Տնտեսագիտական հոգեբանությունը որպես միջառարկայական գիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Տնտեսագիտական հոգեբանություն» հասկացությունը ներմուծել է ֆրանսիացի սոցիոլոգ և կրիմինալիստ Գաբրիել Տարդը, 1902 թվականին իր կողմից հրատարակած «La psychologie économicque» աշխատության մեջ։ Գ. Տարդը և ամերիկացի գիտնական Ջորջ Կատոնան համարվում են տնտեսագիտական հոգեբանության՝ որպես միջոլորտային գիտության հիմնադիրներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Տարդ

Տնտեսագիտական հոգեբանությունը՝ որպես հոգեբանության ճյուղ, գիտություն է մարդու հոգեկան գործընթացներով պայմանավորված տնտեսական վարքի վերաբերյալ։ Տնտեսագիտական հոգեբանությունն ուսումնասիրում է տնտեսական գործընթացներում մարդու և վարքի վրա սոցիալ-տնտեսական միջավայրի թողած ազդեցության հետևանքները, հասարակության անդամների կողմից նախապատվություններ տալու և նախընտրելի որոշումներ կայացնելու գործընթացները պայմանավորող գործոնները, փոփոխվող տնտեսական գործոնների ազդեցությամբ պայմանավորված հոգեբանական այն ներթաքույց մեխանիզմները, որոնք կարող են ի հայտ գալ ընտրանքների գործընթացում, աշխատանքի վարձատրության, եկամուտների ձևավորման և բաշխման, սպառման, սեփականության, վարկավորման և այլ հարաբերություններում։ Այն սերտորեն կապված է անձի հոգեբանության, աշխատանքի հոգեբանության, տարիքային և մանկավարժական հոգեբանության, էթնիկական հոգեբանության, տնտեսագիտական տեսության, տնտեսագիտական սոցիոլոգիայի և գիտակարգային այլ ճյուղերի հետ։ Որպես տնտեսագիտության և հոգեբանության հարակից ճյուղ, տնտեսագիտական հոգեբանությունն իր մեջ միավորում է ինչպես տնտեսագիտական, այնպես էլ հոգեբանական գիտություններում առկա տեսական դրույթները, մեթոդաբանական սկզբունքներն ու մոտեցումները, փորձարարական հետազոտությունների արդյունքները։ Տնտեսագիտական հոգեբանության մեջ որպես հետազոտության օբյեկտ, առանձնակի ուշադրության են արժանանում տնտեսավարող սուբյեկտների գիտակցված կամ չգիտակցված դրդապատճառներով պայմանավորված հոգեբանական այն առանձնահատկությունները, որոնք պատճառ կարող են դառնալ մարդու կամ մարդկանց խմբերի վարքի այնպիսի դրսևորումների, որոնք պայմանավորված են սոցիալ-տնտեսական երևույթների նրա ընկալումներով։ Հետազոտվում են տնտեսվարող սուբյեկտների ընկալման և գնահատման գործընթացների, մոտիվացվածության, վարքի և աշխատանքային գործունեության վրա անհատական-հոգեբանական և էթնոհոգեբանական այն գործոնների ազդեցությունները, որոնք պայմանավորում են հասարակության յուրաքանչյուր անդամի ոչ միայն հասարակական-տնտեսական կյանքին ադապտացվելու, այլև տնտեսությունը զարգացնելու և այն արդյունավետ կառավարելու խնդիրները։ Այս հենքի վրա էլ տնտեսագիտական հոգեբանությունը փորձում է պարզել, թե ինչպես են հասարակության յուրաքանչյուր անդամի անհատական հոգեբանական առանձնահատկությունները (մասնավորապես` հույզերը, ընկալումները, դիրքորոշումները, կարծրատիպերը, մտածողությունը, բնավորությունը, խառնվածքը, կամային որակները) ազդում ողջ հասարակության տնտեսական վարքի վրա։

