Ցանքաշրջանառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցանքաշրջանառության և մոնոկուլտուր դաշտի ազդեցությունների ուսումնասիրությունը Swojec ագրարային համալսարանի Wrocław. փորձարարական տնտեսությունում: Դաշտի սկզբնամասում փորձարկվում է ցանքարջանառության "Norfolk" հաջորդականությունը (կարտոֆիլ, վարսակ, ոլոռ, աշորա), ետնամասում աշորան մշակվում է 58 տարի անընդմեջ

Ցանքաշրջանառությունը մշակաբույսերի և ցելերի գիտականորեն հիմնավորված հաջորդափոխությունն է ժամանակի (տարիների) և տարածության (դաշտերի) մեջ, կամ միայն ժամանակի:

Ցանքաշրջանառությունների անհրաժեշտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Նիկոլայի Պրյանիշնիկովը առանձնացրել է ցանքաշրջանառությունների կիրառման անհրաշեժտության 4 հիմնավոր պատճառ՝

  1. Կենսաբանական: Մշակաբույսերի հերթափոխ մշակությունը իր ազդեցությունն է ունենում գրեթե բոլոր տեսակի օրգանիզմների` մոլախոտերի, վնասատուների, հիվանդությունների, հողի միկրօրգանիզմների վրա: Ցանկացած օրգանիզմ նպաստավոր պայմաններում առավելագույն կերպով վերարտադրվում է: Բույսերի անհերթափոխ մշակությունը իր ազդեցությունն է ունենում նշված բոլոր օրգանիզմների կենսագործունեության վրա, մասնավորապես վնասակար օրգանիզմները` մոլախոտեր, վնասատուներ հիվանդություններ, տարեց տարի միևնույն պայմաններում էլ ավելի են տարածվում, բազմանում` մեծացնելով մշակաբույսերին հասցրած վնասը: Մինչդեռ հերթափոխ մշակության դեպքում փոխվում է և΄ մշակաբույսը, և΄ հողի մշակման համակարգը, որոնք հանդիսանում են այլ պայմաններ` հարմարված օրգանիզմների համար: Օրինակ, ձմեռող և աշնանային մոլախոտերը հարմարված են աշնանացան հատիկավոր մշակաբույսերին, որոնք թույլ են ճնշում մոլախոտերը: Մինչդեռ աշնանացան մշակաբույսերի ճնշումը գարնանային մոլախոտերի վրա ուժեղ է: Շարահերկային մշակաբույսերի միջշարային մշակությունների դեպքում մոլախոտերը և դրանց վեգետատիվ օրգանները ոչնչանում են, արդյունքում դաշտերը շարահերկերից հետո լինում են մաքուր: Ցանքաշրջանառությունը թույլ է տալիս անընդհատ փոփոխել այն բոլոր պայմանները, որոնք վնասակար օրգանիզմների համար հանդիսանում են նպաստավոր, իսկ մշակաբույսերի համար` ոչ նպաստավոր:
  2. Ֆիզիկական: Պայմանավորված է մշակաբույսերի կենսաբանական և ագրոտեխնիկական առանձնահատկություններով: Դաշտերը բազմամյա խոտերից և աշնանացան հատիկավոր բույսերից հետո լինում են ամրացած և չորացած, իսկ շարահերկերից հետո` փուխր, մաքուր և ավելի խոնավ: Տարբեր է նաև դրանց ազդեցությունը հողի ստրուկտուրայի վրա: Բազմամյա խոտերը բարելավում են հողի ստրուկտուրան և կայունությունը, դրական ազդեցություն են ունենում նաև մի շարք միամյա մշակաբույսեր (հատիկավորներ և ուրիշներ), սակայն ավելի նվազ չափով, քան բազմամյանները: Այս բոլորը պետք է հաշվի առնել բույսերի հաջոր-դականության կարգը սահմանելիս: Հատկապես պետք է նշել մշակաբույսերի հերթափոխության նշանակությունը ջրի արդյունավետ օգտագործման գործում: Երկրագործության կարևոր հիմնախնդիրներից մեկը խոնավության պահպանման և ջուրը խնայողաբար օգտագործելու խնդիրն է: Այդ պատճառով շատ կարևոր է սահմանել ջրի նկատմամբ տարբեր պահանջներ ունեցող բույսերի հաջորդափոխությունը: Անբավարար խոնավացման գոտում շատ մեծ է մաքուր ցելերի դերը, որոնք բարելավվում են հողի ջրային ռեժիմը:
  3. Քիմիական: Տարբեր մշակաբույսեր տարբեր պահանջ ունեն սննդատարրերի, հողի քիմիական կազմի նկատմամբ: Հացահատիկային մշակաբույսերն ավելի շատ ծախսում են ազոտ և կալիում, կարտոֆիլը, շաքարի ճակնդեղը, արևածաղիկը` կալիում, բակլազգիները` ֆոսֆոր, կալիում և այլն: Առանձին մշակաբույսեր տարրալուծում են հողի դժվարալույծ միացությունները և օգտվում, (կորնգան, կարտոֆիլ), մյուսները օգտվում են հիմնական ջրալույծ տարրերից (ցորեն, շաքարի ճակնդեղ և այլն): Բակլազգի ընտանիքին պատկանող մշակաբույսերը (առվույտ, երեքնուկ, կորնգան, վիկ, հատիկաընդեղեններ) հողը հարստացնում են ազոտով, բարելավվում նրա ստրուկտուրան, ուստի լավ նախորդներ են մշակաբույսերի համար: Մշակաբույսերի հերթափոխության կարևոր պատճառներից է նաև դրանց պահանջը խոնավության նկատմամբ: Հացահատիկային մշակաբույսերի արմատները փնջաձև են և հիմնականում տարածվում են վարելաշերտում, հատիկաընդեղենների և մի շարք այլ մշակաբույսերի արմատներն առանցքային են, թափանցում են խորը շերտեր և ընդունակ են օգտվելու հողի խորը շերտերի խոնավությունից: Մշակաբույսերի ճիշտ հերթափոխությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ օգտագործելու ինչպես վարելաշերտի, այնպես էլ ենթավարելաշերտի սննդատարրերը:
  4. Տնտեսական: Ելնելով տվյալ ժամանակաշրջանի համար մշակաբույսերի նկատմամբ եղած պահանջից` մշակվում է տնտեսապես հիմնավորված ցանքատարածությունների կառուցվածք, ինչը ցանքաշրջանառության տնտեսական հիմքն է: Տնտեսական վերլուծության ժամանակ հաշվի է առնվում նաև մշակաբույսերի տնտեսական նշանակությունն ու արտադրանքի որակը, դրա հողապաշտպան դերը, մելիորատիվ նշանակությունը և այլն: Պետք է մշակել և հիմնավորել ցանքաշրջանառություններում մշակաբույսերի այնպիսի հաջորդականություն, որի դեպքում բոլոր բույսերից կապահովվի բարձր բերք` ցածր ինքնարժեքով: Այսպես, բակլազգի բազմամյա խոտաբույսերից (առվույտ, կորնգան, երեքնուկ) հետո հողում կուտակվում է մեծ քանակությամբ ազոտ, ուստի դրանց անհրաժեշտ է հաջորդափոխել այնպիսի բույսերով, որոնք ազոտի պահանջ են զգում: Առանձին բույսերի տևական մշակության դեպքում դաշտերը վարակվում են տվյալ մշակաբույսերին վնասող մոլախոտերով, վնասատուներով ու հիվանդություններով, որի դեմ պայքարելու համար կծախսվեն շատ միջոցներ, քան ճիշտ ցանքաշրջանառության կիրառման դեպքում, ուստի ապահովելով մշակաբույսերի հերթափոխ մշակության ֆիզիկական, քիմիական և կենսաբանական պայմանները, տնտեսական ելը միավոր տարածքից կլինի բարձր:

