Ցեղասպանության 10 փուլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ցեղասպանություն տերմինը 1944 թվականին շրջանառության մեջ է դրել հրեական ծագումով լեհ իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը։ 1948թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը ընդունեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, ըստ որի ցեղասպանությունը սահմանվում է որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաև պատժել ցեղասպանություն իրականացնողներին։ Սույն Կոնվենցիայում ցեղասպանություն նշանակում է հետևյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.

  1. այդ խմբի անդամների սպանությունը,
  2. այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
  3. որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
  4. այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
  5. երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին [1]։

1996 թվականին, «Ցեղասպանության հսկող»-ի (Genocide Watch) հիմնադիր նախագահ Գրեգորի Ստանթոնը Միացյալ Նահանգների պետքարտուղարությունում ներկայացրեց տեղեկատվական փաստաթուղթ։ Ստանթոնը այս փաստաթուղթը ներկայացրել է Պետդեպարտամենտում 1996 թ.-ին ՝ Ռուանդայի ցեղասպանությունից անմիջապես հետո, բայց նաև վերլուծվում են Հոլոքոստի, Կամբոջայի ցեղասպանության և այլ ցեղասպանությունների գործընթացները։ Առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները այն միջոցներն են, որոնք Միացյալ Նահանգները, ազգային կառավարությունները և ՄԱԿ-ը կարող էին իրականացնել կամ ազդել այլ կառավարությունների վրա։   Ստանթոնը առաջին անգամ կազմեց և հրապարակեց ցեղասպանության մոդելի իր փուլերը 1987 թ.-ին Ուորեն Ուիլսոնի քոլեջում գտնվող Faulds դասախոսության ժամանակ, որը նույն թվականին ներկայացվեց նաև Ամերիկյան մարդաբանական ասոցիացիային[2]։ 2012 թվականին Ստանթոնը իր մոդելին ավելացրեց ևս երկու փուլ՝ Խտրականություն և Հալածանք, ինչը հանգեցրեց ցեղասպանության 10-փուլային մոդելին[3]։ Փուլերը գծային չեն, և սովորաբար մի քանիսը տեղի են ունենում միաժամանակ։ Ստանթոնի ստեղծած այս մոդելը տրամաբանական մոդել է ցեղասպանության գործընթացները վերլուծելու և կանխարգելիչ միջոցառումներ կատարելու համար, որոնք կարող են ձեռնարկվել յուրաքանչյուր գործընթացի դեմ պայքարի կամ դադարեցման համար։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր մշակույթներն էլ ունեն կատեգորիաներ, որոնց հիման վրա մարդիկ առանձնանում են «մենք և նրանք» կողմերի՝ ըստ էթնիկ ծագումնաբանության, ազգության, կրոնի և ռասսայի՝ գերմանացի և հրեա, հութու և տուտսի։ Երկբևեռ հասարակությունները, որոնք չունեն խառը կատեգորիաներ, ինչպիսիք են Ռուանդան և Բուրունդին, ամենաշատը ցեղասպանության ենթարկվելու հավանականություն ունեցող հասարակություններ են։ Ներկայիս ազգային-պետական համակարգի ամենակարևոր դասակարգումներից մեկը քաղաքացիությունն է ազգային պատկանելության մեջ։ Որևէ խմբի քաղաքացիությունից զրկելը կամ մերժելը տվյալ խմբի քաղաքացիական և մարդու իրավունքները մերժելու օրինական տարբերակ է։ Նացիստական Գերմանիայում հրեաների և գնչուների ցեղասպանության առաջին քայլը նրանց Գերմանիայի քաղաքացիությունից զրկելու մասին օրենքներն էին։ Բիրմայի 1982 թվականի քաղաքացիության օրենքը դասակարգեց Ռոհինգյային ազգային քաղաքացիությունից դուրս։ Հնդկաստանում քաղաքացիության մասին օրենքը հերքում է մահմեդական փախստականների համար քաղաքացիության ճանապարհը։ Բնիկ ամերիկացիներին ԱՄՆ-ում քաղաքացիություն չի տրվել մինչև 1924 թվականը, դարերի ցեղասպանությունից հետո, որոնք քայքայեցին իրենց բնակչությունը։

