Տրամաբանական ատոմիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տրամաբանական ատոմիզմ, փիլիսոփայության մեջ պլյուրալիստական և նոմինալիստական ուսմունք, որը մշակել են Բ. Ռասեչը և Լ.Վիտգենշտայնը, 1910–20-ական թթ.։ Աշխարհի մասին գոյաբանական պատկերացումը տրամաբանական ատոմիզմը բխեցնում է լեզվի (ըստ էության՝ լեզվամտածողության) տրամաբանական կառուցվածքից, քանի որ վերջինս համարում է աշխարհի կառուցվածքի արտապատկերումը։ Սովորական գործածական լեզվի մեշ տրամաբանական կառուցվածքը մթագնված է. այն, ըստ տրամաբանական ատոմիզմի, կարող է բացահայտվել տրամաբանորեն կատարյալ իդեալական լեզվի մոդելի միջոցով, որը կառուցվում է մաթեմատիկայի կշռադատությունների ներկայացման համար նախատեսված՝ Ռասելի և Ուայտհեդի «Principia Mathematica»-ի սկզբունքներով։ Ըստ այդմ, աշխարհի վերջնական անբաժանելի տարրեր համարվում են «ատոմական փաստերը» (այն է՝ որեէ հատկությամբ կամ հարաբերությամբ տրված առարկաները), որոնց վերաբերում են «ատոմական ասույթները» (հատկության կամ հարաբերության պարզ դատողությունները)։ Ինչպես որ ասույթների կապերն են արտաքին, քանի որ բաղադրյալ ասույթների ճշմարտային արժեքը այն կազմող «ատոմական ասույթների» ճշմարտային ֆունկցիան է և կախված չէ դրանց իմաստից, այդպես էլ «ատոմական փաստերն» են միմյանցից անկախ։ Ուստի աշխարհը փաստերի համախմբություն է և ոչ թե ամբողջականություն։ Պլյուրալիստական այս ըմբռնումը հակադրվում էր նորահեգելական Ֆ. Հ. Բրեդլլիի ուսմունքին, ըստ որի եզակի փաստերը գոյություն ունեն (և ճանաչելի են) միայն որպես ամբողջի պատառիկներ։ Տրամաբանական ատոմիզմին հատուկ նոմինալիզմի և նեղ էմպիրիզմի հարուցած իմացաթանականմեթոդաբանական դժվարությունները Ռասելին և Վիտգենշտայնին դրդեցին հետագայում հրաժարվել դրանից։ Անհնարին եղավ նաև լեզվամտածողության տրամաբանական կառուցվածքը տեղավորել տրամաբանական ատոմիզմի առաջարկած ձևական տրամաբանական մոդելի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png