առաջարկել է Կոնգրեսին ուժեղացնել ամերիկյան նավերի զինումը, որպեսզի նրանք կարողանան դիմագրավել գերմանական ստորջրյա նավերի հարձակումներին։ Մի քանի օր անց՝ 1917 թվականի ապրիլի 2-ին, նա Կոնգրեսի առաջ Գերմանիայի դեմ պատերազմը վերսկսելու հարց է բարձրացրել։ 1917 թվականի ապրիլի 6-ին Կոնգրեսը տվել է իր համաձայնությունը, և ԱՄՆ-ն մտել է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։

Ցիմերմանի հեռագիրը միակ պատճառը չէր, որ ԱՄՆ-ին դրդել է պատերազմ հայտարարելուն։ Գերմանական ստորջրյա նավերը խորտակում էին ԱՄՆ-ի նավերը, ինչպես նաև այն նավերը, որոնց վրա ԱՄՆ-ի քաղաքացիներ կային։ Մարդատար «Լուզիտանիա» լայները խորտակել են 1915 թվականին Իռլանդիայի ափերի մոտ։ Լայներն ընթանում էր պատերազմող երկրի՝ Մեծ Բրիտանիայի դրոշի ներքո և գտնվում էր ռազմական գործողությունների շրջանում, իսկ գերմանացիները նախօրոք զգուշացրել էին հնարավոր վտանգի մասին[6]։ Վստահ լինելով, որ չեզոք երկրների քաղաքացիներն իրավունք ունեն ազատորեն նավարկել նմանատիպ նավերով, ԱՄՆ-ը անտեսել էր զգուշացումները։

Գերմանական սուզանավերը խորտակել են այլ նավեր ևս. 1917 թվականի փետրվարին Բիսկայան ծոցում խոտակվել են «Հաուզաթոնիք» (անգլ.՝ Housatonic)[7] և Իռլանդիայի ափերի մոտ՝ «Կալիֆորնիա» (անգլ.՝ California) նավերը[8]։

Պատմական հետհայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար ժամանակ հեռագրի բնօրինակը համարվում էր կորած։ Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող փաստաթղթերի հիմնական մասը վերացվել է ռազմածովային հետախուզության ղեկավար, ծովակալ Ռեջինալդ Հոլլի հրամանով։ Մեծ Բրիտանիայի ազգային արխիվում պահպանվել է միայն հեռագրի լուսանկարը, ինչը նույնիսկ տեղիք է տվել պատմաբանների շրջանում այն տեսակետին, որ հեռագիրը կեղծիք է։

2005 թվականի հոկտեմբերին բրիտանացի մի պատմաբան, որ զբաղվել է Պետական շտաբի հաղորդակցությունների ուսումնասիրմամբ և չի ցանկացել հայտնել իր անունը, հայտնել է, որ իրեն հաջողվել է գտնել Ցիմերմանի հեռագրի բնօրինակը՝ Հոլլի ինքնագրով։ «Այդ փաստաթուղթը փոխանցվել է Փեյջին և ցույց տրվել նախագահին»,- հայտարարել է պատմաբանը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Why was the Zimmerman Telegram so important?», BBC News, 17.01.2017
  2. «Historical Notes: 184 King's Road, Tighnabruaich». The Independent, 8 September 1999. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 23 мая 2009-ին.(անգլ.)
  3. Ինչպես են գերմանացիներն առաջարկել հարձակվել ԱՄՆ-ի վրա
  4. Polmar, Norman and Jurrien Noot. Submarines of the Russian and Soviet Navies 1718—1990. Annapolis: US Navel Institute Press, 1991
  5. Военная ложь
  6. :Файл:Lusitania warning.jpg|A warning issued by the Imperial German Embassy in Washington about travelling on Britain’s RMS Lusitania.
  7. «Captain Says U-53 Sank Housatonic» (pdf). New York Times. 1917 թ․ փետրվարի 21. Վերցված է 2008 թ․ ապրիլի 25-ին.
  8. «Timeline of WW1». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 7-ին.
  9. Найдена телеграмма, «втянувшая» США в Первую мировую войну

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դիվանագիտական բարդություններից խուսափելու համար գործը ներկայացվել է այնպես, որ հեռագրի բացահայտումը կատարել են ոչ թե անգլիական, այլ ամերիկյան հետախուզական մարմինները։ («Why was the Zimmerman Telegram so important?», BBC News, 17.01.2017).

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дэвид Кан. Взломщики кодов. — М.: Центрполиграф, 2000. — ISBN 5-227-00678-4
  • Р. Букар. В недрах секретных архивов. — М.: Воениздат НКО СССР, 1938.
  • Э. Бояджи. История шпионажа. Т. 1. — М.: Олма-Пресс, 2003. — С. 130. — ISBN 5-224-02646-6
  • Р. Гибсон, М. Прендергаст. Германская подводная война 1914—1918 гг. — Минск: Харвест, 2002. — ISBN 985-13-0651-7
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիմերմանի հեռագիր» հոդվածին։