Այս վաղ փուլում հիմնական կանխարգելիչ միջոցը համամարդկային ինստիտուտների զարգացումն է, որոնք գերազանցում են էթնիկական կամ ռասայական բաժանումներին, ակտիվորեն նպաստում են հանդուրժողականությանն ու փոխըմբռնմանը, և որոնք խթանում են այդ բաժանումներին գերազանցող դասակարգումներին։ Կաթոլիկ եկեղեցին կարող էր այս դերը կատարել Ռուանդայում, եթե այն Ռուանդայի հասարակության նման պառակտված չլիներ։ Լեզվի առաջխաղացումը ինչպիսին օրինակ Տանզանիան է ևս նպաստել է  նման երկրներում ազգային ինքնության զարգացմանը։ Օրենքները  որոնք ներգաղթյալներին և փախստականներին քաղաքացիություն ապահովելու ուղիներ են տրամադրում, ոչնչացնում են քաղաքացիական իրավունքների ճանապարհին հանդիպող խոչընդոտները։ Հաղորդակցման ընդհանուր դաշտի որոնումը կարևոր նշանակություն ունի ցեղասպանության վաղ կանխարգելման համար։

Սիմվոլիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկացած հասարակության մեջ մարդիկ հակված են անուններ կամ սիմվոլներ վերագրելու դասակարգված խմբերին, օրինակ՝ «հրեաներ», «գնչուներ», կամ էլ առանձնացնել մարդկանց՝ ըստ իրենց հագուկապի, մաշկի գույնի և այլն։ Դասակարգումը և սիմվոլիզացիան համընդհանուր մարդկային բնույթ են կրում և անպայման չէ, որ ցեղասպանությունների հասցնեն, քանի դեռ դրանք չեն հանգեցնում անմարդկայնացման։ Ատելության հետ զուգակցվելիս խորհրդանիշները կարող են պարտադրվել վտարյալ խմբերի անցանկալի անդամներին, ինչպես օրինակ, դեղին աստղը՝ նացիստական տիրապետության տակ գտնվող հրեաներին[4], կամ կապույտ շարֆը՝ Կամբոջայի Արևելյան գոտու մարդկանց Կարմիր քմերների շարժման ժամանակ[5]։

Սիմվոլիզացիայի դեմ պայքարի համար ատելության խորհրդանիշները (սվաստիկան), ինչպես և ատելության խոսքը պարունակող ելույթները կարող են օրինականորոն արգելվել։ Տարբեր խմբերին բնորոշ առանձնահատկությունները, օրինակ, հագուստները, ցեղերին բնորոշ սպիերը կամ նշաները նույնպես կարող են անօրինական համարվել։ Խնդիրն այն է, որ իրավական սահմանափակումները կձախողվեն, եթե չաջակցվեն հանրաճանաչ մշակութային ճնշումների կողմից։ Թեև Հութուն և Տուտսին մինչև 1980-ական թվականները Բուրունդիում արգելված բառեր էին, մարդիկ դրանք փոխարինել էին այսպես կոչված կոդ բառերով։ Չնայած մեծամաշտաբ աջակցության շնորհիվ սիմվոլիզացիան կարող է շատ հզոր լինել, ինչպես այն եղավ Բուլղարիայում, որտեղ կառավարությունը հրաժարվեց բավարար քանակությամբ դեղին կրծքանշաններ մատակարարելուց, և հրեաների առնվազն ութսուն տոկոսը դրանք չէին կրում, այսպիսով դեղին աստղը զրկվում էր իր նշանակությունից՝ որպես հրեաների համար նացիստական խորհրդանիշ։ Դանիայում նացիստները նույնիսկ չէին բաժանում նրանց, քանի որ քրիստոնյաներ էին, և ըստ առասպելի ՝ Թագավորը ասում էր, որ իրենք առաջինը կկրեն դրանք։ Դանիացի «ձկնորսը» մաքսանենգ կերպով տեղափոխեց Դանիայի հրեաների մեծ մասին չեզոք Շվեդիա։

Խտրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերիշխող խումբը օգտագործում է օրենքը, սովորույթը և քաղաքական ուժը ` այլ խմբերի իրավունքները մերժելու համար։ Անզոր խումբը հնարավոր է զրկված լինի լիարժեք քաղաքացիական իրավունքներից, քվեարկության իրավունքից կամ նույնիսկ քաղաքացիությունից։ Գերիշխող խումբը առաջնորդվում է բացառող գաղափարախոսությամբ, որը զրկում է ավելի քիչ հզոր խմբավորումներին իրենց իրավունքներից։ Գաղափարախոսությունը պաշտպանում է գերիշխող խմբի կողմից իշխանությունների մենաշնորհումը կամ ընդլայնումը։ Դա օրինականացնում է թույլ խմբերի հալածանքը։ Այս գաղափարախոսության կողմնակիցները հիմնականում խարիզմատիկ են ու արտահայտում են իրենց հետևորդների վրդովմունքը։ Օրինակ՝ 1935 թվականին նացիստական Գերմանիայի Նյուրնբերգյան օրենքները զրկեցին հրեաներին իրենց գերմանական քաղաքացիությունից և  կառավարության և համալսարանների կողմից արգելեցին նրանց աշխատել կամ սովորել։ Բնիկ ամերիկացիների և աֆրոամերիկացիների նկատմամբ խտրականությունը ամրագրված էր ԱՄՆ Սահմանադրության մեջ մինչև քաղաքացիական պատերազմից հետո եղած փոոխությունները և  20-րդ դարի կեսերի օրենքները,  որոնք կարողացան կիրառման մեջ դնել այդ օրենքները։ Մյանմայում Ռոհինգյայի մահմեդական փոքրամասնությանը քաղաքացիության մերժումը 2017 թվականին հանգեցրեց ցեղասպանության և ավելի քան մեկ միլիոն փախստականներ տեղահանվեցին։

Խտրականության դեմ կանխարգելումը նշանակում է հասարակության բոլոր խմբերի համար քաղաքական լիարժեք հնարավորություններ և քաղաքացիության իրավունք։ Ազգային, էթնիկ ծագումնաբանության, ռասայի կամ կրոնի հիման վրա խտրականությունը պետք է արգելված լինի։ Անհատները պետք է իրավունք ունենան դատի տալ պետությանը, կորպորացիաներին և այլ անձանց, եթե նրանց իրավունքները խախտվում են։

Անմարդկայնացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի խումբը ժխտում է մյուս խմբի մարդկայնությունը։ Տվյալ խմբի անդամները համեմատվում են կենդանիների, վնասատուների, միջատների կամ հիվանդությունների հետ։ Այս փուլում ատելության խոսք է տարածվում լրատվական միջոցներով, որը միտված է վատաբանելու և զրպարտելու զոհի կարգավիճակում հայտնված խմբին։ Այն նույնիսկ կարող է ներառվել դպրոցական դասագրքերի մեջ։ «Ուղեղի լվացում»-ը կարող է խթանել, հեշտացնել բռնության հետագա հրահրման ճանապարհը։ Մեծամասնությանը  սովորեցնում են  մյուս խմբին  համարել պակաս մարդկային և նույնիսկ խորթ իրենց հասարակության համար։ Նրանց սովորեցնում են  հավատալ, որ «մենք ավելի լավ կլինեինք առանց նրանց»։ Անզոր խմբավորումը կարող է այն աստիճան ցածր ընկալվել, որ նրանց անունների փոխարեն թվերով դիմեն, ինչպես օրինակ հրեաների դեպքում էր մահվան ճամբարներում։ Նրանք հավասարեցվում են կեղտի և անբարոյականության հետ։

Անմարդկայնացման դեմ պայքարելու համար, ցեղասպանության հրահրումը չպետք է շփոթել ազատ խոսքի հետ։ Ցեղասպանական հասարակությունները հակասող խոսքի համար չունեն սահմանադրական պաշտպանություն և պետք է այլ կերպ վարվել, քան ժողովրդավարությունները։ Տեղական և միջազգային առաջնորդները պետք է դատապարտեն ատելության խոսքի օգտագործումը և այդ մշակույթը դարձնեն անընդունելի։ Ցեղասպանություն հրահրող առաջնորդները պետք է հետապնդվեն ազգային դատարանների մակարդակով։ Նրանց պետք է արգելվի միջազգային ճանապարհորդությունները և սառեցվեն իրենց արտաքին ֆինանսները։ Ատելություն քարոզող ռադիո կայանները պետք է փակվեն, ատելության քարոզչությունն ու դրա աղբյուրները պետք է արգելված լինեն սոցիալական մեդիայից ու ինտերնետից։ Ատելության հիման վրա կատարված հանցագործությունները և վայրագությունները պետք է անհապաղ պատժվեն։

Կազմակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղասպանությունը շատ հաճախ կազմակերպված է լինում, պետության կողմից, որը հաճախ օգտագործում է աշխարհազորայիններին պետական պատասխանատվության ժխտումն ապահովելու համար, օրինակ՝ Դարֆուրում «Ջանջավիդի» աջակցումն ու զինումը Սուդանի կառավարության կողմից։ Երբեմն կազմակերպումը ոչ ֆորմալ է (Հնդկաստանի մասնատման ժամանակ հինդու ամբոխները որոնք տեղական RSS զինյալների ղեկավարությամբ) կամ ապակենտրոնացված (ահաբեկչական խմբավորումներ)։ Հատուկ բանակային ստորաբաժանումները կամ աշխարհազորայինները հաճախ սովորած և զինված են։ Ծրագրեր են կազմվում ցեղասպանությունների համար։ Ցեղասպանությունը հաճախ տեղի է ունենում քաղաքացիական կամ միջազգային պատերազմների ժամանակ։ Զենքը ձեռք է բերվում պետությունների և աշխարհազորայինների կողմից հաճախ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի խախտմամբ և ցեղասպան գործողություններին նպաստելու նպատակով։ Պետությունները կազմակերպում են գաղտնի ոստիկանություն՝ լրտեսելու, ձերբակալելու, խոշտանգելու և սպանելու այնպիսի մարդկանց, որոնք կասկածվում են քաղաքական առաջնորդներին ընդդիմանալու մեջ։ Խմբի թիրախավորման դրդապատճառները տեղաբաշխվում են ԶԼՄ-ների միջոցով և հատուկ դասընթացներ մարդասպան աշխարհազորայինների, մահվան ջոկատների համար և հատուկ բանակի սպանող ստորաբաժանումներ, ինչպիսիք են նացիստական Էյնազտգրուպենը, որոնք սպանեցին 1.5 մլն հրեա Արևելյան Եվրոպայում։

Այս փուլի դեմ պայքարելու համար ցեղասպան խմբավորումների անդամակցությունը պետք է արգելվի։ Նրանց առաջնորդներին պետք է արգելվի միջազգային ճանապարհորդությունները և սառեցվեն իրենց արտաքին ֆինանսները։ ՄԱԿ-ը պետք է զենքի կիրառման արգելքներ դնի ցեղասպանության ժամանակ ներգրավված երկրների կառավարությունների և քաղաքացիների համար, ինչպես նաև ստեղծի հանձնաժողովներ ՝ խախտումները հետաքննելու համար, ինչպես արվեց Ռուանդայում ցեղասպանությունից հետո։ Ազգային իրավական համակարգերը պետք է հետապնդեն և զինաթափեն այն խմբավորումները, որոնք ծրագրում և կատարում են հանցագործություններ։

Բևեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծայրահեղականները տարանջատում են խմբերը։ Ատելության խմբերը հեռարձակում են բևեռացնող քարոզչությունը։ Խմբի թիրախավորման դրդապատճառները ներշնչվում են լրատվամիջոցների միջոցով։ Կարող են նաև օրենքներ ընդունվել, որոնք արգելում են խառը ամուսնությունները կամ հասարակական շփումը։ Նրանք լինելով հենց այդ ոճրագործ խմբից կարող են առաջինը կանխել կամ դադարեցնել ցեղասպանությունը, այդ իսկ պատճառով էլ առաջինը ձերբակալվում և սպանվում են հենց նրանք։ Հետո ձերբակալվում և սպանվում են թիրախավորված խմբերի առաջնորդները։ Գերիշխող խումբն ընդունում է արտակարգ իրավիճակների մասին օրենքներ կամ հրամաններ, որոնք նրանց ընդհանուր ուժ են տալիս թիրախային խմբի նկատմամբ։ Օրենքները վերացնում են քաղաքացիական հիմնարար իրավունքները և ազատությունները։ Թիրախային խմբերը զինաթափվում են, որպեսզի չկարողանան ինքնապաշտպանվել։

Կանխարգելումը կարող է նշանակել չափավոր առաջնորդների անվտանգության պաշտպանություն կամ օգնություն մարդու իրավունքների խմբերին։ Ծայրահեղականների ունեցվածքը կարող է առգրավվել և մերժվել նրանց միջազգային ճամփորդությունների համար վիզանների տրամադրումը։ Ծայրահեղականների կողմից պետական հեղաշրջումներին պետք է հակադրել միջազգային պատժամիջոցներ կիրառելով և ծայրահեղական առաջնորդների տարածաշրջանային մեկուսացմամբ։ Պետք է ակտիվ առարկություններ բարձրացնել ընդդիմադիր խմբերի անդամների ձերբակալությունների համար։ Անհրաժեշտության դեպքում, թիրախավորված խմբերին պետք է զենք տրամադրել, իրենց պաշտպանելու համար։ Ազգային կառավարության ղեկավարները պետք է դատապարտեն բևեռացնող ատելության խոսքը։ Կրթության ոլորտի մասնագետները պետք է սովորեցնեն հանդուրժողականություն։

Նախապատրաստություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային կամ հանցագործ խմբավորումների ղեկավարները այսպես կոչված «Վերջնական լուծում» են առաջարկում հրեաների, հայերի, տուտսիերի կամ այլ թիրախային խմբերի «հարցին»։ Իրենց մտադրությունները քողարկելու համար, շատ հաճախ պնդում են, որ այդ գործողությունների նպատակը «Էթնիկ զտումն» է կամ «հակաահաբեկչությունը»։ Նրանք  ստեղծում են բանակներ, զենք են գնում և մարզում իրենց զորքն ու աշխարհազորայինները։ Նրանք են բնակչությանը զոհերի խմբի նկատմամբ վախ են ներշնչում։ Առաջնորդները հաճախ պնդում են, որ ՝ «եթե մենք չսպանենք նրանց, նրանք կսպանեն մեզ», քողարկելով ցեղասպանությունը որպես ինքնապաշտպանություն։ Քաղաքական գործընթացները, ինչպիսիք են խաղաղության պայմանագրերը, որոնք սպառնում են իշխող խմբի գերիշխանությանը կամ առաջիկա ընտրություններին, որոնք կարող են խախտել բացարձակ իշխանության նկատմամբ իրենց վերահսկողությունը, իրականում կարող են հանգեցնել ցեղասպանության։

Նախապատրաստման կանխարգելումը կարող է ներառել զենքի էմբարգոները և դրանց համապատասխան կիրառումն ապահովող հանձնաժողովները։ Այն պետք է դատական կարգով հետապնդում ներառի ցեղասպանության հրահրման և այն իրականացնելու դավադրության համար` սահմանված Ցեղասպանության կոնվենցիայի 3-րդ հոդվածով։

Հետապնդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոհերը նույնացվում և առանձնացվում են իրենց ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական ինքնության պատճառով։ Տուժող խմբի մարդու հիմնական իրավունքները համակարգված խախտվել են արտադատական սպանությունների, խոշտանգումների և հարկադիր տեղահանման միջոցով։ Կազմվում են մահվան ցուցակներ։ Պետության կողմից հովանավորվող ցեղասպանությունում զոհ-խմբերի անդամները կարող են ստիպված լինել կրել նույնականացման խորհրդանիշներ։ Նրանց ունեցվածքը հաճախ բռնագրավվում է։ Նրանց նույնիսկ մեկուսացվում են գետտոյում, արտաքսվում են համակենտրոնացման ճամբարներ կամ սահմանափակվում են որոշակի շրջանում սովամահ լինելու համար։ Նրանց դանդաղ ոչնչացնելու համար մարդկանց միտումնավոր զրկում են տարրական այնպիսի ռեսուրսներից, ինչպիսիք են ջուրը կամ սննդամթերքը։ Հատուկ ծրագրերի միջոցով իրականացնում են հղիության արհեստական ընդհատումներ նոր ծնունդները կանխելու համար։ Երեխաները բռնի կերպով հեռացվում են իրենց ծնողներից։ Սկսվում են ցեղասպան գործողությունները։   Այս բոլոր կործանարար գործողությունները Ցեղասպանության կոնվենցիայից դուրս հանված ցեղասպանության քայլեր են։ Դրանք ցեղասպանություն են, քանի որ իրականացվում է խմբի մի մասի դիտավորյալ ոչնչացում։ Կազմակերպիչները հետևում են, թե արդյոք նման ջարդերը ստանում են միջազգային որևէ արդյունավետ արձագանք։ Եթե որևէ արձագանք չլինի, նրանք գիտակցում են, որ կարող են դուրս գալ իրավիճակից և չպատժվել։ Հանցագործները հասկանում են, որ ՄԱԿ-ը, տարածաշրջանային կազմակերպությունները և հզոր բանակներ ունեցող երկրները կրկին դիտորդի դերում են լինելու ու թույլ կտան այլ ցեղասպանություններ նույնպես։

