Տրապիզոնի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տրապիզոնի Ավետարան», XI դարի հայկական ձեռագիր մատյան, քառավետարան։ Պահպանվում է Վենետիկի Սուրբ Ղազար վանքի մատենադարանում (ձեռ․ N1400/108)։ Հայ գրչության և մանրանկարչության գլուխգործոցներից է, գրված է ընտիր բոլորագիծ երկաթագրով։ Գրչության վայրը, գրիչը և ծաղկողը՝ անհայտ։ 1803 թվականին Իգնատիոս Փափազյանի ձեռքով Ս․ Ղազար է բերվել Տրապիզոնից (այստեղից էլ անունը՝ «Տրապիզոնի Ավետարան»)։

Պահպանված առաջին հիշատակարանը ուշ է գրվել (մինչև 1196 թ․)։ Վերակազմվել է XIII դ․։ Մի քանի մանրանկարված էջեր չկան։ Ձեռագիրը Ս․ Ղազարի ամենամեծ մատյանն է (37 x 46 սմ), սկսվում է ճոխ պատկերազարդված խորաններով, դրանց հաջորդում են տերունական պատկերներ («Ծնունդ», «Մկրտություն», «Տյառնընդառաջ», «Պայծառակերպություն»), նստած ավետարանիչների նկարները մի թերթի վրա, ապա առանձին՝ Մատթեոս Ավետարանիչի նկարը, «Դեիսուսը», «Քրիստոս- Ամենակալը» և մյուս ավետարանիչների նկարները՝ իրենց ավետարաններից առաջ։ Յուրաքանչյուր ավետարան բացվում է անվանաթերթով, որի գլխազարդը նման է խորանների գլխազարդերին։

Ենթադրվում է, որ ձեռագիրը պատկերազարդել են երկու մանրանկարիչ։ Տերունական նկարներում կան հունարեն վերնագիր-մակագրություններ, որոնք (ինչպես և այլ տարրեր) վկայում են հայ-բյուզանդական արվեստի փոխառնչությունները։ Ոճը «բյուզանդամետ» է, սակայն հայկական մանրանկարչությանը բնորոշ ինքնատիպությունն արտահայտված է ցայտուն։ Զարդամոտիվները յուրահատուկ են ու հարուստ։ Գործող անձինք պատկերված են արտահայտիչ ու կենդանի։

«Տրապիզոնի Ավետարանի» խորանների ու անվանաթերթերի կոլորիտով, բուսական զարդամոտիվներով, ոսկու նուրբ օգտագործմամբ ընդհանրություն ունի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանի №275 և №10434 ավետարանների հետ, ընդ որում վերջին երկու ձեռագրերի ընդօրինակողը Հովհաննես Գրիչն է, ժամանակը՝ XI դ․ 2-րդ կեսը։ Ենթադրվում է, որ Գագիկ Աբասյանի պատվիրած «Կարսի Ավետարանին» հաջորդել են վերոհիշյալ ձեռագրերը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական մանրանկարչություն, հ․ 1, Վնտ․, 1966, էջ 28 - 33 (առաջաբան Ս․ Տեր- Ներսեսյանի, կազմ․ Մ․ ճանաշյան)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։