Տոսախ մշտադալար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տոսախ մշտադալար
Տոսախ մշտադալար
Տոսախ մշտադալար
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Buxales
Ընտանիք Տոսախազգիներ (Buxaceae)
Ցեղ Տոսախ (Buxus)
Տեսակ Տոսախ մշտադալար (B. sempervirens)
Միջազգային անվանում
Buxus sempervirens
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տոսախ մշտադալար (լատ.՝ Buxus sempervirens), տոսախազգիների ընտանիքի, տոսախ ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքր, մշտադալար ծառ է՝ մինչև 6-10 մ բարձրությամբ, սակայն մշակության մեջ թփանման տեսք ունի, արտակարգ խիտ ու կոմպակտ սաղարթով։ Ճյուղերը քառանիստ են, ընձյուղները կանաչ, խիտ տերևակալած։ Կեղևը մոխրադեղնավուն է, հարթ, ծեր ճյուղերի ու բնի վրա ծածկված մանր ճաքերով։ Տերևները երկարավուն-ձվաձև են կամ էլիպսաձև, հազվադեպ նեղ-էլիպսաձև, ռոմբաձև կամ կլորավուն, 1,5-3 սմ երկարությամբ, 0,5-1,3 սմ լայնությամբ, վերևի կողմից մուգ կանաչ, փայլուն, ներքևի կողմից ավելի բաց գույնի և անփայլ, կարճակոթունավոր։ Ծաղիկները հավաքված են ծոցային ծաղկաբույլերում։ Յուրաքանչյուր ծաղկաբույլում կա 1 վարսանդային ծաղիկ (երբեմն այդ ծաղիկը չի զարգանում)։ Առէջային ծաղիկների ծաղկապատի արտաքին զույգ թերթիկները ուժեղ արտափքված են, ներքևինները ունեն 2-2,5 մմ երկարություն, հակաձվաձև են կամ կլորավուն, բութ կլորավուն, երբեմն՝ սուր գագաթով։ Առէջները 1,5-2 անգամ երկար են ծաղկապատի ներքին թերթիկներից, իսկ սերմնարանի ռուդիմենտը կարճ է։ Պտղատուփը գնդաձվաձև է, 0,5-1 սմ երկարությամբ և 0,5-0,6 սմ լայնությամբ, եղջյուրիկներով։ Ծաղկում է մարտ-ապրիլին, պտուղները հասունանում են հուլիսին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնուց օգտագործվում է կանաչապատման բնագավառում։ Դասական բույս է տոպիար (խուզվող) արվեստում օգտագործելու համար, քանի որ դանդաղ է աճում, արտակարգ խիտ սաղարթ ունի և տված ձևը երկար է պահպանվում։ Ունի մի շարք արժեքավոր պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում տերևների ձևով և գունավորմամբ, սաղարթի ձևով և այլն։ Հայկական ՍՍՀ-ում վաղ ժամանակներից լայնորեն է մշակվում։ Հատկապես շատ է տարածված Արարատյան դաշտի բնակավայրերում, որտեղ գրեթե չի ցրտահարվում, կամ անվնաս չափով ցրտահարվում է միայն արտակարգ ցուրտ ձմռան դեպքում, երբ օդի նվազագույն ջերմաստիճանը մոտենում է -30 °C֊ի սահմաններին։ Երևանում, պաշտպանված վայրերում, կան ծառանման բույսեր 6-8 մ բարձրությամբ։ Լավ է աճում հատկապես մեր հանրապետության հյուսիսարևելյան շրջաններում (Բագրատաշեն, Իջևան, Նոյեմբերյան)։ Այստեղ միանգամայն դիմացկուն է և անգամ ամենախիստ սառնամանիքների դեպքում չի ցրտահարվում։ Մշտադալար տոսախը լավ է աճում նաև Զանգեզուրում, ինչպես նաև միջին լեռնային գոտու պայմաններում։ Չնայած Գյումրիում և Շիրակի դաշտի մյուս բնակավայրերում պարբերաբար թեթևակի ցրտահարվում է, այնուամենայնիվ, միանգամայն հեռանկարային տեսակ պետք է համարել։ Ծովի մակերևույթից մինչև 2000 մ բարձրության վրա հաճախ է ցրտահարվում, սակայն պահպանվում է մինչև ձյան ծածկոցի մակարդակը և հաջորդ վեգետացիոն սեզոնում վերականգնվում է (Սևան)։ Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում շրջանացնել միայն միջին և ցածրադիր գոտիների պայմաններում։

Էկոլոգիական խումբը՝ VII։ Մշակության հավանական շրջանները 3, 8, 9-10, 12, 18-20, 23-25, 27-28, 31-32 [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 297։