Այս փուլում անհրաժեշտ է ցեղասպանությամբ պայմանավորված արտակարգ դրություն հայտարարել։ Եթե գերտերությունների, տարածաշրջանային դաշինքների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդը կամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քաղաքական կամքը հնարավոր լինի մոբիլիզացնել, ապա անհրաժեշտ է պատրաստվել զինված միջազգային միջամտության կամ զոհ-խմբին տրամադրել հիմնավոր աջակցություն ինքնապաշտպանության նախապատրաստման համար։ Մարդասիրական օգնությունը պետք է կազմակերպվի ՄԱԿ-ի և մասնավոր օգնության խմբերի կողմից փախստականների անխուսափելի ալիքի համար։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչնչացումն սկսվում է և արագորեն վերածվում է զանգվածային սպանությունների, որն իրավաբանորեն կոչվում է «ցեղասպանություն»։ Սա «ոչնչացում» է մարդասպանների համար, քանի որ նրանք չեն հավատում, որ իրենց զոհերը լիովին ունեն մարդկային էություն։ Պետության կողմից ֆինանսավորման դեպքում զինված ուժերը հաճախ աշխատում են աշխարհազորայինների հետ սպանություն կատարելու համար։ Ընդհանուր ցեղասպանությունների նպատակը թիրախային խմբի բոլոր անդամներին սպանելն է։ Բայց ցեղասպանությունների մեծ մասը ցեղասպանությունները «մասամբ» են։ Թիրախային խմբի բոլոր կրթված անդամները կարող են սպանվել (Բուրունդի 1972): Մարտական տարիքի բոլոր տղամարդիկ և տղաները կարող են սպանվել (Սրեբրենիցա, Բոսնիա 1995): Բոլոր կանանց և աղջիկներին կարող են բռնաբարել (Դարֆուր, Մյանմար)։ Կանանց զանգվածային բռնաբարությունները հատուկ են ժամանակակից բոլոր ցեղասպանություններին։ Բռնաբարությունը տուժածների խումբը գենետիկորեն փոփոխելու և ոչնչացնելու միջոց է։ Երբեմն ցեղասպանությունը հանգեցնում է միմյանց դեմ խմբերի կողմից վրեժխնդրության սպանություններին (ինչպես Բուրունդիում)։ Մշակութային և կրոնական ունեցվածքի ոչնչացումն օգտագործվում է խմբի գոյությունը պատմությունից ոչնչացնելու համար (Հայաստան 1915 - 1922, ԴԱԻՇ (Da'esh)/ԻԼԻՊ (ISIS) 2014 - 2018):

Ազգերի կամ էթնիկ խմբերի միջև «տոտալ պատերազմը» բնորոշ է ցեղասպանությանը, քանի որ այն չի տարբերակում քաղաքացիական անձինք ոչ մարտիկներից։ Ռմբակոծումը, կրակահերթերը, հիվանդանոցներ պայթեցնելը, քիմիական կամ կենսաբանական զենքի օգտագործումը պատերազմական հանցագործություններ են, և համարվում են նաև ցեղասպանության գործողություններ։ Ահաբեկչությունը չի տարբերակում քաղաքացիական անձանց  և մարտիկներին, և երբ նպատակադրվում է ոչնչացնել ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի անդամներին, սա համարվում է ցեղասպանություն։ Միջուկային զենքի օգտագործումը ցեղասպանության վերջնական գործողություն է, քանի որ այն գիտակցաբար նպատակ ունի ոչնչացնել ազգային խմբի զգալի մասը։

Այս փուլում միայն շատ արագ ռազմական միջամտությունը կարող է կանխել ցեղասպանությունը։ Անվտանգ տարածքներ կամ փախստականների փախուստի միջանցքներ պետք է ստեղծվեն խիստ զինված միջազգային պաշտպանությամբ։ (Վտանգավոր «անվտանգ» տարածքը ավելի վատ է, քան ոչ մեկը)։ Զինված միջամտությունների համար, ՄԱԿ-ի կողմից լիազորված բազմակողմանի ուժը պետք է միջամտի, եթե քաղաքականապես հնարավոր է։ Մշտական բարձր պատրաստվածության բրիգադը, ԵՄ արագ արձագանքման ուժը կամ տարածաշրջանային ուժերը (ՆԱՏՕ, ԱՍԵԱՆ, ԷԿՈՎԱՍ) պետք է իրավասու լինեն գործելու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կարող է թույլատրել գործողություններ ՝ «Միավորում հանուն խաղաղության բանաձևի» A Res. 330 (1950), որը 13 անգամ օգտագործվել է նման զինված միջամտության համար։ Եթե ՄԱԿ-ը չի կարող գործել, տարածաշրջանային դաշինքները պետք է գործեն ՄԱԿ-ի Կանոնադրության VIII գլխի համաձայն։ Պաշտպանության միջազգային պատասխանատվությունը գերազանցում է առանձին-պետությունների նեղ շահերը։ Եթե ուժեղ երկրները չեն տրամադրում զորքեր ուղղակիորեն միջամտելու համար, նրանք պետք է տրամադրեն ավիափոխադրումներ, սարքավորումներ և ֆինանսական միջոցներ, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանային պետություններին միջամտելու համար։

Ժխտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին փուլն է, որը շարունակվում է ողջ ընթացքում և միշտ հաջորդում է ցեղասպանությանը։ Այն հետագա ցեղասպան ջարդերի ամենահուսալի ցուցիչներից է։ Ոճրագործները փորձում են թաքցնել բոլոր վկայությունները, այրել սպանվածների մարմինները և ահաբեկել վկաներին։ Նրանք ժխտում են, որ որևէ հանցանք են գործել և ողջ մեղքը բարդում են զոհերի վրա։ Ցեղասպանության մասին ակտերը քողարկված են որպես հակահեղափոխություն, եթե շարունակվում է զինված բախում կամ քաղաքացիական պատերազմ է ընթանում։ Ոճրագործները արգելափակում են հանցագործությունների հետաքննությունը և շարունակում են կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ նրանք ուժի մեջ չեն մղվում իշխանությունից, երբ նրանք փախչում են աքսոր։ Այնտեղ նրանք մնում են անպատիժ, ինչպես Փոլ Փոթը կամ Իդի Ամին, քանի դեռ չեն ձեռբակալվել և դատվել։

Ցեղասպանության ընթացքում և դրանից հետո փաստաբանները, դիվանագետները և այն մարդիկ, ովքեր դեմ են ուժային գործողություններին, հաճախ հերքում են, որ այդ հանցագործությունները բավարարում են ցեղասպանության սահմանումը և կարող են համարվել ցեղասպանություն։ Նրանք կասկածի տակ են դնում ՝ հնարավո՞ր է ապացուցել խումբը ոչնչացնելու մտադրությունը ՝ անտեսելով հազարավոր սպանություններ։ Նրանք պնդում են, որ միայն դատարանները կարող են որոշել, թե արդյոք տեղի է ունեցել ցեղասպանություն ՝ պահանջելով «ապացույցներ ողջամիտ կասկածից վեր», երբ կանխարգելումը պահանջում է միայն գործողություններ կատարել ՝ հիմնավորված ապացույցների հիման վրա։

Ժխտման ամենալավ պատասխանը նրանց պատիժն է միջազգային տրիբունալում կամ ազգային դատարաններում։ Այնտեղ ապացույցները լսելի են դառնում, իսկ հանցագործները պատժվում են։ Հարավսլավիայի, Ռուանդայի կամ Սիերա Լեոնեի տրիբունալները, Կամբոջայում կարմիր քմերներին դատելու տրիբունալը կամ միջազգային քրեական դատարանը չեն կարող կանգնեցնել ցեղասպանությունների ամենադաժան ոճրագործներին։ Բայց նրանց ձերբակալելու և դատական հետապնդման քաղաքական ուժը, նրանցից շատերին պատասխանատվության կենթարկի։ Տեղական արդարության և ճշմարտության հանձնաժողովները և հանրակրթական դպրոցների կրթությունը նույնպես հերքման լավ տարբերակներ են։ Նրանք կարող են ճանապարհներ բացել հաշտեցման և կանխարգելիչ կրթության համար։

Վերջաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս մոդելը ցույց է տալիս, որ ցեղասպանությունների գործողությունների մեջ տրամաբանություն կա, չնայած այն չի ընթանում գծային կարգով։ Մեզ օգնելով հասկանալու ցեղասպանության տրամաբանությունը, մարդիկ կարող են տեսնել ցեղասպանության նախազգուշացման նախանշանները և իմանալ, թե երբ այն կարող է պատահել։ Առաջնորդները կարող են ձևավորել քաղաքականություն` յուրաքանչյուր փուլում հակառակորդ ուժերին չեզոքացնելու համար։

Ցեղասպանագետները ուսումնասիրել են նաև մշակութային և քաղաքական այն գործոնները, որոնք հանգեցնում են ցեղասպանության։ Սոցիոլոգ Հելեն Ֆեյնը ցույց տվեց, որ նախապես գոյություն ունեցող հակահրեականությունը Հոլոքոստի ժամանակ եվրոպական տարբեր երկրներում սպանված հրեաների տոկոսի հետ կապ ուներ[6]։ Բարբարա Հարֆի նման քաղաքագետները, ուսումնասիրել են այն պետությունների քաղաքական բնութագրերը, որոնք վիճակագրորեն առնչվում են ցեղասպանության ռիսկին[7]։

