Jump to content

Տրակտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրակտոր
Type of vehicle Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիաամենագնաց, agricultural motor vehicle, Հողափոր մեքենաներ, outdoor power equipment, Քարշակ Խմբագրել Wikidata
Բնութագրվում էtractor model, traction Խմբագրել Wikidata
Item operatedvehicle attachment, trailer Խմբագրել Wikidata
Օգտագործողtractor driver, ագարակապան Խմբագրել Wikidata

Տրակտոր, (անգլ․ tractor, < լատ․ trahere-քաշել, ձգել), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր) մեքենա, կատարում է գյուղատնտեսական, ճանապարհաշինարարական, հողային, փոխադրական և այլ աշխատանքներ՝ կցովի, կախովի կամ կիսակախովի, ինչպես նաև ստացիոնար մեքենաների հետ ագրեգատավորված։ Շոգեմեքենաներով առաջին անվավոր տրակտորները երևան են եկել 1830-ին, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ 1888–ին ռուս մեխանիկ Ֆ․ Բլինովը պատրաստել և փորձարկել է թրթուրավոր տրակտոր։ 1893–95-ին ռուս գյուտարար Յա․ Մամինը ստեղծել է ներքին այրման շարժիչով ինքնագնաց սայլակ։ Ներքին այրման շարժիչներով առաջին անվավոր տրակտորները արտադրվել են ԱՄՆ–ում, 1901-ին, թրթուրավորները՝ 1912-ին։ Ավելի ուշ թրթուրավոր ընթացքով տրակտորներ են սկսել արտադրել նաև Գերմանիայում և այլ երկրներում։ ԽՍՀՄ–ում առաջին տրակտորներն արտադրվել են 1923-ին։ Զանգվածային արտադրությունն սկսվել է 1930-ից։ Ըստ նշանակման տրակտորները լինում են գյուղատնտեսական և արդյունաբերական։ Համապատասխան մեքենաներով ագրեգատավորված ընդհանուր նշանակման գյուղատնտեսական տրակտորները կատարում են վար, կուլտիվացում, ցանք, բերքահավաք ևն։ Առավել հզոր (ծանր դասի) գյուղատնտեսական տրակտորներն՝ օգտագործվում են խոպան հողերի իրացման, հողաբարելավման ծանր աշխատանքների համար։ Տրակտորների թեթև դասը՝ շարահերկը, հիմնականում օգտագործում են կախովի մեքենաների հետ ագրեգատավորված և կատարում շարահերկ կուլտուրաների խնամքի և բերքահավաքի (եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, բամբակ ևն) աշխատանքներ։ Տրակտորների մեխանիզմներից և սարքավորումներից են՝ ուժային տեղակայանքը, բաղկացած է շարժիչից և վերջինիս աշխատանքն ապահովող հարմարանքներից (օգտագործվում են ներքին այրման շարժիչներ, հիմնականում՝ քառատակտ դիզելներ), և ուժային փոխանցումը․ բաղկացած է միացման կցորդիչից, փոխանցումների տուփից, կենտրոնական և վերջնային փոխանցումներից։ Գյուղատնտեսական տրակտորների մեխանիկական փոխանցման տուփերը լինում են 6, 8 և 15, արդյունաբերականներինը՝ 3–6 աստիճանի։ Պտտող մոմենտը կենտրոնական փոխանցման միջոցով հաղորդվում է թրթուրավոր տրակտորների տանող անիվներին։ Անվավոր տրակտորում օգտագործվում է դիֆերենցիալ մեխանիզմ։ Վերջնային փոխանցումները գտնվում են տանող անիվների մոտ և ծառայում են փոխհաղորդակի ընդհանուր փոխանցման թիվը մեծացնելու համար։ Առավել ցածր արագություն ստանալու համար տրակտորը հանդերձվում է լրացուցիչ փոխանցումներով՝ ընթացքի դանդաղարարներով։ Անվավոր տրակտորի ընթացքային համակարգը բաղկացած է կախոցներից, կամրջակներից և անիվներից։ Անցունակությունը բարձրացնելու նպատակով կիրառվում է կիսաթրթուրային ընթացք։ Թրթուրավոր տրակտորի ընթացքային համակարգը բաղկացած է կախոցից, թրթուրավոր շղթաներից, տանող անիվներից, հենարանային գլանվակներից, ուղղորդ անիվներից և պահող հոլովակներից։ Տրակտորի կառավարման մեխանիզմը բաղկացած է ղեկային կառավարման համակարգից և արգելակներից։ Անվավոր տրակտորի շարժման ուղղության փոփոխությունը կատարվում է առջևի, իսկ որոշ դեպքերում՝ բոլոր չորս անիվներով, թրթուրավոր տրակտորինը՝ կցորդիչների և արգելակների միջոցով, աջ կամ ձախ թրթուրի տանող անիվների պտտման հաճախականությունը փոփոխելով։ Տրակտորները գնահատվում են ըստ շահագործական ցուցանիշների, տեխնիկատնտեսական (բնութագրվում է ագրեգատի արտադրողականությամբ, քարշային բնութագրով, մետաղատարողությամբ, սպասարկման աշխատատարությամբ ևն), տեխնիկական (տրակտորի կայունությունը, կառավարման հեշտությունը, անձնակազմի աշխատանքի հարմարավետությունը, խցիկի ստուգիչ սարքերի առկայությունը) և ագրոտեխնիկական (հողի վրա ընթացքային մասի տեսակարար ճնշումը, ընթացքի սահունությունը, առաջադրված ուղղությանը ճշտորեն հետևելու կարողությունը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 72)։