Զբոսաշրջությունն Իրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տուրիզմը Իրանումից)
Պերսեպոլիսի ավերակներ

Զբոսաշրջությունն Իրանում երկրի տնտեսության զարգացող ճյուղ։ Այն խիստ բազմազան է ներկայացված է Ալբորզի (հյուսիս) և Զագրոս (արևմուտք) լեռնաշղթաներում արշավների և լեռնադահուկային սպորտի մի շարք միջոցառումներով, Կասպից ծովի և Պարսից ծոցի ծովափնյա հանգստի կազմակերպմամբ, որտեղ տղամարդիկ և կանայք օգտվում են առանձին լողափներից[1]։ Զբոսաշրջիկները իրենց հանգիստն անցկացնում են մայրաքաղաք Թեհրանում, ինչպես նաև՝ խմբային ու անհատական համաիրանական էքսկուրսիաների ժամանակ՝ Սպահանում, Շիրազում ու Թավրիզում։ Այս և մի քանի այլ քաղաքներում կենտրոնացած են հյուրանոցների ու զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների զգալի մասը։ Ներգնա տուրիզմն Իրանում աշխարհի խոշորագույններից է[2]։

Ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների համար բավականին գրավիչ են Իրանի տարբեր տեսարժան վայրեր դասական ուղևորությունները։ Իրանական հեղափոխությունից (1979) առաջ զբոսաշրջությունը բնութագրվում էր Իրանի տարբեր պատմամշակութային վայրերի համար այցելությամբ՝ Եգիպտոսին, Սիրիային և Իրաքին զուգահեռ։ 1980-ական թվականներին Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ զբոսաշրջությունը կտրուկ նվազեց[3]։ 1990-ական թվականներից իրավիճակը փոխվել է։ Իսլամական հեղափոխությունից ի վեր, Իրանի արտասահմանյան այցելուների մեծ մասը եղել են կրոնական ուխտավորներ կամ գործարարներ։ Իրանում շատ են շիական սրբավայրերը, որոնք գրավում են միլիոնավոր շիաների[4]։ Իրանական ռիալի խիստ արժեզրկումը 2012 թվականի սկզբից նույնպես դրական է Իրանի զբոսաշրջության համար. միայն 2013 թվականին Իրանում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է 4.76 միլիոնի։ Ընդհանուր այցելուների 49%-ը Իրան էին եկել՝ տեսնելու ընկերներին ու բարեկամներին, 24%-ը՝ այցելելու տեսարժան վայրերը, 17%-ը՝ ուխտագնացության, 6%-ը՝ բուժման նպատակով և այլն։ Հինգ տարի անց Իրան այցելեցին մոտ ութ միլիոն զբոսաշրջիկներ[5]։

2019 թվականի դրությամբ առանց մուտքի վիզա կարող են այցելել 11 երկրի քաղաքացիներ՝ Հայաստան և Սիրիա (90-180 օր), Թուրքիա (90 օր), Վրաստան (45 օր), Ադրբեջան, Բոլիվիա, Լիբանան, Օման (30-ական օր), Եգիպտոս (20 օր), Մալայզիա և Վենեսուելա (15 օր)։ Եվս տասը երկրների քաղաքացիներ պետք է այցելեն հատուկ հրավերով (ԱՄՆ, Աֆղանստան, Բանգլադեշ, Իրաք, Կանադա, Կոլումբիա, Հորդանան, Մեծ Բրիտանիա, Պակիստան, Սոմալի)։ Մնացած երկրների համար մուտքի վիզան վճարովի է՝ օդային, ցամաքային կամ ծովային սահմանում տրվող։ Իրանի վիզան արժե 75 եվրո։ Ղեշմ և Քիշ կղզիներ կարելի է այցելել առանց մուտքի արտոնագրի[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահ Աբբասի կառուցած քարվանսարա Սպահանում

