Տիմբուկտու
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Տիմբուկտու | ||
| ֆրանսերեն՝ Tombouctou արաբ․՝ تمبكتو | ||
| 16°46′23.999″N 2°59′57.998″W / 16.77333306°N 2.99944389°W | ||
| Երկիր | ||
| Համայնք | Timbuktu Region? և Timbuktu Cercle? | |
| Մակերես | 14 789 հեկտար | |
| ԲԾՄ | 261 մետր | |
| Բնակչություն | ▼35 330 մարդ (2012) | |
|
| ||
Տոմբուկտու[1][2][3][4] (ֆրանսերեն՝ Tombouctou, հնացած ձևով՝ Տիմբուկտու[5], Տիմբուկուտու[6], ֆրանսերեն՝ Timbouktou, տամաշեկ՝ Tin-Bouktou), քաղաք Մալիի կենտրոնական մասի հյուսիսում՝ Նիգեր գետից 13 կմ հյուսիս։ Ինքնահռչակ Ազավադ պետության մայրաքաղաք (2012-2013 թթ.)։ 2012 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 35 330։
Քաղաքն իր տնտեսական ծաղկմանն է հասել XIV դարի առաջին կեսին՝ Մանսա Մուսայի օրոք[7][8]։ Այս ժամանակահատվածում Տոմբուկտուն հանդիսացել է Կենտրոնական Սուդանում իսլամական հոգևոր ու մտավոր կենտրոն։ Այսօր քաղաքում գործում են մի քանի խոշոր մեդրեսեներ, այդ թվում՝ Սանկորեի մեդրեսեն, ինչպես նաև Արևմտյան Աֆրիկայի երեք հնագույն մզկիթները։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է XI դարում որպես առևտրային քաղաք ճանապարհների և քարավանային ուղիների խաչմերուկում։ Եղել է Թին-Բոկտու ջրհորի մոտ ձևավորված արաբական մշակույթի միջնադարյան կենտրոն («Բոկտուի տեղը», որտեղ բերբերական բարբառով «թին» նշանակում է «տեղ», իսկ «Բոկտու»-ն կանացի անձնանուն)։ Անվանման տարածված տարբերակն է Տիմբուկտուն, իսկ ժամանակակից պաշտոնական ձևը՝ Տոմբուկտուն է[9]։
Աշխարհագրություն և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Նիգեր գետի ոլորանում (այսպես կոչված՝ Նիգերի Ներքին դելտայում)՝ Սահարա անապատի հարավային ծայրամասում։ Անապատի ընդարձակման խնդիրը քաղաքի համար արդիական է. քաղաքային փողոցները լցված են ավազով, գետի ժամանակին ջրառատ վտակները, որոնք հեղեղներ էին բերում քաղաք, ցամաքել են։ Դեռևս XX դարի սկզբին քաղաքը եղել է դժվարհասանելի. Նիգեր գետով Տոմբուկտու կարելի էր հասնել միայն այն ժամանակ, երբ ջրի մակարդակը բավականաչափ բարձր էր, իսկ քարավանային ճանապարհը հաճախ ծածկվում էր ավազով։
Կլիման շոգ է և խիստ ցամաքային։ Համեստ բուսականության մեջ գերակշռում են ակացիաները, բաոբաբենիները և արմավենիները։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 28 °C, ամենաշոգ ամիսներն են մայիսն ու հունիսը (միջին ջերմաստիճանը՝ 34 °C)։ Տեղումների միջին քանակը մոտ 170 մմ է։ Ամենաշատ տեղումները թափվում են հուլիսից օգոստոս (մոտ 56–66 մմ)[10]։ Այս ժամանակահատվածում թափվող անձրևները հաճախ զգալի վնաս են հասցնում կավաշեն շենքերին։
| Տոմբուկտուի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 41.6 (106.9) |
43.5 (110.3) |
46.1 (115) |
48.9 (120) |
49.0 (120.2) |
49.0 (120.2) |
46.0 (114.8) |
46.5 (115.7) |
45.0 (113) |
48.0 (118.4) |
42.5 (108.5) |
