Տրամաբանական շարահյուսություն, տրամաբանական սինտաքսիս, տրամաբանության մեջ՝ ձևականացված լեզուների կառուցվածքն ինքնին՝ առանց մեկնաբանության, ինչպես և տրամաբանության այն բաժինը, որի մեջ հետազոտվում է այդ կառուցվածքը (այս վերջին իմաստով սեմիոտիկայի մեջ որպես Տրամաբանական շարահյուսության հոմանիշ գործածվում է սինտակտիկա տերմինը)։ Ձևականացված լեզվի (ձևական հաշվի) շարահյուսությունը, բնական լեզվի քերականության նմանողությամբ, կազմում են նրա տարրական բաղադրիչները (այբուբեն) և դրանցից արտահայտություններ կազմելու կանոնները (կազմավորման կանոններ), իսկ բուն (լայն) իմաստով տրամաբանական շարահյուսթյունը ներառում է նաև մի արտահայտությունից մյուսին անցնելու կանոնները (փոխա կերպման կամ արտածման կանոններ)։ Բացի որևէ կոնկրետ ձևական համակարգի հատկություններին վերաբերող տարրական շարահյուսությունից, որի օրինակն է մետամաթեմատիկան, կառուցվում է նաև ձևական համակարգերի ընդհանուր տեսություն՝ տեսական շարահյուսություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 74)։