Իրանը՝ որպես բազմադարյա պատմություն և հարուստ մշակույթ ունեցող երկիր, գտնվել է հարևան և հեռավոր երկրների ուշադրության կենտրոնում։ Անտիկ շրջանից սկսած (Աքեմենյանների, Սելևկյանների, պարթև Արշակունիների, Սասանյանների օրոք) Իրանի տարածքով են անցել Հնդկաստանը և Չինաստանը Հռոմին կապող և՛ ցամաքային, և՛ ծովային ուղիները։ Արաբական նվաճումների հետևանքով Իրանը դարձել է Արաբական խալիֆայության մաս, ստեղծվել են նոր կապեր Հարավային Եվրոպայի ու Հյուսիսային Աֆրիկայի հետ։ Զարգացած միջնադարում, հատկապես՝ Սեֆյանների երկհարյուրամյա իշխանության տարիներին, երկրի խոշոր քաղաքներում կառուցվել են իջևանատներ, քարավանատներ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ, որտեղ կանգ էին առնում Մետաքսի ճանապարհով անցնող առևտրականներն ու ճանապարհորդները։ Մետաքսի արդյունաբերությունը հատկապես զարգացած էր Կասպից ծովի հարավային ափերին՝ Գիլանում ու Մազանդարանում։ Այդ տեսանկյունից առավել աչքի էին ընկնում Միջին Ասիայից Իրան ճանապարհին ընկած Մաշհադի ու Նիշապուրի, Հնդկաստանից Իրան եկող ճանապարհին՝ Սպահանի ու Շիրազի, երկրի ներսում՝ Թավրիզի ու Թեհրանի քարավանատները։ Դրանք նկարագրվում են Մարկո Պոլոյի, Աֆանասի Նիկիտինի, Ժան Շարդենի, Ժան-Բատիստ Տավերնիեի և ուրիշների աշխատություններում ու հուշերում։

Մեհրաբադի օդանավակայանը անցյալ դարի կեսերին

Նոր շրջանում՝ 18-րդ դարից սկսած, այցելուների թիվը խիստ կրճատվել է։ Դրա նախանշանները ի հայտ էին եկել դեռ ուշ միջնադարում՝ թուրք-պարսկական պատերազմների հետևանքով։ Մյուս կողմից՝ Եվրոպայից վերջնականապես դուրս են եկել մուսուլմանները. արաբներից ազատագրվում է Կաստիլիայի թագավորությունը և միավորվում Արագոնի հետ (Իսպանիա), թաթար-մոնղոլներից՝ Մոսկվայի մեծ իշխանությունը, որը միավորում է ռուսական բոլոր հողերը (Ռուսական թագավորություն)։ Մետաքսի և համեմունքների ճանապարհների շրջափակումն Օսմանյան կայսրության կողմից առևտրային նոր ծովային ճանապարհների փնտրման և Աշխարհագրական մեծ հայտնագործությունների պատճառ դարձավ։ Ամերիկայի ու Ավստրալիայի հայտնագործումից հետո, գլուխ է բարձրացնում անհամեմատ ավելի էժան ծովային առևտուրը։ Իրանը հետզհետե դուրս է մղվում միջազգային առևտրից։ Այս իրավիճակը շարունակվում է մինչև առաջին համաշխարհային պատերազմը, երբ Իրանն ընկնում է Ռուսաստանի և Անգլիայի ազդեցության տակ։

Նորագույն շրջանում Իրանում զարկ է տրվում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանը։ 1912-1916 թվականներին ավարտվում է Թավրիզ-Ջուլֆա (148 կմ), իսկ 1920-1921 թվականներին՝ Զահեդան-Միրջավեհ (94 կմ) երկաթգծերի շինարարությունը։ Ավելի քան 4000 կմ երկաթուղի է կառուցվել Փահլավիների օրոք (1925-1979). այդ ցուցանիշը նույնությամբ կարողացավ կրկնվել միայն 2018 թվականի դրությամբ։ 20-րդ դարի սկզբին անցկացվում է հեռախոսագիծ, կառուցվում են նոր խճուղիներ, հյուրանոցներ ու քարավանատներ։ 1938 թվականին բացվեց Իրանի ավիացիայի առաջնեկը՝ Մեհրաբադի օդանավակայանը, որից տարիներ հետո նոր օդակայաններ հիմնվեցին Թեհրանում, Սպահանում, Մաշհադում, Քերմանշահում, Յազդում, Բենդեր Աբբասում և այլուր։ Օդանավակայանների թիվն այժմ անցնում է երեք հարյուրից[7]։ 20-րդ դարում թարմացվում են նաև Չալուսի, Բենդեր Խոմեյնիի, Բենդեր Աբբասի, Աբադանի նավահանգիստները։