40.0 (104) |
49.0 (120.2) |
| Միջին բարձր °C (°F) | 30.0 (86) |
33.2 (91.8) |
36.6 (97.9) |
40.0 (104) |
42.2 (108) |
41.6 (106.9) |
38.5 (101.3) |
36.5 (97.7) |
38.3 (100.9) |
39.1 (102.4) |
35.2 (95.4) |
30.4 (86.7) |
36.8 (98.2) |
| Միջին օրական °C (°F) | 21.5 (70.7) |
24.2 (75.6) |
27.6 (81.7) |
31.3 (88.3) |
34.1 (93.4) |
34.5 (94.1) |
32.2 (90) |
30.7 (87.3) |
31.6 (88.9) |
30.9 (87.6) |
26.5 (79.7) |
22.0 (71.6) |
28.9 (84) |
| Միջին ցածր °C (°F) | 13.0 (55.4) |
15.2 (59.4) |
18.5 (65.3) |
22.5 (72.5) |
26.0 (78.8) |
27.3 (81.1) |
25.8 (78.4) |
24.8 (76.6) |
24.8 (76.6) |
22.7 (72.9) |
17.7 (63.9) |
13.5 (56.3) |
21.0 (69.8) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | 1.7 (35.1) |
7.5 (45.5) |
7.0 (44.6) |
8.0 (46.4) |
18.5 (65.3) |
17.4 (63.3) |
18.0 (64.4) |
20.0 (68) |
18.9 (66) |
13.0 (55.4) |
11.0 (51.8) |
3.5 (38.3) |
1.7 (35.1) |
| Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 0.6 (0.024) |
0.1 (0.004) |
0.1 (0.004) |
1.0 (0.039) |
4.0 (0.157) |
16.4 (0.646) |
53.5 (2.106) |
73.6 (2.898) |
29.4 (1.157) |
3.8 (0.15) |
0.1 (0.004) |
0.2 (0.008) |
182.8 (7.197) |
| Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) | 0.1 | 0.1 | 0.1 | 0.6 | 0.9 | 3.2 | 6.6 | 8.1 | 4.7 | 0.8 | 0.0 | 0.1 | 25.3 |
| Միջին ամսական արևային ժամ | 263.9 | 249.6 | 269.9 | 254.6 | 275.3 | 234.7 | 248.6 | 255.3 | 248.9 | 273.0 | 274.0 | 258.7 | 3106,5 |
| Աղբյուր #1: World Meteorological Organization,[11] NOAA (sun 1961–1990)[12] | |||||||||||||
| Աղբյուր #2: Meteo Climat (record highs and lows)[13] | |||||||||||||
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2012 թվականի տվյալների՝ Տոմբուկտուի բնակչությունը կազմել է 35 330 մարդ, իսկ 1998 թվականի մարդահամարի տվյալներով այն ունեցել է 31 973 բնակիչ[14]։ Քաղաքն աշխարհագրորեն տեղակայված է քոչվոր բերբերական, նստակյաց աֆրիկյան և արաբական բնակչության բնակեցման շրջանների խաչմերուկում. հիմնական էթնիկ խմբերն են սոնգայները, տուարեգները, ֆուլբեները և մանդեները։ Բնակչության մեծ մասը խոսում է սոնգայ լեզուներով։ Տարածված են նաև արաբերենը, ֆրանսերենը և տամաշեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմբուկտուն հիմնադրվել է տուարեգների կողմից մոտ 1100 թվականին՝ որպես սահարական քարավանների կայանատեղ։ Ավանդաբար համարվում է, որ քաղաքի անունը ծագում է «Տին» («տեղ») և «բուկտու» (այս տարածաշրջանում նախկինում ապրած տարեց մալիացի կնոջ անունը, որի մոտ կանգ էին առնում դեպի հյուսիս շարժվող քարավաններ առաջնորդող արաբ առևտրականները) բառերից։ Ըստ մեկ այլ ստուգաբանական վարկածի, որն առաջ է քաշել ֆրանսիացի արևելագետ Ռենե Բասսետը, տամաշեկ լեզվով «Տին-բուկտ» նշանակում է հեռավոր վայր՝ «աշխարհի եզրին»։
Ծաղկում
[խմբագրել | խմբագրել կոդը]
