Jump to content

Տիրամայրը ժայռերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրամայրը ժայռերում
տեսակկտավների խումբ և գեղարվեստական թեմա
նկարիչԼեոնարդո դա Վինչի
ուղղությունՎերածնունդ
ժանրկրոնական նկարչություն
հիմնական թեմաԱստվածամայրն ու Որդին և Հիսուսի ծնունդը
հատվածն էVirgin of the Rocks? և Virgin of the Rocks?
Ծանոթագրություններ
 Virgin of the Rocks by Leonardo da Vinci Վիքիպահեստում

Տիրամայրը ժայռերում (իտալ.՝ La Vergine delle rocce), Լեոնարդո դա Վինչիի՝ կառուցվածքով գրեթե չտարբերվող երկու նկարների անվանումը, որոնցից մեկը ցուցադրված է Լուվրում, իսկ մյուսը՝ Լոնդոնի ազգային պատկերասրահում։

Լուվրում պահպանվող տարբերակը նկարվել է 1483-1486 թվականների միջև ընկած ժամանակահատվածում և նույնիսկ ավելի վաղ։ Այն 8 սմ-ով բարձր է լոնդոնյան տարբերակից։ Այս նկարի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1625 թվականին, երբ այն գտնվում էր ֆրանսիական թագավորական հավաքածուում[1]։

Առաջին նկարին գրեթե նույնական լոնդոնյան նկարը նկարվել է ավելի ուշ, բայց մինչև 1508 թվականը։ Ենթադրվում է, որ նկարի որոշ մասերի վրա աշխատել են դը Պրեդի (de Predis) եղբայրները։ Այն նկարվել է Միլանում գտնվող Սան Ֆրանչեսկո Գրանդե եկեղեցու կապելլայի համար։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին այն վաճառել է 1781 թվականին (ավելի ստույգ՝ 1785 թվականից շուտ) նկարիչ Գևին Գամիլտոնին, որը նկարը բերել է Անգլիա։ Մի քանի հավաքածուներում ներառվելուց հետո «Մադոննան ժայռերում» նկարը 1880 թվականին գնվել է Ազգային պատկերասրահի կողմից[1]։ 2005 թվականի հունիսին ինֆրակարմիր հետազոտության միջոցով հայտնաբերվել է նկարը, որի վրա գրված էր «Մադոննան ժայռերում»։ Ենթադրաբար այնտեղ պատկերված է եղել ծնկաչոք կին, որը մի ձեռքով պահում է երեխային, իսկ մյուսը պարզել է վեր։ Որոշ ուսումնասիրողներ կարծում են, որ ի սկզբանե Լեոնարդոն ծրագրել է նկարել նորածին Հիսուսի երկրպագությունը[2]։ Ռենտգենյան և ինֆրակարմիր հետազոտությունները բացահայտել են նաև նկարի վրա եղած այլ հեղինակային շտկումներ։

Կառուցվածք և ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է ծնկաչոք Աստվածամայրը՝ իր հովանավորող ձեռքը Հովհաննես Մկրտչի գլխին դրած։ Աջ կողմում հրեշտակը պահում է նորածին Հիսուսին, որը բարձրացրել է ձեռքը ի նշան օրհնության։ Ամբողջ տեսարանը արված է նրբության և հանգստության մեջ, ինչը հակադրվում է բնանակարային ֆոնի հետ՝ կազմված ուղղաձիգ ժայռերից։ Հենց այդ ֆոնն է նկարին տվել «Մադոննան ժայռերում» անունը։ Ստեղծագրոծության հորինվածքը կառուցված է բուրգի տեսքով։ Լեոնարդոն նկարին հաղորդում է խորություն ոչ միայն երկրաչափության, այլ նաև իր կողմից մշակված սֆումատո ոճաձևի միջոցով, որի ժամանակ առարկաների ուրվագծերը մեղմացվում են դրանք պատող օդային մշուշի շեշտադրման համար[3]։

Նկարը հիշատակվում է Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքում, որտեղ հեղինակը պնդում է, որ Լուվրում ցուցադրվող տարբերակի վրա ոչ թե Հիսուսն է օրհնում Հովհաննես Մկրտչին, այլ ընդհակառակը հրեշտակը պահում է Հովհաննեսին, իսկ Մարիամը գրկում է Հիսուսին, ով երկրպագում է Հովհաննես Մկրտչին։ Լուվրի ներկայացուցիչները այս վարկածն անվանեցին «շինծու», իսկ «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի պատճառով առաջացած գրական ազդեցությունը՝ արվեստի պատմության ծաղրերգություն[4]։

Նկարը հիշատակվում է նաև Պոլ Ուիլյամս Անդերսոնի 1957 թվականի «Լույս» ֆանտաստիկ պատմվածքում։ Լուսնի վրա առաջին անգամ վայրէջք կատարած ամերիկացի տիեզերագնացները հայտնաբերում են մեխված կոշիկների հետքեր։ Դրանց հետևելով՝ տիեզերագնացներից մեկը հայտնվում է խառնարանում, որը լցված էր երկնագույն մշուշով։ Նա Երկրին ուղղված ժայռի վրա գտնում է խաչի փորագիր պատկերը։ Ցնցված նա վերհիշում է «Մադոննան ժայռերում» Լոնդոնի ազգային պատկերասրահում գտնվող կտավը նմանատիպ «Երկրի վրա երբեք չփայլող լույսով՝ սառը, գունատ, աննկարագրելի մեղմ․․․» և հասկանում է՝ ով է եղել Լուսնի վրա իրենից առաջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Martin Davies Catalogue of the Earlier Italian Schools. — London: National Gallery Catalogues,, 1961. — ISBN 0901791296
  2. New Leonardo picture discovered // BBC News. — 01.07.2005.
  3. Путеводитель по Лувру. — Париж: Réunion des Musées Nationaux, 2007. — С. 266. — 480 с. — ISBN 2-7118-5134-6
  4. The Da Vinci Code: A Visit to the Louvre Mixing Fiction and Fact. Архивировано из первоисточника 30 Սեպտեմբերի 2007.