Տորգիլս Կնուտսսոնի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորգիլս Կնուտսսոնի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՔանդակագործVille Vallgren?
Ստեղծում1908
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎիբորգ և Հին ռատուշայի հրապարակ
Նյութբրոնզ
Մասն էՀին ռատուշայի հրապարակ
 Monument to Torgils Knutsson Վիքիպահեստում

Տորգիլս Կնուտսսոնի հուշարձան, Վիբորգի ամրոցի հիմնադիր, շվեդ մարշալ Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանը կառուցվել է քանդակագործ Վիլլե Վալգրենի (1855-1940) կողմից Վիբորգում։ Տեղադրվել է Հին ռատուշայի ժամանակակից հրապարակի վրա 1908 թվականի հոկտեմբերի 4-ին և դարձել Վիբորգի առաջին հուշարձանը։ Հուշարձանը կանգուն է մնացել ուղիղ քառասուն տարի, այն ապամոնտաժվել է 1948 թվականին։ Քանդակը մեծապես վնասվել էր, սակայն մասնագետները խուսափել են այն վերաձուլելուց։ 1993 թվականին հուշարձանը վերականգնվել է։ 1995 թվականից հուշարձանը ճանաչվել է որպես մշակութային ժառանգության օբյեկտ[1], իսկ 2015 թվականին այն ներառվել է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաղափար և ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոհան Յակոբ Արենբերգ

Հուշարձանի տեղադրման նախագծի նախաձեռնողն ու կազմակերպիչը վիբորգցի ճարտարապետ և հնության սիրահար Յակոբ Արենբերգն էր (1847-1914), ով այն ժամանակ զբաղվում էր ավերված Վիբորգի ամրոցի վերակառուցման նախագծման աշխատանքներով։ Արենբերգը մեկն էր նրանցից, ով կանգնած էր Վիբորգի ռոմանտիկ պատմության ստեղծման ակունքներում։ Նա կասկածներ չուներ հուշարձանի ստեղծման պատմական օրինականության վերաբերյալ։ Ինչպես ազգային մտածողություն ունեցող շատ մտավորականներ, նա անհրաժեշտ էր համարում իմանալ և պահպանել տեղական պատմությունը։

Բիրյեր Յարլի հուշարձանը Ստոկհոլմում

1916 թվականին հրապարակված իր հուշերում, նա գրում է․

Հենց այն տարին, երբ ես ժամանեցի Վիբորգ, նամակ ստացա մեր հայտնի քանդակագործ Վիլլե Վալգրենից։ Նա աշխատանք էր փնտրում։ Ես խորհրդակցեցի Վիբորգի իմ որոշ ընկերների հետ, և որոշվեց, որ նրան պատվիրելու եմ Տորգիլս Կնուտսսոնի արձանը, այնպիսին ինչպիսին Բիրյեր Յարլի արձանն է Ստոկհոլմում, մինչև 2200 մարկ արժեքով։ Վալգրենը հիացած էր։ Ես հայտնեցի այդ գործի մասին Դենին, ով շատ էր հետաքրքրվում դրանով։ «Միայն թե զինանշանն ու զգեստներն իրական լինեն, այնպես, որ պատմական և գերբագիտական սխալներ չլինեն, հիշեք սա[2]։

Հուշարձանի համար դրամահավաքը սկսվեց գրական երեկոյով՝ 1884 թվականի դեկտեմբերի 5–ին, որի տոմսերի վաճառքից ստացված հասույթը կազմեց 300 մարկ։ Արենբերգը համաձայնեց անվճար իրականացնել դիմացի հրապարակի վերակառուցման նախագիծը։ Արենբերգը հսկայական աշխատանք կատարեց՝ գծագրելով և չափագրելով Վիբորգի հնագույն շենքերը, այդ թվում միջնադարյան բնակելի շենքերը, այն մի քանիսը, որոնք կանգուն էին մնացել բազմաթիվ հրդեհներից և վերակառուցումից։

Դրամահավաքի կազմակերպումը թույլ տվեց Ուոլգրենին մոդելի պատրաստման պատվեր ստանալ։ Սակայն, երկար մնալու պատճառով աշխատանքը քայքայվեց և ոչ պիտանի դարձավ, քանի որ կավը չորացավ և ճաքճքեց։ Քանդակագործը պետք է պատրաստեր նոր մոդել, որի արդյունքում հուշարձանի արժեքը արդեն կազմեց 3000 մարկ։ Բայց դա միայն առաջիկա դժվարությունների սկիզբն էր։ Շվեդ նվաճողի հուշարձանի կանգնեցման գաղափարին վճռականորեն ընդդիմացավ Վիբորգի ռազմական հրամանատար, գեներալ-մայոր Միխայիլ Լավրենտիևիչ Դուխոնինը, նրան աջակցեց նաև գեներալ-նահանգապետ կոմս Ֆյոդոր Հեյդենը։