ժայռափոր Քանդովան գյուղը

Նախքան իսլամական հեղափոխությունը Իրան են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ, ովքեր գալիս էին տեսնելու Պերսեպոլիսի և Չողա Զանբիլի ավերակները, Շիրազն ու Սպահանը և այլ մշակութային կոթողներ։ 1980-ական թվականներին զբոսաշրջությունը Իրանում անկում է ապրում՝ հեղափոխության, Իրան-Իրաքյան պատերազմի ու տնտեսական ճգնաժամի հետևանքով։ Փակվում կամ սահմանափակվում են Իրանի սահմանները Թուրքիայի և Իրաքի, Պակիստանի և Աֆղանստանի հետ։ 1990-ական թվականներին ԽՍՀՄ փլուզումից հետո Իրանը սերտացնում է հարաբերությունները մի կողմից՝ Հայաստանի, մյուս կողմից՝ Ադրբեջանի հետ։ Արաքս գետի վրա բացվում են կամուրջներ. մեկը Ագարակ քաղաքի մոտ՝ Հայաստանի հետ կապվելու համար, մյուսները՝ Ջուղայի և Հորադիզի մոտ՝ Նախիջևանը Բաքվին կապելու համար։ Դրանք կիրառական դարձան հարյուր հազարավոր տարանցիկ ուղևորների համար։ Նորույթ էր լեռնադահուկային հանգստավայրերի կառուցումը Դարբանդսարում, Դիզինում, Շեմշաքում, Փուլադքաֆում, Ֆերեյդունշահրում։ Դա նպաստում է նաև ներգնա տուրիզմի զարգացմանը։

Արդեն 1999 թվականին Իրան մուտք գործածների շուրջ երեք քառորդը եվրոպացիներ էին[1]։ Ի տարբերություն ամերիկացիների, որոնք դադարել էին այցելել Իրան հեղափոխությունից հետո, եվրոպացի զբոսաշրջիկները շարունակում էին այցելել երկիր։ Բանն այն էր, որ հեղափոխությունը շատ ավելի հակաամերիկյան էր և ոչ այնքան հակաեվրոպական[8]։ 2003 թվականին 300.000 հոգու տրվել են զբոսաշրջային արտոնություններ։ Նրանց մեծ մասը տրվել է ասիացի մուսուլմաններին, որոնք, հավանաբար, այցելել են Մաշհադի և Ղոմի ուխտագնացության վայրեր։ Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և այլ եվրոպական երկրների մի քանի կազմակերպված շրջագայություններ տարեկան գալիս են Իրան `այցելելու հնագիտական վայրեր և հուշարձաններ։ Իրանը համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ունի 21 անուն[9], քանի որ այս ամենը շատ մշակութային զբոսաշրջիկների համար ամեն տարի այցելում է Իրան։ 2004 թվականին Իրան այցելած 1,659,000 օտարերկրյա զբոսաշրջիկների մեծ մասը եղել են Կենտրոնական Ասիայի երկրներից, իսկ փոքր մասնը (մոտ 10%) եկել է Հյուսիսային Ամերիկայից և Եվրամիությունից։ Ամենատարածված տուրիստական ուղղություններն են Ատրպատականը, Սպահանը, Մաշհադը, Յազդը և Շիրազը։

Իմամի մզկիթ (Սպահան)

2004 թվականից երկիրը արտասահմանյան զբոսաշրջային այցելությունների 100 տոկոսանոց աճ է արձանագրել մինչև 2008 թվականի կեսը, երբ օտարերկրյա ժամանողների թիվը հասնում էր մինչև 2,5 միլիոնի։ Համաշխարհային զբոսաշրջային և տուրիզմի խորհրդի տվյալներով, որ գործարար և անձնական զբոսաշրջությունը 2007 թվականին իրական ցուցանիշներով համապատասխանաբար աճել է 11.3%-ով և 4.6%-ով։ 2011 թվականին արտասահմանցի այցելուների մեծ մասը ժամանել է Իրան՝ միայն ժամանցի ճանապարհորդության նպատակով։ Միջազգային ժամանողների թվաքանակը կայունաբար աճում է՝ մինչև 2.2 միլիոն մարդ 2009 թվականին, 3.6 միլիոն 2011 թվականին, մեկ շնչի հաշվով միջին հաշվով մեկ այցելության համար `$ 1.850: 2015 թվականին զբոսաշրջիկների թիվն անցավ 5 միլիոնից[10]։

Համաշխարհային զբոսաշրջության և տուրիզմի խորհրդի 2015 թվականին Հրապարակած զեկույցի համաձայն, զբոսաշրջության ոլորտի ծավալը, ներառյալ մշակութային և էկոտուրիզմը, որպես դրա հիմնական բաղադրիչներից մեկը, գնահատվում է որպես 1,285,500 աշխատատեղ ստեղծելու և 2025 թվականին 4.1%-ով ավելացնելու (1.913.000) ծրագիր[11]։ 21-րդ դարի սկզբին Իրանական մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների կազմակերպությունը պատասխանատու է Իրանում զբոսաշրջային օբյեկտների ստեղծման, զարգացման և շահագործման համար։ Դրանով նախատեսվում են վարկեր տրամադրել ուղղակի ներդրումների կամ մասնավոր հատվածի համար, կամ համագործակցել մասնավոր հատվածի հետ զբոսաշրջային օբյեկտների վերանորոգման կամ ընդլայնման համար։ Դրան է վստահված հյուրանոցներին, ռեստորաններին և տուրիստական գործակալություններին լիցենզիա տրամադրելը, դրանց կառավարումը, որակի և վարկանիշի հսկողությունը[12]։

