Տրոպիզմներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրոպիզմներ, արտաքին գործոնների միակողմանի ազդեցությամբ պայմանավորված բույսերի օրգանների (ցողուն, տերև, արմատ) շարժումներ։ Տրոպիզմների (ինչպես և նաստիաների) հիմքում ընկած է գրգռելիության երևույթը։ Պրոցեսը սկսվում է, երբ բույսը արտաքին գրգիռ է ընկալում, որի հետևանքով օրգանի գրգիռ ընկալող և դրան հակառակ կողմերի միջև առաջանում են ֆիզիոլոգիական տարբերություններ։ Դրան հաջորդում է ազդանշանի հաղորդման փուլը, և ի վերջո ի հայտ է գալիս հակազդեցությունը՝ անհավասար աճման հետևանքով առաջացած թեքումը կամ պտույտը։ Ըստ գրգռի բնույթի տարբերում են լույսի ազդեցությամբ (ֆոտոտրոպիզմ), երկրի ձգողությամբ (գեոտրոպիզմ), հպմամբ (տիգմոտրոպիզմ), վնասվածքով (տրավմատրոպիզմ), ջերմությամբ (թերմոտրոպիզմ), էլեկտրականությամբ (էլեկտրա տրոպիզմ), քիմիական նյութերի ազդեցությամբ (քեմոտրոպիզմ) պայմանավորված տրոպիզմներ։ Առավել ընդունված է տրոպիզմների բացատրման հորմոնային տեսությունը, ըստ որի տրոպիզմները պայմանավորված են բույսի օրգանի տարբեր մասերում աուքսինի պարունակության տարբերությամբ, օրինակ, ցողունի լուսավորված կողմում այդ հորմոնի քանակը ավելի քիչ է, քան ստվերում, այդ պատճառով վերջինիս բջիջներն ավելի արագ են աճում, և օրգանը թեքվում է դեպի լույսը (դրական ֆոտոտրոպիզմ)։ Հորիզոնական դիրքում գտնվող ցողունի մեջ աուքսինն ավելի շատ է ստորին մասում, որի հետևանքով այդ բջիջների աճը խթանվում է, և ցողունը թեքվում է դեպի վեր (դրական գեոտրոպիզմ)։ Արմատի հակառակ ռեակցիան պայմանավորված է արմատի բջիջների աճման վրա աուքսինի արգելակիչ ազդեցությամբ, այդ պատճառով նույն դիրքում արմատը թեքվում է դեպի ներքև։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլագիոտրոպիզմ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։