Տրիխինելոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրիխինելոզ, մարդու և կաթնասուն կենդանիների ճիճվային հիվանդություն։ Հարուցիչը՝ Trichinellidae ընտանիքի Trichinella spiralis-ն է։ Հասուն որդի երկարությունը 1,2-4,4 մմ է։ Սեռահասուն տրիխինելաները մակաբուծում են մարդու աղիքներում, իսկ թրթուրներն արյան և ավշային հոսքով տարածվում են օրգանիզմում ու տեղակայվում միշաձիգ զոլավոր մկաններում։ 2-3 շաբաթ անց թրթուրները պատիճավորվում են (տիրոջ պաշտպանողական ռեակցիա) և այդ վիճակում կենսունակությունը կարող են պահպանել տարիներ շարունակ։ Հետագա զարգացման համար պատիճավորված հարուցիչները պետք է ընկնեն մեկ ուրիշ կաթնասունի օրգանիզմ։ Մարդը վարակվում է տրիխինելաներով վարակված միս օգտագործելիս։ Հիվանդությունը դրսևորվում է տենդով (39°С-ից ավելի), կոպերի և դեմքի այտուցով, մկանային ցավերով, հաճախ՝ մաշկային ցանով, գլխացավերով, ալերգիական երևույթներով, մարսողության խանգարումներով և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։