Ցանքաշրջանառությունների սխեման[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշակի կարգով սահմանված մշակաբույսերի և ցելերի հաջորդափոխության թվարկումը կոչվում է ցանքաշրջանառության սխեմա: Բույսերի հաջորդականությունը սահմանելիս հաճախ նշում են այն խմբի անունը, որին պատկանում են բույսերը` շարահերկներ (եգիպտացորեն, ծխախոտ, կարտոֆիլ, ճակնդեղ), հատիկավոր (ցորեն, գարի, աշորա և այլն), խոտաբուսային (առվույտ, կորնգան, երեքնուկ, վարսակ), բանջարաբոստանային (վարունգ, լոլիկ, տաքդեղ, սմբուկ, կաղամբ, սոխ, ձմերուկ, սեխ) և այլն: 

Նախորդը դա տվյալ դաշտում նախորդ տարի մշակված մշակաբույսն է կամ ցելը: Ցանքաշրջանառության սխեմայի օրինակ

  1. Մաքուր ցել
  2. Աշնանացան աշորա
  3. Կարտոֆիլ
  4. Աշնանացան ցորեն + երեքնուկ
  5. երեքնուկ օգտագործման առաջին տարի 
  6. երեքնուկ օգտագործման երկրորդ տարի

Օրինակ մաքուր ցելից հետո մշակվում է աշնանացան աշորա, իսկ կարտոֆիլ կմշակվի աշորայի բերքահավաքից հետո: Այս դեպքում աշնանացան աշորայի նախորդը մաքուր ցելն է, իսկ կարտոֆիլի նախորդը՝ աշորան:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]