Ճարտարապետական հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեհիսթունի արձանագրություն

Իրանում զբոսաշրջության ոլորտի ընդլայնման համար նախատեսված ոլորտներն են էկոտուրիզմը, ծովափնյա հանգստի կազմակերպումը, բնության հուշարձանների և պատմաճարտարապետական համալիրների պահպանումն ու վերականգնումը, առողջապահական զբոսաշրջությունը[13]։ Իրանը առաջին հերթին զբոսաշրջիկին ներկայանում է որպես հարուստ պատմություն ունեցող երկիր։ Այստեղ պահպանվել են հարյուրավոր հուշարձաններ, կոթողներ, պաշտամունքի վայրեր, բերդեր ու ամրոցներ, հինավուրց քաղաքներ, վանական ու մզկիթային համալիրներ։

Դեռ 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների իրանական ցանկում են հայտնվել հնագույն իրանցիների՝ Էլամ պետության ճարտարապետական համալիր Չողա Զանբիլը (մ.թ.ա. 13-7-րդ դարեր, Խուզեսթան), Աքեմենյանների դարաշրջանի անտիկ մայրաքաղաք Պերսեպոլիսի ավերակները (մ.թ.ա. 6-3-րդ դարեր, Ֆարս), Սեֆյանների շրջանի միջնադարյան մայրաքաղաք Սպահանի կենտրոնը՝ Նաղշե Ջահան հրապարակը (մ.թ. 16-17-րդ դարեր, Սպահան)։ 2008 թվականին Իրանի տարածքում 9-րդ հուշարձանը՝ «Հայկական վանական համալիրները» հայտնվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Դա ներկայացված է երեք վանքերով՝ Սուրբ Թադևոս (6-րդ դար), Սուրբ Ստեփանոս (9-րդ դար), Ծոր Ծոր (13-րդ դար)։ Այսօր ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրանական ցանկում կա 22 հուշարձան, ևս 56-ը որպես թեկնածու Իրանի կառավարության կողմից առաջարկվել են համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։

Բամ քաղաքի միջնաբերդը

Իրանի տարածքում գտնվող մեզ հայտնի հնագույն քաղաքակրթությունը եղել է Էլամը (մ.թ.ա. 27-6-րդ դարեր)՝ Շոշ (Սուզա) մայրաքաղաքով։ Տարածքային առումով այն գտնվում է Իրանի Խուզեսթան, Բուշեհր և Ֆարս նահանգներում։ Գլխավորապես հետաքրքրում է հնագետներին, որոնք պեղումների արդյունքում առանձնացրել են էլամական երեք դարաշրջան՝ հին (մ.թ.ա. 27-16-րդ դարեր), միջին (մ.թ.ա. 15-11-րդ դարեր) և նոր (մ.թ.ա. 10-6-րդ դարեր)։ Այսօր Շոշ քաղաքի կողքին կա նոր բնակավայր՝ Շուշը, որին մոտ խոշորագույն քաղաքը Ահվազն է։ Դեպի Ահվազ ճանապարհին՝ 25 կմ արևելք, գտնվում է Չողա Զանբիլը։ Ահվազն ունի տրանսպորտային ենթակառուցվածքի բոլոր բաղադրիչները, այդ թվում՝ միջազգային օդանավակայան։ Իրանի Համադան նահանգի տարածքում է գտնվել իրանական մեկ այլ պետության՝ Մարաստանի կենտրոնը՝ Եկբատան քաղաքը։ Վերջինս ընկած է Համադան քաղաքի հիմքում։ Այն նույնպես խոշոր քաղաք է, ունի զարգացած տրանսպորտային ենթակառուցվածք, այդ թվում՝ միջազգային օդանավակայան։ Ֆարս նահանգի տարածքում են նաև մեկ այլ հնագույն քաղաքակրթության՝ Աքեմենյանների աշխարհակալ տերության հուշարձանները (մ.թ.ա. 550-331): Հզորության շրջանում Աքեմենյանները կարողացել են իշխել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքում։ Վերոնշյալ քաղաքները առանձնակի ծաղկում են ապրել Աքեմենյանների օրոք, և այդտեղ առկա են ոչ միայն էլամական ու մարական, այլև աքեմենյան հուշարձաններ։ Առանձնապես աչքի են ընկնում մայրաքաղաքներ Պերսեպոլիսը և Պասարգադը։ Դրանցից առաջինը գտնվում է նահանգի կենտրոն Շիրազ քաղաքից 60 կմ, մյուսը՝ 130 կմ հեռավորության վրա։ Պերսեպոլիսից 5 կմ հյուսիս գտնվում է զրադաշտականության կենտրոն էսթախր քաղաքը, որտեղ պահվում էր Ավեստայի բնօրինակը, իսկ 12 կմ հյուսիս գտնվում է Նաղշե Ռոսթամ նեկրոպոլիսը։ Միջազգային օդանավակայան ունի նաև Շիրազը։ Աքեմենյանների դարաշրջանին վերագրվող մեկ այլ հուշարձան՝ Բեհիսթունի արձանագրությունը, գտնվում է Քերմանշահի նահանգում՝ Քերմանշահ քաղաքից 35 կմ հեռավորության վրա։ Երկրի արևելյան քաղաքներում (Յազդ, Քերման և այլն) պահպանվել են նաև յուրօրինակ բրգաձև կառույցներ՝ յակչալներ։ Քերմանից ոչ հեռու գտնվում է նաև Բամ քաղաքի միջնաբերդը, որը պահպանվել է և հասել մեր օրերը։ Այն թվագրվում է մ.թ.ա. 5-րդ դարի, սակայն զարգացել ու ժամանակակից տեսքը ստացել է միջնադարում։ Իրանում պահպանվել են նաև հելլենիստական դարաշրջանի (մ.թ.ա. 4 - մ.թ. 3-րդ դարեր) որոշ հուշարձաններ։ Առանձնապես հայտնի են պարթևական քաղաքները։ Պարթև Արշակունիները ծագում են Թուրքմենստանից, և նրանց կենտրոնների մեծ մասը գտնվում են Իրանից դուրս՝ Իրաքում (Տիզբոն), Թուրքմենստանում (Նիսա), Պակիստանում և այլն։ Բուն Իրանի տարածքում են Ղումիսը (Հեկատոմպիլոս, Սեմնանի նահանգ) և Ռեյը (այժմ՝ մայրաքաղաք Թեհրանի կազմում)։

