Տնտեսական անվտանգություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տնտեսական անվտանգություն (անգլ.՝ Economic security), պետության այնպիսի վիճակ, երբ ձևավորվող ազգային տնտեսության համատեքստում ապահովված են անհատի, հասարակության և պետության նվազագույն տնտեսական շահերի և պահանջմունքների իրացումը և բավարարումը՝ անգամ բացասական գործոնների միաժամանակյա և միևնույն ուղղությամբ ազդեցության պայմաններում[1][2]։

Լայն իմաստով անվտանգության սուբյեկտ է ողջ ազգը՝ իր բոլոր ներքին սուբյեկտներով, սակայն դրանցից հիմնականները ազգային այն հաստատություններն են, որոնք ներգրավված են ազգային անվտանգության համակարգում։ Տնտեսական անվտանգությունը ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է։ Անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտ է հանդիսանում պետությունը՝ իր օրենսդիր, գործադիր և դատական մարմիններով, ինչպես նաև քաղաքացիները, կուսակցությունները, հասարակական միավորումները և կազմակերպությունները։

Տնտեսական անվտանգությունը ներառում է`

  • Հավանական շարունակական վճարունակությունը,
  • Անձանց կամ այլ տնտեսվարող սուբյեկտների ապագա դրամական հոսքերի կանխատեսելիությունը,
  • Զբաղվածության անվտանգությունը կամ աշխատանքի անվտանգությունը[3]։

Տնտեսական անվտանգության բաղադրիչները[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարենային անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրի պարենային անկախության անհրաժեշտ մակարդակի ապահովման համար պահանջվում է լուծում տալ տեղական արտադրության պարենամթերքների ծավալների էական ավելացմանը, որի համար պահանջվելու է ֆինանսական, նյութատեխնիկական և այլ ռեսուրսների լրացուցիչ ներգրավում, ինչպես նաև մի շարք միջոցառումների իրագործում՝ ուղղված պարենամթերքի արտադրության բնագավառում բարենպաստ իրավատնտեսական դաշտի ձևավորմանը։ Բավական է նշել, որ ներկայումս Հայաստանում տեղական արտադրության հաշվին բավարարվում է բնակչության պարենային պահանջի միայն 55 %-ը։ Տնտեսական անվտանգության վրա ներգործում են այնպիսի ներքին և արտաքին գործոններ, ինչպիսիք են երկրի բնական ռեսուրսներով ապահովված լինելու մակարդակը, կառուցվածքային, գիտատեխնոլոգիական, ֆինանսավարկային, կազմակերպչական-կառավարչական գործոնները, աշխատանքային ռեսուրսների օգտագործման մակարդակը, արտասահմանյան ներդրումների ներգրավվածությունը, արտաքին տնտեսական գործընթացների կառավարումը և այլն[4]։

Տնտեսական անվտանգության չափանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական անվտանգության գնահատումն իրականացվում է չափանիշների և ցուցանիշների միջոցով։ Չափանիշները կապված են տնտեսության իրավիճակի գնահատման հետ, որը ենթադրում է տնտեսական սպառնալիքների հայտնաբերում և դրանց մակարդակի գնահատում[5]։ Տնտեսական անվտանգության չափանիշների սահմանման նպատակն է թույլ չտալ այս կամ այն ցուցանիշի մոտենալը տնտեսական սպառնալիքի սահմանային թույլատրելի մեծությանը, կորուստները և ռիսկերը հասցնել նվազագույնի, բարձրացնել երկրի սոցիալ-տնտեսական արդյունավետությունը, ավելացվի մրցունակ ապրանքների արտադրությունը, բարելավվի բնակչության կյանքի որակը, կենսամակարդակը և այլն։ Տնտեսագիտական գրականության մեջ տնտեսական անվտանգության գնահատման, նրա չափանիշների վերաբերյալ գոյություն ունեն էապես տարբերվող մոտեցումներ։ Տնտեսագիտական գրականության մեջ առավել տարածված են Սերգեյ Գլազևի առաջարկած մոտեցումները։ Համաձայն հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազևի առաջարկած մեթոդի, որոշակի ժամանակահատվածի համար տնտեսական անվտանգության ցուցանիշները համեմատվում են իր կողմից առաջարկված ցուցանիշների շեմային մեծությունների հետ[6]։ Շեմային ցուցանիշների մակարդակը գերազանցելու կամ դրանցից շեղվելու դեպքում երկրի տնտեսական անվտանգության հիմնախնդիրների լուծումը դառնում է հրատապ։ Այնտեղ կարևոր դեր են խաղում վիճակագրական տվյալների առկայությունը և դրանց որակը։ Սովորաբար, որպես տնտեսական անվտանգության շեմային մեծություններ կարելի է ընդունել միջին համաշխարհային ցուցանիշները։ Օրինակ, ներմուծվող պարենային ապրանքների բաժինը չպետք է գերազանցի երկրի ապրանքային շուկայի 25 %-ը, վերամշակվող արդյունաբերական արտադրանքի բաժինը արտահանման մեջ չպետք է պակաս լինի 40 %-ից, բարձր տեխնոլոգիաների արտադրանքը՝ ոչ պակաս թողարկվող արտադրանքի 10-15 %-ից, պետության կողմից գիտության ֆինանսավորումը՝ ՀՆԱ-ից 2 %-ից[7]։

Տնտեսական անվտանգության սպառնալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական անվտանության կարևորագույն սպառնալիքներից մեկը բնակչության եկամուտների շատ արագ կենտրոնացում բարձր եկամուտներ ունեցող բնակչության ձեռքում[8]։