Ի լրումն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիայում քաղաքական խմբի սպանությունը` որպես ցեղասպանություն դիտվող սահմանման բացակայության, գիտնականներ Թեդ Գուրը և Բարբարա Հարֆը շրջանառության մեջ են դրել «պոլիտիցիդ» տերմինը[8]։ Քաղաքական անկայունության ռիսկերը բնորոշ են, ինչպես Կուպերն է անվանում  «բաժանված հասարակություններ»-ին ՝ դասակարգման խորքային ճեղքերով[9]։

Թիրախային խմբերը պետության կողմից դառնում են խտրականության զոհ։  Բացառիկ գաղափարախոսությունը առանցքային է խտրականության և անմարդկայնացման համար։ Ինքնավար ռեժիմները նպաստում են ատելության խմբերի կազմակերպմանը։ Բևեռացմանը բնորոշ է էթնիկ բևեռացված էլիտան։ Պետության սահմաններից դուրս առևտրի և այլ ազդեցությունների բաց լինելու բացակայությունը բնորոշ է ցեղասպանությանը կամ քաղաքական ոճրագործությանը նախապատրաստվելուն։ Մարդու իրավունքների զանգվածային խախտումը հետապնդման վկայությունն է։ Անպատժելիությունը նախորդ ցեղասպանություններից կամ քաղաքական սպանություններից հետո ժխտման վկայությունն է։

Այս մոդելը նկարագրում է այն գործընթացները, որոնք հանգեցնում են ցեղասպանությունների և ցույց է տալիս այդ գործընթացներին ընդդիմանալու ճանապարհները։ Վիճակագրական ռիսկի գործոններից դուրս է նկարագրել այն իրադարձությունները, որոնք հուշում են ցեղասպանական գործողությունների մասին։ Այն  մոդել է, որը պետք է ուղղորդի քաղաքական գործիչներին ցեղասպանությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու ճանապարհին։ Այն հաջողությամբ կիրառվել է Մոզամբիկում, Արևելյան Թիմորում, Կոսովոյում, Մակեդոնիայում, Լիբերիայում, Կոտ դ'Իվուարում, Բուրունդիում, Եթովպիայում և Քենիայում ցեղասպանությունները կանխելու կամ դադարեցնելու համար։ Այնուամենայնիվ, երբ ազգային կամ աշխարհի առաջնորդները չունեն ցեղասպանությունը կանխելու քաղաքական կամք, հազարավոր մարդիկ մահանում են։

Վերջապես, ինչպես Ստանթոնն է նշում, ցեղասպանության դեմ ուղված շարժումը  պետք է բխի ոչ թե միջազգային զինված միջամտություններից, այլ ժողովրդական դիմադրությունից խտրականության ցանկացած ձևի, անմարդկայնացման, ատելության խոսքի և ատելության խմբերի ձևավորման, ատելություն քարոզող քաղաքական կուսակցությունների վերելքի, ռասիզմի կամ այլատյացության, բևեռացման, մարդու իրավունքների զանգվածային խախտումների, միջազգային առևտրի կամ կապի համար սահմանների փակումների և նախկինում եղած ցեղասպանությունների կամ մարդկության դեմ այլ հանցագործությունների ժխտումից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=75835
  2. «The 8 Stages of Genocide» (en-US)։ Վերցված է 2020-07-19 
  3. «Genocide Watch- Ten Stages of Genocide»։ genocidewatch (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-18-ին։ Վերցված է 2020-07-19 
  4. «Merktekens van gevangenen»։ Verzetsmuseum (հոլանդերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-07-19-ին։ Վերցված է 2020-07-21 
  5. «Blue Scarves and Yellow Stars: Classification and Symbolization in the»։ genocidewatch (անգլերեն)։ Վերցված է 2020-07-21 
  6. Fein Helen (1979)։ Accounting for genocide: Victims and survivors of the Holocaust։ New York: Free Press 
  7. Harff Barbara (2003)։ «No Lessons Learned from the Holocaust? Assessing Risks of Genocide and Political Mass Murder since 1955»։ The American Political Science Review 97 (1): 57–73։ JSTOR 3118221։ doi:10.1017/S0003055403000522 
  8. «Genocide Museum»։ www.genocide-museum.am։ Վերցված է 2020-07-21 
  9. Kuper Leo (1981)։ Genocide (1982 ed.)։ New Haven: Yale։ էջ 58։ ISBN 0-300-03120-3