Իզադխասթ քաղաքի ավերակները (տեսարան միջնաբերդից), հեռվում՝ Իզադխասթի քարվանսարան

Միջնադարյան Իրանը (4-18-րդ դարեր) առավել ներկայացված է հուշարձաններով։ Հայտնի են զրադաշտական մեկ այլ արքայատոհմի՝ Սասանյանների օրոք (226-642) կառուցված ճարտարապետական բազմաթիվ համալիրները։ Սասանյան Իրանի գերիշխանության տակ ևս եղել են հարևան և հեռավոր բազմաթիվ երկրներ, ուստի բազմաթիվ շինություններ ու կառույցներ գտնվում են բուն Իրանի սահմաններից դուրս։ Իրանի տարածքում են Բիշապուր քաղաքի ավերակները (Շիրազից 135 կմ արևմուտք, Ֆարսի նահանգ), Արտաշիր Պապականի պալատը (Ֆիրուզաբադից 2 կմ հեռավորության վրա, Շիրազից 110 կմ հարավ, Ֆարսի նահանգ), Ֆալաք-օլ-Աֆլաք ամրոցը (Խորամաբադ, Լոռեսթանի նահանգ), Իզադխասթ քաղաքի ավերակները՝ իր հայտնի համալիրով (Սպահանից 140 կմ հարավ, Շիրազից 320 կմ հյուսիս, Ֆարսի նահանգ), հուշարձաններով հարուստ Նիշապուր քաղաքը (Ռազավի Խորասան) և այլն։ Արաբական արշավանքներից հետո երկրում իշխում են ինչպես արաբ ամիրաներ, այնպես էլ իրանցի և թյուրքալեզու տարբեր դինաստիաներ։ Նրանց իշխանության տարիներին կառուցվել են գերազանցապես բերդեր ու ամրոցներ, մզկիթներ ու դամբարաններ։ Մետաքսի ճանապարհի վրա որպես քաղաքներ ձևավորվել են Մաշհադը, Թավրիզը, Ղոմը, Շիրազը, Թեհրանը և այլն։ Կառուցվում են բազմաթիվ քարավանատներ ու կամուրջներ։ Հայտնի են Ռիբատե Շարաֆ (Մաշհադ, 12-րդ դար), Ամիր Չախմախ (Յազդ, 15-րդ դար), Զեյն ադ-Դին (Յազդ, 16-րդ դար), Գանջալի խան (Քերման, 17-րդ դար) և շատ այլ քարավանատներ։ Իրանը Հայաստանին կապող կամուրջներից հայտնի էին Խուդաֆերինի կամուրջները՝ Արաքս գետի վրա։ Գիտության ու մշակույթի զարգացումը նպաստել է գրադարանների, համալսարանների ու այլ կենտրոնների կառուցումը։ Այդպիսի միջնադարյան կենտրոններից հայտնի է Մարաղայի աստղադիտարանը (13-րդ դար)։ Ուշմիջնադարյան Իրանի զարգացման վերջին շրջանը կապված էր Սեֆյանների (16-18-րդ դարեր) գահալության հետ։ Այս շրջանը գերազանցապես հայտնի էր բուն Իրանի, ինչպես նաև՝ ժամանակակից Ադրբեջանի ու Աֆղանստանի տարածքներում շիական իսլամական ճարտարապետական շինությունների կառուցմամբ։ Առանձնահատուկ շքեղ էր Սեֆյան Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը, որտեղ կառուցվում են Նաղշե Ջահան հրապարակը, Սպահանի շուկան։ Քաղաքը գեղեցկանում է տասնյակ շքեղ մզկիթներով (Իմամի, Շեյխ Լոթֆոլայի, Ջամե) ու պալատներով (Ալի Ղափի, Հաշթ Բեհեշթ, Չեհել Սոթուն)։ Զանդեռուդ գետի վրա կառուցվում են Խաջու, Սիոսեփոլ կամուրջները։ Զբոսաշրջիկներին հետաքրքրում են նաև այդ քաղաքի մեջ գտնվող Նոր Ջուղա բնակավայրի հայկական եկեղեցիները, Իրանի հյուսիսի ասորական ու հայկական վանքերը և այլն։