XIV դարում Մանսա Մուսան այստեղ կառուցել է իր պալատը (որից ոչ մի հետք չի մնացել), ինչպես նաև բնորոշ աշտարակով տաճարային մզկիթը (վերակառուցվել է)։ XV դարում Տոմբուկտուն դարձել է անդրսահարական առևտրի հիմնական կենտրոններից մեկը, որտեղ վաճառվել են աղ և ոսկի։
Հետևելով վաճառականներին (բերբերական, արաբական և հրեական) արաբ գիտնականներն ու գրագիրները հավաքվել են ծաղկող քաղաքում, և սկսել են դասավանդել Սանկորեի ամենահին մեդրեսեներից մեկում[15]։ Քաղաքում մինչև օրս պահպանվել են անտիկ հունական ձեռագրեր[16]։ 1433 թվականին քաղաքի նկատմամբ վերահսկողությունն անցել է տուարեգներին, սակայն նրանք ապրել են քաղաքային ամրոցներից դուրս և միայն երբեմն են իրենց արշավանքներով անհանգստացրել քաղաքաբնակներին։
1468 թվականին Տոմբուկտուն մտել է Սոնգայ պետության կազմի մեջ։ Տեղական կառավարիչ Սոննի Ալին հալածանքներ է սկսել մուսուլման գիտնականների նկատմամբ, սակայն նրա որդին՝ Մամադու Տուրեն (Մուհամադ Ասկիա), գործն այնպես է վարել, որ սկսել են քաղաք հոսել հակառակը՝ Մեքքայից և Կահիրեից ժամանած գիտնականներ, որոնցից շատերին լուսավորյալ կառավարիչը մոտեցրել է արքունիքին և դարձրել իր խորհրդականները։ Մաղրիբից եկածները այստեղ սահարական աղի դիմաց փոխանակել են ոսկի և ստրկացված մարդիկ։
Նվաճում և անկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմբուկտուի ոսկե դարն ավարտվել է 1591 թվականին, երբ քաղաքը գրավվել է հրազենով զինված մարոկկացի սուլթան Ահմադ ալ-Մանսուրի բանակի կողմից։ Գիտական համայնքը մեղադրվել է դավաճանության մեջ և կա՛մ ոչնչացվել է, կա՛մ աքսորվել Մարոկկո։ Սուլթանի կողմից քաղաքում տեղակայված ջոկատն ի վիճակի չի եղել դիմակայելու քոչվոր բերբերների արշավանքներին, որոնք ժամանակ առ ժամանակ քաղաքը ենթարկել են լիակատար ավերածությունների։ Այդպես շարունակվել է մինչև 1893 թվականը, երբ Տոմբուկտու են եկել ֆրանսիացի գաղութարարները։ Այդ ժամանակ քաղաքի տնտեսական հզորությունը զգալիորեն թուլացել էր՝ ծովային ճանապարհով Եվրոպայի հետ առևտրային կապերի հաստատումից հետո անդրսահարական առևտրի անկման պատճառով։
Եվրոպացիների կողմից քաղաքի որոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]


Միջնադարից ի վեր Եվրոպայում Տոմբուկտուն հայտնի է եղել որպես առասպելականորեն հարուստ քաղաք։ XVIII դարի վերջին եվրոպացի հետազոտողները մի քանի փորձ են կատարել հայտնաբերելու Սահելի երբեմնի խոշորագույն առևտրային կենտրոնը։ 1795 և 1805 թվականներին Մունգո Պարկը Աֆրիկյան ասոցիացիայի կազմում փորձել է գտնել քաղաքը և միաժամանակ հետազոտել Նիգեր գետի գետաբերանը։ Հնարավոր է, որ Մ. Պարկը դարձել է առաջին եվրոպացին, ով այցելել է քաղաք, սակայն նա մահացել է Նիգերիայի տարածքում՝ առանց հասցնելու գրավոր պատմել տեսածի մասին[7][8]։
