Ցերցիս եվրոպական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ցերցիս եվրոպական
Ցերցիս եվրոպական
Ցերցիս եվրոպական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Caesalpinioideae
Տրիբա Cercideae
Ցեղ Հուդայածառ (Cercis)
Տեսակ Ցերցիս եվրոպական (C. siliquastrum)
Միջազգային անվանում
Cercis siliquastrum
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Ցերցիս եվրոպական (լատ.՝ Cercis siliquastrum), բակլազգիների ընտանիքի, ցերցիսների ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառ է՝ 7-15 մ բարձրությամբ, վրանաձև կամ գնդաձև սաղարթով, հաճախ ծռմռված բնով, ծածկված համարյա սև, խոր ճաքճքված կեղևով։ Տերևները կլորավուն են, խոր սրտանման հիմքով, 7-13 սմ տրամագծով, մինչև 4 սմ երկարությամբ կոթունով, վերևի կողմից՝ անփայլ կանաչ, ներքևից՝ կապտավուն։ Ծաղիկները հավաքված են փնջերում, 3-6-ական, տերևածոցերում, բազմամյա ճյուղերի և նույնիսկ բնի վրա (կաուլիֆլորիայի երևույթ)։ Բաժակը վարդագույն է, պսակի տրամագիծը՝ 2 սմ, պսակաթերթիկները կապտակարմրավուն կամ վարդագույն են, առագաստը կարճ է թևերից և նավակից, հիմքում խիստ սեղմված, սպին գլխիկավոր է։ Ունդերն ունեն 7-10 սմ երկարություն և 1,5 սմ լայնություն, տափակ են, շատ նեղ թևիկով (մեջքի կարի ուղղությամբ), 10-14 սերմերով, որոնք կլորաձվաձև են, հարթ, անփայլ, մուգ դարչնագույն։ Ծաղկում է բավականին առատ, ապրիլի վերջին և մայիսի առաջին կեսի ընթացքում՝ մինչև տերևների բացվելը, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Էկոլոգիական խումբը՝ IV: Մշակության հավանական շրջանները՝ 9, 18, 20ա, 25, 28, 32[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Միջերկրածովյան շրջանում, քարքարոտ, չոր լանջերում, կրով հարուստ հողերում։

Հայաստանի հանրապետության պայմաններում հաջողությամբ է աճում ծովի մակարդակից 1000-1100 մ բարձրությունների վրա, որից ավելի բարձր տեղերում աճում է թփանման կամ բոլորովին ցրտահարվում է։ Հաճախ է հանդիպում Երևանի դեկորատիվ տնկարկներում, որտեղ աչքի է ընկնում բարձր դեկորատիվությամբ, առատ ծաղկումով և պտղաբերմամբ։ Միամյա շիվերը ցրտահարվում են միայն բացառիկ ցուրտ և երկարատև ձմռան դեպքում։ Առավել նպաստավոր պայմաններում երբեմն ինքնացանք է տալիս։ Լավ է աճում և էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում Հայաստանի հյուսիսարևելյան շրջաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 29։