Փիրանի ջրվեժ

Նոր ժամանակների (19-21-րդ դարեր) ճարտարապետությունը ներկայացված է գերազանցապես խոշորագույն քաղաքների զարգացմամբ և նոր բնակավայրերի հիմնադրմամբ։

Բնության գեղատեսիլ վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի տարածքը 1 648 000 կմ² է, գտնվում է Կասպից ծովի ու Պարսից ծոցի, Միջագետքի և Ինդոս-Գանգեսյան դաշտավայրերի միջև։ Տարածքով բոլոր հարևաններին գերազանցող այս պետությունն ունի խիստ բազմազան բնաշխարհ. հյուսիսում՝ Գիլան, Մազանդարան ու Գոլեսթան նահանգներում, մերձարևադարձային անտառներ ու թփուտներ են, հարավում՝ Խուզեսթան, Բուշեհր, Հորմոզգան նահանգներում՝ ավազուտային անապատներ, որոնց տակ գտնվում են նավթի ու բնական գազի հսկայական պաշարներ։ Բացի վերոնշյալ նահանգներից՝ Իրանի տարածքը գտնվում է 1100-1400 մետր միջին բարձրության վրա. աշխարհագրական այս շրջանը մեկ անունով կոչվում է Իրանական լեռնաշխարհ։ Հյուսիսից այն եզերվում է Ալբորզի (Էլբրուսի), արևմուտքից՝ Զագրոսի, արևելքից՝ արևելաիրանական լեռնաշղթաներով։ Երկրի ներսում գտնվում են մի քանի անապատներ, որոնցից խոշորագույններն են Դաշթե Քևիրը և Դաշթե Լութը։ Այստեղ գտնվում է Քևիր ազգային պարկը, որն ընդգրկում է անապատային լանդշաֆտներ, և հայտնի է որպես «Փոքրիկ Աֆրիկա»։ Այստեղ կան տեղական վայրի այծեր, գծավոր շնագայլեր, հնդկական գայլեր, պարսկական ընձառյուծներ։ Իրանի հյուսիսում՝ Թուրքմենստանի և Կասպից ծոցի սահմանին, Գոլեսթան ազգային պարկն է։ Այն ունի խիտ ծառերի լայնածավալ անտառներ ու խոտածածկ տարածքներ[14][15]։ Ունի հարուստ բուսական ու կենդանական աշխարհ։ Հանդիպում են իրանական լեոպարդ, հնդկական գայլ, շագանակագույն արջ, շնագայլ, վարազ, եղնիկ, մուֆլոն, գազել և այլ կենդանիներ ու թռչուններ[16][17]։ Այստեղ այցելում են ինչպես տեղացիներ, այնպես էլ՝ արտասահմանցի զբոսաշրջիկներ։