Կոմս Հեյդենը հիանալի գիտեր, որ գիպսի արձանը պատրաստ է և գտնվում է Վիբորգում։ Բայց, եթե նա այնքան թույլ էր, որ վախենում էր Դուխոնինից, նա նաև բավական մեծահոգի էր՝ արվեստին պատերազմ չհայտարարելու համար ...[2]

Հուշարձանի տեղադրման թեմայով բուռն քննարկումներ էին ծավալվել նաև մամուլի էջերում։ Այդ շրջանում Ուոլգրենը մեկնել է Փարիզ, որտեղ ապրում էր այդ ժամանակ։ Քանդակագործը հուշարձանի ստեղծման վրա աշխատել է իր փարիզյան արվեստանոցում (Ֆոբուր Սենտ Օնորե փողոց, 233bis): 1887 թվականին ավարտել է նախապատրաստական աշխատանքները։ 1888 թվականին Փարիզից Վիբորգ է ուղարկվել բրոնզապատ գիպսե ծեփակերտը` պատվիրատուների հետ քննարկման և ձուլման համար։ 1888 թվականի ամռանից այն ցուցադրվել է Վիբորգի թանգարանում՝ այն ներկայացնելով «Ասպետ», «Խիզախություն» կամ այլ անուններով։

Սակայն հուշարձանի տեղադրման խնդրանքը մերժվեց։ Ավելին, այն հիմք դարձավ Ալեքսանդր III Գերագույնի կողմից 1890 թվականի հուլիսի 15-ի կայսերական հայտարարության հրապարակման համար, որով արգելվում էր հասարակական վայրերում հուշարձաններ կառուցել առանց Գերագույնի թույլտվության։ Հուշարձանի տեղադրման հարցի հետագա լուծումն արագացվեց երկու հանգամանքով՝ 1896 թվականին մահացավ վիբորգցի դեղագործ Յոհան Կազիմիր ֆոն Ցվեյգբերգը, որը քաղաքին կտակեց 167 հազար ֆիննական մարկ՝ նշելով դրանց նպատակը՝ զարդարել Վիբորգը։ Այդ գումարը հնարավորություն տվեց ձևավորել հատուկ դրամական ֆոնդ։ Կտակված գումարի մի մասը՝ 30 հազար մարկ, քաղաքապետարանն օգտագործեց հուշարձանը ձուլելու համար։

1905 թվականի հոկտեմբերյան ընդհանուր քաղաքական գործադուլը նկատելիորեն լուսավորեց քաղաքական մթնոլորտը։ 1906 թվականին տեղի ունեցավ Սվեաբորգի ապստամբությունը, որը ցույց տվեց, որ ռուս հեղափոխականները ակտիվ գործունեություն են ծավալել Ֆինլանդիայի Մեծ դքսությունում։ 1907 թվականի սկզբին Ռուսական կայսրության նախարարների խորհրդի նախագահ Պյոտր Ստոլիպինը նույնիսկ առաջարկեց ռազմական դրություն մտցնել Վիբորգ նահանգում[3]։

Շինարարության թույլտվությունը, հակառակ ռուսական ռազմական և քաղաքացիական իշխանությունների կարծիքի, ստացվեց միայն Վիբորգի քաղաքային խորհրդի կողմից Նիկոլայ II կայսրին ուղղված դիմումից հետո։ Հուշարձանի էսքիզն ամենաբարձր հավանության է արժանացել Ցարսկոե Սելոյում, 1907 թվականի ապրիլի 11-ին (24)։

Ուոլգրենը մեկնել է Փարիզ, որտեղ հուշարձանը ձուլվել է բրոնզից։ 1907 թվականի փետրվարին Ուոլգրենը Արենբերգին գրում է․ «Ծերունի Տորգիլս Կնուտսսոնին այս օրերին ձուլում են բրոնզից, սրանից 20 տարի առաջ ձեր նախաձեռնությամբ պատվեր տրվեց կանգնեցնել դյուցազնի հուշարձանը ... Փառք ու պատիվ ձեզ և շնորհակալություն, իմ ընկեր»[4]։

Ճարտարապետ Կարլ Հորդ աֆ Սեգերստադը (1873-1931) նախագծել է գրանիտե յուրօրինակ պատվանդան։ 1908 թվականի գարնանը սկսվել են Հին քաղաքի Ռատուշայի դիմացի հրապարակի բարեկարգման և նախապատրաստական աշխատանքները հուշարձանի տեղադրման համար։

Բացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1908 թվականի սեպտեմբերի 21-ին (հոկտեմբերի 4)։ Բացումը համընկել է Վիբորգում Շվեդիայի օրվա (ֆին. Ruotsalaisuuden päivä, շվեդ. Svenska dagen) տոնակատարության հետ, որը հաստատվել էր Շվեդիայի ժողովրդական կուսակցության կողմից։ Այդ տարի Շվեդիայի օրն առաջին անգամ նշվել և անցկացվել է Ֆինլանդիայի Մեծ դքսության բոլոր քաղաքներում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում։ Այն չուներ քաղաքական կարգավիճակ և հանդիսանում էր շվեդական մշակույթի և ինքնօրինակության տոն։

Տեսարան ամրոցային կամրջի և Հին Ռատուշայի հրապարակի հուշարձանով, 1930–ականներ

Նույն թվականի սեպտեմբերին Հելսինկիի Շուկայի հրապարակում տեղադրվել է Ուոլգրենի մեկ այլ աշխատանք՝ Հավիս Ամանդան (Ծովային հավերժահարս)։

Կնուտսսոնի հուշարձանի տեղադրումից անմիջապես հետո մամուլում վիճաբանություն է սկսվել։ 1908 թվականի հոկտեմբերի 5-ին (սեպտեմբերի 22) «Русское слово» թերթը գրել է[5]

Երեկ Վիբորգում բացվեց Վիբորգի ամրոցի հիմնադիր Ստորկել Կնուդսոնի հուշարձանը, ով շվեդական մշակույթը արմատավորեց Ֆինլանդիայի արևելքում։

Հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի «Новое время» թերթը հրապարակել է «Ֆինլանդական հուշարձանները Ռուսաստանի թշնամիներին» վերնագրով հոդված[6]։ Հեղինակն առաջ է քաշել այն թեզը, որ «ռուսների հետ մարտի դաշտում» Վիբորգի ամրոցի հիմնադիր Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանի տեղադրումը, «Ո՞վ է հարձակվել ռուսական տարածքների վրա» անհամատեղելի է Ռուսաստանի և նրա բանակի ազգային արժանապատվության և պատվի համար և վիրավորական է ազգային տրամադրություններին։ «Новое время»-ի այս հարձակմանը կտրուկ է արձագանքել Ֆինլյանսկայա գազետան՝ հրատարակելով հուշարձանի և այդ հարցի մասին երկար հոդված ֆիննական շվեդալեզու մամուլում[7]։ Ֆիննական Nye Pressen և Hufvudstadsbladet թերթերի հետ միասին ռուսալեզու «Финляндская Газета»-ն իր էջերը տրամադրեց հուշարձանի նախագծի շվեդաֆիննական պաշտպաններին, ովքեր բացատրեցին, որ Կնուտսոնի հուշարձանը չի կարող համարվել «Ռուսաստանի թշնամու» հուշարձան, քանի որ Կնուտսոնը պայքարել է Նովգորոդի դեմ, իսկ Նովգորոդի հանրապետությունը այն ժամանակ դեռ կապ չուներ Ռուսական կայսրության հետ։ Բացի այդ, ընդգծվում էր, որ հուշարձանը պատմական է, այլ ոչ թե քաղաքական։

Երկու տարի հետո Վիբորգում տեղադրվեց Պետրոս I-ի հուշարձանը, նեղուցի հակառակ կողմում գտնվող բարձր լեռան վրա։ Դրանից հետո ծագեց յուրօրինակ ճարտարապետական և քանդակային կոմպոզիցիա՝ բրոնզաձույլ նվաճողների սառած հայացքները հատվում էին իրենց «կռվախնձորի»` Վիբորգի ամրոցի վրա։

Ավերածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինն զինծառայողները 1941 թվականի շքերթի ժամանակ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Վիբորգը մի քանի անգամ անցավ պատերազմող կողմերի վերահսկողության ներքո։ Այսպիսով, 1940 թվականին, Ձմեռային պատերազմից հետո, Ֆինլանդիան քաղաքը հանձնեց Խորհրդային Միությանը։ 1941 թվականին այն գրավեց ֆիննական բանակը, սակայն 1944 թվականին, խորհրդա-ֆիննական պատերազմի ավարտից հետո, այն կրկին փոխանցվեց Խորհրդային Միությանը։ Այդ տարիների ընթացքում հուշարձանը մնացել է իր տեղում։

Այնուամենայնիվ, 1948 թվականին Վիբորգի քաղաքային իշխանությունները հեռախոսով առաջարկեցին Վիբորգ ամրոցում տեղակայված կապի գումարտակի հրամանատարությանը՝ հրապարակից հեռացնել Տորգիլս Կնուտսսոնի հուշարձանը։ Այդ ժամանակ նույնիսկ քանդակի ապամոնտաժման փորձ չի եղել։ Ըստ վիբորգցի պատմաբան Եվգենի Կեպպի հուշերի ուսումնական դասակի զինծառայողները գիշերը պարաններ են կապել հուշարձանի վերևի մասում և ձգումների միջոցով այն տապալել գետնին։ Արձանի ընկնելուց ոտնաթաթերը կոտրվել և մնացել էին պատվանդանի վրա, վահանը, սրի պատյանն ու դաստապանի վերին հատվածը ընկել էին։ Օգտագործելով նույն պարանները՝ զինվորները քանդակը սայլուղով քարշ տվեցին ամրոցի մեջ։ Այն հրաշքով փրկվել էր որպես ջարդոն հալվելուց[8]։

Գրեթե 30 տարի անց, երկար փնտրտուքներից հետո, Վիբորգի գավառագիտական թանգարանի աշխատակիցներին հաջողվեց հուշարձանը գտնել Վիբորգ քաղաքի բարեկարգման կոմբինատի սարայներից մեկում՝ Սալակկա-Լախտի ծովածոցի արևելյան ափին։ 1975 թվականի հունվարի 21-ին զգալիորեն վնասված հուշարձանը տեղափոխվեց Վիբորգ ամրոց, որտեղ գտնվում էր թանգարանը և այնտեղ երկար ժամանակ պահվում էր Սուրբ Օլաֆի գլխավոր աշտարակի տակ գտնվող նկուղում։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին սկսվել է հուշարձանի վերականգնումը։ Աշխատանքները ֆինանսավորել է Վիբորգի վերականգնման, վերակառուցման և զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից, որը 1991 թվականին ստեղծել է Ե. Վ. Ֆիլիպովը։ Քանդակի վերականգնման վրա աշխատել են քանդակագործ Վիկտոր Դիմովը[9], ճարտարապետ Ի․ Վ․ Կաչերինը, գրանիտագործ Միխայիլ Սաֆոնովը, «Монументскульптура» գործարանի (Սանկտ Պետերբուրգ) աշխատողները։

Գրանիտե պատվանդանը պատրաստվել է ըստ սկզբնական նախագծի։

1993 թվականի հուլիսի 2-ին՝ Վիբորգի ամրոցի 700-ամյակի տարում, բացվել է վերականգնված հուշարձանը։ 1994 թվականի գարնանը հուշարձանը ենթարկվել է վանդալիզմի. թուրը կոտրել և գողացել են։ Որոշ ժամանակ անց առևանգողները այն վերադարձրել են՝ տեղադրելով հուշարձանի ստորոտին։ Դետալը վերականգնել են Վիբորգի նավաշինական գործարանի աշխատակիցները։

Հուշարձանի նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տեսքը

Վալգրենը պատկերել էր մարշալին, որը կանգնած էր գրանիտե կլոր բարձր պատվանդանի վրա՝ հայացքով դեպի ամրոցը։ Մարշալը աջ ձեռքում սեղմել էր թուրը, որը գտնվում էր կողքի վրա, ձախում՝ վահանը, որը իջեցված էր ազդրի վրա, գլխին դրված էր մարտական սաղավարտ։ Քանդակին տրված էր վստահ, ռազմատենչ տեսք[10]։

Մարշալի վահանը եռանկյունաձև էր՝ բարձրության հարաբերությունը լայնությանը կազմում էր 2-ը 1-ին։ Այդպիսի վահանը պաշտպանում էր հեծյալին կզակից մինչև ծնկները։ Եռանկյունաձև վահաններն ի հայտ էին եկել 13-րդ դարում։ Վահանի մակերեսին պատկերված է հերալդիկ առյուծ։ Ոտքերին հասարակ «մախաթակերպ» կոշկախթաններ (անվակավոր կոշկախթաններն առաջին անգամ հայտնվել են 13-րդ դարի վերջին) գոտու վրա, որն իջնում էր գարշապարի տակ և ոտնաթաթից վերև։

Փոքր չափերի հուշարձանն հաջողությամբ ներգծվել է միջնադարյան բաց հրապարակում։ Այն ունի նաև բավականին արտահայտիչ ուրվագիծ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Любовь Кудрявцева, «Борьба за „место памяти“ в империи: история памятника основателю Выборга Торгильсу Кнутссону», журнал Ab Imperio, 2/2004, Память репрессированная, вытесненная и потерянная (07/2004)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Акт № 5-34 от 08.07.1995 г.
  2. 2,0 2,1 Я. Аренберг, Мемуары // «Голос минувшего». 1916, № 9-10
  3. Выборгские меценаты
  4. П. А. Столыпин и финляндский вопрос
  5. Газетные старости, «Русское слово»
  6. «Новое время». 19 октября 1908 г. No 11712. С. 4.
  7. О памятнике Торкилю Кнутссону // Финляндская Газета. 1908. No 164
  8. Вандализм не имеет национальности
  9. Димов, Виктор Павлович
  10. Скульптура Выборга

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]