ՀՀ տնտեսական անվտանգության սպառնալիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ տնտեսական անվտանգության թիվ մեկ սպառնալիքը բնակչության թվաքանակի աննախադեպ նվազումն է՝ վերափոխումների արդյունքում։ ՀՀ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը[9]։ Ըստ տարբեր հետազոտողների գնահատականների անկախացումից հետո ՀՀ-ից արտագաղթողների թիվը տատանվում է 600.000-ից մինչև ավելի քան 1 250.000-ի[10]։ ՀՀ տնտեսական անվտանգության ապահովման բարդությունները սկսվում են աշխարհաքաղաքական անբարենպաստ դիրքից և ռազմավարական նշանակության բնական ռեսուրսներով ապահովվածության ցածր աստիճանից։

Տնտեսական անվտանգության ցուցանիշների շեմային մեծությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացված են տնտեսական անվտանգության որոշ ցուցանիշների շեմային մեծությունները[11].

1.Կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներից մեկը դեցիլային գործակիցն է։ Դեցիլային գործակիցը ցույց է տալիս եկամուտների տարբերակվածությունը՝ 10 % ամենահարուստ և 10 % ամենաաղքատ ընտանիքների եկամուտների մեջ։ Ընդորում, դեցիլային գործակիցը չպետք է գերազանցի վեցապատիկը։

2.Ջինիի գործակիցը վիճակագրական ցուցանիշ է, որը վկայում է տվյալ պետության կամ երկրամասի հասարակության տարբեր շերտերում եկամուտների կենտրոնացման աստիճանը։ Գործակիցը արդյունաբերական զարգացած երկրներում հավասար է 0,15-0,17-ի։ Ինչքան այս գործակիցը մոտենում է 1-ին, այնքան մեծանում է անհավասարությունը։

3.Աղքատության ցուցանիշի «բնական» մակարդակն արդյունաբերական զարգացած երկրներում 8,7-9 % է կազմում։ Միջազգային փորձը ցույց է տվել, որ տնտեսության արմատական բարեփոխումների ժամանակաշրջանում գործազրկության մակարդակը թույլատրելի է 15,7-20-ի չափով, սակայն այն կարող է պահպանվել 3-5 տարի։ Իսկ բնականոն զարգացած երկրներում գործազրկությունը կազմում է շուրջ 6-10 %։

4.Ինֆլյացիայի տարեկան նորմալ մակարդակ է համարվում 5-6 %-ը։ 6-10 % տարեկան ինֆլյացիայի դեպքում մշակվում և իրականացվում են այն իջեցնելու հատուկ միջոցառումներ։

5.Իրական ՀՆԱ-ի աճի տեմպերի բնականոն մեծություն է տարեկան 2,7-4 %-ը։ Տնտեսության արմատական բարեփոխումների ժամանակաշրջանում թույալտրելի են բացասական նշանով ցուցանիշները կամ տարեկան 0,5-1,5 %-ը, սակայն այն չպետք է պահպանվի 2-3 տարուց ավելի։ Նման տեմպերի դեպքում անթույլատրելի է ՀՆԱ ծավալների 50 %-ից ավելի իջեցումը։

6.Ապրանքների գնային զանգվածի և դրամով ապահովվածության հարաբերակցությունը։ Փորձը ցույց է տալիս, որ այս բնագավառում նրանց շեմային մեծությունն է 1:1,3 հարաբերակցությունը։ Այս շեմային ցուցանիշից շեղվելը կբերի ձեռնարկությունների դրամական միջոցների անբավարարվածության և, դառնալով անվճարունակ, նրանք կկրճատեն արտադրության ծավալները՝ բարձրացնելով ապրանքների գները, ինչն իր հերթին կավելացնի ինֆլյացիայի տեմպերը և կհանգեցնի պահանջարկի նվազմանը։

7. Գիտության և կրթության ծախսեր։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե գիտության համար կատարված ծախսերը չեն գերազանցում ՀՆԱ-ի 2 %-ը, ապա հասարակությունը մեծապես տուժում է գիտության նվաճումները տնտեսության մեջ չներդնելու պատճառով։ Իսկ եթե կրթության համար կատարված ծախսերը չեն գերազանցում ՀՆԱ-ի 5 %-ը, ապա ազգը դատապարտված է մտավոր ոչնչացման։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Financial Security in Later Life Archived 2011-10-17 at the Wayback Machine.
  2. «GAO-08-105 Retirement Security: Women Face Challenges in Ensuring Financial Security in Retirement»։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-21-ին։ Վերցված է 2017-11-12 
  3. О некоторых угрозах экономической безопасности России Василенок В. Л., Быков В. Н.
  4. «Backgrounder No. 6: Economic Security»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-05-ին։ Վերցված է 2017-11-12 
  5. Rupert Mark (2007)։ International Relations Theory։ Oxford: Oxford University Press 
  6. DEED History
  7. «Childstats.gov - America's Children: Key National Indicators of Well-Being 2007 - Economic Circumstances»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-24-ին։ Վերցված է 2017-11-12 
  8. Beyond 50: Summary Tables and Charts
  9. «ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ»։ www.noravank.am։ Վերցված է 2017-11-12 
  10. «Արտագաղթ. Հայաստանում 2015-ի համեմատ բնակչության թիվը 2016-ին նվազել է ավելի քան 48 հազարով | Aniarc»։ www.aniarc.am (en-US)։ Վերցված է 2017-11-12 
  11. «About DES»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-16-ին։ Վերցված է 2017-11-12