Տրաֆարետային տպագրություն

Տրաֆարետային տպագրություն, տեքստի և գրաֆիկական պատկերների վերարտադրման եղանակ, երբ ներկը տպագրական նյութի վրա է թափանցում տրաֆարետի միջով։ Առավել տարածված է, այսպես կոչված, ցանցատրաֆաբետային տպագրությունը, որի դեպքում որպես տպաձև է ծառայում շրջանակի վրա ձգված մետաքսե կամ պոլիմերային ցանցը։ Պատկերի բացատատեղերին համապատասխանող մասերը ծածկում են ներկի համար անթափանցելի նյութով։ Տպագրության ժամանակ ցանցի անցքերի միջով մածուցիկ ներկը ռետինե ձողիկով ներճնշվում է ընդունող մակերևույթի վրա։ Տպվածքի վրայի ներկող շերտի հաստությունը 10-30 անգամ գերազանցում է օֆսեթ տպագրության կամ բարձր տպագրության եղանակով ստացված շերտի հաստությանը, որն էլ պահանջում է արհեստական չորացում և սահմանափակում տպագրող մեքենաների արտադրողականությունը (ժամում մինչև 1000 տպվածք)։ Տրաֆարետային տպագրությունը կիրառում են թերթային և փաթթոցային նյութերի կամ պատրաստի շինվածքների վրա տպագրելու համար։ Տրաֆարետային տպագրության օգնությամբ բազմացնում են փաստաթղթեր, պատրաստում գովազդային պլակատներ, տպատախտակներ, սարքերի սանդղակներ, կույրերի համար գրքեր։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |