Jump to content

Տոպոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մյոբիուսի ժապավենը միայն մեկ կողմ և մեկ եզր ունեցող մարմին է։ Տոպոլոգիայի հետազոտության առարկաներից են նմանատիպ մարմինները և դրանց ձևերը։
Համաձայն Չորս գույների օրենքի, ցանկացած պատկերներից կազմված քարտեզ կարելի է ներկել չորս տարբեր գույներով այնպես, որ երկու սահմանակից պատկերներ չունենան նույն գույնը։
Քյոնիքսբերգի յոթ կամուրջները Էյլերի դիտարկած առաջին խնդիրներից մեկն է։

Տոպոլոգիան (հունարեն՝ տոպոս (τόπος - տեղ) և լոգոս (λόγος - գիտություն) բառերից) կամ տեղաբանությունը մաթեմատիկայի ընդարձակ բաժին է, որն ուսումնասիրում է երկրաչափական պատկերների կամ մարմինների այն հատկությունները, որոնք անփոփոխ են մնում փոխմիարժեք և փոխանընդհատ արտապատկերումների՝ հոմեոմորֆիզմների ժամանակ, ինչպես օրինակ՝ կապակցվածությունը, չափողականությունը, կոմպակտությունը, և այլն։

Տոպոլոգիայի ուսումնասիրության աքսիոմատիկորեն սահմանված օբյեկտները տոպոլոգիական տարածություններն են և դրանց անընդհատ արտապատկերումները, հիմնական խնդիրն է՝ դասակարգել տոպոլոգիական տարածությունները հոմեոմորֆիզմի ճշտությամբ։ Տոպոլոգիայի տեսանկյունից էական չեն երկրաչափական պատկերների ոչ չափսերը (երկարություն, մակերես, ծավալ) և ոչ էլ ձևերը։

Օրինակ՝ շրջանագիծը և քառակուսու եզրագիծն ունեն միևնույն տոպոլոգիական հատկությունները և պատկանում են միևնույն տոպոլոգիական դասի (այսինքն՝ հոմեոմորֆ են), քանի որ նրանցից յուրաքանչյուրը կարելի է ստանալ մյուսից՝ խզում և ինքնահատում չունեցող դեֆորմացիայի միջոցով։ Մինչդեռ գլանն ու շրջանագիծն ունեն տարբեր տոպոլոգիական հատկություններ․ գլանի չափողականությունը 2 է, իսկ շրջանագծինը՝ 1։

Ներկայումս տոպոլոգիա համարվող մաթեմատիկական որոշ գաղափարներ առաջ են քաշվել դեռևս 18-19-րդ դարերում, սակայն որպես առանձին բնագավառ՝ տոպոլոգիան սկզբնավորվել է 19-րդ դարավերջում իբրև «տեղի երկրաչափություն» (լատիներեն՝ geometria situs) կամ «տեղի անալիզ» (լատիներեն՝ analysis situs)։

Մաթեմատիկայում անընդհատության դրսևորուների բազմազանությունը և նրա ուսումնասիրության բազմապիսի մոտեցումները հանգեցրին տոպոլոգիայի զարգացմանը մի քանի ուղղություններով՝ ընդհանուր կամ տեսաբազմական տոպոլոգիա, հանրահաշվական տոպոլոգիա, դիֆերենցիալ տոպոլոգիա, և այլն։

Առաջին անգամ «տոպոլոգիայի» սահմանումը 1847 թ. տվել է գերմանացի մաթեմատիկոս Յոհան Լիստինգը (1808-1882 թթ.) Vorstudien zur Topologie աշխատության մեջ[1]։

Քյոնիգսբերգի յոթ կամուրջները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոնիգսբերգի յոթ կամուրջները Լեոնարդ Էյլերի 1736 թ. առաջարկած խնդիրն է, որը համարվում է ժամանակակից տոպոլոգիայի առաջին գիտական շարադրանքը։ Խնդրի պահանջն է՝ անցնել բոլոր յոթ կամուրջների վրայով այնպես, որպեսզի ոչ մի կամրջի վրայով երկրորդ անգամ անցնելու անհրաժեշտություն չլինի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Listing, Johann Benedict, "Vorstudien zur Topologie", Vandenhoeck und Ruprecht, Göttingen, p. 67, 1848

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 60
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոպոլոգիա» հոդվածին։