Տրանսվաալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տրանսվաալ
Դրոշ Զինանշան
Flag of Transvaal.svg Colony of the Transvaal.png

Կոորդինատներ: 25°0′0″ հվ. լ. 30°0′0″ ավ. ե. / 25.00000° հս․. լ. 30.00000° ավ. ե. / 25.00000; 30.00000
Երկիր Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն
Հիմնադրված է 1852 թ.
Մակերես 288 000 կմ²
Պաշտոնական լեզու անգլերեն և աֆրիկաանս
##Տրանսվաալ (Հարավաֆրիկյան Հանրապետություն)
Red pog.png
Տրանսվաալ նահանգը 1976-94 թթ․

Տրանսվաալ (Transvaal), նահանգ Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Տարածությունը 283,9 հզ․ կմ2 է, բն․՝ 8,765 մլն (1978)։ Վարչական կենտրոնը՝ Պրետորիա։ Գտնվում է Վաալ և Լիմպոպո գետերի միջև։ Կլիման մերձարևադարձային և արևադարձային է, չորային։ Տարեկան տեղումները 350–750 մմ են։ Խոշոր գետերն են Վաալը, Ուլիֆանասը։ Տարածված են տափաստանային և սավաննային բուսատեսակները։ Տրանսվաալը երկրի արդյունաբերական կարևոր շրջաններից է։ Հարուստ է օգտակար հանածոներով։ Արդյունահանում են քարածխի, ոսկու, ալմաստի, ուրանի, պղնձի, ֆոսֆորիտների, պլատինի, քրոմիտի, ծարիրի և երկաթի հանքանյութ, ֆտորասպաթ, ասբեստ։ Զարգացած է սև մետալուրգիան, մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ արդյունաբերությունը։ Արդյունաբերական կենտրոններ են Ցոհաննեսբուրգը, Պրետորիան, Ֆերինիգինգը, Սփրինգսը։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, ծխախոտ, ցիտրուսայիններ, մանգո, ավոկադենի, բամբակենի։ Զարգացած է արոտային անասնապահությունը։

XIX դարի 30-40-ական թվականներին Տրանսվաալի հիմնական բնակիչներին՝ բանտուներին, բուրերը դուրս են մղել Լիմպոպո գետից հյուսիս, 1856 թվականին հռչակել Տրանսվաալի անկախ հանրապետությունը (պաշտոնական անվանումը՝ Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն), որի բնիկ բնակչությունը զրկված էր քաղաքական իրավունքներից։ XIX դարի 60-ական թվականներին ալմաստի, 80-ական թվականներին ոսկու հայտնաբերումից հետո Մեծ Բրիտանիան համառորեն ձգտել է նվաճել Տրանսվաալը։ 1877 թվականի ապրիլի 12-ին անգլիական կառավարությունը հայտարարել է Տրանսվաալի բռնակցման մասին։ 1880 թվականի դեկտեմբերին բուրերը ապստամբել են և հաղթել անգլիական զորքերին։ 1881 թվականին Պրետորիայում և 1884 թվականին Լոնդոնում ստորագրված համաձայնագրով բուրերը ստացել են ներքին ինքնավարություն (արտաքին հարաբերությունները հսկել է Անգլիան)։ Ոսկու հայտնաբերումից հետո մեծացել է անգլիական կապիտալի հոսքը Տրանսվաալ, որը առաջ է բերել նոր բախումներ բուրերի ու անգլիացիների միջև։ Չնայած բուրերի համառ պայքարին, Մեծ Բրիտանիան անգլո-բուրական պատերազմ 1899-1902 թվականների ընթացքում կրկին զավթել է Տրանսվաալը և 1910 թվականին ստեղծել Հարավաֆրիկյան Միություն դոմինիոնը (1961-ից՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն, ՀԱՀ)։ Տրանսվաալը ընդգրկվել է նրա կազմի մեջ՝ իբրև նահանգ։ 1970-1980-ական թվականներին ակտիվացել է բնիկների պայքարը ռասայական խտրականության դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 84 CC-BY-SA-icon-80x15.png