1824 թվականին Ֆրանսիական աշխարհագրական ընկերությունն առաջարկել է 10 հազար ֆրանկ մրցանակ այն ոչ մուսուլմանին, ով կհաջողեր այցելել քաղաք, վերադառնալ և գրել տեսածի մասին։ 1826 թվականի սեպտեմբերին Ալեքսանդր Գորդոն Լենգը հասել է Տոմբուկտու, սակայն սպանվել է մուսուլման առևտրականի կողմից, ով վախենում էր եվրոպական ներթափանցումից ու նվաճումից։
1825 թվականի հունիսի 17-ին Լենգը նավարկել է դեպի Տրիպոլի։ Այնտեղից նա ճանապարհ է ընկել Սահարայով։ Անցնելով Տրիպոլիից մինչև Ֆեզանի հյուսիսային ծայրամասը՝ արշավախումբն այնտեղից շարժվել է դեպի արևմուտք եվրոպացիների համար նոր ճանապարհով՝ անցնելով Գադամես և Այն Սալահ օազիսներով։ Այն Սալահում ապրելով 1825 թվականի նոյեմբերից մինչև 1826 թվականի հունվարը՝ Լենգը հասել է Տուատ օազիս; այնտեղից նա նախատեսել էր ուղևորվել դեպի Տիմբուկտու, շրջել Ջեննե կամ Դեբոի լճով, այցելել Մելիի մարզ։ Այնուհետև նա մտադրվել էր վերադառնալ, հասնել Սոկոտո, այցելել Տուատ լիճ և ջանալ դուրս գալ դեպի Նիգոս։ Սակայն երբ քարավանը, որին միացել էր Լենգը, լքել է Տուատը, վրան հարձակվել են տուարեգները։ Արշավախմբի մասնակիցներից մեկը սպանվել է, իսկ հենց Լենգը՝ ծանր վիրավորվել։ Շուտով դիզենտերիայի համաճարակը գերեզման է տարել նրա մյուս բոլոր ուղեկիցներին։ Չնայած ամեն ինչին՝ Լենգին հաջողվել է ավարտել Սահարայով անցնող ամենադժվարին ու վտանգավոր անցումը և 1826 թվականի օգոստոսի 13-ին մտնել իր երազանքի քաղաք՝ Տիմբուկտու։ Ակնհայտ է, որ նա Բենեդետո Դեիից (1466 թվական) հետո եղել է առաջին եվրոպացին, ով այնտեղ է մտել կամովին։
Տիմբուկտուում Լենգը սկսել է աստիճանաբար ապաքինվել վերքերից։ Ապաքինումն դանդաղ է ընթացել, սակայն Տրիպոլիից բերված երաշխավորագրերի և իր տիրոջ անձնվեր հոգատարության շնորհիվ հիվանդը չի ենթարկվել տեղի բնակիչների հետապնդումներին։ Մանրամասն զննելով Տիմբուկտուն՝ Լենգը գիշերը մեկնել է Կաբրա՝ տեսնելու Ջոլիբան (Նիգերը)։ Լենգը չի ցանկացել վերադառնալ Եվրոպա Մեծ անապատով, այլ հույս է ունեցել այցելել Ջեննե և Սեգու, իսկ հետո դուրս գալ Սենեգալի ֆրանսիական բնակավայրեր։ Տրիպոլիում գտնվող բրիտանական հյուպատոսին ուղղված և 1826 թվականի սեպտեմբերի 21-ով թվագրված նամակում Լենգը հայտնել է, որ մտադրված է շարժվել դեպի Սեգու՝ Նիգերի վերին հոսանքում։ Սա Տիմբուկտուից նրա գրած միակ նամակն է եղել և վերջինը, որ ընդհանրապես ստացվել է նրանից։
Հինգ օր անց այն բանից հետո, երբ Լենգը դուրս է եկել Տիմբուկտուից, նրա քարավանին է միացել մահմեդական ֆանատիկոս, զաուատ ցեղի առաջնորդ շեյխ Համեդ-Ուլդ-Հաբիբը։ Այն պատրվակով, թե Լենգն իբրև թե առանց թույլտվության մտել է այս ցեղի տարածք, նրան բռնել են և առաջարկել ընդունել իսլամ։ Լենգը հրաժարվել է և հայտարարել, որ գերադասում է մահը ուրացությունից։ Հենց տեղում՝ շեյխի հրամանով, Լենգը խեղդամահ է արվել երկու ստրուկների կողմից, իսկ նրա մարմինը նետվել է անապատում։ Արշավախմբի բոլոր նյութերը կորել են[17]։
1829 թվականին ֆրանսիացի Ռենե Կայեն, մուսուլմանի հագուստ հագնելով, կարողացել է այցելել քաղաք, բարեհաջող վերադառնալ Եվրոպա և ստանալ մրցանակը։ Բացի այդ, 1813 թվականին Տանժերի բրիտանական հյուպատոսություն ժամանած աֆրիկաամերիկացի նավաստի Ռոբերտ Ադամսը հայտարարել է, որ 1811 թվականին կարողացել է այցելել քաղաքն այն բանից հետո, երբ նրա նավը խորտակվել է Աֆրիկայի ափերի մոտ[18]։ 1816 թվականին նա հրատարակել է «The Narrative of Robert Adams, a Barbary Captive» գիրքը, սակայն հետազոտողները կասկածի տակ են դնում քաղաքում նրա գտնվելու իսկությունը։ Հայտնի է, այնուամենայնիվ, որ ևս երեք եվրոպացի են այցելել քաղաք մինչև 1890 թվականը. նրանք են գերմանացիներ Հենրիխ Բարտը և Օսկար Լենցը 1853 թվականին, և իսպանացի Քրիստոբալ Բենիտեսը 1880 թվականին։
Ժամանակակից քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]| ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 119 ռուս.. • անգլ.. • ֆր. |
1989 թվականին քաղաքի կենտրոնի կավաշեն շինությունները վերցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության տակ՝ որպես Համաշխարհային ժառանգության հուշարձան, իսկ 2000 թվականին Լյուքսեմբուրգի կառավարությունը և մի շարք միջազգային հիմնադրամներ գործարկել են Տոմբուկտուում և դրա շրջակայքում պահպանվող բազմաթիվ միջնադարյան ձեռագրերի պահպանման ու ուսումնասիրման ծրագիր։ Դրանց ընդհանուր թիվը հաշվվում է հարյուր հազարներով. ամենահներն սկիզբ են առնում XII դարից։
1990-ական թվականներին Տոմբուկտուն Մալիի և Նիգերի այլ քաղաքների թվում պատվել է տուարեգների ապստամբությամբ (1990–1995 թվականներ)։
Մալիի պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի ապրիլի 1-ին տուարեգների հերթական ապստամբության ընթացքում քաղաքը գրավվել է ԱԱԱՇ-ի զորքերի կողմից[19], իսկ ապրիլի 6-ին այն դարձել է ինքնահռչակ Ազավադի Անկախ Պետության մայրաքաղաքը[20]։ Օկուպացիայի առաջին շաբաթներին Տոմբուկտուում իշխանությունը պահում էին աշխարհիկ ազգային շարժման կողմնակիցները, որոնց նպատակն է եղել ինքնիշխան պետության ստեղծումը։
Սակայն արդեն 2012 թվականի հունիսի կեսերին ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխվել է. արմատական իսլամիստական խմբավորումները դուրս են մղել տուարեգների ուժերին՝ քաղաքում հաստատելով խիստ շարիաթի վարչակարգ։ Արմատականների գալով՝ Տոմբուկտուում մտցվել են շարիաթի խիստ նորմեր, և քաղաքի եզակի մշակութային ժառանգությունը դարձել է գաղափարական հաշվեհարդարի առարկա։ Հունիսի 26-ին զինյալները ոչնչացրել են յոթ դամբարան, իսկ հունիսի 28-ին իսլամիստները փեղկերից պոկել են Սիդի Յահյա մզկիթի դարպասները[21]։ Այս կապակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 36-րդ նստաշրջանում Տոմբուկտուն ներառվել է Վտանգված համաշխարհային ժառանգության ցանկում[22]։