Դիզին, լեռնադահուկային հանգստավայր

Իրանի հյուսիսը հարուստ է անտառներով, ջրվեժներով, գետերով ու աղբյուրներով։ Հայտնի են Լաթուն (105 մետր), Մարգուն (70 մետր բարձրություն, 100 մետր լայնություն), Նոժյան (95 մետր), Փիրան (100 մետր) և այլ ջրվեժները։ Ալբորզի լեռնաշղթան հարուստ է հանքային ջրի տաք աղբյուրներով։ 1954 թվականին դեղագետ Արսեն Մինասյանը Գիլանում հիմնադրել է Իրանի առաջին ժամանակակից առողջարանը[18][19]։ Այսօր Իրանի հյուսիս են ժամանում հազարավոր զբոսաշրջիկներ՝ առողջական խնդիրների բուժման նպատակով։ Ջրային ռեսուրսներից որոշակի գրավչություն ունեն նաև սակավաթիվ լճերը։ Խոշորագույնը չորացող աղի լիճ Ուրմիան է (Կապուտան)՝ Հայկական լեռնաշխարհի սահմանին։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով լճի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերն աղակալել են։ Խիստ բարձր է աղիության տոկոսը՝ 15-25%. հանդիպում է նաև գլաուբերի աղ։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և հատակից բխում են անուշահամ ջերմուկներ։

21-րդ դարի սկզբից Իրանում նոր թափ են առել լեռնագնացությունը և քարանձավախուզությունը։ Լեռնագնացության համար առավել նպաստավոր են Ալբորզի լեռները, մասնավորապես ամենաբարձր լեռնագագաթները` Դեմավենդ (5604 մետր), Ալամ Քուհ (4,850 մետր), Սավալան (4811 մետր)։ Միայն Դեմավենդի գագաթնակետին հասնելու առնվազն տասնվեց հայտնի արահետներ կան, որոնցից որոշները զառիթափ են և ժայռոտ։ Ամենատարածվածը հարավային երթուղին է, որն ունի քայլուղիներ և ճամբարներ, իսկ ամենամոտ ճանապարհը հյուսիսարևելյանն է և գագաթին հասնելու համար պահանջում է երկու օր[20]։ Դեռ 19-րդ դարում Բիշապուր քաղաքից 6 կմ հեռավորության վրա՝ Զագրոսի լեռներում, գտնվել էր Շապուհի քարանձավը։ Այնտեղ դրված էր Սասանյան շահ Շապուհ Բ Երկարակյացի արձանը։ 2001 թվականին գերմանացի և բրիտանացի հետախույզների արշավի արդյունքում Համադան քաղաքից 110 կմ հեռավորության վրա պեղվել է Երկիր մոլորակի խոշորագույն՝ Ալի Սադր քարանձավը[21]։ Այն ունի 11 կմ երկարություն, պատերը հասնում են մինչև 40 մ բարձրության։ Ներսում կան մի քանի խոշոր, խոր լճեր։ Քարանձավի ներքին գետով կարելի է նավարկել։

Ամառային հանգստի կազմակերպման համար լավագույն տարբերակն է Քիշ կղզին, որտեղ 1990-ական թվականներից կառուցվում են նոր հյուրանոցներ, գործում է Քիշի օդանավակայանը։ Կղզում ամառային սեզոնը տևում է 6 ամիս՝ ապրիլ-սեպտեմբեր։ Զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով այստեղ արտոնված է բոլորի մուտքը՝ առանց վիզայի։ Նման արտոնություններ կան նաև Ղեշմ կղզում, որը հայտնի է պորտուգալական ամրոցի մնացորդներով։ Երկրի ներքին նահանգները նպաստավոր չեն ամառային այցելության համար։ Մասնավորապես Դաշթե Լութ անապատում, որն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության իրանական ցանկում, գրանցվել է մոլորակի ամենաբարձր ջերմաստիճանը՝ 70.7 օC[22]: Ձմեռային տուրիզմի կազմակերպման համար ստեղծվել են լեռնադահուկային հանգստավայրեր։ Այդ տեսանկյունից խոշորագույնը Դիզինն է՝ Թեհրանից մոտ 70 կմ հյուսիս։ Այն հիմնադրվել էր 1960-ականներին Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք։ Այն պաշտոնապես ճանաչվել է միջազգային լեռնադահուկային ֆեդերացիայի կողմից։ Սեզոնն այստեղ տևում է 5 ամիս՝ դեկտեմբեր-ապրիլ։ Ճոպանուղիների ու վերելակների ամենացածր կետը 2650 մ է, իսկ ամենաբարձր կետը` 3600 մ։

Տրանսպորտ և կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի դրությամբ Իրանն ունեցել է 173.000 կմ ավտոճանապարհ, յուրաքանչյուր 10 բնակչի համար 1 ավտոմեքենայով[23]։ 2016 թվականի դրությամբ երկաթուղիների երկարությունը եղել է ավելի քան 11.000 կմ[24]։ Մետրոպոլիտեն ունեն Թեհրան (2008), Մաշհադ (2011), Շիրազի մետրոպոլիտեն (2014), Սպահան (2015) և Թավրիզ (2015) քաղաքները։

