Տրամաբանական քառակուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրամաբանական քառակուսի

Տրամաբանական քառակուսի, ավանդական տրամաբանության մեջ՝ սխեմա, որով ակնառու ձևով ներկայացվում են դատողության չորս հիմնական՝ նույն տերմիններն ունեցող, բայց քանակով կամ (և) որակով տարբերվող տեսակների հարաբերություններն ըստ բնույթի, դրա հիման վրա էլ՝ հարաբերություններն ըստ ճշմարտային արժեքի (առաջարկել է Միխայիլ Փսելլոսը, XI դ․)։ Այդ դատողություններն են՝ ընդհանուր–հաստատական՝ А (SaP), մասնավոր–հաստատական՝ I (SiP), ընդհանուր–ժխտական՝ Е (SeP), մասնավոր–ժխտական՝ Օ (SoP)։ A-ն և E-ն գտնվում են հակադիմության հարաբերության մեջ, A-ն և Օ–ն՝ հակասության և այլն։ Հարաբերություններն ըստ ճշմարտային արժեքի որոշվում են հետևյալ կերպ, եթե հակադեմ (հակադիմության հարաբերության մեջ գտնվող) դատողություններից մեկը ճշմարիտ է, ապա մյուսը կեղծ է, իսկ եթե մեկը կեղծ է, ապա մյուսն անորոշ է (որոշ դեպքերում ճշմարիտ է, այլ դեպքերում՝ կեղծ), եթե ենթահակադեմ դատողություններից մեկը ճշմարիտ է, ապա մյուսն անորոշ է, իսկ եթե մեկը կեղծ է, ապա մյուսը ճշմարիտ է, եթե հակասող դատողություններից մեկը ճշմարիտ է, ապա մյուսը կեղծ է, իսկ եթե մեկը կեղծ է, ապա մյուսը ճշմարիտ է, եթե ստորադիր դատողություններից ընդհանուրը ճշմարիտ է, ապա մասնավորը նույնպես ճշմարիտ է, իսկ եթե ընդհանուրը կեղծ է, ապա մասնավորն անորոշ է, եթե մասնավորը ճշմարիտ է, ապա ընդհանուրն անորոշ է, իսկ եթե մասնավորը կեղծ է, ապա ընդհանուրը նույնպես կեղծ է։ Տրամաբանական քառակուսու սկզբունքով կարելի է ներկայացնել նաև մոդալ դատողությունների հարաբերությունները։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրամաբանական քառակուսի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 75