2013 թվականի հունվարին սկսված հակաահաբեկչական գործողության ընթացքում՝ հունվարի 27-ին, քաղաքը գրավվել է մալիական և ֆրանսիական զորքերի կողմից[23]։ Ապստամբները առանց մարտի լքել են քաղաքը, սակայն միաժամանակ այրել են Ահմեդ Բաբայի պատմական հետազոտական կենտրոնի շենքը, ներառյալ գրադարանը, որտեղ պահվում էին մինչև 100 հազար արաբական և հին հունական ձեռագրեր, որոնք ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[24] (հետագայում հայտնի է դարձել, որ ձեռագրերը գաղտնի փրկվել էին[25])։ Ամիսներ շարունակ իսլամիստների վերահսկողության ներքո Տոմբուկտուն ապրել է շարիաթի օրենքներով[24]։
2023 թվականի օգոստոսի 8-ին «Ջամաաթ Նուսրատ ալ-Իսլամ վալ-Մուսլիմին» ջիհադիստական խմբավորումը հաստատել է վերահսկողություն դեպի Տոմբուկտու տանող բոլոր ճանապարհների նկատմամբ՝ այդպիսով քաղաքը վերցնելով պաշարման մեջ (Siege of Timbuktu)։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր Տոմբուկտուն աղքատ քաղաք է՝ չնայած բազմաթիվ տեսարժան վայրերին և միջազգային օդանավակայանին: Քաղաքում միջնադարից ի վեր արդյունահանում են քարաղ:
Տոմբուկտուն՝ իսլամական կրթության կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]
XV դարում քաղաքում կառուցվել են մի քանի մուսուլմանական մզկիթներ և ղուրանական դպրոցներ, որոնցից ամենախոշորը Սանկորեի մզկիթն է (1581 թ.), որին կից սկսել է գործել մեդրեսե: Այնտեղ դասավանդել է նաև Ահմեդ Բաբա ալ-Մասուֆին, որի անունը հաճախ է հիշատակվել Սուդանյան տարեգրություններում (նա նաև նշվել է Ժյուլ Վեռնի «Հինգ շաբաթ օդապարիկով» գրքում՝ որպես մեկուկես հազար ձեռագրից բաղկացած գրադարանի տեր)[26]։
Քաղաքի՝ որպես կրոնական ու մշակութային կենտրոնի նշանակության մասին է վկայում արևմտաաֆրիկյան մուսուլմանական ասացվածքը. «Աղը գալիս է հյուսիսից, ոսկին՝ հարավից, իսկ Աստծո խոսքն ու իմաստությունը՝ Տոմբուկտուից»։
Տիմբուկտուի գրադարանի ձեռագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի գլխավոր հարստությունը մի քանի ընտանիքների մոտ պահվող ավելի քան 100 000 ձեռագրերն են (որոնց մի մասը թվագրվում է 12-րդ դարով)[27]։ Դրանց մեծ մասը նվիրված է աստղագիտությանը, երաժշտությանը, կենսաբանությանը և բարեպաշտությանը. գրված են արաբերենով կամ ֆուլա լեզվով՝ Մալի ժամանած իսլամական գիտնականների կողմից: Ավելի ուշ շրջանի ձեռագրերը նվիրված են մուսուլմանական իրավունքի, մաթեմատիկայի և պատմության հարցերին (մասնավորապես՝ «Տարիխ ալ-Ֆատտաշ» քրոնիկին, որը գրվել է Մահմուդ Կատիի կողմից 16-րդ դարում, և «Տարիխ աս-Սուդան»-ին («Սուդանյան տարեգրություններ»), որը գրի է առնվել Աբդուրահման Սադիի կողմից 17-րդ դարում):
Մալիի կառավարության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջնորդությամբ 1970 թվականին հիմնադրված Ահմեդ Բաբայի ինստիտուտի գրադարանը, ինչպես նաև Սանկորեի մեդրեսեի գրադարանը պարունակում են մի շարք միջնադարյան ձեռագրեր[28]։ Ձեռագրերի մի մասը գտնվում է մասնավոր գրադարաններում, որոնց թիվը քաղաքում հասնում է 60-ից 80-ի (անգլ.՝ Mamma Haidara Library, Fondo Kati Library, Al-Wangari Library, Mohamed Tahar Library և ուրիշներ)։