Զարգացման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչ անցյալ դարի վերջերը, տնտեսագետների զգալի մասը (հիմնականում դասական և նեոդասական տնտեսագիտության տեսության կողմնակիցները) համարում էր, որ մարդը հաստատուն նախասիրություններով օժտված էգոցենտրիկ արարած է, ով՝ հենվելով ամբողջական տեղեկատվության, ընտրության ազատության և այլընտրանքներն ազատ գնահատելու հնարավորության վրա, ձգտում է մաքսիմալացնել սեփական շահը։ Սրանից ելնելով էլ կառուցվում էին տնտեսական մարդու տարատեսակ մոդելներ և սահմանվում տնտեսական վարքի արդյունավետության ցուցանիշներ։ Տնտեսական վարքը պայմանավորող որոշումների կայացման գործընթացի հիմքում դրվում էր բացարձակ արդյունավետության վրա հիմնված եկամուտների մաքսիմալացման՝ քիչ միջոցներով առավելագույն շահույթ ստանալու սկզբունքը, իսկ վարքի մոտիվացիայի հիմքում՝ բարիքների օգտակարության կոնցեպտը, ըստ որի ապրանքի օգտակարությունը որոշվում է սպառողի կողմից ապրանքի որոշակի քանակի օգտագործումից ստացած ընդհանուր բավարարվածությամբ։ Տնտեսական գործունեությունը դիտվում էր որպես նյութական ու հոգևոր բարիքների արտադրության, փոխանակման, բաշխման և սպառման գործընթացների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների (առանձին անհատներ, մարդկանց խմբեր, ֆիրմաներ, կազմակերպություններ, էթնոսներ) փոխհարաբերությունների հարաբերականորեն ավտոնոմ համակարգ։ Նման ելակետով հետազոտություններ կատարելիս մարդու տնտեսական գործունեությունը վերացարկվում էր նրա կենսագործունեության այլ ոլորտներից, իսկ տնտեսական վարքը` վարքի այլ տեսակներից։ Միջանձնային հարաբերություններում հասարակության անդամների դրսևորած սոցիալական վարքը համարվում էր զուտ տնտեսական գործոններով պայմանավորված բնութագրիչ, հոգեբանական երևույթները՝ որպես տնտեսական երևույթներից ածանցված հետևանքներ. անհատը կամ հասարակական խմբերը հանդես էին գալիս տնտեսական հարաբերությունների ազդեցությունը կրող օբյեկտների դերում։ Շնորհիվ տնտեսագիտական հոգեբանության ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքների, տնտեսագիտական ժամանակակից տեսություններում տնտեսական գործունեությամբ զբաղվող ցանկացած անհատ դիտվում է ոչ միայն որպես հասարակության ներսում առկա տնտեսական հարաբերությունների ազդեցությունը կրող օբյեկտ, այլ նաև որպես տնտեսական հարաբերություններ ձևավորող սուբյեկտ, ինչից ելնելով էլ` տնտեսական գործընթացներին առնչվող հետազոտություններում անհատի կամ հասարակական-քաղաքական որևէ միավորի (խմբի, հանրույթի, էթնոսի, ազգի, պետության) տնտեսական գործունեությունը և վարքը բնորոշող հոգեբանական առանձնահատկությունները չեն համարվում միայն տնտեսական երևույթներից ածանցված և դրանք սուբյեկտիվորեն արտացոլող եզրույթներ։ Հոգեբանական երևույթները ժամանակակից տնտեսագիտական տեսությունները դիտարկում են ոչ միայն որպես հետևանքներ, այլև պատճառներ։ Առաջին հիմնարար աշխատությունները, որոնցում անդրադարձ է կատարվում տնտեսական սուբյեկտների վարքին, հրատարակվել են 20-րդ դարի սկիզբներին։ Դրանցում բարձրացված հիմնախնդիրներն էլ հենց հիմք հանդիսացան տեսագիտական հոգեբանության զարգացման համար։ Արդյունքում, ձևավորվեցին տնտեսագիտական հոգեբանության տարբեր դպրոցներ (գերմանական, անգլիական, ամերիկյան, շվեցարական, հետագայում՝ նաև ռուսական), որոնց ներկայացուցիչների (Գ. Տարդ, Ջ. Կատոնա, Հ. Բեքեր, Ժ. Տիրոլ, Թ. Վեբլեն, Դ. Կահնեման, Ա. Տվերսկի, Դ. Կրանց, Պ. Սլովիկ, Մ. Ռաբին, Ի. Կիտով, Օ. Դեյնեկա, Վ. Սոկոլինսկիյ, Վ. Պոզնյակով, Ա. Կարնիշև, Վ. Պասիպանովա, Ա. Վերիգին, Ա. Ժուրավլյով, Վ. Զալևսկի և այլք) հետազոտություններում մեծ տեղ էր հատկացվում սպառողների և արտադրողների տնտեսական վարքի այնպիսի դրսևորումներին, որոնք պայմնավորված են նրանց պահանջմունքներով, սպասումներով, ընտրանքներով, փոխհարաբերություններով։ Սկզբնական շրջանում, այս ուղղությամբ հետազոտություններ իրականացնողները ելնում էին բիհեյվիորիստական՝ «ստիմուլ-ռեակցիա» կոնցեպտի վրա հենված բացարձակ արդյունավետության տնտեսագիտական սկզբունքից` տնտեսական վարքի արդյունավետության չափանիշ համարելով նվազագույն միջոցներով առավելագույն շահույթ ստանալու անհատի ձգտումը։ Տնտեսական վարքը պայմանավորող գործողությունների օրինաչափությունները նույնացվում էին անձի կողմից մեքենայաբար կատարվող մաթեմատիկական գործողությունների մեխանիզմներին։ Գ․ Կատոնայի և Հ․ Բեքերի սոցիալ-հոգեբանական հետազոտությունները ցույց տվեցին, որ այդ երկու մեխանիզմները բոլորովին էլ նույնական չեն, քանի որ անձի տնտեսական վարքի հիմքում միշտ չէ, որ ընկած են մաթեմատիկական հաշվարկներով հիմնավորվող և առավելագույն եկամուտների ապահովմանը միտված գործողություններ, ինչն էլ կասկածի տակ դրեց տնտեսական վարքի մոդելավորման գործընթացում միայն տնտեսական գործոններով առաջնորդվելու դիրքորոշումը։ Ինստիտուցիոնալ և էվոլյուցիոն տնտեսագիտական ուղղությունների ներսում ձևավորվեց այն տեսակետը, որ, չնայած եսակենտրոն ուղղվածությանը, ռացիոնալ մարդու վարքը միշտ չէ, որ ուղեկցվում է առավելագույն եկամուտներ ստանալուն միտված արդյունավետ լուծումների որոնմամբ, քանի որ գործելով սովորությունների, հույզերի, իրավական և հասարակական գործոնների ազդեցությամբ՝ անձը հաճախ չի կարողանում կայացնել բացարձակ արդյունավետ որոշումներ։ Հետևաբար, տնտեսագիտական տեսությունները մարդուն պետք է հետազոտեն այնպիսին, ինչպիսին է նա իրականում։ Սկսած նախորդ դարի երկրորդ կեսից՝ տնտեսագիտության տեսության մեջ շրջանառվեց Հերբերտ Սայմոնի առաջադրած «սահմանափակ արդյունավետության» տեսությունը, որը մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկների վրա հենված բացարձակ արդյունավետության փոխարեն առաջ քաշեց «գործողությունների (կամ ընթացակարգերի) արդյունավետության» հայեցակարգը, որի հիմքում որպես գործունեության տեսակ դրվեց տնտեսավարող սուբյեկտների կողմից այնպիսի լուծումների որոնումը, որոնք ապահովում են ոչ թե առավելագույն, այլ ձեռնտու և բավարար արդյունք։ Վերջինս, ըստ տեսության ներկայացուցիչների, պայմանավորված է անձի ներքին կարողությունների մակարդակով և որոշումների ընդունման գործընթացի առանձնահատկություններով։ Այս տեսակետի ձևավորմանը նպաստեցին 20-րդ դարի կեսերին կոգնիտիվ հոգեբանության ոլորտում իրականացված հետազոտությունները, որոնք փաստեցին, որ տնտեսական որոշումների ընդունման գործընթացի վրա վճռորոշ ազդեցություն կարող են ունենալ հոգեբանական գործոնները։ Արդի տնտեսագետներից շատերը ևս ընդունում են, որ տնտեսական վարքը ոչ միայն տնտեսագիական, այլև հոգեբանական եզրույթ է։ Այս համատեքստում կատարվում են հետազոտություններ, որոնք նպատակ ունեն փորձարարական ճանապարհով բացահայտել անձի տնտեսական վարքում դրսևորվող հոգեբանական այն օրինաչափությունները, որոնց հիմքում ընկած են անձնային և էթնոհոգեբանական առանձնահատկությունները։ Մաթեմատիկական մեթոդների գործադրմամբ կառուցվում են տնտեսական վարքի սոցիալ-հոգեբանական տարատեսակ մոդելներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]