Տուլկանյան գերեզման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուլկանյան գերեզման
Տեսակգերեզմանատուն
Երկիր Էկվադոր
ՏեղագրությունTulcán Canton?
Քարտեզ
Քարտեզ

Տուլկանյան գերեզման (իսպ.՝ Cementerio de Tulcán), Էկվադորի հյուսիսում՝ Կարչի պրովինցիայի Տուլկան քաղաքում գտնվող գերեզման։ Գերեզմանը հայտնի է նոճիներով և տոպիար ոճով ձևավորված այգիով[1][2]։ Բրիտանացի բուսաբան Էնթոնի Ջուլիան Հաքսլին իր՝ «Այգեգործության նկարազարդ պատմություն» գրքում Տուլկանյան գերեզմանն անվանել է աշխարհում այս արվեստի ձեռքբերումներից ամենաակնառու օրինակներից մեկը[3]։

Գերեզմանը գտնվում է Տուլկանի մունիցիպալիտետում և տեղակայված է քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Գերեզմանի ընդհանուր մակերեսը կազմում է 8 հա։ Կոլումբարիումներում, սկլեպներում և դամբարաններում ամփոփված է ավելի քան 12 400 աճյուն։ Գերեզմանի այգին, որն զբաղեցնում է մոտ 4 հա տարածք, եզերված է ավելի քան երեք հարյուր ծառեր, որոնք ձևավոր էտած են։ Այն բաժանված է 2 զոնաների․ առաջինը գտնվում է գերեզմանի առաջնամասում և կոչվում է «Հիշողությունների պուրակ» (Parque de los Recuerdos), իսկ երկրորդը՝ առաջինից առանձին, կոչվում է «Աստծո զոհասեղան» (Altar de Dios)[4]։

Տուլկանյան գերեզմանը հիմնվել է 1932 թվականին՝ Սանտյագոյի հին պանթեոնի փոխարեն, որը լրջորեն վնասվել էր 1923 թվականի երկրաշարժի արդյունքում։ Այն ժամանակների կանոնների համաձայն՝ գերեզմանատունը կառուցում էին ոչ բնակելի տարածքներում՝ խուսափելով համաճարակներից։ Կրաքարային բնահողի շնորհիվ գերեզմանատանը լավ են աճում նոճիները։

Գաղափարը՝ գերեզմանատանն այգի հիմնելու, պատկանում էր Խոսե Մարիա Ասել Ֆրանկո Գերրարոյին (իսպ.՝ José María Azael Franco Guerrero), որը 1936 թվականին զբաղեցնում էր Տուլկան մունիցիպալիտետի պուրակների ղեկավարի պաշտոնը։

1984 թվականի մայիսի 28-ին Էկվադորի էկոլոգիական ժառանգության ինստիտուտը գերեզմանը հայտարարել է մշակութային ժառանգության օբյեկտ։ Այդ նույն տարվա օգոստոսի 23-ին Զբոսաշրջության ազգային տնօրինությունն այդ տարածքը հայտարարել է զբոսաշրջային ազգային նշանակության բնական օբյեկտ։

Տուլկանի տեղական խորհրդի որոշմամբ՝ 2005 թվականից գերեզմանը կրում է Խոսե Մարիա Ասաել Ֆրանկո Գերրերոյի անունը։ 2009 թվականին իրականացվեց գերեզմանի վերակառուցումը, անցկացվեց գիշերային լուսավորության համակարգ[5]։

Գերեզմանի համայնապատկերը

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кладбище-топиарий — самая необычная достопримечательность Эквадора
  2. «Удивительный садово-парковый дизайн на кладбище города Тулькан, Эквадор». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  3. Huxley, Anthony. The Illustrated History of Gardening. Horticulture Garden Classic. Editor The Lyons Press, London, 1998. ISBN 1-55821-693-6, 9781558216938N
  4. 309 esculturas en ciprés dan vida al cementerio de Tulcán(չաշխատող հղում)
  5. El cementerio de Tulcán Azael Franco celebra bodas de plata(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]