Այսօր քաղաքում գտնվող ձեռագրերը Տոմբուկտուում գրված միջնադարյան ձեռագրերի ոչ ամբողջական ցանկն են: Դրանց մի մասը գաղութային ժամանակաշրջանում դուրս է բերվել Լոնդոն, Փարիզ և այլ քաղաքներ: Շատ ձեռագրեր թաքցվում են իրենց սեփականատերերի կողմից։
2006 թվականի փետրվարին Հարավային Աֆրիկայի և Մալիի կողմից սկսվել է համատեղ հետազոտություն՝ Տոմբուկտուում և Արևմտյան Աֆրիկայի այլ շրջաններում (ինչպիսին է, օրինակ, Սոկոտոն) ձեռագրերի որոնման ու ուսումնասիրման նպատակով[29]։
2013 թվականի հունվարի 29-ին իսլամիստ զինյալները հրդեհել են գրադարանը։
Ճարտարապետություն և տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Շենքերի մեծ մասը կավաշեն են[30] և կառուցված են սահելյան ոճով։
Ամենախոշոր կառույցները մզկիթներն են՝
- Ջինգերեբերի մայր մեզիդը (կամ Ջինգերեբեր մզկիթ), որը կառուցվել է 1327 թվականին էլ-Սահիլիի կողմից[31]
- Սանկորեի մեդրեսեն, որը կառուցվել է XV դարի սկզբին
- Սիդի Յահյա մզկիթը, որը կառուցվել է 1441 թվականին
Այլ տեսարժան վայրեր են թանգարանը, կախովի այգիները և ջրհան աշտարակը:
Ծնունդով հայտնիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալֆադին Նիգերի հայտնի մոդելավորող է։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Малый атлас мира. — М.: ГУГК, 1983; Роскартография, 2007.
- ↑ Мали. Справочная карта. Масштаб 1:2 500 000. — М.: ГУГК, 1982.
- ↑ Томбукту // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — С. 62. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).
- ↑ Томбукту // Географический энциклопедический словарь: Географические названия / Главный редактор А. Ф. Трёшников. — Издание второе, дополненное. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 482. — 592 с. — 210 000 экз.
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 366.
- ↑ А. Ю. Юрьева Тимбукту (Томбукту) // Словарь трудностей произношения и ударения в современном русском языке. — Москва: Центрполиграф, 2009. — С. 451. — 523 с. — ISBN 978-5-9524-4545-1
- 1 2 «Amazon.com listing for the "Cruelest Journey: 600 Miles to Timbuktu"». Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2017-10-01-ին.
- 1 2 Salak, Kira. «Kira Salak's official webpage on "The Cruelest Journey"». Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2008-11-14-ին.
- ↑ Поспелов, 2002, էջ 419
- ↑ Արխիվացված 2008-12-11 Wayback Machine Просечне климатске вредности за Томбукту
- ↑ «World Weather Information Service – Tombouctou (1950–2000)». World Meteorological Organization. Վերցված է 14 February 2011-ին.
- ↑ Կաղապար:Cite FTP
- ↑ «Station Tombouctou» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 10 June 2016-ին.
- ↑ «Mali: largest cities and towns and statistics of their population». Արխիվացված է օրիգինալից 2012-12-27-ին.
