Տիմգադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիմգադ
Timgad*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Ալժիր
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Աֆրիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1982  (6 նստաշրջան)
Համար 194
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Տիմգադ (հին բերբերերենում կոչվել է Տամուգաս կամ Տամուգադին ), հռոմեա-բերբերական քաղաք Ալժիրի Օրեսի լեռներում։ Հիմնադրվել է 100 թվականին կայսր Տրայանոսի կողմից։ Քաղաքի ամբողջական անվանումը եղել է Կոլոնիա Մարսիանա Ուլպիա Տրայանա Տամուգադի։ Տրայանոսը քաղաքն անվանել է իր մոր Մարսիայի, ավագ քրոջ Ուլպիա Մարսիանայի և հոր Մարկուս Ուլպիուս Տրայանոսի հիշատակին։

Գտնվում է ժամանակակից Ալժիրում, Բաթնա քաղաքից 35 կմ արևելք, ավերակները ուշագրավ են, քանի որ ներկայացնում են ցանցային պլանի լավագույն օրինակներից մեկը, որը օգտագործվել է հռոմեական քաղաքաշինության մեջ։ Տիմգադը 1982 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմգադի նախկին անունը եղել է Մարսիանա Տրայանա Տամուգադին։ Առաջին մասը՝ Մարսիանա Տրայանան, հռոմեական է և վերաբերում է նրա հիմնադիր, կայսր Տրայանոսին և նրա քրոջը՝ Մարսիանային[1] Անվան երկրորդ մասը` Տամուգադին լատինական ծագում չունի[2] ։ Դա այն տեղանքի բերբերերեն անվանումն է, որտեղ կառուցվել է քաղաքը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը ստեղծվել է որպես զինվորական գաղութ մոտավորապես 100 թվականին Տրայանոս կայսեր կողմից։ Այն նախատեսված էր հիմնականում ծառայել որպես ամրոց բերբերների դեմ։ Սկզբում բնակեցված է եղել հիմնականում Պարթևյան արշավանքերի մասնակից հռոմեացի վետերանների կողմից, ովքեր այդ կերպ պարգևատրվել էին ծառայության համար։

Քաղաքում առաջին հարյուրամյակների ընթացքում տիրել է խաղաղություն, և սկսած 3-րդ դարից դարձավ քրիստոնեական գործունեության կենտրոն, իսկ 4-րդ դարում՝ դոնաթիստական։

5-րդ դարում քաղաքը թալանվել է վանդալների կողմից, նախքան անկումը։ 535 թվականին բյուզանդացի գեներալ Սողոմոնը, երբ գալիս է քաղաքը պաշարելու, գտնում այն լիովին դատարկ։ Հաջորդ դարում, նախքան բերբերների կողմից թալանվելը, քաղաքը կարճ ժամանակով վերաբնակեցվել է որպես քրիստոնեական քաղաք։ Քրիստոնեության ժամանակ Տիմգադում կար կրոնական թեմ, որը հայտնի դարձավ 4-րդ դարի վերջում, երբ եպիսկոպոս Օփթաթը դարձավ դոնաթիստական շարժման խոսնակ։ Օփտաթից հետո Տամուգադին ուներ երկու եպիսկոպոս Գոդենցիոսը (դոնաթիստ) և Ֆաուստինոսը (կաթոլիկ)[3]։

Տիմգադը ավերվել է 5-րդ դարի վերջում։ Բյուզանդական վերանվաճման շնորհիվ որոշ գործողություններ են իրականացվել քաղաքում։ 539 թվականին պաշտպանվելով հարավում կառուցված մի ամրոցում՝ նրանք օգտագործել են հռոմեական հուշարձաններից վերցված քարաբեկորները։ Արաբական ներխուժումը հանգեցրեց Տամուգադի վերջնական ավերմանը։ Քաղաքը դադարել էր բնակեցվել 8-րդ դարից հետո[4]։

Քանի որ 7-րդ դարից հետո այնտեղ ոչ մի նոր բնակավայր չի ստեղծվել, քաղաքը մասամբ պահպանվել է ավազի տակ, մոտավորապես մեկ մետր խորության վրա։ Սահարայի ընդլայնումը ավերակների վրա դարձել է հիմնական պատճառը, որ քաղաքը այնքան լավ պահպանված լիներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրայանոսի հաղթակամար

Քաղաքը գտնվում է վեց ճանապարհների խաչմերուկում։ Եղել է պարսպապատված։ Սկզբում նախատեսված էր շուրջ 15 հազար բնակչության համար, բայց արագորեն ընդարձակվել է։

Հիմնադրման ժամանակ քաղաքը շրջապատող տարածքը գյուղատնտեսական հողատարածք էր, ծովի մակերևույթից մոտ 1000 մետր բարձրության վրա։

Քաղաքի արևմտյան մասի ծայրում բարձրանում է 12 մ բարձրություն ունեցող հաղթակամար, որը կոչվում է Տրայանոսի կամար։ Վերջինս մասնակիորեն վերականգնվել է 1900 թվականին։ Կամարը հիմնականում պատրաստված է ավազաքարից, որի կամարները կառուցված են կորնթոսյան օրդերի ոճով։ Կամարը հայտնի է նաև որպես Տիմգադի կամար։

3500 տեղանոց թատրոնը լավ վիճակում է և օգտագործվում է ժամանակակից արարողությունների համար։ Մյուս հիմնական շենքերն իրենցից ներկայացնում են չորս բաղնիքներ, գրադարան և բազիլիկ։

Կապիտոլին տաճարը նվիրված է Յուպիտերին և մոտավորապես նույն չափսերով է, ինչ Հռոմի Պանթեոնը։ Մոտակայքում գտնվող կառույցը քառակուսի եկեղեցի է, որը թվագրվում է 7-րդ դարին։ Քաղաքի արևելքում է գտնվում խոշոր բյուզանդական միջնաբերդ, որը կառուցվել է քաղաքի վերջին օրերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Haddadou, Mohand Akli (2012). Dictionnaire toponymique et historique de l'Algérie: comportant les principales localités, ainsi qu'un glossaire des mots arabes et berbères entrant dans la composition des noms de lieux (ֆրանսերեն). Tizi Ouzou: Achab. էջ 529. ISBN 9789947972250.
  2. 2,0 2,1 Gascou, Jacques. «La politique municipale de l'empire romain en Afrique proconsulaire de Trajan à Septime-Sévère». Publications de l'École française de Rome. 8 (1): 97–100.
  3. Maureen A. Tilley, The Bible in Christian North Africa: The Donatist World (Fortress Press,1997)p135.
  4. UNESCO World Heritage Centre. «Timgad». unesco.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմգադ» հոդվածին։