Տրանսպլանտոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի տրանսպլանտացիա

Տրանսպլանտոլոգիա, փոխպատվաստագիտություն` բժշկագիտության բաժին, որն ուսումնասիրում է տրանսպլանտացիայի խնդիրները, զարգացել է վիրաբուժության շրջանակներում,որից տարբերվել է մեկուսացված օրգանների և հյուսվածքների պատվաստման մեթոդն օգտագործելով։ Գիտական Տրանսպլանտոլոգիան ձևավորվել է XIX դ․ սկզբներին, երբ հրապարակվեցին Զ․ Բարոնիոյի (Իտալիա, 1804), Կ․ Բյունգերի (Գերմանիա, 1823) և այլոց փորձառական ու կլինիկական հետազոտությունների արդյունքները։ Կարևոր դեր են կատարել Նիկոլայ Պիրոգովի, Յուրի Շիմանովսկու աշխատանքները։ Ոսկրերի (ֆրանսիացի բժիշկ Լ․ Օլյե, 1858) և մաշկի (Փարիզի վիրաբույժ ժ․ Ռևերդեն, 1869) փոխպատվաստման մեթոդները մշակելուց հետո ռուս գիտնականները Տրանսպլանտոլոգիան հարստացրին նոր մեթոդներով։ Ռուսաստանում առաջինն է կիրառվել հոդերի, ինչպես նաև ականջախեցու աճառի, աչքի առաջային բաժնի, փակեղների փոխպատվաստումը։ Օրգանների փոխպատվաստման առաջին հետազոտությունները պայմանավորված են Վ․ Գրիգորևի (1897) աշխատանքներով (հաջողությամբ կատարել է ձվարանի փոխպատվաստում` ֆունկցիայի վերականգնումով)։ Անոթային կարերի կիրառումը հնարավորություն տվեց կատարել օրգանների փոխպատվաստում` դրանց արյան շրջանառության պահպանմամբ։ Տրանսպլանտոլոգիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեցավ իմունոլոգիայի զարգացումը։ Որոշ հյուսվածքների կենսունակության հետազոտությունները (Պ․ Բախմետև, 1899—1912, Ն․ Կրավկով, 1920—24 և ուրիշներ), մահվանից 20 ժամ անց մարդու մեկուսացված սրտի վերակենդանացման (Ա․ Կուլյաբկո, 1902) և արյան փոխներարկման կլինիկական փորձը (Ս․ Ցուդին, 1930) դիակային հյուսվածքների փոխպատվաստման հնարավորության ապացույց հանդիսացան։ 1933 թվականին, սովետական վիրաբույժ Ցոլ․ Վորոնոյը կլինիկայում առաջինը կիրառեց դիակային երիկամի փոխպատվաստածը։ ՍՍՀՄ-ում Տրանսպլանտոլոգիայի հետագա զարգացմանը նպաստեց ՍՍՀՄ ժողկոմխորհի 1937 թ.-ի հատուկ որոշումը, որով դիակային օրգանների և հյուսվածքների օգտագործման իրավունք վերապահվեց։ Առանձնահատուկ նշանակություն ունեցան արհեստական երիկամի (1944) ստեղծումը, ինչպես և հյուսվածքային անհամատեղելիության, արհեստական տոլերանաության (Պ․ Մեդավար) ուսումնասիրությունները։ Կատարվեցին լյարդի, թոքերի, ենթաստամոքսային գեղձի (ամերիկացի վիրաբույժներ Թ․ Ստարցլ, 1963, Դ․ Հարդի, 1963, Ռ․ Լիլիխայի, 1966), սրտի (Ք․ Բառնարդ, Քեյփթաուն, 1967) կլինիկական առաջին փոխպատվաստածները։ Տրանսպլանտոլոգիայի վերաբերյալ հարուստ փորձ է կուտակված կլինիկական և փորձառական վիրաբուժության համամիութենական ինստիտուտում և ՍՍՀՄ առողջապահության մինիստրության օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ինստիտուտում (Մոսկվա)։ ժամանակակից Տրանսպլանտոլոգիայի խնդիրներն ընդգրկում են կլինիկական Տրանսպլանտոլոգիա, տրանսպլանտացիոն իմունաբանությունը, օրգանների և հյուսվածքների պահածոյացումը, արհեստական օրգանների (սիրտ, լյարդ, ենթաստամոքսային գեղձ) ստեղծումը։ Տրանսպլանտոլոգիայի մասնագետները միավորված են տրանսպլանտոլոգների միջազգային ընկերությունում (հիմնված 1966թ-ին)։ Հրատարակվում են «Թրանսփլանթեյշըն» («Transplantation», Baltimore, 1963-ից), «Թրանսփլանթեյշըն ռևյուս» («Transplan tation Reviews», Copenhagen-Baltimore, 1969թ-ից) ամսագրերը։

English: B6 CD45.1 near-term fetal heart tissue was transplanted subcutaneously into syngeneic mouse ear pinnae. Movie was filmed 6 months after transplantation. This is a representative of 6 similar experiments.
English: Fetal heart beating in the kidney capsule (10 months after the transplantation)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png