Իրանն ունի 16 նավահանգիստ, որոնցից հայտնի են՝ Աբադան, Ահվազ, Բանդար Աբաս, Բանդարե Անզալի, Բուշեհր։ 2013 թվականին երկրում գործել է 319 օդակայան, որոնցից 54-ը՝ հիմնական, դրանցից տասնութը՝ միջազգային (Ահվազ, Թավրիզ, Ղոմ, Մաշհադ, Շիրազ, Սպահան)։ Օդակայաններ ունեն նաև հայկական քաղաքներից Մակուն, Ուրմիան, Խոյը։ Իրանի հիմնական օդային դարպասն Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանն է (Թեհրան)՝ ավելի քան ութ միլիոն ուղևորափոխադրման ծավալով (2017)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաղշե Ջահան հրապարակ
Նաղշե Ջահան հրապարակ


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Iran Travel And Tourism Forecast", Economist Intelligence Unit, August 18, 2008
  2. "Press TV". Press TV. 2010-12-06. Archived from the original on 2012-01-18. Retrieved 2012-02-06.
  3. «Tourism Industry Before and After the Islamic Revolution in Iran» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
  4. Jason Rezaian (5 November 2012). "Iran's surprise economic success: Tourism". Washington Post. Retrieved 9 June 2015.
  5. https://financialtribune.com/articles/domestic-economy/97568/52-rise-in-iran-visitors
  6. "Iran Visa | Iran visa on arrival | visa at Embassy | Iran E-visa | apply for visa". TAP Persia. Retrieved 2019-02-14.
  7. "COUNTRY COMPARISON :: AIRPORTS". Արխիվացված 2019-12-21 Wayback Machine The World Factbook. CIA. 2014-11-27. Retrieved 2014-11-27.
  8. Glusac, Elaine (2016-02-08). "Sanctions Lifted, American Tourists Head to Iran". The New York Times.
  9. Centre, UNESCO World Heritage. "Iran (Islamic Republic of) - UNESCO World Heritage Centre". whc.unesco.org. Retrieved 2017-08-15.
  10. Nearly one million Azerbaijani tourists visit Iran annually
  11. "Iran Tourism Need to Rebuild its Image After the Nuclear Deal". SURFIRAN. Retrieved 2016-04-21
  12. Butler, Richard; O'Gorman, Kevin D.; Prentice, Richard (2012-07-01). "Destination Appraisal for European Cultural Tourism to Iran". International Journal of Tourism Research. 14 (4): 323–338. doi:10.1002/jtr.862. ISSN 1522-1970.
  13. "No. 3816 | Front page | Page 1". Irandaily. 2010-11-02. Retrieved 2012-02-06.
  14. Nosrat Safaian, Maryam Shokri, Mikhalegh Ziatabar Ahmadi, Abdolnaser Atrakchali, Ali Tavili: Fire Influence on the Grassland Vegetation in Golestan National Park (Alborz Mts. iran) Polish Journal of Ecology. 53 1 435–443. 2005
  15. UNESCO – World Heritage; Ref.5213
  16. Waraste, Moradi H.: Determination of Sex Ratio and Age Groups in Two Species Cervus Elaphus and Capreolus in Golestan National Park Journal of Agricultural Sciences and Natural Resources. October–November 2005; 12(4):154–161
  17. Meigouni, H.G., Jahanshahi, M.; Kavoosi, K.; Kiabi B.H.: A Study on Herbivorous Habits of Wild Pig (Sus Scrofa) In Golestand National Park. Journal of Environmental Studies. March 2003; 28(30):55−64.
  18. Janet D. Lazarian (2003). Encyclopedia of Iranian Armenians. Tehran: Hirmand Publisher. էջեր 301–302. ISBN 964-6974-50-3.
  19. آرسن خاچاطوریان میناسیان. رسانه مجازی نگاه - استان گيلان. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  20. Դեմավենդ բարձրանալու ուղիներ
  21. Laumanns, Michael; Simon Brooks; Ingo Dorsten; Georg Kaufmann; Matthias Lopez-Correa; Bernd Köppen (2001). "Speleological Project Ghar Alisadr (Hamadan/Iran)". Berliner Höhlenkundliche Berichte. Berlin: Speläoclub Berlin. 4: 43. ISSN 1617-8572.
  22. Top 10 Hottest Places In The World
  23. Iran daily: Economy
  24. «Royal roads». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.