- ↑ Okolo Rashid. Legacy of Timbuktu: Wonders of the Written Word Exhibit — International Museum of Muslim Cultures Արխիվացված 2009-02-09 Wayback Machine
- ↑ Timbuktu. (2007). Encyclopædia Britannica. Chicago: Encyclopædia Britannica.
- ↑ https://web.archive.org/web/20050509010527/http://hronos.km.ru/biograf/bio_l/leng.html Ленг Александр Гордон
- ↑ Calhoun, Warren Glenn; From Here to Timbuktu, p. 273 ISBN 0-7388-4222-2
- ↑ «Mali rebels seize Timbuktu — Telegraph». Արխիվացված օրիգինալից 2012-06-25-ին. Վերցված է 2012-04-03-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 27 (օգնություն) - ↑ «Боевики-туареги провозгласили независимость региона Азавад на севере Мали».
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Lenta.ru: В мире: Потерянные святыни». Արխիվացված օրիգինալից 2012-07-18-ին. Վերցված է 2012-07-06-ին.
- ↑ «Heritage sites in northern Mali placed on List of World Heritage in Danger». // whc.unesco.org. Արխիվացված օրիգինալից 2012-08-05-ին. Վերցված է 2012-07-11-ին.
- ↑ «Войска Мали взяли под контроль Тимбукту». Взгляд.ру. 2013-01-27. Արխիվացված օրիգինալից 2014-08-10-ին. Վերցված է 2013-01-27-ին.
- 1 2 «Боевики сожгли сто тысяч древних рукописей». Արխիվացված օրիգինալից 2014-08-08-ին. Վերցված է 2014-08-04-ին.
- ↑ ««Осторожно, люди!»: горят ли рукописи? — BBC Russian — Ваше мнение». Արխիվացված օրիգինալից 2014-12-20-ին. Վերցված է 2014-08-09-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 39 (օգնություն) - ↑ http://jv.gilead.org.il/dima/cinq/index.html Արխիվացված 2007-06-11 Wayback Machine Жюль Верн. Пять недель на воздушном шаре
- ↑ «Un patrimoine inestimable en danger: les manuscrits trouvés à Tombouctou, par Jean-Michel Djian dans Le Monde diplomatique d'août 2004.». Արխիվացված օրիգինալից 2008-12-06-ին. Վերցված է 2008-11-14-ին.
- ↑ «Reclaiming the Ancient Manuscripts of Timbuktu». Արխիվացված օրիգինալից 2008-10-30-ին. Վերցված է 2008-11-14-ին.
- ↑ Curtis Abraham, "Stars of the Sahara Արխիվացված 2008-02-05 Wayback Machine, " New Scientist, 18 August 2007: 37-39
- ↑ «Timbuktu — World Heritage (Unesco.org)». Արխիվացված օրիգինալից 2007-10-13-ին. Վերցված է 2008-11-14-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 9 (օգնություն) - ↑ Salak, Kira. «Photos from "KAYAKING TO TIMBUKTU"». National Geographic Adventure. Արխիվացված օրիգինալից 2011-08-27-ին. Վերցված է 2008-11-14-ին.
- ↑ Von China bis nach Mali — Chemnitz ist international Արխիվացված 2011-09-11 Wayback Machine Sz Online — 11 December 2003
- ↑ «Search on for Timbuktu’s twin» Արխիվացված 2008-07-26 Wayback Machine BBC News, 18 October 2006. Retrieved 28 March 2007
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поспелов Е. М. Географические названия мира. Топонимический словарь / отв. ред. Р. А. Агеева. — 2-е изд., стереотип. — М.: Русские словари, Астрель, АСТ, 2002. — 512 с. — 3000 экз. — ISBN 5-17-001389-2
- Виктор Онучко. Город у края Сахары // Вокруг света. — 1985. — № 2. — С. 24—28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի հնագույն ձեռագրերը Տոմբուկտուից
- Իբն Բատուտայի ճանապարհորդությունները Սահարայով
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիմբուկտու» հոդվածին։ |
| ||||||||||||||||
